> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼԻՆԵԼ ԱԹՈՌԻ ԿՌՎԻՑ ԱՆԴԻՆ

ԼԻՆԵԼ ԱԹՈՌԻ ԿՌՎԻՑ ԱՆԴԻՆ

Հայաստանի պետական մեքենան աշխատում է այն էներգիայով, որն առաջանում է պաշտոնների համար մղվող խաչաձեւ պայքարի ընթացքում: Պետական ողջ կյանքը պտտվում է հենց այս առանցքի շուրջ: Սա շատ հետաքրքիր երեւույթ է, որը հատուկ է Հայաստանի կարգի երկրներին: Իսկ երեւույթի ընդհանուր նկարագիրը հետեւյալն է. եթե ինչ-որ մեկը նախարար է, առնվազն մի քանի հոգի կան, որ նրա փոխարեն ուզում են նախարար դառնալ: Նախարարն ինքն էլ գիտի նրանց գոյության մասին, նրանք էլ գիտեն, որ նախարարը գիտի իրենց գոյության մասին, եւ այս համատեքստում սկսվում է ըստ էության բաց պայքար, որը խլում է թե նախարարի եւ թե հավակնորդի ողջ ժամանակը: Նա, ով պայքարում է նախարարի փոխարեն նախարար դառնալու համար` նախեւառաջ փորձում է կապեր հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր իրավասու են իրեն նախարար դարձնել, կամ օգնել այս գործում: Իսկ նա ով նախարար է, փորձում է էլ ավելի ամրապնդել իր կապերը նրանց հետ, ովքեր իրավասու են իրեն պահել նախարար պահելու հարցում, կամ կարող են օգնել` այս իմաստով: Նման մրցապայքարի համար, բնականաբար, փող է հարկավոր, շատ փող: Եւ ուրեմն` նախարար դարձածները նախեւառաջ փորձում են հետ բերել այն փողերը, որ ծախսել են նախարար դառնալու համար, ապա եւ կուտակել նոր փողեր, որ անհրաժեշտ կլինի նախարարական իրենց աթոռի վրա աչք դրածների, կամ նրանցից մեկի վճռական գրոհին դիմակայելու համար: Սա, ինչպես հասկանում եք, զապաս փողն է: Բայց, ինչպես արդեն ասացինք` ընթացիկ մարտավարական պայքար մղելու համար էլ են մեծ գումարներ հարկավոր: Ասենք` նախարարական քո աթոռին աչք դրած մեկը վերադասին կամ նրա եղբորը պատիվներ է տալիս, դու պետք է գումարներ ունենաս` ավելի լավ պատիվներ տալու համար: Եթե մրցակիցդ վերադասի էրեխու հարսանիքին փոքր Կենտրոնում գտնվող բնակարան է նվեր տվել, քո նվիրած բնակարանը` ցանկալի է գտնվի Նիցցայում: Կամ եթե մրցակիցդ քո հիմնարկի վրա դատախազությունից, հարկայինից, կամ վերահսկիչ պալատից ստուգում է բերել տվել, դու պետք է այնքան գումար ունենաս, որ ոչ միայն «մաքուր» դուրս գաս ստուգումից, այլեւ ստուգումներն ուղղորդես դեպի այն հիմնարկները, որտեղից գումարներ է ստանում քո հակառակորդը, անկախ նրանից` այդ հիմնարկը պետակա՞ն է, թե մասնավոր: Պաշտոնի համար մղվող պայքարում շատ էական է հակառակորդի մասին լուրերի տարածումը, որը միշտ, որպես կանոն, սկսվում է այսպես. «Արա, իմացել ե՞ք էն էշը ինչ ա արել…»,- ցանկացած սեղանի շուրջ այսպիսի մի խոսակցություն կսկսի թե նախարարը, թե այդ պաշտոնին հավակնողը: Նմանատիպ խոսակցություններ պիտի լինեն նաեւ «Էն էշի լակոտի», «կնգա», «ախպոր», «քածի» մասին: Նմանատիպ լուրերի բազմաքանակությունը շատ կարեւոր է, որովհետեւ որքան շատ լինեն լուրերը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դրանք կհասնեն ղեկավարությանը: Պաշտոնի համար մղվող պայքարում շատ կարեւոր է ազդեցիկ «աբիժնիկներ» հավաքելը: Գործող նախարարն այս լեգեոնը հավաքում է իր պաշտոնի վրա աչք դրած մրցակցի հակառակորդ-թշնամիներից: Նույնը անում է եւ հավակնորդը` հավաքագրելով նախարարի գործունեությունից դժգոհ հնարավորինս շատ մարդկանց: Ժամանակակից Հայաստանում պաշտոնի համար կռիվ տալու իմաստով շատ կարեւոր է կոալիցիոն կուսակցության ընտրությունը: Եթե դու աչք ես դրել, ասենք, առողջապահության նախարարի պաշտոնի վրա, դու, բնականաբար, պիտի լինես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Եթե մանկուց երազել ես կապի եւ տրանսպորտի նախարար դառնալու մասին, պարտադիր պետք է դառնաս ՕԵԿ-ական: Բայց եթե կոալիցիոն հուշագրի բովանդակությունը փոխվի, եւ Տրանսպորտի նախարարությունը անցնի Հանրապետական կուսակցությանը, դու էլ այդ պաշտոնի տեսլականի հետ պետք է անցնես Հանրապետական կուսակցություն: Ընդհանուր առմամբ, ահա սա է այն պրոցեսը, որ կյանք է հաղորդում Հայաստանի պետական մեքենային: Այս պրոցեսից դուրս Հայաստանի գործող պետական մեքենան կմահանա, որովհետեւ անելու ուրիշ բան չունի, ուրիշ որեւէ նպատակ, ուղենիշ, ծրագիր չունի իր առաջ: Նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում բոլոր մակարդակներում. վարչապետ, նախարար, փոխնախարար, մարզպետ, քաղաքապետ, միլպետ, դատախազ, ԱԱԾ բաժնի պետ, գնդի հրամանատար եւ այլն, եւ այսպես շարունակ: Այսօր պետական, ոստիկանական, զինվորական պաշտոնյաների, կոալիցիոն կուսակցությունների ազդեցիկ անդամների, նրանց կցված ավելի ցածր մակարդակի դեմքերի կյանքի իմաստը հենց այս պրոցեսներն են:

