> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

las vegas casinoԴիտարկում թիվ 1 - ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մասին սուտ տեղեկությունները տարածեց ի լուր ամբողջ Հայաստանի, եւ ողջ միջազգային հանրության: Նկատի ունեմ, հայտնի հայտարարությունները նա արել է հրապարակային միջոցառման, մամուլի ասուլիսի ժամանակ: Իսկ ահա իր հրապարակած տեղեկությունների ստահոդ լինելը ապացուցվելուց հետո այդ ամենի համար ներողություն խնդրեց ընդամենը մեկ թերթի մեկ լրագրողի տված հարցազրույցում: Եւ սա դեռ հարց է, թե արդյոք այդ բառերը Ալիկ Սարգսյանն արտասանել է, թե Սայաթի օֆիսում գրել, ուղարկել են տվյալ թերթի խմբագրություն: Տեղի ունեցածի ձեւը, ֆորմատը վկայում է այն մասին, որ ոստիկանապետը ոչ թե իրեն մեղավոր է զգում հանրությանը լկտի ձեւով մոլորեցնելու համար, այլ փորձում է կռուտիտ լինել` հանուն պաշտոնը չկորցնելու: Նրա անկեղծությանը կարելի կլիներ հավատալ, եթե այս ընթացքում այցելեր Վահան Խալաֆյանի ընտանիքի անդամներին, կամ գոնե զանգահարեր նրանց, ինչն այս պահի դրությամբ տեղի չի ունեցել: Բայց շատ ավելի կարեւոր է, որ մինչեւ օրս թե ոստիկանության պետը, թե գլխավոր դատախազը շարունակում են պնդել, թե Վահան Խալաֆյանն ինքնասպանություն է գործել: Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե որքանով է մեզնից յուրաքանչյուրն ընդունում ինքնասպանության վարկածը, խնդիրն այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հավատարիմ մնալ իրենց նախկին գործելակերպին: Խնդիրն այն է, որ միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հրապարակումը կարող է տալ մի շարք հարցերի պատասխաններ, որոնց վերլուծության եւ այլ փաստերի հետ համադրության արդյունքում կարելի կլինի ասել, թե ինչ է կատարվել իրականում: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի եւ ոստիկանապետի վերջին հայտարարությունների պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ չէին: Համենայնդեպս` նման հաղորդագրություն չի տարածվել, ինչը նշանակում է, որ ոչ ոստիկանապետը, ոչ գլխավոր դատախազը իրավունք չունեն ինքնասպանության մասին այդօրինակ հայտարարություններ անել:

Ու եթե անում են, սա ոչ թե անուղղակի, այլ ուղղակի ներազդեցություն է դատաբժշկական փորձաքննության վրա, որի արդյունքներն, անկասկած, կձեւակերպվեն այնպես, որ ՀՀ գլխավոր դատախազը եւ ոստիկանապետը նոր ներողություններով հանդես գալու անհրաժեշտություն չունենան: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հանրությունը կշարունակի մնալ իր կարծիքին, որ տեղի է ունեցել սպանություն, որը սակայն, կոծկվել է ՀՀ գլխավոր դատախազի եւ ոստիկանապետի անմիջական մասնակցությամբ:

