> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ ՎԱԼԵՌԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ ՎԱԼԵՌԸ

Մի ժամանակ ընդունված էր մտածել, թե խոպան գործերի մեջ լավագույնը ասֆալտ փռելն է: Ժամանակը, սակայն, սրբագրում է ավանդական պատկերացումները, եւ հիմա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտե, որ խոպան գործերի մեջ լավագույնը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողն է: Ֆրանսիացի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն, օրինակ, այդ գործին աշխատած լինելու ընթացքում պիտի որ լուրջ հաջողությունների հասած լիներ` իր ժառանգներին լիուլի ապահովելու իմաստով: Ասում են, սակայն, որ այս վերջին ավտովթարի արդյունքում նա ստիպված է եղել մի քանի սուպեր թանկարժեք վիրահատությունների ենթարկվել: Այսպիսին է կյանքը. ցանկացած գործ էլ ռիսկի չափաբաժին է պարունակում. 93 թվականին, օրինակ, Տյումենում ասֆալտի գործ անող Վալեռը ընկավ կատոկի տակ: Այս դեպքի պատճառով Վալեռի քրոջ հարսանիքը հետաձգվեց անորոշ ժամանակով, մինչեւ հիմա էլ հետաձգվում է: Ճիշտ է` չեղյալ չի հայտարարվել, բայց սեպտեմբերից հետաձգում են նոյեմբեր, նոյեմբերից` փետրվար, փետրվարից` ապրիլ: Մայիսին, դե գիտեք, հարսանիք չեն անում, էս տարի ամռանն էլ կարկուտները խանգարեցին: ԵԽԽՎ Հայաստանի մասին բանաձեւերը, փաստորեն, Վալեռի քրոջ օրն են ընկել: Դրանց (կատարմամբ) պսակվելը հետաձգվում է հունվարից ապրիլ, ապրիլից` հունիս, հունիսից` սեպտեմբեր, սեպտեմբերից` հունվար: Կարեւորն այն է, սակայն, որ սրա համար շատ հարգելի պատճառ կա` համազեկուցող Կոլոմբիեն վթարի է ենթարկվել, որի հետեւանքով կոտրվել են նրա զույգ ոտքերը. ճիշտ այն պատմությունն է, ինչ Վալեռի քրոջ դեպքում: Բայց էս վերջերս սկսել են խոսել, որ Վալեռի քրոջ հարսանիքի անընդհատ հետաձգման պատճառը ոչ այնքան Վալեռի ոտքերն են եւ նրա ստացած հաշմանդամությունը, այլ այն, որ փեսային խաբար է հասել, թե Վալեռի քուրը մի քանի հոգու հետ ինտիմ կապերի մեջ է: Դե, ես նուրբ եմ ասում: Խոսակցությունը իրականում բոզության մասին է: Բայց դե Վալեռը հո չի՞ կարող ընդունել, որ իր քույրը բոզ է: Էդ մոտավորապես նույնն է, եթե ԵԽԽՎ-ն հայտարարի, թե Հայաստանի հարցով իր համազեկուցողն է բոզ: Նման բան ո՞նց կարող է լինել` չի կարող լինել, որովհետեւ նման բան ԵԽԽՎ կանոնակարգով նախատեսված չէ: Բայց հիմա, երբ Վալեռին հարցնում են, թե քրոջդ հարսանիքը ի՞նչ եղավ, ասում է. «Մի հատ էս ոտքերիս հարցերը լուծեմ, որ արագ անցնեմ հարսանիքի գործին»: Վերջերս էլ, որպեսզի ավելորդ գլխացավանքից ազատվի, Վալեռը ասում է, թե հաջորդ տարվա գարնանը անպայման անելու է հարսանիքը: Բայց ասում են` Վալեռը հիմա գլխին է տալիս, որ ժամանակին գլխի չի ընկել, որ խոպան գործերի մեջ լավագույնը ոչ թե ասֆալտ փռելն է, այլ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողը, կամ ծայրահեղ դեպքում` հայաստանյան ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդը, կամ, ծայրահեղ դեպքում` մի որեւէ միջազգային կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավարը: Եթե Վալեռը կարողանար նման մի գործ կպցնել, իր բոզ քրոջը վաղուց էր պսակել:

www.nikolpashinyan.com
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.