Իշխանական եւ մերձիշխանական էլիտայի ներկայացուցիչները նույնիսկ իրենց, իրենց զավակների ծնունդները, կնունքները, հարսանիքները իրականացնում են հենց վերը նշված ենթատեքստով: Կարծես Հայաստանում վիճակագրություն չկա, թե պաշտոնյաներից քանի տոկոսի պաշտոնանկությունն է հանգեցրել նրանց ամուսնացած զավակների ամուսնալուծության: Եթե որեւէ մեկը փորձի նման հետազոտություն անել, վախենամ` արդյունքները շատ հուսահատեցնող լինեն: Այնպես որ, ավելի լավ է` խուսափել նման հետազոտությունից: Հա, բայց ինչո՞ւ եմ պատմում այս պատմությունը: Հայաստանի իշխող էլիտան այնքան է խորացած այս գործընթացի մեջ, որ երբ որեւէ քաղաքական, ժողովրդական պրոցես է սկսվում, որը սպառնում է իրենց աթոռներին, ողջ կոալիցիոն-կոռուպցիոն մեքենան կոնսոլիդանում եւ դա անվանում է աթոռի կռիվ: Սա հասկանալի է, որովհետեւ նրանց հայացքով, նրանց ընկալածով նման պրոցեսներն ուրիշ իմաստ չեն էլ կարող ունենալ, որովհետեւ, նրանց ընկալմամբ, ընտրական ցանկացած գործընթացի մասնակցելը, իշխանության հայտ ներկայացնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ` աթոռի կռիվ: Չմոռանանք, որ Հայաստանի «ընդդիմադիր» որոշակի շրջանակների փորձը հենց դա է ցույց տվել: Այս մթնոլորտը ինքնին նշանակում է, որ ընդդիմադիր-գաղափարական ցանկացած գործընթաց պետք է բոլոր առումներով այնքան մաքուր, հասկանալի եւ պարզ լինի, որ ապշած եւ մոլորված ժողովրդի, հանրության գիտակցության մեջ վերականգնի ապագայի, վաղվա օրվա նկատմամբ հավատն ու վստահությունը: Այսինքն` որպես այլընտրանք ժողովրդին ներկայացող ցանկացած ուժ պարտավոր է բարոյական, հոգեւոր, գաղափարական առումներով ոչ թե ուղղակի բարձր լինել գործող իշխանությունից, այլեւ գտնվել բոլորովին այլ, անհամեմատելի, շատ ավելի բարձր հարթության վրա: Նաեւ իշխանափոխությունից հետո, որովհետեւ ժողովրդական, հանրային վստահությունը այն միակ ռեսուրսն է, որը Հայաստանին խորը փոսից դուրս գալու հնարավորություն կտա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 11, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Gena
    Հունիս 11th, 2010 at 06:26 | #1

