> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆԱՁԵՎ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲԱՆԱՁԵՎ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

european-parliament2Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական շրջանակների բացատրություններն ապշեցնում են տգիտության իրենց մասշտաբներով: Հիշեցնենք, որ այդ բանաձեւով Եվրոխորհրդարանը պահանջում է, որպեսզի հայկական ուժերն արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները: Բանաձեւը նաեւ ճանաչում է Թուրքիայի դերակատարումը ԼՂ հարցի կարգավորման գործում: Հայաստանի պաշտոնական խորհրդարանական շրջանակները հանրությանը հանգստացնում են, թե բա չեք ասիլ, այդ բանաձեւի ստեղծմանը, հի՛, հի՛, մասնակցել է Ադրբեջանի հետ բարեկամական խմբի ինչ-որ մի պատգամավոր: Բռնացրել ենք, բռնացրել… Էսպես ասողները դա անում են` քիչ չէ, մի հատ էլ ուղիղ տեսախցիկի մեջ են նայում, ակնհայտորեն հույս ունենալով, թե հայ հանրությունը թեթեւացած շունչ կքաշի` այդ բացատրությունը լսելով: Սա մոտավորապես նույնն է, եթե Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունմանը արձագանքեր` ասելով, թե այն ստեղծվել է հայկական բարեկամության խմբի անդամ կոնգրեսականների կողմից, ու դա իր համար մխիթարություն համարեր: Բոլոր երկրների խորհրդարաններում էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերը շրջանառության մեջ են դրվում հայկական բարեկամական խմբերը ներկայացնող օտարազգի պատգամավորների կողմից, բայց ՀՀ իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն վհատվում այդ փաստից, այլեւ նման նախաձեռնությունների հեղինակներին հրավիրում են Հայաստան եւ մեդալ տալիս: Սա ամենեւին չի նսեմացնում «հայամետ» պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված եւ պաշտոնապես ընդունված փաստաթղթերի նշանակությունը, որովհետեւ արտահայտում է ոչ թե նրանց անձնական, այլ տվյալ երկրի կամ կազմակերպության տեսակետը: ԵՄ անդամ երկրների ժողովրդի քվեով ընտրված պատգամավորների ընդունած բանաձեւն էլ արտահայտում է Եվրամիության տեսակետը, եւ որեւէ այլ մեկնաբանություն ծիծաղելի է: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացատրությունները ուղղակի վեր են երեւակայությունից. Նալբանդյանը ԵՄ-ին բացատրում է, թե իրենք, այսինքն` ԵՄ-ն ինչ դիրքորոշումներ ունի ԼՂ հարցում. 2216 բանաձեւի առիթով ունեցած իր ելույթում Նալբանդյանը հիշատակեց Մադրիդյան սկզբունքները, Ակվիլայի հայտարարությունը, Մոսկվայի հռչակագիրը, պնդելով, թե Եվրախորհրդարանի բանաձեւի` Ղարաբաղին վերաբերող շեշտադրումները հակասում են այդ փաստաթղթերին: Անտեղյակները կմտածեն, թե ՀՀ ԱԳ Նախարարը ճիշտ է ասում: Հիշեցնենք, սակայն, որ հենց Մոսկովյան հռչակագրի, Մադրիդյան նորացված սկզբունքների, Ակվիլայի փաստաթղթի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը արել է հայտարարություններ` հանրությանն ու իշխանություններին զգուշացնելով, որ դրանք խոշոր վտանգներ են պարունակում հայկական կողմի համար, եւ հանգեցնելու են այնպիսի հետեւանքների, որոնք արդեն առկա են Եվրախորհրդարանի 2216 բանաձեւում: Բայց իրեն խելոք համարող մի լրագրող Ակվիլայի հայտարարության կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի գնահատականների վերաբերյալ մի կատաղած նյութ էր գրել, որտեղ ինչպես հիմա Էդվարդ Նալբանդյանը, քափ-քրտինքի մեջ բացատրում էր, որ այդ հայտարարությունն ամենեւին էլ անբարենպաստ չէ Հայաստանի համար: Նա չէր հասկանում, թե ինչն է այդտեղ անբարենպաստ: Չէր հասկանում, որովհետեւ անգրագետ է, այնպես ինչպես անգրագետ են բոլոր նրանք, ովքեր ղեկավարում են Հայաստանի դիվանագիտական համակարգը` մասնավորապես եւ Հայաստանի Հանրապետությունն` ընդհանրապես: Մեկ ուրիշ լրագրող էլ չէր հասկանում Հայ ազգային կոնգրեսին, երբ վերջինս պնդում էր, թե Թուրքիան անդառնալիորեն խցկվել է ԼՂ հարցի կարգավորման ասպարեզ. «Հենա, ասում էր, ողջ միջազգային հանրությունը պնդում է, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ կոնֆլիկտը տարբեր հարցեր են»: Չէին հասկանում մարդիկ, եւ տպավորությունն այնպիսին է, որ Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձեւն ընդունվել է հատուկ չհասկացողների համար: Ցավալին այն է, սակայն, որ չհասկացողների շարքում են ոչ միայն տարբեր ջուռի լրագրողներ, այլեւ տարբեր ատյաններում Հայաստանը ներկայացնող հյուշտռիկներ: Նրանց ասածներից ստացվում է, որ 2216 բանաձեւն ընդունել է տվել Եվրախորհրդարանի անդամ 1 ադրբեջանամետ պատգամավոր: Փաստորեն 751 անդամ ունեցող Եվրախորհրդարանում ձեւի համար մի հայամետ պատգամավոր չկա, որ հակակշռեր այդ ադրբեջանամետ պատգամավորի գործունեությունը: Հենց սա է քոչարյանասերժական իշխանության տասներկուամյա գործունեության իրական գնահատականը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 25, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.