ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ…
1918 թվականի մայիսի 28-ին, շուրջ 700-ամյա ընդմիջումից հետո, երկիր մոլորակի վրա կրկին Հայաստան անունով պետություն հիմնադրվեց: Հիմա, երբ հետադարձ հայացքով քննում ես այդ իրադարձությունը, դա, իսկապես, անհավանական հրաշք է թվում: Ինչպե՞ս, այդ ինչպես 700 տարվա քայքայում ու քաոս, կոտորածներ ու ցեղասպանություն վերապրած ժողովուրդը պետություն հռչակելու, եւ այդ իրավունքը պաշտպանելու ուժ գտավ իր մեջ: Ի՞նչն էր այդ ուժի աղբյուրը, որտեղից էր այն բխում: Պատմական եւ պատմագիտական բացատրությունները ինձ բավարար չեն թվում, Առաջին Հանրապետությունը իմ մտապատկերում վաղուց ամեն ինչ կորցրած ժողովրդին տրված հրաշափառ հնարավորություն է, աստվածային շնորհ: Մենք բոլորս Առաջին հանրապետության, նրա հիմնադիր հայրերի, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի զինվորների զավակներն ենք: Եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, Հայաստանը ԽՍՀՄ կազմում միութենական հանրապետության կարգավիճակ չէր ունենա, եւ ուրեմն 91-ին մենք չէինք ունենա անկախության վերանվաճման այդպիսի հնարավորություն, եւ լավագույն դեպքում կլինեինք չճանաչված հանրապետության կարգավիճակում: Լավագույն դեպքում: Նախիջեւանի տարբերակը, ըստ այդմ, շատ ավելի հավանական է թվում: Ես սիրում եմ Առաջին Հանրապետությունը, ի հեճուկս նրա` երբեմն զավեշտի հասնող պատմության, որովհետեւ Ամերիկան հայտնաբերածի զգացողություն եմ ունեցել, երբ Երեւանից եկած բարեկամս ինձ ցույց է տվել եռագույնը եւ ասել, որ սա Անկախ Հայաստանի դրոշն է: Եռագույնի հայեցումն է ինձ հուշել, որ Խորհրդային Հայաստանի դրոշը իր մեջ թաքուն պահում, փայփայում է մեր անկախությունը, եւ շուտով, շատ շուտով եռագույնը երեւակվելու է` կարմիր-կապույտ-կարմիրի տակից: Ես սիրում եմ Առաջին Հանրապետության օրհներգը, որովհետեւ այն իր քաղաքացուն, իր զավակին, իր ժողովրդին շատ կոնկրետ պատգամ է հղում. «Մեր հայրենիք` թշվառ, անտեր,/Մեր թշնամուց ոտնակոխ,/Յուր որդիքը արդ կանչում է/Հանել յուր վրեժ, քեն ու ոխ:/Մեր հայրենիք` շղթաներով/Այսքան տարի կապկապած,/Յուր քաջ որդոց սուրբ արյունով/Պիտի լինի ազատված»: Այս ուղերձն էր, որ մեզ առաջնորդեց մինչեւ 1994 թվականի զինադադար: Այս ուղերձն էր, որ մեզ օգնեց Հայաստանը հայ-ադրբեջանական «համատիրությունից» վերածել միատարր հայկական ազգային պետության, այս ուղերձն էր, որ մեզ առաջնորդեց դեպի Շուշիի ազատագրում: 1994 թվականի հրադադարով Առաջին Հանրապետության օրհներգի ուղերձը հասավ իր լրումին, եւ մենք մինչեւ օրս չենք կարողացել ձեւակերպել մեր օրհներգի նոր ասելիքը, այսինքն` չենք կարողացել որոշել մեր նոր անելիքը: Դուք չե՞ք նկատել մեր այսօրվա օրհներգի տեքստի անհեթեթությունը. «Մեր հայրենիք, Ազատ Անկախ,/Որ ապրել է դարեդար/Յուր որդիքը արդ կանչում են/Ազատ, Անկախ Հայաստան»: Հետո՞: Հետո` ոչինչ: Հետո այն, որ վերջին տարիներին հենց սա էլ տեղի է ունենում: Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը չի ձեւավորել իր ասելիքը, եւ իր անելիքը եւ խարխափում է անորոշության մեջ: Այստեղից է բխում ճգնաժամը` հոգեւոր, բարոյական, քաղաքական, տնտեսական, հումանիտար ճգնաժամը: Եւ եթե մեր նոր անելիքի մասին նոր ասելիքը չձեւավորվի, վախենամ Առաջին Հանրապետության օրհներգի բառերը գնալով կրկին վերածվեն երկիրը ստեղծված վիճակից հանելու օպերատիվ հայեցակարգի: «Մեր հայրենիք` թշվառ, անտեր,/Մեր թշնամուց ոտնակոխ,/Յուր որդիքը արդ կանչում է/Հանել յուր վրեժ, քեն ու ոխ:/Մեր հայրենիք` շղթաներով/Այսքան տարի կապկապած,/Յուր քաջ որդոց սուրբ արյունով/Պիտի լինի ազատված»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մայիսի 28, 2010














+1
Նայեք այսօրվա ֆոտոները, թե Որքան շատ են բուծել երիտասարդ նոր սրիկաներ… որ կարող են դեռահաս աղջկան քաշքշել,
սրանց մոռդերից պետք է գալերեա կազմել հետագա 4-րդ Հանրապետության ժամանակ 3-րդ Հանրապետության կործանման պատճառների ցուցասրահում
voxormeli takanqic inch aknkalel?
@parz
Nikol jan , inchpes misht -iravaci es! MER HAYRENIQ TSHVAR ANTER…esorva &shgrit bnutagir…el inchpes karox er patahel, vor qaxaqacin Azatutyan hraparak mutq gorcelu iravunq chunui… Aravelevs , aysor vostikanutyan bajanmunqic 64 -in bac en toxel, u qanisn en der ayntex -parz che… u… zzvum em inqs indzanic, vor dranc demn arnel chenq karoxanum…