    Էհ բարեկամս, ցավում եմ, բայց դու եզրակացությանդ մեջ սխալվում ես:Երևույթը ճիշտ ես նկարագրել, բայց ելքը այդպես չի լինում երբեք ինչպես դու ես երազում: Բոլոր, նույնիսկ զարգացած դեմոկրատիա ունեցող երկրներում միշտ էլ քաղաքականության շարժիչ ուժը պաշտոնի ձգտումն է: Մեր տիպի երրորդ կարգի երկրներում այդ պրոցեսի արդյունքում իշխանության են գալիս հիմնականւմ մեր բուհերի հեռակա բաժնի թերուս և քրեական հակումներով ստահակները, իսկ նորմալ երկրներում Օքսֆորդի, Սորբոնի կամ ել Հարվարդի համալսրարանների լավագույն շրջանավարտները, որոնք սովորաբար լինում են բարձր բարոյականության տեր մարդիկ ի տարբերություն մեր թերզագացած ավազակների:

  2. MM
    Հունիս 11th, 2010 at 08:33 | #2

    @Gena
    Eh barekams, Duq eq sxalvum ays paragayum…Nikol@ xosum e mer yerazac Yerkri masin,En Yerkri , vor 1+1+1+++ u karucelu enq!!!

  3. MM
    Հունիս 11th, 2010 at 08:40 | #3

    Hodvacd inc hishoxutyunneri girk@ gcec, sireli Nikol. Kardalov ays gorc@ mtqovs zugaherner ancan qo ev Vladimir Visocku michev… Ka tema, vor ches karox verlucel u meknabanel?!

  4. Gena
    Հունիս 11th, 2010 at 17:11 | #4

    Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Նորմալ իշխանություն Հայաստանում կձևավորվի երբ բարձրանա ժողովրդի գիտակցական մակարդակը և ստեղծվի նորմալ իշխանության հասարակական պահանջմունք: Ես երկար տարիներ փորձեցի նման պահանջմունք ձևավորել մեր գիտության առաջատար ինստիտւտներից մեկում: Բոլորը կրթված, զարգացած մարդիկ էին, գիտւթյան դոկտորներ ու թեկնածուներ: Բայց արի ու տես որ գերադասում եին կառավարվել իրենց միջի ամենավատ հատկանիշներով օժտվածի անձանց կողմից: Անցել են տասից ավել տարիներ այդ ժամանակներից ու մինչև հիմա ինձ անհասկանալի է մնում այդ մարդկանց մոտիվացիան: Հանկարծ չմտածես որ ես էի հավակնում ինքս կառավարել նրանց: Քավ լիցի, երբեք չեմ ունեցել նման ամբիցիաներ: Հետաքրքիրն այն է որ վերջին 10-15 տարիների Հայաստանում ընթացող պրոցեսները համարյա լրիվությամբ , առանց էական բացթողումների փաստորեն մոդելավորվել եին այդ գիտական հիմնարկում մինչև 1995-ականի կեսերը: Ելնելով իմ այդ դառը փորձից ասեմ որ երկրում իրավիճակը լավացնելու շանսերը շատ աննշան են: Իհարկե ցավով եմ սա ասում: Եվ բացի դրանից, իմ ասծից չպետք է հետևության գալ որ անիմաստ է պայքարելը: Պատք է պայքարել ամեն դեպքերում:

  1. No trackbacks yet.