Դիտարկում թիվ 2 - Հայոց լրատվությունից այդպես էլ չհասկացվեց, թե, ի վերջո, ուրիշ երկրները ի՞նչ են ցույց տալիս Շանհայի գովական ցուցահանդեսում: Բայց Հայաստանը, ինչպես միշտ, Շանհայում էլ հանդես է գալիս տիեզերական մասշտաբի ծրագրերով` աշխարհի դատին ներկայացնելով Գեոպոլիսի նախագիծ: Իսկ որ մերոնք նման նախագծեր գծելու մեծ վարպետ են, երեւաց ընդամենը երկու տարի առաջ, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ մի նախագիծ ստեղծվեց, որը Գյումրին ոչ միայն տեխնոպարկ էր դարձնում, այլեւ խոշոր նավահանգստային քաղաք: Տեղեկություններ կան նույնիսկ, թե այս ծրագրի շրջանակներում մերոնք արդեն հասցրել են մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ կպցնել ՀԲ-ից, որը պետք է ծառայի Գյումրիի թուրքի մայլայի տեղում նավահանգիստ եւ նավակայան կառուցելու բարձր նպատակին: Հաշվարկվել է, ի դեպ, որ այս նավահանգստի կառուցումը էապես կնվազեցնի ոչ միայն Հայաստանից արտահանվող, այլեւ ներմուծվող ապրանքների ինքնարժեքը: Պատկերացրեք, մենք մեր կոնտեյներների հետեւից ոչ թե Փոթի կգնանք, այլ` Գյումրի: Այսպես, ահա, Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության արդյունքում ֆրանսիական եւ ամերիկյան նավերն, ի վերջո, կհայտնվեն հայկական լեռներում: Ընդամենը մի քանի տարի առաջ «սուզանավը լեռներում» արտահայտությունը ծիծաղ էր առաջացնում, իսկ այսօր արդեն խորհրդանշում է հայկական տնտեսական հրաշքը:

Դիտարկում թիվ 3 - Սերժ Սարգսյանն անշեղորեն կատարում է աշխատատեղեր բացելու իր նախընտրական խոստումը: Նախորդ օրն, օրինակ, բացվեց «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, որը մի քանի հարյուր աշխատատեղ կապահովի քաղաքացիների համար: Խոսքը, իհարկե, ոչ թե Հայաստանի, այլ Չինաստանի քաղաքացիների մասին է, որովհետեւ «Նաիրիտը» Չինաստանի Դաթուն քաղաքում է բացվել: Առաջիկայում նախատեսված է «Բջնիի» բացումը Բորժոմիում, Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի բացումը Բանդեր-Աբասում, «Արարատ» գինու-կոնյակի գործարանի բացումը Լիմոժում, «Մասիս» կոշիկի ֆաբրիկայի բացումը Թուրինում, Գյումրիի մսի կոմբինատի բացումը Սվետլագորսկում, եւ ի վերջո, Փարաքյարի կազինոների վերաբացումը Լաս Վեգասում: Երեկ ուշադիր ընթերցեցի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը. աշխատատեղերի մասին խոսելիս նա ոնց որ կոնկրետ չի ասել, որ այդ ամենը Հայաստանում է բացելու: Այնպես որ` աշխատատեղերի փակումը Հայաստանում նույնպես մտնում է նրա նախընտրական ծրագրի տրամաբանության մեջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 5, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Մայիս 5th, 2010 at 11:51 | #1

    +1

  2. Mleh Ishkhanian (Beirut)
    Մայիս 5th, 2010 at 12:22 | #2

    Yes lsel em vor robota-serzhanta-dodakan hrosakner@ Khosrovi antarr-arkelots en batselou Tanzanio Arusha-ic 45 km herou, Tanzania Big Game Safariyi het J/V.

  3. HAY
    Մայիս 5th, 2010 at 19:31 | #3

    Aystex bolornel veracakan asumen korrupciai masin vochvoq konkret chi talis anuner gone ayn manr munor tzrukneri voronq ccumen joxovordi ayrun@
    te aydpisiner chkan? menter,dasaxosner,spaner,ev ayl byurokratner mi guce jamanakne ayd manreneri anuner@ tal@ che vor nrang el kerakrum en aveli ver kangnacnerin,mi guce menqenq mexavor vor chenq matnanshum irenc,payqar? ayo payqarel bayc vochte global npataknerov ayl sksel poqric kasharakernerin matnacuyc anel karcum em dra pakas@ chi lini

  4. +1
    Մայիս 8th, 2010 at 00:40 | #4

    de sksi im axper. ognem? Cankacac zinkomisariati amboxj andznakazm@ korupacvac e, kases konkret anunner? BOLOR@!

  5. Հայկ–PL
    Մայիս 11th, 2010 at 21:27 | #5

    Ն.Փ. :
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ մի նախագիծ ստեղծվեց, որը Գյումրին ոչ միայն տեխնոպարկ էր դարձնում, այլեւ խոշոր նավահանգստային քաղաք

    շատ դիպուկ էր :D

  1. No trackbacks yet.