> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ…

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ…

venokՔաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը տարիներ առաջ, ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, նիստերից մեկի մեկնարկին սգո պսակ դրեց Ազգային ժողովի ամբիոնի առաջ, եւ հայտարարեց Հայաստանում պառլամենտարիզմի մահվան մասին: Նմանօրինակ մի ակցիայի կարիք էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի, որովհետեւ նախորդ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ տարածած հաղորդագրությամբ oմբուդսմենի գրասենյակը մեռավ: Մեծ հաշվով այն երբեք կենդանի չի էլ եղել, այլ ստեղծման օրից գտնվել է տեւական հոգեւարքի մեջ: Նախօրեին տեղի ունեցածը, սակայն, արտառոց է անգամ մեռելածին այդ գրասենյակի համար: Խնդրո առարկա հաղորդագրությունը, հիշեցնեմ, սկսվում էր հասարակական կարգը խախտող գործողություններից զերծ մնալու, այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը պահպանելու եւ հարգելու ՀՀ քաղաքացիներին ուղղված հորդորով: Դրանից մեկ օր անց սպասում էի, թե արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն կտարածի, եւ Չոռնի Գագոյի ախպերներին կհորդորի՞ մարդկանց իրենց գրասենյակներից չառեւանգել եւ արդյո՞ք Չոռնի Գագոյին կհորդորի վանդակում պահել շակալների իր ոհմակներին: Նման հաղորդագրության մասին առ այսօր ոչինչ հայտնի չէ: Ի՞նչ է նշանակում «լրատվական» նման քաղաքականությունը. ընդամենը մեկ բան` Արմեն Հարությունյանին տարօրինակ չի թվում, որ Չոռնիի ախպերը մարդ է առեւանգում, բայց որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ փորձում են մուտք գործել Ազատության հրապարակ, այստեղ արդեն խնդիր կա, պետք է ուսումնասիրել, թե որքանով է այդ մուտքը համապատասխանում օրենքի տառին: Օմբուդսմենի գրասենյակը «զանիտ արած» Արմեն Հարությունյանը նույնիսկ արժանի չէ զայրույթի. թույլ իրավաբան, թույլ անձնավորություն, եւ որպես հետեւանք` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարիկատուրա: Շատ ավելի կարեւոր է, որ Հարությունյանն այդպես էլ չի ընկալում, թե ինչ է իր գործի անունը, այդ ի՞նչ ինստիտուտի ղեկին է ինքը նստած: Օմբուդսմենի ինստիտուտի չընկալումն, ընդհանրապես, տարածված երեւույթ է Հայաստանում: Եւ եթե փորձենք հանրամատչելի ձեւով ներկայացնել, թե ինչ է դա, պետք է նախ պատկերացնենք մի երկթեւանի կշեռք, որի թեւերից մեկը իշխանությունն է` ուժային եւ վարչական իր լծակներով, իսկ մյուս կողմում քաղաքացին է եւ իր իրավունքները: Հայաստանի նման երկրներում այդ կշեռքի հավասարակշռությունը խախտված է լինում` հօգուտ իշխանության եւ նրա կառույցների: Այսինքն` կշեռքի իշխանական թեւը ավելի ծանր է, անհամեմատելիորեն ծանր: Մարդու իրավունքների պաշտպանը, ահա, այն կշռաքարն է, որ նման իրավիճակում առանց երկմտանքի պետք է հայտնվի ՀՀ քաղաքացու եւ նրա իրավունքների թեւում` խախտված հավասարակշռությունը վերականգնողի դերակատարում ստանձնելով: Ու եթե այս այլաբանության մեջ գնահատենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, պետք է արձանագրենք, որ նա ոչ թե կատարում է քաղաքացու եւ նրա իրավունքների կշիռը բարձրացնելու իր դերակատարումը, այլ աննպատակ քարշ է գալիս: Սա է իրականությունը, եւ այս իրականությունը մեզ ստիպում է հիշել Քաղաքագետների միության նախագահի երբեմնի նախաձեռնության մասին: Չեմ հիշում, թե ինչ տեսք ուներ Հովհաննիսյանի կողմից Ազգային ժողով տարված ծաղկեպսակը: Օմբուդսմենի գրասենյակի ծաղկեպսակը 0-ի տեսք պետք է ունենա, հավելյալ մեկնաբանությունների անհրաժեշտությունը բացառելու համար:

Հ.Գ. Օմբուդսմենի` մայիսի 31-ի հաղորդագրությունը կարդալուց հետո մտածեցի, որ Արմեն Հարությունյանը պիտի, որ ս/թ ապրիլի 13-ին հաղորդագրություն տարածած լինի, որով ՀՀ քաղաքացիներին հորդորած լինի` զերծ մնալ ոստիկանության բաժիններում ինքնասպանություններ գործելուց: Ըստ էության` այսպես է գործում Հարությունյանը, ասելով նաեւ, թե Մարդու իրավունքների պաշտպանը շատ բան անել չի կարող: Շատ բան պետք էլ չի անել` հարկավոր է ունենալ դիմագիծ, կեցվածք, ողնաշար: Օմբուդսմենին, սակայն, նման վտանգ չի սպառնում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հունիսի 3, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 3rd, 2010 at 18:19 | #1

    http://www.azatutyun.am -um ditelov HEROSOUHI Ani Gevorkyani yev 2 yeritasardneri dzerpakalutyan video-n http://www.azatutyun.am/content/article/2058398.html
    veranorok atelutyamb e martou sirt@ ltsvum Hayastann aspatakogh martakerp hayanoun borenineri yev nranc spasarkogh manr ou khoshor gyadeqi ou menteri nkatmamb.

  2. parz
    Հունիս 3rd, 2010 at 22:57 | #2

    Նիկոլ ջան,
    սա քո հերթական կետն էր i-վրա, որ էլ ասելու կամ քննարկելու բան չկա…
    տաղանդդ անսպառ է
    այսպես հարցերը արանքից դուռս են գալիս շարունակաբար

  3. LEVON
    Հունիս 4th, 2010 at 00:49 | #3

    HERTAKAN APTAK@ ARAVOT GISHEROV STACAV DOLAR@(armen harytyunyan@). anyn@ grem te che kkarda iranov chi ta…..

  1. No trackbacks yet.