> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐՏԱՎԱՐԵՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԴ

ՄԱՐՏԱՎԱՐԵՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԴ

Վահագն Գեւորգյան

Վահագն Գեւորգյան

Երբ ասում են, որ ՀՀ ոստիկանությունը ռազմավարական պլան է մշակել քաղաքացիների շրջանում իր նկատմամբ վստահությունը մեծացնելու համար` հասկանում եմ, որ իշխանությունը իր հերթական խոշոր վարկն է կպցրել` լափելու համար: Նման եզրակացությունը անխուսափելի է դառնում, երբ ոստիկանության պաշտոնյաները սկսում են պատմել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու այդ ռազմավարության շրջանակներում: Ամենախոշոր, ամենածավալուն եւ առանցքային քայլը օրենսդրական բարեփոխումներն են: Այո-այո, մեր իշխանավորների երկուսուկես սանտիմետրանոց երեւակայությունը այս անգամ էլ չի կարողացել հաղթահարել օրենսդրական բարեփոխումների տեսլականը. ով ինչ հարց բարձրացնում է, էական չէ` ինչի մասին, ինչ հրատապությամբ, ինչ կարեւորության, մեր իշխանությունը որպես լուծում միայն մեկ բան ունի առաջարկելու` օրենսդրական բարեփոխում, իրավական դաշտի բարելավում: Մարտի 1-ի իրադարձություններից հետո էլ իշխանության արձագանքը նույնն էր` օրենսդրական բարեփոխում: Բարեփոխեցին եւ ոստիկանության զինանոցից հանեցին «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը, որով 2008 թ. մարտի 1-ին ոստիկանները սպանեցին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների: Այս տրամաբանությամբ` ոստիկանության զինանոցից, սպառազինության ցանկից պետք է հանել նաեւ «Մակարովի» ատրճանակը, «Կալաշնիկովի» ավտոմատը, որոնցով նույնպես Մարտի 1-ին ոստիկանները բազմաթիվ քաղաքացիներ են սպանել եւ վիրավորել: Իրականում Օրենսդրությունը, իրավական դաշտը ոչ մի կապ չունեն 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ, որովհետեւ Մարտի 1-ի պատճառը ոչ թե ոստիկանության զինանոցում «Չերյոմուխա-7»-ի առկայությունն է, այլ ընտրությունների տոտալ կեղծումը, բռնություններն ու ահաբեկումները, Սահմանադրության եւ օրենքի ոտնահարումները: Եւ այս իմաստով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն շատ քիչ է հետաքրքրում, թե իրեն ինչով կսպանեն` «Չերյոմուխայով», թե «Կալաշնիկովով»: Եթե ինքը զոհ է` զոհ է. էլ ի՞նչ տարբերություն: Իսկ գուցե Վահան Խալաֆյանի սպանությունից հետո օրենք ընդունենք ոստիկանության բաժիններում հացի դանակի առկայությունն արգելելու մասի՞ն: Հա, է՛ն էի ասում` ինչպե՞ս բարձրացնել ոստիկանության վարկի հեղինակությունը: Ասեմ, բացատրեմ` առանց ավելորդ ռազմավարության. մարդկանց գլխին գործ մի սարքեք, մարդկանց մի սպանեք, մի թալանեք ձեր ձեռքը ընկած քաղաքացիներին, ձեր բալեքին հարամ հացով մի կերակրեք, առանձնատներ կառուցելիս եւ ջիփեր գնելիս մտածեք, որ ձեր տան կողքով անցնող եւ ձեզ հանդիպող ամեն ոք մտքում, թե բարձրաձայն հիշում է ձեր ծնողներին, որովհետեւ ամեն ոք հասկանում է, որ այդ ամենն ունեք ուրիշի հացին «վայիս» լինելու, ուրիշի դժբախտությունը խուրդելու, ուրիշի ունեցածը խլելու, ձեր «օրենսդրական» բարքի շնորհիվ: Եվ ի վերջո, պարոնայք ոստիկաններ, փոխեք ձեր եւ ձեր լակոտների դեմքի արտահայտությունը. կենդանական ձեր դեմքերը քյարփինջով սրբագրվելու իրենց կարիքն են բարձրաձայնում:

ՀԳ. «Human Rights Watch» կազմակերպությունը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին` կոչ անելով չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, քանի որ դրանք չեն ապահովում բազմակարծությունը հայկական եթերում: Այս նամակին Սերժ Սարգսյանի արձագանքը կանխատեսելի է: Նա, ի հեճուկս միջազգային իրավապաշտպան կազմակերպության, կստորագրի խնդրո առարկա օրինագիծը եւ տուտժե կհայտարարի «Human Rights Watch»-ի մտահոգությունները փարատելու համար օրենսդրական բարեփոխումներ նախապատրաստող խումբ ստեղծելու մասին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

Հունիսի 17, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.