> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՕՐԵՆՔ «Ա1+»-Ը ՉԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔ «Ա1+»-Ը ՉԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ա1+«Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերախմբագրված տարբերակին թեկուզ մակերեսային ծանոթանալով` կարելի է ասել, որ դա օրենք է իրական մրցույթները բացառելու, եւ նախքան մրցույթներ հայտարարելը կապուղիների ճակատագիրը որոշելու մասին: Այս պնդումը դժվար չէ ապացուցել: Օրենքի խմբագրված տարբերակի համաձայն, Երեւանում գործելու են 18 հեռուստաալիքներ` նախկին 22-ի փոխարեն: Այդ 18 ալիքներից երկուսը տրամադրվելու են Հանրային հեռուստառադիոընկերությանը: Այսինքն, երկու կապուղիների ճակատագիրը սահմանված է օրենքով. նույնիսկ ձեւական մրցույթի մասին խոսելու կարիք չկա: Եւս հինգ կապուղի տրվելու է վերահեռարձակվող օտարերկրյա ալիքներին: Ու չնայած օրենքում չի նշվում, թե ի՞նչ ալիքների մասին է խոսքը, մանկանն էլ պարզ է, որ դրանք են ռուսական OPT-ն, PTP-ը, «Կուլտուրա»-ն, ամերիկյան CNN-ն ու «Euronews»-ը: Այստեղ պետք է նշել, որ վերահեռարձակվող մի քանի ալիքներ ուղղակի խաղում են հայաստանցի հեռուստադիտողի նյարդերի հետ: Մասնավորապես` տպավորություն կա, թե OPT-ն Հայաստանում հեռարձակում է Չուկոտկայի եւ Ագինսկի Բուրյաթական ինքնավար օկրուգի համար նախատեսված ծրագրեր: Նավթալինի հոտով ֆիլմեր, նորություններ` անհասկանալի ժամերի, մի շաբաթ առաջվա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»: Սա դեռ քիչ է` այս ալիքի տեղական գործընկերներն էլ աչքի են ընկնում կատարյալ անպարկեշտությամբ, եւ հեռուստադիտողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով. գովազդային ընդմիջումները հաճախ վերջանում են այն ժամանակ, երբ ընդհատված ֆիլմը կամ հաղորդումը վաղուց վերսկսված է լինում: Եւ տեղական ռեկլամները դիտելուց հետո պարզում ենք, որ մեր դիտած ֆիլմի մի հավեսով հատված անցել է` առանց մեր կողմից դիտվելու պատվին արժանանալու: Նույն երեւույթը դիտվում է նաեւ PTP-ի պարագայում: Իսկ «Արմնյուզը» հաճախ «Euronews»-ի դիտմանը խանգարող միջոց է դառնում: Եւ ահա, սպառողների նկատմամբ կատարյալ արհամարհանքով աչքի ընկնող այս ընկերությունները շուտով պաշտպանված կլինեն օրենքով: Բայց չշեղվենք բուն թեմայից: Այսպիսով, 18 հեռուստաալիքներից 7-ի ճակատագիրը պարզեցինք: Մնացին 11-ը: Օրենքի նախագիծը նախատեսում է, որ սրանցից երեքը պետք է տրվեն ժամանցային ուղղվածություն ունեցող հեռուստաընկերություններին: Դե իհարկե. մարդ շուն ըլնի, սոված ըլնի` տընըփեսա չլինի: Սա, ինչպես հասկանում եք, Միշիկի մոմենտն ա` «Դար-21», «ATV», «ՀայTV»: Նոր օրենքով սահմանվում է, որ մեկ ալիք էլ լինելու է մանկապատանեկան: Սա էլ «Հայրենիք» հեռուստաալիքն է: Ուրեմն, 18 ալիքներից 11-ի ճակատագիրը այսօր արդեն պարզ է, այստեղ քննարկելու բան ընդհանրապես չկա: Մնաց յոթ կապուղի: Այս 7-ից մեկը, բնականաբար, «Շողակաթ» հեռուստաալիքն է. հո կաթողիկոսի կանալը ձեռքից չե՞ն խլելու: Մնաց ընդամենը 6 կապուղի: Ու այս վեց հաճախականության համար պայքարելու են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հովանավորությունը վայելող «Հ2»-ը, Միկա Բաղդասարովի հովանավորությունը վայելող «Շանթը», բոլորի հովանավորությունը վայելող, եւ Ջերի Գաֆեսջյանի աչալուրջ հայացքի ներքո գործող «Արմենիան» եւ «TV5»-ը, Գագիկ Ծառուկյանի «Կենտրոնը», Աղվան Հովսեփյանի «Երեւանը», Հրանտ Վարդանյանի «Ար»-ը: Էլ չենք խոսում, որ սփյուռքի հետ բարիշելու փորձեր անող Սերժ Սարգսյանը «Երկիր Մեդիային» անպայման կապուղի կտա` «Հոհիդա` չեմ զիջու~մ» ընդհանրական կարգախոսի ներքո: Կարճ ասած` վեց կապուղու համար ունենում ենք օլիգարխոտ 8 հեռուստաալիք: Ի՞նչն է, ուրեմն, խնդիրը: Իսկ խնդիրն այն է, որ իշխանությունը նույնիսկ ինքն իր համար հնարավոր չի համարում «Ա1+»-ի վերաբացումը, եւ հեռուստատեսային կապուղիների առաջիկա բաշխումը իրագործվելու է ոչ թե մրցույթների, այլ ներիշխանական բազարների արդյունքում: Այսքանից հետո զարմանում ես, որ ինչ-որ մարդիկ լուրջ-լուրջ քննարկում են «Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մոտիվացիաները, փաստարկ-հակափաստարկ խաղում: «Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» օրենքի հին տարբերակը օրենք էր «Ա1+»-ը փակելու մասին, իսկ դրա վերախմբագրված տարբերակը ոչ թե հեռուստատեսային եւ ռադիոյի, այլ «Ա1+»-ը չբացելու մասին է: Եթե այդպես չէ, թող ուրեմն առանձին դրույթ սահմանեն, որ մեկ կապուղի էլ պետք է տրամադրվի «Ա1+» հեռուստատեսության իրավունքների վերականգման կապակցությամբ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու եւ այս կապակցությամբ ԵԴ վճիռն իրագործելու պայմաններն ապահովելու համար: Ինչո՞ւ կարելի է օրենքով դրույթ սահմանել, որ երկրիդ կապուղիներից հինգը տրամադրում ես օտարերկրյա քարոզչությանը, եւ չի կարելի դրույթ սահմանել «Ա1+»-ը վերականգնելու մասին: Սա ոչ ոք կարծես չի քննարկում, փոխարենը «քաղաքակիրթ» խոսակցություն է տարվում մոտավորապես հետեւյալ ոճով. «Իսկ ճիշտ չէ՞ր լինի արդյոք «Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ կետի, 6-րդ ենթակետի երրորդ նախադասության վերջում ավելացնել «տոնածառ» բառը»: Ձեռ ե՞ք առնում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 27, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մայիս 29th, 2010 at 12:35 | #1

    NIKOL JAN, DU INCHPES MISHT CHIST ES!

  1. No trackbacks yet.