> ԵԼՈՒՅԹՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

samvel-sevada_javoronokՍիրելի ժողովուրդ.

մի առիթով ասել եմ, որ Հրանտ Մաթեւոսյանին համարում եմ հայի նոր տեսակի` հայաստանցու Նահապետը: Ժամանակին հիմնավորել եմ նաեւ, թե ինչու, ու չեմ ուզում կրկնել, մանավանդ որ` խոսքը հիմա այդ մասին չէ, ու եթե այդ տեսությունը վերաշարադրելու լինեմ, դա պետք է անեմ հիմնավոր: Հիմա ուրիշ բան եմ ասելու:

Ես համարում եմ, որ Համաժողովրդական շարժումը հենց հայի այդ նոր տեսակի` հայաստանցու շարժումն է, հայի այդ նոր տեսակի կռիվը` երկրում օրինականության տիրապետությունը հաստատելու համար: Ընդ որում, հայաստանցի ասելով ես նկատի չունեմ միայն Հայաստանում ծնված, մեծացած մարդկանց: Շատերը Հայաստանում ծնվել էլ են, մեծացել էլ, բայց այստեղ չեն ապրում, կամ նաեւ ապրում են, բայց հայաստանցի չեն: Եվ ընդհակառակը` երբ Ազատության հրապարակի հարթակում տեսա եւ լսեցի Ժիրայր Սեֆիլյանի որդուն` Պետոյին, հասկացա, որ ի դեմս Սեֆիլյանների ընտանիքի` գործ ունենք զուլալ հայաստանցիների հետ: Սարգիս Հացպանյանը նույնպես մաքուր հայաստանցի է` ուղնուծուծով: Սրանում համոզվել եմ նրա հետ նախկինում ունեցած զրույցների արդյունքում: Բայց վերադառնամ Հրանտ Մաթեւոսյանին: Ինձ միշտ թվացել է, որ ուշադիր լինելու դեպքում Մաթեւոսյանի մոտ կարելի է գտնել բոլոր հարցերի պատասխանները: Մարտի մեկից հետո եւ ընդհանրապես` վերջին տարիներին, վերջին շրջանում` հատկապես, մի ասելիք է խմորվում մեջս: Ու այդ ասելիքը կտոր-կտոր ինչ-որ ձեւով ասել եմ, բայց անընդհատ զգում եմ, որ ամբողջական չստացվեց, այսինքն` բաց տեղեր մնացին: Սրա պատճառը ոչ թե այն է, որ այդ ասելիքը հնարավոր չէ ամբողջական ասել, այլ ուղղակի նրբություններ կան, որ խանգարում են դրան: Վերջերս, ուրեմն, մտածում էի այդ ասելիքի մասին, մտածում էի, թե ինչպես կարող եմ այն ամբողջական մատուցել, ճիշտ մատուցել, որ հասկացվի այնպես, ինչպես կա իրականում: Այսպես, մտածում էի իմ հերթական ելույթի ձեւակերպումների վրա, տանջվում ու մեկ էլ հիշեցի Մաթեւոսյանի պատմվածքը` «Պատիժը» վերնագրով: Սա առկայծման էր նման, որովհետեւ զգում էի, որ այդ պատմվածքի մոտիվը կարող է շատ օգտակար լինել ասելիքը ասելու համար: Պատմվածքի մոտիվը հետեւյալն է. գյուղ տեղ, ցուրտ ձմեռ, ձյուն, սառած ձյուն: Տղան` տասնմեկ-տասներկու տարեկան, պետք է հանդից խոտ բերի: Պետք է ձյան տակ գտնի աշնանը հնձված չոր խոտը, որ հայրը հնձել, բայց չի հասցրել տուն հասցնել, եւ ահա տղան այդ խոտը պիտի ուսած բերի` տավարը սոված չմնա: Հոր հետ ճամփա են ընկնում դեպի հանդը, իսկ հայրը ուրիշ գործով պետք է գնա ուրիշի համար գործ անելու` կոլխոզի հանձնարարությամբ, տան գործը, տվյալ դեպքում` խոտը տուն տանելը, տղայի վրա է: Բայց խոտի տեղը հասնելիս տղան ձյան վրա արջի ու մարդու կռվի հետքեր է տեսնում, ձյան վրա սառած արյուն է տեսնում ու վախենում է: Վախից ետ է փախչում գյուղ` առանց խոտի. տղան սպասված խոտը չի տանում տուն: Տղան չի անում իր գործը ու սրա համար ինքն իրեն պատժում է: Գալիս կանգնում է իրենց տան դռանը, բայց տուն չի մտնում, որովհետեւ իրեն արժանի չի համարում վառարանի մոտ կանգնելուն: Նրա հագին շոր չկա, իրար արած շորերն են` հոր ու մոր հին շորերը` կանացի ու տղամարդու: Ու տղան սառնամանիքի մեջ կանգնում է իրենց տան դռան շեմին ու ներս չի մտնում: Ինքը իրեն պատժում է: Բայց հենց իրենց տան շեմին է կանգնում, որ մայրը իմանա, որ իրեն գայլերը չեն հոշոտել, ինքը ձորը չի ընկել. ինքը կա, կենդանի է, ողջ-առողջ, բայց ինքը արժանի չէ տուն մտնելուն, որովհետեւ ինքը խոտը չի բերել, որովհետեւ վախեցել է վայրենի հանդից, արջից, արյան հետքից: Էս տեսարանը ինձ զարմանալիորեն դիպուկ թվաց ասելիքս ասելու համար: Հետո հիշեցի, որ այս մոտիվին Վարպետը` Հրանտ Մաթեւոսյանը, անդրադարձել է նաեւ «Խումհար» վիպակի մեջ: Ու հիմա կմեջբերեմ այդ հատվածը, որտեղ հերոսը` հեղինակը, խոսում է իր տեսակի մասին: Ահա այդ մեջբերումը. «Իմ անհատականությունը ես վերցրել եմ բոլորովին այլ մարդկանցից, մարդու բոլորովին այլ տեսակից, այն տեսակից, որ եթե չէր աշխատել` հացից ամաչում էր, թե իր մտածածը չէր` ասում էր «ասում են, ասվել է», եթե գործից, ընկերությունից, թշնամությունից անտղամարդ էր եղել` իրեն արժանի չէր համարում կնոջ ծոցը մտնել. կնոջ վայելքին արժանանալու գործ անելուց հետո էր կին տեսնելու եւ վերմակի տակ կնոջ կողքին խփելու էր, որպես իր հպարտ կրծքին…»: Մեջբերված այս միտքը շարունակություն էլ ունի, բայց այն վերաբերում է հակառակ տեսակին:

Բայց մենք նախ մեր տեսակի մեջ պետք է կողմնորոշվենք: Ու Համաժողովրդական շարժումը հենց այս տեսակի շարժումն է: Ինչ վերաբերում է հակառակ տեսակին, Վարպետը այդ տեսակը բնորոշում է այսպես. «Եվ` բոլորովին այլ մարդիկ, մարդու բոլորովին մի այլ տեսակ, այն տեսակը, որ պահանջում ու խժռում է եւ պահանջելուց ու խժռելուց բացի ոչինչ չի անում, որ ամեն մի հաշիշամոլ փսլնքոտի իրավունք է տալիս դանակը ձեռքին կնոջից պարգեւ պահանջելու, ինձ քաշքշում, մանրացնում, իմ անհատականությունը կեղտոտում է, իսկ ես չեմ ուզում տալ, ինչպես որ ինքը չի ինձ որեւէ բան տվել, ես թաքցնում եմ եւ թաքցնելու եմ- սա առուփա՞խ է: Իսկ նա խուզարկում ու գտնում է: Գտնում, էժանացնում, կեղտոտում ու դեն է գցում- դա իմ կյանքի պաշարն էր, բայց իրեն մի օր պետք եղավ»: Մեջբերման ավարտը: Մեջբերումները արված են Հրանտ Մաթեւոսյանի «Խումհար» վիպակի VII գլխից: Հիմա դուք կհարցնեք, թե ասելիքը ո՞րն է. ասելիքը հենց վերը բերվածն է, ավելի շատ` առաջին մասը: Ով ականջ ունի լսելու` կլսի: Ով աչք ունի տեսնելու` կտեսնի, որ մեր տեսակի Շարժումը անկասելի է, մեր տեսակի Հաղթանակը անխուսափելի է, ու մեր տեսակը պայքարելու է մինչեւ վերջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ , ,


  1. Mariam
    Մայիս 18th, 2009 at 12:32 | #1

    Mardu ayd tesak@ misht halacvei e,bayc parq astco der ka.Ayd tesak@ djvar e verartadrvum,bayc apahovum e vorak@.Haghtelu enq!!!!.

  1. No trackbacks yet.