> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՍԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՍԻ ՀԱՐՑԻՆ

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007

«1+» ակցիա, Երեւան, մայիս 2007

Սոսի հարցը - Հարգարժան Նիկոլ ցավով ուզում եմ նշել որ իմ ծանոթների բավականին մեծ մասը մեծ եռանդով փախչում է Հայաստանից պատճառաբանելով երկրում առկա իրավական, սոցիալ տնտեսական, անարդարությունները: Մարդկանց բավականին մեծ մասի մոտ կարծիք կա, որ մարդը այս երկրում ապագա ունենալ չի կարող, որ անարդարությունների դեմ պայքարն անիմաստ է, որ իշխանափոխությամբ կկատարվի անձերի այլ ոչ իրավիճակային փոփոխություն: Չե՞ք կածում արդյոք, որ պետք է կազմել իրավաբանների և քաղաքական ազդեցիկ գործիչների փոքրիկ խմբեր որոնք կշրջեն ՀՀ ամբողջ տարածքով չանտեսելով նույնիսկ ամենափոքր գյուղերը, ու կբացատրեն մարդկանց պահի լրջությունը, իրենց իրավունքն ու պարտականությունը մասնակցել պետության քաղաքական և տնտեսական զարգացումներին: Բացատրեն որ ամեն ոք ուժ է եւ պետք է այս երկրին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սոս. Հայ ազգային կոնգրեսի գործունեության իմաստը հենց սա է: Ինչպես գիտեք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները այցելում են մարզեր, հանդիպում տեղի ակտիվիստների հետ: Նրանք էլ իրենց հերթին պետք է իրենց քաղաքում, գյուղում, թաղում, շենքում, միջավայրում տարածեն այն գաղափարները, որոնց մասին դուք խոսում եք: Ոմանք կարող են պնդել, թե այս պրոցեսը բավարար չափով ինտենսիվ չէ: Բայց ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ գաղափարները, քաղաքացիական գաղափարները երկրում իրապես կարմատավորվեն այն պարագայում, երբ այդ գաղափարները ընդունող յուրաքանչյուր ոք իր միջավայրում դառնա դրանց տարածողը: Այն, որ քաղաքական գործիչները պետք է շատ ակտիվ աշխատեն, շատ ակտիվ պետք է աշխատեն նաեւ կոնգրեսի տարածքային կառույցներն ու գրասենյակները` դա հասկանալի է եւ անառարկելի: Բայց չեմ ուզում, որ երկրի ապագայով մտահոգ քաղաքացիները, ովքեր իրենց քաղաքական գործիչ չեն համարում, եւ զբաղված են բոլորովին ուրիշ գործերով, գաղափարների, վարդապետության տարածման գործը թողնեն միայն քաղաքական գործիչների վրա, կամ ավելի ճիշտ` նստեն սպասեն, թե ե՞րբ են քաղաքական գործիչները ամեն տուն ու գյուղ մտնելու: Այսպես չի ստացվի. Ձեր հարցից հասկանում եմ, որ դուք անձամբ ընկալում եք պահի լրջությունը եւ այն հաղթահարելու ուղիները: Ուրեմն` դուք այդ ամենը կարող եք բացատրել ձեր միջավայրի մարդկանց: Նրանք արդեն, երբ ձեր բացատրածի կրողը դառնան, իրենք էլ պետք է անեն նույն գործը: Սրա համար, ընդ որում, պետք չէ ինչ-որ հատուկ միջոցառումներ կազմակերպել: Հայաստանում այսօր ամեն զրույց, խոսակցություն, ծնունդ, կնունք` ի վերջո, վերածվում է քաղաքական բանավեճի: Եւ այս բանավեճերում մենք պետք է տարածենք մեր գաղափարները, մեր քաղաքացիական վարդապետությունը: Ինչ խոսք, սա անելը հեշտ չէ, որովհետեւ հարկավոր է գտնել անհրաժեշտ փաստեր, փաստարկներ, հիմնավորումներ: Իսկ սրա համար հարկավոր է կարդալ, տեղյակ լինել, զբաղվել սեփական գիտելիքների, իմացության զարգացմամբ: Եթե որեւէ անձ, ով խորությամբ ընկալում է այսօրվա եւ ապագայի մարտահրավերները, հասկանում է իր եւ ուրիշների պատասխանատվությունը երկրի ապագայի առաջ, եւ ասենք մի ուտուշ-խմուշի ժամանակ տեղի ունեցած բանավեճում չի կարողանում ներկաների պատշաճ ձեւով հաղորդել Համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի ասելիքը` նա ծառայություն է մատուցում իշխանությանն ու ավազակապետությանը, որովհետեւ իմ պատկերացմամբ` մեր ասելիքը այնքան հզոր է, մեր փաստարկները այնքան ծանրակշիռ, որ որեւէ բանավեճում մենք կարող ենք պարտվել, կամ ջախջախիչ հաղթանակ չտանել միայն չիմացության, ծուլության