> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՆՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՆՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ

Diego MilitoՀրանտ Այվազյանի հարցը - Ողջույն բարեկամ: Նիկոլ ջան, քեզ մի հարց եմ ուզում ուղղել, որը սպորտային մրցավեճի տրամաբանությամբ պիտի փորձեմ համապատասխանեցնել մեր ընդհանուր պայքարի տրամաբանությանը: Դու խոսում ես Մոուրինիոյի և Ինտերի հաղթանակի մասին և քեզ համարում, գոնե ՉԼ եզրափակիչ խաղում, նրանց երկրպագուն: Բայց մի բան ինձ մտահոգեց, երբ Մոուրինիոյի մարտավարությունը մի պահ տեղափոխեցի այսօրվա մեր պայքարի իրականություն և այն համեմատության մեջ տեսա երկրի մասին ունեցած և ունենալիք մեր պատկերացումների հետ: Բանն այն է, որ այսօրվա իշխանությունը “խաղում” է նույն տրամաբանությամբ, ինչպես որ խաղում է Մոուրինիոն` զուտ հաղթանակ, զուտ արդյունք, և այս առումով չի խորշում խաղալ հակաֆուտբոլ` թե մարզական, թե մարդկային, թե մոտիվացիայի առումով իր հաղթանակը ներկայում, տվյալ պահին օծելու համար: Ինձ անհոգի ֆուտբոլ կամ քաղաքականություն պետք չէ, եթե դա պիտի համարվի առաջընթացի կամ փոփոխության ուղի: Համենայն դեպս, ընտրություններում պարտվելիս ես գիտեմ, թե հանուն ինչի եմ պարտվում, հանուն Հայաստանի վեհ գաղափարի, հանուն ապագայի, որն ինքնանպատակ չէ և չի լինի երբեք: Եթե քեզ տեսնեիր Բավարիայի թեկուզ մի խաղացողի դերում և հանդիպեիր Մոուրինիոյի պաշտպանությանը, ինչպե՞ս կփորձեիր կոտրել այն հանուն ֆուտբոլի և ֆուտբոլի օրինակով՝ երկրի առաջընթացի: Հարգանքներով` Հրանտ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հրանտ. չնայած մենք բոլորս ֆուտբոլի ջերմեռանդ երկրպագու ենք, կարծում եմ՝ չարժե այն չափից ավելի լրջացնել: Բայց քանի որ խոսք գնաց այդ մասին, ընդամենը նկատեմ. ոչ Ժոզե Մոուրինյոն, ոչ էլ նրա ղեկավարած «Ինտերը», ոչ որեւէ ուրիշ մարզիչ, ոչ էլ որեւէ եվրոպական թիմ չեն կարող հաղթող դառնալ, եթե չխաղան ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ֆուտբոլային կանոններով, այսինքն` ֆուտբոլային «Սահմանադրության եւ օրենքների» շրջանակներում: Այսինքն, անկախ նրանից, թե ինչ անուն կտաք Մոուրինյոյի ֆուտբոլին, այն ֆուտբոլ է, որը համապատասխանում է ֆուտբոլի օրենքներին, կանոններին, որոնք գործում են բոլոր ֆուտբոլային թիմերի համար: Այսինքն` նրա ձեռքի տակ չկա մի «գործիք», որ հասու չէ ֆուտբոլային որեւէ այլ թիմի, կամ արգելված է նրա համար: Եթե Մոուրինյոն հաղթեր հակառակորդ թիմի տասը երկրպագուի սպանելով, կամ հակառակորդի դարպասը գնդակներ լցոնելով, հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին կամ մարզիչներին բանտերը լցնելով, եթե Մոուրինյոյի թիմի հակառակորդ թիմերին ընդհանրապես արգելվեր խաղադաշտ դուրս գալ, ես ձեր համեմատությունները պատեհ կհամարեի: Իսկ տվյալ դեպքում` կներեք, չեմ կարող պատեհ համարել: Այսօրվա իշխանությունը «ֆուտբոլի դաշտ» «սնայպերով» ու «բեէէմպեով» է դուրս գալիս: Խեղճ Մոուրինյոն ի՞նչ է արել, որ նրան համեմատում եք մարդասպան հանցագործների հետ, մանավանդ՝ ՉԼ եզրափակիչում մենք ականատես եղանք ուղղակի գրագետ ֆուտբոլի, երբ թիմը գիտի իր անելիքը եւ անում է իր անելիքը: Եւ ի դեպ, նրա հաղթանակները, այդ հաղթանակների ազնվությունը ընդունել են «Ինտերի» բոլոր հակառակորդները, այդ թվում եւ եզրափակիչում պարտված «Բարսելոնան» եւ նրա մարզիչ Լուի վան Գալը: Ես հարգում եմ ձեր դիտարկումը, բայց կրկնում եմ, այն համարում եմ ոչ տեղին, որովհետեւ «Ինտերը» չի խախտել ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ ֆուտբոլային որեւէ կանոն: Ընդամենը ցույց է տվել նվիրում, կարգապահություն, գաղափարական պատրաստվածություն, աշխատասիրություն, արհեստավարժություն: Նաեւ օրինապաշտություն, ֆուտբոլային օրինապաշտություն (դե հասկանալի է` երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ խաղի կանոնների տանելի խախտումներ թույլ են տվել, բայց դրանք խաղային իրավիճակներ են): «Ինտերի» հաղթանակը տոն է դարձել Իտալիայի, այդ պետության ժողովրդի համար, իսկ Սերժ Սարգսյանի «հաղթանակը» սուգ ու փորձանք բերեց Հայաստանին: Այնպես որ, խնդրում եմ, նման համեմատություններով մի պատվեք այս հանցավոր ռեժիմին: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հրանտ. հույս ունեմ՝ մի օր միասին ֆուտբոլ նայելու եւ տեսած խաղը գարեջրի սեղանի շուրջ քննարկելու առիթ կունենանք: Ես հյուրասիրում եմ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Մայիս 27th, 2010 at 22:24 | #1

