> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

Հայկի հարցը - Բարեւ սիրելի Նիկոլ: Ուրախ եմ, որ աշխատում ես ժամանակդ զուր չվատնել: Դու ինձնից էլ լավ գիտես, որ շատ հետաքրքիր մտքեր ծնվում են այն ժամանակ, երբ ազատ ես լինում տարբեր պարտականություններից ու խանգարող հանգամանքներն էլ են քչանում (օր. Ադոլֆ Հիտլերն իր հիմնական գործը բանտում ավարտեց): Քեզ իհարկե չեմ համեմատում իր հետ, բայց և այնպես դա նաև հնարավորություն է: Նոր մտքեր միշտ տարօրինակ եւ անհամատեղելի են թվում, բայց ես հավատացած եմ եթե չլինի մի որևէ նոր գաղափարի առաջքաշում մի նոր տեսակետի իրագործում ամեն ինչ սին կթվա եւ մենք կապրենք, որ ապրենք, կասենք հայ ենք, որ պարզապես հայ մնանք, բայց միայն դա չի, որ մեր միասնության հիմք պետք է հանդիսանա, չէ՞ որ մենք պետք է ունենանք երազանք: Ի՞նչն է լինելու նոր Հայաստանի միասնականության հիմքը: Դուք ի՞նչ եք ցանկանում ստեղծել և ունե՞ք ձեր երազանքը: Նախապես շնորհակալ եմ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. բազմիցս եմ ասել, որ իմ կարծիքով այսօր Հայաստանում մեկ հարց կա լուծելու` ազատ ընտրությունների ինստիտուտը կայացնելու, ազատ ընտրությունների ավանդույթը հաստատելու հարցը: Իշխանությունը պետք է ձեւավորվի ազատ, արդար, թափանցիկ, օրինական ընտրությունների արդյունքով, իշխանությունը պետք է փոխվի` ազատ, արդար, թափանցիկ, օրինական ընտրությունների արդյունքով: Այսինքն` խնդիրը առանց բռնության իշխանափոխության ինստիտուտի եւ ավանդույթի ստեղծումն է: Ընդ որում, իշխանություն ասելով պետք չէ հասկանալ միայն նախագահին եւ Ազգային ժողովը: Իշխանության կարեւորագույն օղակներ են քաղաքապետերը, ավագանիներ, գյուղապետերը: Ազատ ընտրության ինստիտուտը, ի դեպ, ամենեւին ինքնանպատակ չէ, եւ սա այն միակ գործուն մեխանիզմն է, որ ՀՀ քաղաքացուն հնարավորություն է տալիս իրական ազդեցություն ունենալ, իրապես ազդել երկրում ընթացող պրոցեսների` սոցիալական, տնտեսական, կրթական, իրավական, արտաքին քաղաքականության վրա: Դա միակ մեխանիզմն է, որը ժողովրդի հավաքական երազանք ունենալու, այդ երազանքը ձեւակերպելու եւ այդ երազանքի իրագործման վերաբերյալ ազգային պայմանագիր, ուխտ կնքնելու հնարավորութուն է տալիս: Ազատ ընտրությունների ինստիտուտի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում պետությունը եւ քաղաքացին կտրված եւ օտարված են իրարից: Պետությունը իրենը չի համարում քաղաքացուն, քաղաքացին իրենը չի համարում պետությանը, որովհետեւ տեսնում է, որ այն ամենեւին էլ իր անվտանգության եւ բարեկեցության հոգսերը չի հոգում: Պետության ղեկին գտնվող իշխանությունն էլ լկտի եւ սանձարձակ է, որովհետեւ տեսնում է, որ քաղաքացին բաց է թողել իր սանձերը: Մեր ասածն այն է, որ քաղաքացին պետք է լկամ գցի իշխանության երախը, եւ սանձը պահի ձեռքում: Սա այս պահին լուծելիք միակ հարցն է Հայաստանում, մնացածը անիմաստ խոսակցություն է, կեղծ քարոզչություն, ուղեղի մորմոք, դատարկախոսություն: Եթե որեւէ մեկը այս խնդրի լուծումն օրհասական չի համարում, եթե որեւէ մեկը մտածում է, որ մեր օրակարգում այս պահին որեւէ այլ հարց կարող է լինել, նրա անկեղծությանը ուղղակի չեմ հավատա: Երկրի ու ժողովրդի մասին նրա արտահայտած ցանկացած մտահոգություն կեղծ է, որովհետեւ քանի դեռ Հայաստանում իշխում են հինգ հազար դրամանոց բաշիբոզուկները` որեւէ հարց դրական լուծում չի ստանալու` սկսած վերելակների խնդրից, ավարտված Ղարաբաղի հարցով: Չի լինելու նաեւ ազգային միասնություն, որովհետեւ ազգային միասնության մի ձեւ կա` երբ մեծամասնությունը տեսնում է, որ իր ձայնը որոշիչ է, իսկ փոքրամասնությունը համոզվում է, որ իր կարծիքը արձանագրված է, եւ որեւէ մեկը, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, այն չի կարող հաշվի չառնել: Այս առումով, կրկնում եմ, ընթացիկ շրջանում Հայաստանում լուծելու միայն մեկ հարց կա` օրինական ընտրություններով իշխանություն ձեւավորելու եւ իշխանություն հեռացնելու գործուն մեխանիզմների, ավանդույթի հաստատման հարցը: Քանի դեռ այս հարցը չի լուծվել, մնացածի մասին խոսելն ավելորդ է ու անիմաստ: Օրինական ընտրությունները, ժողովրդի ազատ կամարտահայտման ճանաչումը որպես բարձրագույն կամք` ինքնին չի երաշխավորում, որ բոլոր հարցերը կլուծվեն: Բայց դա անհրաժեշտ պայման է որեւէ հարցի լուծման համար, այսինքն` առանց դրա մենք որեւէ առաջընթաց չենք ունենա: Եւ այս առումով, ուզում եմ ընդգծել, մեր պայքարը ոչ միայն ընտրությունները կեղծող իշխանավորների եւ քուչի հեղինակությունների դեմ է, այլ հինգ հազար դրամ վերցնող եւ իր ձայնը վաճառող հայաստանցու: Այդ երկու կատեգորիայի միջեւ տարբերություն, իհարկե, կա: Բայց այդ տարբերությունը շատ մեծ չէ: Այս է պատճառը, որ մենք յուրաքանչյուրին ասում ենք. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես»: Եթե նա մեզ պատասխանում է, թե ես ի՞նչ կարող եմ անել, չէ՞ որ ես մենակ եմ, մեկ հոգի, մենք նրան պատասխանում ենք` 1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1… Երբ նա կասկած է հայտնում, թե ուրիշները կկանգնեն իր կողքին, ես առաջարկում եմ նախ ինքս ինձ, ապա եւ առաջարկում պահպանել 1+1 ֆորմատը, որպեսզի ուրիշները չզրկվեն դրան միանալու շանսից: Քաղաքականության մեջ մեր նոր ասելիքի հենքը սա է, եւ համոզված եմ` այս հենքի վրա կառուցվելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը, մեր երազած Հայաստանը, որտեղ բարձրագույն իշխանությունը եւ տերը քաղաքացին է, Հայաստանի քաղաքացիների ամբողջությունը, որ կոչվում է ժողովուրդ: Որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ եւ յուրաքանչյուր ոք իր օբյեկտիվ ընդունակություններն իրացնելու, զարգացնելու հնարավորություն ունի եւ իր հանրային ու սոցիալական դիրքին արժանանում է բացառապես այդ ընդունակություններն իրացնելու արդյունքում: Սա է իմ երազանքը, եւ միայն այս երազանք-նպատակի իրագործումից հետո նոր երազանքներ ձեւակերպելու եւ այդ երազանքների մասին բարձրաձայլնելու արժանի կհամարեմ ինձ: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հայկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. HAY
    Հունիս 18th, 2010 at 18:59 | #1

    … Օրինական ընտրությունները, ժողովրդի ազատ կամարտահայտման ճանաչումը որպես բարձրագույն կամք` ինքնին չի երաշխավորում, որ բոլոր հարցերը կլուծվեն….
    Nikol jan qo het es harcum hamadzayn chem, im karciqov mnacac bolor harcer@ inqnahosi pes klucven, ete linen azat @ntrutyunner!

  2. Հուլիս 27th, 2010 at 19:01 | #2

    +1 NIKOL JAN

  1. No trackbacks yet.