> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՉԱՐՉԻՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՉԱՐՉԻՈՒԹՅՈՒՆ

pioner-formaԻնքս չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի դպրոցականներին միասնական նմուշի հագուստ պարտադրելու գաղափարը, բայց եւ չեմ բացառում, որ ինչ-որ մեկն այս հարցում մի այնպիսի փաստարկ ունի, որը համոզիչ կլինի եւ հիմնավորված: Իսկ ընթացիկ շրջանում հնչող փաստարկները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ մերկապարանոց են ու անհասկանալի: Միասնական նմուշի դպրոցական հագուստի ջատագով տնօրենները պնդում են, թե այդպիսով փորձում են մեղմել սոցիալական անհավասարության դրսեւորումները դպրոցում: Այսինքն` եթե բոլոր աշակերտները նույն հագուստից հագնեն, չի երեւա` նրանցից ով է հարուստի երեխա, ով` աղքատի: Բայց եկեք մի պահ մտածենք. հիմա, երբ միասնական նմուշի հագուստ չկա, ինչպե՞ս է աշակերտի հագած շորը մատնում նրա սոցիալական վիճակը: Ճիշտ է` մաշվածությամբ: Այսինքն` գունեղ ու նոր շոր հագած երեխան ապահով ընտանիքից է, իսկ մաշված, գույնը գցած շոր հագնողն աղքատ ընտանիքի զավակ է: Հենց այս տարբերությունն են ուզում վերացնել «մտահոգ» տնօրեններն իրենց աշակերտներին միասնական նմուշի հագուստ պարտադրելով: Խնդիրն այն է, սակայն, որ մաշվելու հատկություն ունեն բոլոր հագուստները` այդ թվում եւ միասնական նմուշի: Իսկ սա նշանակում է, որ ունեւոր ընտանիքի երեխաները ամիսը մեկ` միասնական նմուշի նոր հագուստ կհագնեն, իսկ չունեւոր ընտանիքների երեխաները ամբողջ տարին կմնան նույն հագուստով, եւ մաշված այդ հագուստի տեսքն ավելի կընդգծի նրանց սոցիալական վիճակը, սոցիալական անհավասարությունն ընդհանրապես: Այսպես էր նաեւ սովետական դպրոցում. չնայած` բոլորը նույն նմուշի հագուստից էին հագնում, բայց եւ նրանց սոցիալական վիճակների տարբերությունները դաջված էին այդ միասնական նմուշի հագուստների վրա: Բայց եթե անգամ մի կողմ թողնենք հագուստը, միեւնույն է` սոցիալական անհավասարությունը դպրոցներում հնարավոր չէ վերացնել, քանի դեռ սոցիալական անհավասարությունն ինքը չի վերացել, ավելի ճիշտ` որոշակիորեն հավասարակշռվել: Ասենք` միասնական նմուշի հագուստ մտցրինք դպրոցում. միասնական նմուշի պայուսակ նո՞ւյնպես մտցնելու ենք, միասնական նմուշի գրիչ, միասնական նմուշի տետր, միասնական նմուշի կոշիկ, միասնական նմուշի վերարկու, միասնական նմուշի սպորտային կոշիկ, միասնական նմուշի ժամացույց, միասնական նմուշի մազակալ, միասնական նմուշի ֆիզկուլտուրայի շապիկ-կիսավարտիք: Էլ չեմ ասում` միասնական նմուշի բջջային հեռախոս, կամ միասնական նմուշի դեմքի արտահայտություն: Վերը շարադրվածն անառարկելիորեն ապացուցում է, որ որոշ ընտրակեղծարար տնօրենների լալահառաչ ելույթները, թե իրենք ուզում են միասնական նմուշի հագուստ մտցնել` սոցիալական անհավասարության դրսեւորումները դպրոցում վերացնելու կամ նվազեցնելու համար, իրականությանը չեն համապատասխանում: Այսօրինակ փորձերը միանշանակ ծնողներին եւ առաջին հերթին աղքատ ծնողներին գռփելու սովորական առիթ են: Դպրոցական համակարգի բոսերը ընդամենը ուզում են իրենց փայաբաժինը պոկել Բանգլադեշի եւ այսօրինակ տոնավաճառներից, որոնք դպրոցահասակ երեխաների հիմնական մատակարարներն են, եւ որքան հասկանում եմ` շատ ավելի մատչելի գներով, քան դա առաջարկում են ընտրակեղծարար տնօրենները: Իսկ ընդհանրապես, որքան ինձ է հայտնի, քաղաքակիրթ աշխարհում միասնական նմուշի հագուստ ունենում են այն դպրոցները, որոնց վարկանիշը` կրթական վարկանիշը, այնքան բարձր է, որ այդ դպրոցի աշակերտ լինելը պատիվ է համարվում: Եւ ուրեմն, աշակերտներն իրենց դպրոցների խորհրդանիշներով միասնական նմուշի հագուստ կրելով` ընդգծում են իրենց կրթական հաջողությունները: Իսկ Հայաստանում ներմուծվող միասնական նմուշի հագուստները դպրոցական բոսերի հաջողություններն են խորհրդանշելու` լկտի գրդոնի ասպարեզում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 19, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Լանա
    Մայիս 20th, 2010 at 11:03 | #1

    Մնում մնում, մտածում են` ոնց ներվայնացնեն ժողովրդին:
    Չտեսանք մի բան անեն , որ ձևական չլինի ու իսկապես օգնի, որ երեխաները հենց առաջին օրվանից չհիասթափվեն դպրոցից: Ես իմ երեխաներին հենց առաջին օրվանից սկսեցի պատրաստել, որ դպրոցում իրենք տեսնելու են անարդարություններ, կողմնապահություններ, կաշառակերություն: Խորհուրդ տվեցի իրենց լավ սովորել, սիրել գիրքը և արհամարհարել գնահատականները:
    Դպրոցում լիքը գործ կա անելու, բայց իրենք սկսում ու վերջացնում են օրինակ “միասնական նմուշով”:
    Ողորմելիներ…

  1. No trackbacks yet.