    BRAVO! NIKOL!

  2. Հրանտ Այվազյան
    Մայիս 27th, 2010 at 23:15 | #2

    Հարգելի Նիկոլ, նախ ցանկանում եմ քեզ շնորհավորել Ինտերի հաղթանակի կապակցությամբ:Իրոք,ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում սահմանված են կենսակերպի այնպիսի կանոններ, որոնք հասարակական գիտակցության մեջ արմատավորվում են իբրեվ օրենքներ:Առաջին դեպքում դրանք ենթակա են պահպանման իրենց ձևի, երկրորդում իրենց բովանդակության և կենսունակության առումով:Իշխանությունը պահպանելու գերնպատակի առաջ է կանգնած և այս կետի,ես կասեի պահի մեջ հասել է առավելագույն կենտրոնացման թե ձևի և թե բովանդակության առումով: Նրանք արդեն իսկ անտեսում են այն վտանգը, դրա հետ կապված հասարակական մտահոգությունները, որը սպառնում է պետության գոյությանը կամ գոյության այն ձևին, որը մեզ համար ընդունելի չէ: Իմ խորին համոզմամբ, արդարության վրա կրակողը քաոս է ստանում և այն զսպելու լավագույն ձևը համարում բռնությունը, որի անմիջական կրողներից մեկն էլ դու ես, եղբայր:Բռնությունը պատրանք է ստեղծում, թե դու վեր ես համեմատությունից:Մեր շարժումը զորեղ է անցյալի ու ապագայի մեջ, քանի որ ընտրության և համեմատության հնարավորությունն, այնուամենայնիվ,թողնում ենք մեզ և չենք մերժում դրա գոյությունն ընդհանրապես,իսկ ներկայում մարդն իշխանության թե ընդդիմության տեսքով թույլ է և խոցելի, որովհետև ներկան գերիշխում է մեզ վրա, մեզ պարտադրում ներկայի իր անառարկելի լինելու իրավունքը:Այստեղ մենք ակամայի ու պահի ենթակա ենք:Այս իշխանությունը վաղուց միայն մոլեռանդ ու հակաբնական ներկայի կրող է, որն իր համար հետևողականորեն վերացնում է անցյալը` իր գոյության ու ինքնության հիմքը, և զրկվում ապագայի նշույլներից:Եվ սա վտանգի ու բանականության անտեսման հետևանք է: Ես ավելի քան համոզված եմ, որ Կոնգրեսի ռազմավարությունն ու մարտավարությունը մեր հասարակությունը կբերի հենց այն անառարկելի, անհակառակելի լինելու իրավունքին, որի առաջ այս իրականությունը նաև քո շնորհիվ կհամարվի անցյալի անդառնալի ընտրություն:Հրավերքդ պատիվ եմ համարում, որը քո ազատության օրը կկիսեմ շատերի հետ, մի օր, որին թե համբերատարությամբ և թե անհամբերությամբ սպասում են բոլորը:Հարգանքներով` Հրանտ:

