> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ի ՎԵՐՋՈ ԵՐԲ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ

Ի ՎԵՐՋՈ ԵՐԲ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ

a1plus-tv-logo1Հայաստանի հեռուստաընկերությունների մի զգալի մասը ոչ թե հեռուստաընկերություն են բառիս հասկանալի իմաստով, այլ ընդամենը հաճախականություն զբաղեցնելու իշխանական հանձնարարական են կատարում: Այսօրինակ հանձնարարականներ քոչարյանասերժական վարչակազմը սկսեց իջեցնել «Ա1+»-ը փակելուց հետո: Երբ Հրանտ Թոխատյանի ղեկավարած «Շարմի» միջոցով «Ա1+»-ը փակեցին, վերջինիս կոլեկտիվը, բնականաբար, մասնակցելու էր մնացած հաճախականությունների համար մրցույթներին: Ու որպեսզի բոլոր այդ մրցույթներում «Ա1+»-ը «պարտվի»` ձեւավորվեցին նոր ընկերություններ, որոնք մի ուրիշ ձեւի ձգտում էին իրենց լուման ներդնել հայրենի հեռուստաեթերի զարգացման գործում: Նման տրյուկների գործադրմամբ իշխանությունները զբաղեցրեցին 22 հեռուստահաճախականություն: Այդ հաճախականություններին տիրացած անձանցից շատերը, սակայն, հեռուստաընկերություն ունենալու ոչ ցանկություն ունեին եւ ոչ էլ հնարավորություն: Ու չնայած ամպագոռգոռ ծրագրերով հմայել էին պնակալեզների հանձնաժողովին, շատ արագ հրաժարվեցին դրանց իրագործումից:

Ի սկզբանե «Շարմին» պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որ ստեղծվեց «Ա1+»-ի հաճախականության վրա, շատ արագ վաճառվեց Գուրգեն Արսենյանին, վերջինս էլ այն վաճառեց Մուրադ Գուլոյանին, հիմա էլ հեռուստաընկերությունը գտնվում է Գագիկ Ծառուկյանի վերահսկողության ներքո: Մոտավորապես այսպիսի ճակատագրեր ունեցել են այլ հեռուստաընկերություններ եւս: Ու հիմա, քանի որ այդ բոլոր հեռուստահաճախականությունները «Ա1+»-ի ջգրու զբաղված պահելը շատ թանկ է նստում, իշխանությունները «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին նոր օրենքով որոշել են սահմանափակել հեռուստահաճախականությունների թիվը. 2011-ից մենք կունենանք 18 ալիք, ներկայիս 22-ի փոխարեն: Օրենսդրական նման փոփոխությունը մեկ ուրիշ նպատակ նույնպես հետապնդում է. 22 հաճախականություն զբաղեցնելով` իշխանությունները պնդում էին, որ ազատ հաճախականություն այլեւս չկա: Այս կեղծիքը ժամանակի ընթացքում բացահայտվեց: Ու չնայած ՀՌԱՀ-ը պարտավոր էր ազատ հաճախականությունների համար մրցույթ հայտարարել` չհայտարարեց, ի հեճուկս «Ա1+»-ի եւ ՀՀ օրենսդրության: Հիմա օրենքով են ֆիքսում մրցույթի դրվող հաճախականությունների թիվը, որպեսզի նման անհարմար վիճակներ այլեւս չստեղծվեն: Սա քոչարյանասերժական վարչակազմի արդեն իսկ ծանոթ մոտեցումն է. նրանց թվում է, որ եթե կամայականությանը օրենքի տեսք ես տալիս, այն դադարում է կամայականություն եւ ապօրինություն լինելուց: Հիմա օրինակ, նոր օրենքի հեղինակները սահմանել են, որ Հայաստանը պետք է ունենա ընդհանուր բնույթի հաղորդումներ հեռարձակող 5 հեռուստաընկերություն: Հարց է ծագում` իսկ ինչպե՞ս է որոշվել այս թիվը, ինչու 5 եւ ոչ թե չորս կամ վեց, եւ ո՞վ է որոշել, որ հենց այսքան պետք է լինի ընդհանուր բնույթի հաղորդումներ հեռարձակող հեռուստատեսությունների թիվը: Հաշվարկը տվյալ դեպքում նույնպես արված է «Ա1+»-ը չվերաբացելու սցենարի սահմաններում: Հաշվարկել են, որ հենց այսքան գործող հեռուստաընկերություններ կան, որոնք ֆինանսապես ուժեղ են, եւ կարող են առերեւույթ «Ա1+»-ին չզիջող ծրագրեր ներկայացնել. չէ՞ որ ԵԴ հայտնի որոշումներով Հայաստանին պարտադրվել է, որ հաճախականությունների համար անցկացվող մրցույթների արդյունքում կայացվող որոշումները պետք է պատճառաբանված լինեն: Նկատի ունեմ` ակնհայտ է, որ իշխանությունը ամենավերջին քայլին դիմելու է «Ա1+»-ի վերաբացումը թույլ չտալու համար եւ հիմա ջանք ու եռանդ չի խնայում այդ որոշումները «հիմնավոր» դարձնելու համար: Բայց սա չի նշանակում, թե պետք է համակերպվել «Ա1+»-ի փակված մնալու մտքի հետ: Եւ սա չի վերաբերում միայն «Ա1+»-ին, նրա կոլեկտիվին: Ի վերջո, խոսքը ոչ թե «Մելտեքս» ՍՊԸ-ի, այլ Հայաստանի ողջ հանրության իրավունքների վերականգնման մասին է: Երբ «Ա1+»-ը փակում էին, արդեն փակել-վերջացրել էին, շատերը պնդում էին, որ նրա վերաբացման համար մղվող պայքարը չպետք է քաղաքականացնել: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ կարծում եմ, որ «Ա1+»-ի վերաբացման համար մղվող պայքարը պետք է լավ էլ քաղաքականացնել կամ ավելի ճիշտ` հանրայնացնել: Հանրությունը պետք արձանագրի հեռուստաեթերից անաչառ տեղեկություններ ստանալու իր իրավունքի իրացման պայմաններ ստեղծելու պահանջը, որը արդի Հայաստանում հնարավոր է միմիայն «Ա1+»-ի բացման միջոցով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 21, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Մայիս 21st, 2010 at 19:05 | #1

    Nikol jan, inchpes misht, mer achqer@ bacelu ev hasarakakan nurb xndirneri manramasn parzabanum@ drvac e qo vra! U du antrtunj ayn irakanacnum es!Apres exbayr! Qez aroxchutyun , hamberutyun u shutapuyt AZATUTYUN!!!!!

  2. Marianna
    Մայիս 22nd, 2010 at 13:21 | #2

    +1

  1. No trackbacks yet.