> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՐԻ` ՏԵՍՆԵՄ-2

ԱՐԻ` ՏԵՍՆԵՄ-2

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` «ՀԺ»-ին տված մեկնաբանությունները վերլուծելով` հանգեցինք այն եզրակացության, որ օմբուդսմենը կրուտիտ լինելու փորձ է անում: Չնայած, «ՀԺ»-ի թղթակցի կազմակերպած առերեսմանը չդիմանալով, նա հերքում է «Շանթ» հեռուստաընկերության եթերից իր իսկ արած հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, միեւնույն ժամանակ, սակայն, չի արձանագրում մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը: Նա իր լպրծուն դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրավական հարթության մեջ «քաղբանտարկյալ» սահմանում չկա: Այսօրինակ բացատրությունները, սակայն, իմ նախորդ հրապարակման արդիականությունը չեն նսեմացնում, եւ այսօր ստիպված եմ նույն շեշտադրումով հանդես գալ: Եկեք մի պահ ընդունենք Հարությունյանի արած այն պնդումը, թե «քաղբանտարկյալ» եզրույթ չկա: Այդ դեպքում` հարց եմ տալիս` բա ես ո՞վ եմ: Հենց այս հարցի պատասխանն եմ ուզում ստանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, եւ այսպիսով վերահաստատում եմ նրան ուղղված իմ հրավերը` այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` նախկինում բարձրաձայնված պայմաններով: Խոսքը, հիշեցնեմ, այն պայմանի մասին է, որ Օմբուդսմենը պետք է մեր զրույցը ձայնագրելու հնարավորություն ստեղծի, այլապես այդ հանդիպումը զրկված կլինի որեւէ իմաստից: Բայց վերադառնանք բուն թեմային եւ հարցին մոտենանք հակառակ կողմից: Արդյո՞ք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իմ նկատմամբ արձակված դատավճիռն օրինական է համարում: Եթե այո, ուրեմն ես նրան իրավական, բացառապես իրավական հարցեր կտամ իմ դատավճռի մասին, ու նա թող այդ հարցերին պատասխանի: Թող փորձի հիմնավորել, թե ինչու է իմ նկատմամբ արձակված դատավճիռն օրինական համարում, եւ իրավաբանորեն մեկնաբանի դրա կոնկրետ դրույթները, բացատրի դրանց ծագումնաբանությունը: Այս կապակցությամբ իմ հնչեցրած հարցերն ու պատասխանները մենք կներկայացնենք հանրության դատին, այդ ժամանակ արդեն ակնհայտ կլինի, թե ինչ ծագումնաբանություն ունեն Արմեն Հարությունյանի հայտնի հայտարարությունները, որդեգրած դիրքորոշումները: Իսկ եթե Օմբուդսմենը իմ նկատմամբ արձակված դատավճիռը օրինական չի համարում, այդ դեպքում էլ թող ասի, թե ո՞ր իրավական «դեֆինիցիան» է ենթադրում, որ մարդը կարող է ապօրինի դատավճռով բանտում լինել: Կամ այդ ինչպե՞ս է գիշերները քնում Օմբուդսմենի բարձր կոչումը կրող Հարությունյանը` իմանալով, որ իր երկրի բանտերում մարդիկ կան, ովքեր ապօրինի են հայտնվել այնտեղ: Կամ եթե նա ինձ (մեզ) քաղբանտարկյալ չի անվանում, ի՞նչ է անվանում, ի՞նչ անունով է բնորոշում մեզ, իշխանությունից պահանջո՞ւմ է մեզ ազատ արձակել, թե չի պահանջում: Եթե պահանջում է, ինչպե՞ս է արտահայտվում այդ պահանջը եւ որտեղ է արձանագրված, եթե չի պահանջում, ինչո՞ւ չի պահանջում: Սրանք հարցեր են, որոնց պարզաբանման հարցում մտադիր եմ հետեւողական լինել, որովհետեւ տանել չեմ կարողանում կիսահղիությունն ընդհանրապես, անկախ նրանից որ ոլորտում է այն արտահայտվում` քաղաքականությա՞ն մեջ, լրագրությա՞ն, թե՞ իրավապաշտպանության ոլորտում: Չեմ կարող նաեւ իմ տարակուսանքը չարտահայտել Օմբուդսմենի այն դիտարկումների կապակցությամբ, որոնց համաձայն «Արի` տեսնեմ» վերնագրով իմ հոդվածում չարություն ու ատելություն կար: Արմեն Հարությունյանը, ակնհայտորեն, ինչ-որ բան շփոթում է: Իմ տեքստերում սովորաբար ոչ ատելություն է լինում, ոչ էլ` չարություն: Կոնկրետ այն երեւույթը, որ իմ հոդվածի ընթերցման արդյունքում սեփական մաշկի վրա զգացել է ՀՀ մարդու իրավունքների մեծարգո պաշտպանը, կոչվում է ճշմարտախոսություն: Սա մի իրավիճակ է, երբ իրերը կոչվում են իրենց անուններով, անկախ նրանից գոյություն ունեցող «դեֆինիցիաները» նման հնարավորություն տալի՞ս են, թե` ոչ: Իսկ այս շաբաթ Օմբուդսմենին կարող եմ ընդունել չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 4, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մայիս 4th, 2010 at 15:58 | #1

    NIKOL JAN AXR NA OV A VOR DU EL KANCHUM ES ARERESMAN.ED ARMEN@ ES REZHIMI QUTIKNERIC A,VRIC ARDEN EREVUM A, INCH LPRCUN LAKOT A.INQ@ SAXIC LAV GITI VOR HAYASTANUM QAZBANTARKYALNER KAN.

  2. Մայիս 6th, 2010 at 02:49 | #2

    NAX NA CHI GNA….MENAK ZAYNAGRMAN PAYMAN@ HERIKA VOR NA HRAJARVI,,,Y ARDEN IRA VERCHI HARCAZRYUC@ TVAC HAYKAKAN JAMANAKIN PARZER VOR SARSAPYMA NIKOL ANYN@ KARDALYC, LSELYC….DRA MASIN CHARJEEL XOSEL KGNA TE CHE….AMENA KAREVOR@ Y DRA VERCH@ KTESNEK ERB VOR LINI ARI TESNEM 3…

  1. No trackbacks yet.