  3. Vahagn Hovhannisyan
    Մայիս 28th, 2010 at 17:12 | #3

    Սիրելի Նիկոլ ջան,

    Լավ ես ասում, բայց ես նամակիդ 2-րդ կեսի հետ ընդհանրապես համաձայն չեմ:
    1.Որպես ֆուտբոլի մոլի երկրպագու` ես ուղակի չեմ կարող ընդունել Մոուրինյոյի ցուցադրած խաղը, քանի որ նա խաղում է հակաֆուտբոլ(խոսքս վերաբերում է մասնավորապես Բարսելոնայի հետ խաղին)` ձգտելով ամեն գնով պահպանել իրեն ձեռնտու հաշիվը, չկանգնելով ոչ մի բանի առաջ, կատարելով բազում խախտումներ և վերջապես ոտնատակ անելով ֆուտբոլը արվեստ համարողների և այն գեղեցկության համար դիտողների բոլոր սպասելիքներն ու ակնկալիքները:
    2.Սերժ Սարգսյանի «հաղթանակը» ուրախություն բերեց միայն իր շրջապատին, այնպես, ինչպես և Ինտերի դեպքում, երբ ուրախացան միայն Ինտերի երկրպագուները, իսկ աշխարհի մնացած ֆուտբոլասերները սկսեցին զզվանք ապրել նրանից ու նրա ցուցադրած խաղից:

    Հարգանքներով` ընդդիմադիր ընկեր:

  4. Hovhannes
    Հունիս 1st, 2010 at 21:43 | #4

    Սիրելի Վահագն, մի անգամ արդեն նշել եմ Ինտերի միայն էս տարվա հաղթանակների ցանկը: Դա ազդեցիկ ցանկ է: Ժոզեյի թիմը հաղթել է այսօրվա ֆուտբոլային աշխարհի ամենահզոր թիմերին եվ դա ամենաքիչը նշանակում է, որ Ժոզեն մեծ մարզիչ է: Նա գիտի իր թիմին նախապատրաստել այս կամ այն մրցակցի դեմ, այս կամ այն ռազմավարությունը կիրառել այս կամ այն որոշակի դեպքերում: Ժոզեն շատ է հաղթել այս տարի եվ դա չէր կարող անհետեվանք մնալ, այդ թվում եվ իրեն չսիրողների մեծ զանգվածի ձեվավորման հարցում: Բայց «աշխարհի մնացած ֆուտբոլասերները սկսեցին զզվանք ապրել նրանից…» էդ մեղմ ասած չափազանցված է: լինելով Բարսայի երկրպագու Դուք արդարացիորեն նեղվել եք, որ Ձեր թիմը իր մեգաաստղերով չկարողացավ լուծել իր առաջ դրված տարրական խնդիրը, հաղթել սեփական դաշտում, երկու գնդակի տարբերությամբ, մեկ ավել խաղացողի առկայության պայմաններում…Ինտերը այս տարի տասնյակ նման խնդիրներ է լուծել: Բայց ես դա չէ, որ ուզում եմ շեշտել, ես ուզում եմ համեմատության եզրեր փնտրել Սնեյդերի ու Չավիի, Միլիտոյի ու Մեսսիի, Զաննետիի ու Բույոլի միջեվ…մի քիչ դժվար է: Ես Ինտերի մեծ երկրպագուն եմ, բայց դժվարանում եմ: Սրանում է Մոուրինիոյի ուժը: Սա է, որ պակասում է այսօրվա պայքարին, եթե թեորեապես փորձենք զուգահեռներ տանել մեր քաղաքական դաշտի եվ մեծ ֆուտբոլի միջեվ, չնայած ես նույնիսկ հիպոթետիկ, նույնիսկ աղոտ , նույնիսկ հեռանկարում…այդպիսի զուգահեռ չեմ տեսնում, բայց այնուամենայնիվ, Ժոզեն հաղթում է ռեսուրսների մաքսիմալ մոբիլիզացմամբ, իր թիմի համար մոտիվացիայի հասկանալի ու անթերի ձեվակերպմամբ, ռազմավարական եվ տակտիկական լայն ու ճկուն արսենալի առկայությամբ եվ դա կիրառելու ունակությամբ: ԺՈԶԵՆ ՀԱՂԹՈՒՄ Է: Իսկ գեղեցիկ ֆուտբոլ ցույց են տալիս, երբ Ձեռքի տակ գեղեցիկ խաղի ունակ ռեսուրս ունեն եվ երբ հաշիվը արդեն առնվազն 1:0 է քո թիմի օգտին:

  5. sukias
    Հունիս 2nd, 2010 at 12:00 | #5

    @Vahagn Hovhannisyan
    BRAVO VAHAGH!

  6. sukias
    Հունիս 11th, 2010 at 11:14 | #6

    @sukias
    Մեջբերում Ձեր մեկնաբանությունից Բայց «աշխարհի մնացած ֆուտբոլասերները սկսեցին զզվանք ապրել նրանից…» էդ մեղմ ասած չափազանցված է:
    եթե կարդաս այսօրվա ֆուտբոլային տիտանների և ճանաչված մասնագետների կարծիքները
    ապա քեզ մոտ չափազանցությունը պատրանքը անմիջապես կվերանա։

  1. No trackbacks yet.