բերումով: Եւ քանի որ այս մասին խոսք գնաց, ուզում եմ ընդգծել, որ երբեմն հեռուստացույց դիտելիս, ռադիո լսելիս, թերթեր կարդալիս` ուղղակի ապշում եմ, թե ինչպես Կոնգրեսի համակրի, կամ ներկայացուցչի անունով հանդես եկող մարդիկ չեն կարողանում պատշաճ կերպով պատասխանել երբեմն պրիմիտիվ թվացող հարցերի: Սա անպատասխանատվություն է: Իմ պատկերացմամբ Համաժողովրդական շարժման ցանկացած ներկայացուցիչ` քեֆի սեղանի շուրջ լինի, բիսեդկայում լինի, աշխատավայրում լինի, հեռուստատեսությամբ լինի, ռադիոյով, թե ասուլիսի ժամանակ` պետք է հստակ եւ հզոր պատասխաններ տա ցանկացած հարցի, որովհետեւ չկա Հայաստանի ներքին, արտաքին քաղաքականությանը, կամ որեւէ ոլորտի վերաբերող որեւէ հարց, որի պատասխանը Կոնգրեսը չունենա: Եւ ինձ համար ցավալի է, որ այդ պատասխանները միշտ չէ որ հնչում են, կամ միշտ չեն հնչում պատշաճ մակարդակով: Այս իմաստով ուզում եմ հատուկ խոսել երիտասարդության, Հայ ազգային կոնգրեսի համակիր փայլուն երիտասարդության մասին, որն այսօր քաղաքացիական սխրանքներ է գործում` ամեն օր: Բայց մյուս կողմից, Կոնգրեսի համակիր ցանկացած երիտասարդ պետք է իմանա, որ ինքը դադարում է Կոնգրեսի գաղափարակիր լինել, եթե ամեն հաջորդ օրը ավելի գիտուն չէ` նախորդ օրվա համեմատ: Եթե Կոնգրեսի համակիր երիտասարդը ամեն օր որեւէ բանով չի ավելացրել իր գիտելիքը, չի զարգացրել իր ինտելեկտը` նա ինչ-որ իմաստով դավաճանում է համաժողովրդական շարժմանը, 2008 թվականի Ազատության հրապարակին, Մարտի 1-ի զոհերի սուրբ հիշատակին: Ցանկացած քաղաքական շարժման հաջողության թիվ մեկ գրավականը նրա ակտիվիստների գաղափարական, ինտելեկտուալ, ինչու չէ` մասնագիտական պատրաստվածությունն է: Վատ տնտեսագետը, որքան էլ համակրելի լինի ինձ համար, որքան էլ անկեղծորեն Հայ ազգային կոնգրեսի համակիրը լինի` ավելի շատ ավազակապետության համակիրն է, եթե ամեն օր չի աշխատում ինքն իր վրա, չի բարձրացնում ինքն իրեն: Նույնպես էլ լրագրողը` ով չի աշխատում իր մասնագիտական կարողությունների զարգացման վրա, վատ իրավաբանը, վատ փաստաբանը եւ այլն եւ այսպես շարունակ: Տվյալ իմաստով` կարեւոր չէ, թե որքանով ենք մենք ազնիվ, որքանով ենք մտահոգ մեր երկրի վաղվա օրվա համար, որքանով ենք անկեղծ այդ մտահոգությունների մեջ: Կարեւոր է, թե որքանով ենք մենք կարողանում ուրիշներին համոզել մեր ազնվության, անկեղծության, եւ երկիրն այս վիճակից հանելու մեր ձգտման անանձնականության մեջ: Ազնվությունը, արդարությունը, հայրենիքի նկատմամբ տածած սերը առ ոչինչ է, եթե այն հենված չէ պատասխանատվության, գիտելիքի, սեփական թերությունները տեսնելու, դրանք ուղղելու եւ կատարելագործվելու անկեղծ ձգտման, եւ այդ ձգտումն ամենօրյա ռեժիմով ի կատար ածելու ընդունակության մեջ: Ավետիս Հարությունյանը տարիներ առաջ «Հայկական ժամանակում» խոսելով մի գործչի վերագրվող ազնվության մասին մի չափազանց դիպուկ արտահայտություն է արել. «Քյարփինջն էլ է ազնիվ»: Եւ իրապես, քյարփինջի ազնվության մեջ ոչ մի ոգեւորիչ բան չկա: Մեր ազնվությունը պետք է իմացության, գիտելիքի, կատարելության ձգտելու անընդհատականության վրա հիմնված լինի, եւ սա վերաբերվում է յուրաքանչյուրին ով ընկալել է «Ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես» բանաձեւը: Փառք Աստծո, մենք որպես առաջնորդ ունենք Հայաստանի ամենաինտելեկտուալ մարդկանցից մեկին, եւ պռաշլյակների դիշովի կերպարով «հիանալու» գայթակղությունը մեզ համար չէ: Լավագույն մաղթանքներս` սիրելի Սոս: Իմ պատասխանը մի փոքր ընդհանրական եւ ծավալուն ստացվեց, բայց ես վաղուց էի սպասում այս ամենը ասելու առիթի: Այս իմաստով` շնորհակալ եմ հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. LEVON
    Հունիս 14th, 2010 at 01:54 | #1

    +1+1+1+1+1+1+1

  2. MACAK
    Հունիս 14th, 2010 at 04:56 | #2

    +1

  1. No trackbacks yet.