> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի արած «բացահայտումները» քաղաքացիական ծառայության համակարգի կուսակցականացման մասին կարելի է վստահաբար դասել իշխանական այն նախաձեռնությունների շարքին, որոնք արվում են «Հայլուրի» պարապ մնացած եթերը լցնելու նպատակով: Նման հայտարարությունները օգտագործվում են երկրի ճակատագրի համար մտահոգ իշխանության մասին ռեպորտաժներ պատրաստելու համար: Մեկ-երկու շաբաթից բոլորը մոռանում են թյուրիմացաբար բարձրացված թեմայի մասին, եւ ամեն ինչ վերադառնում է իր նախկին դիրքին, ամեն ինչ շարունակվում է նախկինի նման: Բայց նույնիսկ եթե Մանվել Բադալյանը անկեղծ է իր մտահոգությունների մեջ, նույնիսկ եթե վարչապետ Տիգրան Սարգսյանն իրոք մտահոգված է պետական կառավարման համակարգի ուռճացված լինելով, ինչի մասին խոսեց նախորդ շաբաթ, միեւնույն է` նրանց բարձրացրած հարցերը լուծում չունեն. լուծում չունեն քաղաքական գործող համակարգի, գործող իշխանության պայմաններում: Այս պնդման ակնհայտության մեջ համոզվելու համար հարկավոր է ընդամենը հասկանալ, թե ինչպես է հաստատվել այսօրվա վիճակը, ինչո՞ւ է պետական կառավարման համակարգն ուռճացված, եւ ինչու են կոալիցիոն գործընկերները բժշկական կրթություն ունեցող անձանց համար նախատեսված քաղաքացիական պաշտոններում փորձում նշանակել տալ ֆիզկուլտինստիտուտի սեղանի թենիսի բաժինն ավարտած անձանց: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. կոալիցիոն կուսակցություններին հետաքրքիր չէ, թե ինչքանով է այս կամ այն անձը համապատասխանում քաղաքացիական ծառայության այս կամ այն պաշտոնի համար սահմանված չափանիշներին: Կոալիցիոն բոսերին հետաքրքիր է, թե որքանով է այս կամ այն անձը պրոֆեսիոնալ ընտրությունները կեղծելու բնագավառում: Հենց սրանում է համակարգային քաղցկեղը, հենց այս պատճառով Մանվել Բադալյանի բարձրացրած հարցը լուծում չունի, որովհետեւ մեր քաղաքացիական ծառայության, պետական կառավարման ողջ համակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապաստան` ընտրակեղծարարների համար: Դա մի պատյան է, որի մեջ թաք է եկել ընտրակեղծարարության հանցավոր մեքենան: 1998-ին ընտրակեղծիքների միջոցով իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն հաշիվ էր տալիս, որ առանց կեղծարարության գործուն համակարգի իշխանությունը պահել չի կարող: 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ արդեն կեղծիքի այդ մեքենան սկսեց ձեւավորվել եւ հետագայում ծառայեց իր բուն նպատակին: Ընտրությունները, սակայն, մի հատկություն ունեն` դրանք կրկնվում են որոշակի պարբերականությամբ: Եւ ահա, քոչարյանասերժական ուժեղ գլուխները հասկացան, որ ընտրակեղծարարների վարձկան բանակն ընտրություններից առաջ հավաքելն ու ընտրություններից հետո արձակելը թանկ է նստում: Ուրեմն, անհրաժեշտ էր նրանց գործունեությունը կազմակերպել մշտական հիմունքներով: Բայց որտեղ պահել ընտրակեղծարարների բանակն ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածում: Անլուծելի թվացող այս հարցին նույնպես լուծում գտնվեց. ընտրակեղծարարները տեղավորվեցին պետական կառավարման համակարգում: Հիմա նրանք աշխատում են տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների բարձր, միջին եւ ցածր օղակներում: Այսպիսով, ընտրակեղծարար այդ թափթփուկի գործունեությունն` ընտրությունները կեղծելու իմաստով, ավելի կատարյալ դարձավ, որովհետեւ դժվար է ընտրակաշառքներ բաժանելու, անձնագրային տվյալներին տիրապետելու, կեղծ եւ աղավաղված ցուցակներ կազմելու գործին «հարմար» ավելի լավ համակարգ գտնել, քան պետական կառավարման համակարգն` ամբողջությամբ վերցրած: Պետական կառավարման լծակների տիրապետող ընտրակեղծարարը շատ ավելի պրոֆեսիոնալ եւ հեշտությամբ է իրականացնում իր գործը: Այսօրվա մեր պետական եւ քաղաքացիական ծառայողները մեծ հաշվով ոչ թե պետության կարիքներով են զբաղված, այլ առաջիկա ընտրություններին, կամ դրանց կեղծմանը նախապատրաստվելով: Այս է պատճառը, որ ինչպես պնդում է Մանվել Բադալյանը` կոալիցիոն կուսակցությունները բժշկական բարձրագույն կրթության պարտադիր պահանջ ներառող քաղաքացիական ծառայության պաշտոններում փորձում են նշանակել տալ Սարատովի տիեզերաբուծական ինըստիտուտի շրջանավարտ ուռու գլուխներին: Եւ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը իզուր է կոտրատվում. այսօրվա պետական կառավարման համակարգը, քաղաքացիական ծառայության համակարգն ընտրակեղծիքի մեծ մեքենայի վերածելու գործում ինքը առանցքային դերակատարում է ունեցել: Եւ ականջները կախ շարունակելու է այդ դերակատարումը: Որովհետեւ եթե արատավոր այդ շղթան կտրվի, ինքը` Բադալյանն առնվազն գործազուրկ կդառնա, նաեւ իր շեֆը, նաեւ կառավարության այն անդամները, որոնց ինքը դիմում էր` իբր շինիչ առաջարկով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 12, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Մայիս 13th, 2010 at 19:23 | #1

    ISHXANAPOXUTYUN! sa e lucum@!

  1. No trackbacks yet.