> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿՐԹԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ԿՐԹԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ցույցՇատերը մխիթարանք են համարում այն, որ օտարալեզու դպրոցների թիվը սահմանափակված է նույն օրենսդրական փաթեթով, որով թույլատրվում  է նրանց բացումը: Ըստ այդմ` հանրապետությունում լինելու են 11 օտարալեզու դպրոցներ` 2+9  ֆորմատով: Օրենքը, սակայն, ամենեւին էլ չի սահմանափակում այդ դպրոցների պոտենցիալ աշակերտների թիվը, չի սահմանափակում նաեւ շենքերի մակերեսները, ինչը նշանակում է, որ տեսականորեն  օտարալեզու դպրոցների աշակերտների թվաքանակը կարող է լինել անսահմանափակ: Եւ բացի այս, նույն դպրոցները կարող են ունենալ մասնաճյուղեր հանրապետության մարզերում եւ քաղաքներում, որոնք իրավաբանորեն չեն ունենա ինքնուրույն (միավոր) դպրոցի կարգավիճակ, ասել է թե` մի քանի տասնյակ դպրոցները ֆորմալ առումով կարող են տեղավորվել օրենքով նախատեսված 11-ի շրջանակներում: Եւ եթե հաշվի ենք առնում այս իրողությունը, եթե նույնիսկ փորձում ենք չնկատելու տալ, որ աշոտյանական փաթեթը հանցագործություն է հայաստանցու ինքնագիտակցության նկատմամբ, չենք կարող չնկատել, որ օրենքով սահմանված 11 դպրոցները շատ արագ պիտակավորվելու են որպես էլիտար: Հանրապետությունում դեռեւս գոյություն ունեցող մի քանի տասնյակ որակյալ ուսուցիչները բարձր աշխատավարձի ձգտումով տեղափոխվելու են այդ էլիտար դպրոցներ, որտեղ հավաքվելու են իրենց ծագումը մոռացության մատնելու մոլուցքով տարված գեղցի փողատերերի հետնորդները: Միջին եւ միջինից բարձր մակարդակ ունեցող մանկավարժներից զրկված սովորական դպրոցները միանգամից համարվելու են երկրորդ սորտի, որոնցում կրթության մակարդակը անկում է ապրելու նույնիսկ այսօրվա  զրոյական վիճակից, հասնելով լիկկայանի բովանդակության: Այստեղ է ահա, որ միջին նորմալ հայաստանցի ծնողները կանգնելու են ծանր ընտրության առաջ. ինչ անել իրենց   երեխաների հետ, տանել երկրորդ սորտի դպրոցնե՞ր, որտեղ նրանք չեն կարող բավարար չափով տառաճանաչ լինել, թե,՞ այնուամենայնիվ, տեղի տալ քաղքենի-գեղցիների էլիտար խաղի առաջ եւ երեխաներին նետել «պոռճերի» եղկելի միջավայր: Այս ընտրությունը կանգնելու է հայաստանցիների մեծամասնության առաջ, եւ երբ այս իմաստով ենք նայում օրենսդրության աշոտյանական փաթեթին, հասկանալի է դառնում, որ հայաստանցիների մեծամասնությունը զրկվում է կրթության իրավունքի իրացման հնարավորությունից, մանավանդ եթե հաշվի առնենք, որ էլիտար դպրոցների վարձավճարները կարող են նույնպես էլիտար լինել: Այսպիսով, հայաստանցիների մեծամասնության առաջ կանգնելու է ընտրություն` կրթություն չստանալու եւ մարդ մնալու, եւ կրթություն չստանալու եւ մարդ չմնալու միջեւ:  Ակնհայտ է, որ նյու-էլիտար դպրոցները նույնպես նորմալ կրթություն չեն ապահովելու, այլ ընդամենը հեշտացնելու են ներէլիտար շփումները ներէլիտար  ամուսնությունները, ինչպես նաեւ օգնելու են այնպիսի սերնդի ձեւավորմանը, որը հայրենիք ասելով մետրոպոլիան է հասկանալու եւ ոչ թե Հայաստանը: Ընդ որում, ամերիկյան, եվրոպական, ռուսական մետրոպոլիաները այս «բաժնետիրական ընկերությունում» կունենան հավասար հնարավորություններ: Իսկ ոչ էլիտար, սովորական դպրոցները կբավարարվեն տառերը սովորեցնելով, այսինքն` էլիտայի համար պոտենցիալ բատրակներ թողարկելով: Կարճ ասած, աշոտյանական վարձկանության պատճառով մենք կանգնում ենք նոր մարտահրավերի առաջ. որքան հնարավոր է շուտ փակել  ե՛ւ էլիտար, ե՛ւ խորհրդային մնացուկ դպրոցները եւ ի վերջո ստեղծել հայաստանյան իրական դպրոց, որն ի վիճակի կլինի Հայաստանի հանրապետության քաղաքացիություն դաստիարակել իր շրջանավարտների գիտակցության մեջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հունիսի 25, 2010
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.