> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼԻՍ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼԻՍ

աղբյուրՀիմա էլ ադրբեջանցիք են պնդում, թե Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ երկու շաբաթ ժամանակ է վերցրել ԼՂ հարցի լուծման համար: Չենք հավատում ադրբեջանական մամուլին, իհարկե չենք հավատում, չնայած թուրք-ադրբեջանական մամուլը Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հիմնական աղբյուրն է դարձել հայաստանցիների համար: Եւ որ ավելի սարսափելի է, այդ աղբյուրի տեղեկությունները վաղ թե ուշ, այսպես թե այնպես հաստատվում են: Ներկայումս էլ զգալի է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ ինչ-որ բան է կատարվում: Հայկական աղբյուրները, սակայն, այս թեմաներով լռում են, իսկ թուրք-ադրբեջանական աղբյուրները հոսում են առատորեն: Իհարկե, ՀՀ իշխանություններն էլ կռահում են, չեն կարող չկռահել, որ կարելի է ակտիվ լրատվական քաղաքականություն վարել, սակայն չեն վարում` ինչը նշանակում է` ասելու բան չունեն: ՀՀ իշխանությունները անընդհատ ինչ-որ թեզիսներ են առաջ քաշում, իսկ թե կոնկրետ ինչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ` չեն ասում: Բանակցային պրոցեսների նկարագրությունների մենք հանդիպում ենք միայն թուրք-ադրբեջանական աղբյուրներում: Իսկ ադրբեջանական հերթական տեղեկատվությանը, թե հունվարին Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի կարգավորման համար երկու շաբաթ ժամանակ է վերցրել, իսկապես հավատալ պետք չէ, որովհետեւ եթե այդ տեղեկատվությանը հավատանք, պետք է արձանագրենք, որ հենց էն գլխից Սարգսյանը հստակորեն գիտակցել է, որ ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերություններն անդառնալիորեն կապակցվել են, եւ գործել է այդ տրամաբանության շրջանակներում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ նա հայ հանրության առաջ իրեն պահել է մոտավորապես այնպես, ինչպես ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն իրեն պահեց Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը խնդիր է դնելու` հայ-թուրքականի նմանությամբ նաեւ ԼՂ հարցի կարգավորումը սառեցնել, որովհետեւ պրոցեսներն ընթանում են մեզ համար ահավոր անբարենպաստ հունով: Այս նյութում չենք քննարկի` կհաջողվի՞ նրան սառեցնել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, թե` ոչ: Ուղղակի ուզում եմ պատկերացնել այսօրվա Հայաստանը հայ-թուրքական եւ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի սառեցվածության պայմաններում: Նման իրավիճակում մի փոքր անհասկանալի է, թե ինչի մասին է խոսելու «Հայլուրը», եւ ինչի մասին են խոսելու պրոֆեսիոնալ ասուլիստները, ինչով է լցվելու Հայաստանի իշխանական օրակարգը: Ինչ խոսք, մի երկու ամիս էլ կխոսեն հարցերի սառեցման քաջարի օպերացիաների մասին. բա հետո՞: Հետո իշխանական խոսելու բանը կսպառվի, եւ հանրային ուշադրությունը կրկին կկենտրոնանա ներքին խնդիրների վրա: Այդ ժամանակ արդեն հայ-թուրքական գործընթացի փառահեղ տապալումը, հայկական հոսքագծերի փառահեղ վերաբացումներն արտերկրում, տնտեսական ծանր վիճակը յուղ կլցնեն ներքին պրոբլեմների մասին խոսակցությունների կրակի վրա: Ինչպես տեսնում եք, սառեցումները նույնպես առանձնապես ձեռնտու չեն Սերժ Սարգսյանին, որովհետեւ նույնքան հղի են ներքաղաքական ցնցումներով, որքան ազատագրված տարածքների վերադարձի փորձը Ադրբեջանին: Այնպես որ, Սերժ Սարգսյանը կարծես չունի իրադարձությունների զարգացման մի այնպիսի տարբերակ, որ երաշխավորի նրա հանգիստ կյանքը: Պետք է հուսալ միայն, որ թուրք-ադրբեջանական մամուլի վերջին լուրերը զարգացում չեն ունենա, եւ Սերժ Սարգսյանը Մադրիդյան նորացված սկզբունքների շրջանակներում ԼՂ հարցի կարգավորման փորձ չի անի: Սա մի փորձ է, որ փորձանք կդառնա Հայաստանի համար: Ի դեպ, հենց նոր հիշեցի, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008 թվականի սեպտեմբերին Երեւան կատարած այցից անմիջապես հետո մեկնեց Բաքու, եւ դա բացատրեց նրանով, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է զբաղվել ԼՂ հարցով: Այն ժամանակ ՀՀ իշխանությունները Գյուլի այս հայտարարությունը չհերքեցին, իսկ աշխարհաքաղաքական պրոցեսները հաստատեցին այդ իրողությունը: Չնայած` միեւնույն է, թուրք-ադրբեջանական աղբյուրներին հավատալ պետք չէ: Հավատալ պետք է Սերժ Սարգսյանին, որը հայտարարում է, թե Թուրքիա կմեկնի կամ բաց սահմանով կամ` եթե մենք գտնվելու լինենք սահմանի բացման նախաշեմին, ու այդպես էլ անում է: Մենք վաղուց ենք գտնվում հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին` սկսած այն պահից, երբ այդ սահմանը փակվեց:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 7, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,