> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԿՈՒ ԵՎՐՈԴԻՏԱՐԿՈՒՄ

ԵՐԿՈՒ ԵՎՐՈԴԻՏԱՐԿՈՒՄ

movlut-chavushogluԴԻՏԱՐԿՈՒՄ ԹԻՎ 1 - Հայաստանյան դիվանագիտությունը հերթական անգամ ցուցադրեց իր հաշմանդամությունը` այս անգամ խորհրդարանական մակարդակում: Ընդհանուր հարայհրոցի մեջ տպավորություն ձեւավորվեց, թե Հայաստանը ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը դեմ է այն պատճառով, որ հիմա այս հարցի շուրջ գերակտիվություն ցուցադրող ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ազգությամբ թուրք է: Իսկ ի՞նչ է, եթե Չավուշօղլուն ճապոնացի լիներ այդ ենթահանձնաժողովի նկատմամաբ Հայաստանի վերաբերմունքը փոխվելո՞ւ էր: Ոչ, բնականաբար, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս ԼՂ հարցով ցանկացած քննարկում չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար: Այս հստակ քաղաքական դիրքորոշումն է, որ մթագնվեց Չավուշօղլուի այցի ընթացքում, եւ Հայաստանի մոտեցումը բոլորովին ուրիշ լույսի ներքո երեւաց: Իսկ նման խայտառակ իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում ինքնահաստատման խնդիր ունեցող եւ ասելիք չունեցող ամեն ոք միջազգային որեւէ ատյանում հայտնվելուն պես իրեն Սողոմոն Թեհլերյանի ախպոր ընկերոջ տեղն է դնում, ու սկսում է «Հայլուրի» եւ գյուղական ինծիլիգենցիայի համար նախատեսված «ազգային-ազատագրական» ճառեր երգել: Մինչդեռ թուրք պատգամավոր Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ դարձնելու պրոցեսը «Հայլուրով» ցույց չեն տալիս, եւ այս պատճառով նման իրավիճակներում Սողոմոն Թեհլերյանի ախպոր ընկերները սկսում են նախանձել Էդիկ Նալբանդյանի թշերին: Եւ ի դեպ, ստացվում է` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ դառնալու գործընթացին անմռունչ հետեւեց, որ նրա հետ հանդիպումները բոյկոտելու հաշվին վերադարձնի կորսված աչոկները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից դուրս ԼՂ հարցի քննարկումներին, հիշեցնենք, որ դրանք, որպես կանոն, խայտառակ արդյունքներ են ունենում Հայաստանի համար: Հենց այսպիսին են ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում մինչ այս ընդունված փաստաթղթերը. դրանցում խոսվում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների, նույնիսկ ԼՂ-ի օկուպացիայի, անգամ էթնիկ զտումների մասին: Եւ երբ այսօրինակ փաստաթղթեր են ընդունվել ոչ ԵԽԽՎ-ի եւ ոչ էլ ՄԱԿ-ի նախագահը ազգությամբ թուրք չեն եղել:

ԴԻՏԱՐԿՈՒՄ ԹԻՎ 2 - Մինչ երկնագույն էկրաններից ՀՀ իշխանությունների եւ եվրոչինովնիկների փոխադարձ սերն ու գորովանքն են ցույց տալիս, «Բանակի ներգրավումը 2008թ. մարտի հայաստանյան իրադարձություններին» խոսուն անունով փաստաթուղթը հայտնվում է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի օրակարգում: Նաեւ պարզվում է, որ դեռեւս մարտի 11-ին ԵՄ նախագահությունն է հայտարարություն ընդունել մարտիմեկյան հայտնի շեշտադրումներով: Իսկ սա նշանակում է, որ Մարիշ Բոզիկյանը ոչ միայն շտապել է, այլեւ կատաղած ձեւով երազախաբ է եղել Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին նախորդ տարեվերջին արված հայտարարություններով: Եթե Մարտի 1-ից ավելի քան երկու տարի անց այդ իրադարձությանը վերաբերող նոր նախագծեր են հայտնվում միջազգային կառույցների օրակարգում, եթե 2010-ի մարտի 11-ին ԵՄ նախագահությունը 2008 թվականի Մարտի 1-ի մասին մի այնպիսի հայտարարություն է ընդունում, որն, ըստ էության, կրկնում է երկու տարի առաջվա շեշտադրումները, նշանակում է` նույնիսկ եվրոյոնջաները Մարտի 1-ի էջը փակելու մտադրություն չունեն: Այն տարբերությամբ միայն, որ ԵՄ նախագահությունը, եվրոչինովնիկներն ընդհանրապես` Հայաստանի իշխանության հետ քողարկված խաղ են խաղում. քանի դեռ Սերժ Սարգսյանը հնազանդ է, ընդունված հայտարարությունները գաղտնի են պահվում, կամ դրանց շուրջ աղմուկ չի բարձրացվում: Հենց այսօրինակ քողարկված-թաքուն-դանդաղկոտ հայտարարություններն են առաջ տանում ֆուտբոլային դիվանագիտությունը: Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ինքը Թուրքիա կգնա կամ բաց սահմանով, կամ եթե մենք գտնվենք հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին: Ու երբ գալիս է ասվածը անելու ժամանակը, եվրոպացիք նրան ֆաքս են անում մարտիմեկյան թեմայով հերթական հայտարարության նախագիծը, եւ Սերժ Սարգսյանը մոռանում է ուժեղ խոստումների մասին: Սպառնում է հետ կանչել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից, ու նրան ֆաքս են անում ԵՄ նախագահության մեկ ուրիշ հայտարարություն, կամ ԵԽԽՎ բանաձեւի մեկ ուրիշ նախագիծ: Ու Սերժ Սարգսյանը մոռանում է, որ ինքը մի ուրիշ ձեւի ուժեղ վիցեվոյին է: Ահա այսպիսին է նախագահականում ապրվող կյանքի գինը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 15, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. gegham
    Մայիս 15th, 2010 at 16:34 | #1

    Nikol du hzor es…

  2. MM
    Մայիս 17th, 2010 at 20:13 | #2

    @gegham
    +1!

  1. No trackbacks yet.