> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹԱԳՈՒՀՈՒ ՏԻՏՂՈՍ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ԹԱԳՈՒՀՈՒ ՏԻՏՂՈՍ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

թագուհիԱյսպիսով` Սերժ Սարգսյանին անգլիական թագուհի դարձնելու պրոցեսը ծավալվում է իր ողջ թափով: Ընդ որում` զուտ տեսականորեն այս խնդիրը լուծելու համար երկու քայլ է հարկավոր անել. անվստահություն հայտնել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այդ պաշտոնում նշանակման ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին: Նման օպերացիա իրագործելու համար հարկավոր է պարզ մեծամասնություն ունենալ խորհրդարանում, որը անվստահություն կհայտնի Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ նոր վարչապետի թեկնածու կառաջադրի: Հիշեցնեմ, որ գործող Սահմանադրությամբ նախագահը պարտավոր է խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին վարչապետ նշանակել: Այն որ հենց այսպիսի սցենար է քննարկվում իշխանական միջանցքներում պարզից էլ պարզ է: Խնդիրն այն է, սակայն, թե որքանով խմորումները կհասնեն կոնկրետ գործողությունների: Ըստ Սահմանադրության` կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ կարող է ներկայացվել ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից: Տեսականորեն` Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կարող են այսքան ստորագրություն ապահովել, նույնիսկ կարող են կառավարության հրաժարականի օգտին քվեարկող 66 պատգամավոր գտնել: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այս պրոցեսը` սկսած անվստահության մասին նախագծի համար ստորագրություններ հավաքելուց, մինչեւ բուն քվեարկությունը, բավական ժամանակ է պահանջում: Իսկ եթե Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, դատախազությունը հավատարիմ մնան Սերժ Սարգսյանին` այս ժամանակը բավարար է կոմպրոմատների բեռի տակ ճկռող օլիգարխ-դեպուտատների ցանկացած նախաձեռնություն խեղդելու համար: Եթե Սերժ Սարգսյանը ոստիկանության, բանակի եւ ԱԱԾ ղեկավարության հավատարմության հարցում կասկածներ ունենա, առաջիկայում անպայման այդ ոլորտներում կադրային փոփոխություններ կիրագործի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ փոփոխությունների համար հարկավոր է ընդամենը վարչապետի համաձայնությունը, իսկ վարչապետը դիմադրել չի էլ փորձի, որովհետեւ այս գործընթացներում նաեւ իր հարցն է լուծվում: Իսկ եթե կադրային փոփոխություններ տեղի չունենան` կնշանակի Սերժ Սարգսյանը վստահում է ուժային կառույցների ղեկավարներին: Մի փոքր ավելի բարդ է ՀՀ գլխավոր դատախազի հարցը, որին պաշտոնանկ անելու համար նույնպես ԱԺ ձայների պարզ մեծամասնություն է հարկավոր: Իսկ դատախազությունում կադրային փոփոխություն միայն գլխավոր դատախազը կարող է անել: Բայց այս օրերին` հայրենի խորհրդարանը լուծում է ՀՔԾ քննիչներին եւ դատախազներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Այնպես որ` դատախազից մինչեւ կալանավոր դառնում է մեկ քայլ, եւ այստեղ էլ խնդիրը վերանում է: Իսկ ընդհանրապես` Քոչարյանին վարչապետ դարձնելուն միտված այս ողջ պրոցեսի ձգձգումը բավական ծանր է նստում ավազակապետության վրա: Կառավարությունը կաթվածահար է, որովհետեւ ամեն օր քնում-արթնանում է այդ մտքով, թե ինչ է լինելու իր հետ, խորհրդարանը կաթվածահար է, որովհետեւ օլիգարխներն ամեն օր քնում եւ արթնանում են մտքով, թե ինչ է լինելու իրենց հետ, կաթվածահար է նաեւ Սերժ Սարգսյանը, որը դավադրությունը զգում է թիկունքում, կաթվածահար է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որի հոգեբանական վիճակը էլ ավելի է սրվում անպաշտոն ամեն օրվա հետ: Եւ այս իրավիճակն, ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի «մեղքով» է հաստատվել: Հենց կոնգրեսի գոյությունն է ներիշխանական հակամարտության կողմերին ստիպում զերծ մնալ կտրուկ քայլերից` չլինի թե այդ քայլից Կոնգրեսը օգտվի: Ավազակապետության երկու թեւերի բոսերը աչքերն ու ականջները չորս արած սպասում են: Սպասում է նաեւ Կոնգրեսը: Եւ բոլորը կարծես հասկանում են, որ առաջինը կտրուկ քայլ անողը կարող է ամեն ինչ կորցնել: Պետք է հուսալ, սակայն, որ Քոչարյանը, որպես միակ տղամարդ, չի վախենա, եւ առաջիկա օրերին կանի այն քայլը, որին բոլորը սպասում են: Իսկապես շատ հետաքրքիր կլինի հետեւել քոչարյանականների եւ սերժականների գզվռտոցին: Քոչարյանի հաղթելու շանսերը, կարծում եմ, բավականին մեծ են: Բավական է, որ նա իր վճռական քայլն անի, եւ պետական ողջ ապարատը, ողջ ԱԺ-ն պաշտպանելու է նրա գործողությունները:

Իսկ քաղաքացիները ցնծությունից դուրս են թափվելու պատուհաններից: Դե իսկ ընդդիմությունը, ինչպես Քոչարյանի գրասենյակն է հաղորդել, Վոյինից մի ուրիշ ձեւի վախենում է: Այնպես որ Քոչարյանի վճռականության ցուցադրումը ուղղակի անհրաժեշտություն է, համաժողովրդական եւ համազգային պահանջ, որի իրագործումը կպահպանի կայունությունը հայրենի եզերքում: Այնպես որ` աշխատեք միասին, տեսեք` ինչ եք անում:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի վիճակը ծանրանում է նաեւ նրանով, որ նրա շահերից չի բխում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ցրելը, բայց մյուս կողմից կառավարություն փաստացի գոյություն չունի: Երբ գյուղական հարսանիքներում որեւէ մեկը որեւէ տեղի վրա աչք է դնում` մինչ հյուրերին նստելու հրավիրելը բուշլաթը փաթաթում, դնում է իշաոտնուկ-նստարանի տվյալ հատվածում: Մեր գործող կառավարությունը կառավարական իշաոտնուկին շարած երկու տասնյակ ծալած բուշլաթ է հիշեցնում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 20, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. HAY
    Մայիս 20th, 2010 at 22:11 | #1

    bushlat che, bushlati tev-))))
    kam el jileti tev_))

  2. SAMVEL
    Մայիս 20th, 2010 at 22:11 | #2

    bravo cavt tanim

  3. MM
    Մայիս 21st, 2010 at 19:13 | #3

    … u anverj ays gzvrtoc@-hanun mi ktor haci, aprelu miak michocn e, vor kyanqic chutes qaci…ed yes chem asel, Haxverdyann e asum…

  1. No trackbacks yet.