> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 76.-80.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 76.-80.

76. եւ տեսանելի դարձավ պատերազմը

77. Ցավդ տանեմ, Կատո

78. Շորն ու Շորշորը

79. Հարց չկա

80. Ուզում եմ ծիպուլ

* * *

76. եւ տեսանելի դարձավ պատերազմը

Մի քանի օր Զուրաբին չէի տեսնում, չնայած գտնվում էինք նույն տան մեջ: Երբ արթնանում էի, նա նոր-նոր քնած էր լինում, իսկ երբ ես էի քնում, գալիս էր արթնանալու նրա ժամը: Շուրջերկրյա ճանապարհորդությունը, ժամային բազմաթիվ գոտիների հատումը եւ, ի վերջո, սովորական հոգնածությունը ինձ ստիպում էին գամված մնալ անկողնուն, այնքան ժամանակ, մինչեւ թիֆլիսյան ցերեկները ինձ համար ստացան իրենց սովորական իմաստը` գիշերվա տեղը զիջելով գիշերներին:

Զուրաբը, այսուհանդերձ, զբաղված էր, եւ նրա առաջին հոգսը փախստական հարազատների վերադարձն էր իրենց բնակության վայրեր. նրանք անհամբեր սպասում էին, թե երբ պետք է ռուսական զորքերը հեռանան իրենց գյուղերից: Ես հասկացա, որ նրանք հենց այս պահին էլ կարող են վերադառնալ, նման վերադարձը հնարավոր է: Սակայն վրացիները չէին ցանկանում իրենց բնակավայրերում ռուսների հետ համակեցության անգամ 30 րոպեանոց փորձ ձեռք բերել եւ ունեին մի ներքին որոշում. չվերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ «ռսի անիծված ոտը» չի հեռացել իրենց տներից:

Իսկ ես պարապությունս պարպում էի Իմաստուն Ծերուկի տան պատուհաններից ու պատշգամբից Թիֆլիսին նայելով: Ինձ թվում էր, թե կյանքը այստեղ մտնում է բնականոն հուն:

Կյանքը մտնում է բնականոն հուն:

Կյանքը մտնում է բնականոն հուն:

Իմ մեջ ձեւակերպում էի այս միտքը եւ հանկարծ զգացի, թե որքան օտար է այն հնչում` ինձ համար: Օտար հնչում էր ոչ թե «կյանքի բնականոն հուն» հասկացությունը, այլ այն, ինչ ես նկատի էի ունենում` մտածելով, թե կյանքը Թիֆլիսում մտնում է բնականոն հուն: Ահա մարդիկ գնում են աշխատանքի, վերադառնում տուն, այդ ընթացքում զրույցներ անում ծառայակիցների հետ, սրճարան գնում, երբեմն` ռեստորան, նստում ու խոսում` դեսից-դենից, մասնակցում խնջույքների, կենացներ ասում, պարում ու նայում պարողներին, երաժշտություն պատվիրում ու մուննաթ գալիս երաժիշտների վրա, որ իրենց պատվիրածը ավելի ուշ նվագեց, քան մոտակա սեղանին նստած խիյարներինը. «Ապե, կարող ա՞ տեղը չես բերում»: Ես մտածում էի Թիֆլիսի կարգավորվող կյանքի մասին, ու հանկարծ զգացի, որ այդ իմ, իմ կյանքն է մտել բնականոն հուն. հետախուզում, ընդհատակ, կոնսպիրացիա, հեղափոխություն, բանտ, զրկանքներ: Ահա սա է իմ կյանքի բնականոն հունը: Ոչ այն պատճառով, որ չեմ սիրում աղմկոտ քեֆերը, սրճարաններում ժամանակ սպանելը, առօրյա կյանքն իր հաճույքներով ու հոգսերով: Չէ, պարզապես գալիս է մի պահ, երբ հասկանում ես, ապա եւ տեսնում ես, թե ինչ հրեշավոր բան է թաքնված այդ ամենի տակ, ինչ հրեշավոր դավադրություն: Ես նայում էի Թիֆլիսին ու մտածում Երեւանի մասին, Երեւանի սրճարանների ու առօրյայի մասին: Ես մտածում էի պատերազմի մասին, այն պատերազմի, որ թաքնված էր այդ սրճարանների, ռեստորանների, ավտոմեքենաների, տոների ու համերգների ետեւում:

Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, որ պատերազմ են մղում իր դեմ, իր հողում, իր տան մեջ: Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ-աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգ ու պարի, երաժշտության ու համերգների, պարգեւների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ: Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում` չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին:

Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետեւում: Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկների, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի:

Եվ որքան համոզի~չ են փաստարկները. «Բայց չէ՞ որ բոլորը դրան են ձգտում, բայց չէ՞ որ բոլորը երազում են` ավտո, տուն, փող, ընդունելություններ, հանդիպումներ, բարձրաշխարհիկ զրույցներ, առավելություն, առավելություն ում նկատմամբ պատահի. պատահական անցորդի, հարեւանիդ, ընկերոջդ, անգամ եղբորդ նկատմամբ: Բայց չէ՞ որ կյանքը հիանալի է, տես` ինչ հիանալի են այս սրճարանները, ինչ հաճելի են այս ռեստորանները, այս հանգստությունը, այս դիրքը, այս համարումը: Տես` որքան հարգանքով են քեզ հետ, քեզ գնահատում են, քեզնից նույնիսկ զգուշանում են, եւ մնում է միայն վայելել, վայելել այդ ամենը: Մնում է միայն խելացի լինել, խելացի, մի փոքր խելացի: Բոլորը, բոլորը դրան են ձգտում, բայց բոլորը չէ, որ իրականացած են տեսնում իրենց ձգտումները: Բոլորը, բոլորը ձգտում են դրան…»:

- Բայց նրանք չեն տեսնում պատերազմը, չգիտեն պատերազմի մասին, չեն կռահում անգամ դրա գոյությունը…

- Պատերա՞զմ, ի՞նչ պատերազմ, որտե՞ղ ես դու պատերազմ տեսնում:

- Ահա, հենց այստեղ, հենց Աբովյան փողոցում, հենց Հանրապետության հրապարակի երգող շատրվանների մոտ, հենց Օպերայի սրճարաններում, ռեստորաններում, դպրոցներում, համալսարաններում, հանգստյան տներում, ոստիկանության բաժիններում, խանութներում. ամենուր, ամենուր պատերազմ է ընթանում, այդ պատերազմը խժռում է մեզ, այդ պատերազմը սպանում, գերեվարում է մեզ: Բայց մարդիկ չեն տեսնում այդ պատերազմը, նրանք զոհվում ու գերեվարվում են այդ պատերազմում, բայց չեն տեսնում պատերազմը…

- Դե, լավ, լավ, վերջ տուր: Դու չափազանց վառ երեւակայություն ունես, բարեկամս: Քեզ հանգստանալ է հարկավոր. գիտե՞ք, իմ ծանոթներից մեկը շատ լավ մասնագետ է եւ ասեղնաբուժությամբ լուծում է բոլոր պրոբլեմները…

- Դադարեցրեք պատերազմը…

- Ի՞նչ պատերազմ, բարեկամ, չկա այստեղ ոչ մի պատերազմ…

- Դուք թաքցնում եք պատերազմը, դուք մարդկանցից թաքցնում եք պատերազմը, որպեսզի նրանք չնկատեն անգամ իրենց դավաճանությունը եւ իրենց բոզությունը: Դուք ոչնչացնում եք մարդկանց ձեր սրճարանային ու հարմարավետ զնդաններում, դուք գնում եք նրանց հոգիները եւ պղծում նրանց մարմինները: Դուք թաքցնում եք պատերազմը, որպեսզի զոհերը լինեն անպաշտպան, որպեսզի ոչ ոք չմտածի կողքինին, այդպիսով ինքն իրեն պաշտպանելու մասին…

- Դե, լավ, լավ: Մի՞թե դու չես նկատում, թե որքան երջանիկ են նրանք: Երկարավետ լիմուզիններ, խրախճանք, հաճույքներ եւ այդ ամենին հասնելու, վայելելու անսահման ձգտում:

- Դուք թաքցնում եք պատերազմը:

- Չկա ոչ մի պատերազմ:

- Ես մարդկանց կպատմեմ այդ պատերազմի մասին:

- Քեզ ոչ ոք չի հավատա:

- Ես մարդկանց ցույց կտամ այդ պատերազմը, այն կդարձնեմ տեսանելի:

- Եղբա~յր, մի ասա, խնդրում եմ, այդպիսի բաներ…

- Մենք տեսանելի կդարձնենք պատերազմը…

- Չկա ոչ մի պատերազմ, չկա, չկա, չկա, չկա: Դու չես կարող: Չկա պատերազմ:

- Մենք տեսանելի կդարձնենք պատերազմը. հետո դուք կպարտվեք ձեր պատերազմում:

- Ոչ, այդ դուք կպարտվեք…

- Մենք վաղուց պարտված ենք, եւ մենք կհաղթենք մեր պարտությանը` նախ…

***
Ես նայում եմ Թիֆլիսին եւ ահա նայում եմ կյանքին: Վայելք եւ զրկանքներ, ապահովություն եւ վտանգներ, խրախճանք եւ տագնապ, ձեռքբերումներ եւ կորուստներ, հանգիստ եւ խոշտանգում, բնակարան եւ բանտ: Ես փորձում եմ գտնել մարդկային կյանքի ամենամիստիկական մոմենտի բացատրությունը: Այդ ե՞րբ, այդ ինչպե՞ս եւ ինչի՞ արդյունքում է զրկանքը ավելի կարեւոր դառնում, քան վայելքը: Այդ ինչպե՞ս են վտանգները դառնում ապահովությունից նախընտրելի, խրախճանքը խեղկատակություն է թվում, իսկ տագնապը` երջանկություն: Այդ ինչո՞ւ են ձեռքբերումներդ կորուստ թվում, իսկ ձեռքբերումներ լինում են միայն կորուստների մեջ, այդ ինչո՞ւ են խոշտանգումները թեթեւացնում հոգիդ, իսկ հանգստի պահին մի խոշտանգող փոթորիկ է ծվատում հոգիդ: Այդ ե՞րբ է բանտը նախընտրելի դառնում բնակարանից եւ ինչո՞ւ:

Թերեւս միայն այն պահին, երբ տեսնում ես պատերազմը, երբ հրաժարվում ես չնկատելու տալ պատերազմը, երբ զգում ես, որ չես ուզում այլեւս բոզանալ, երբ զգում ես, որ հոգնել ես փախչելուց, կեղծելուց: Երբ զգում ես, որ հոգնել ես պարտվելուց: Եվ հասկանում ես, որ զրկանքի մեջ է հաղթանակը, տագնապի մեջ է խաղաղությունը, կորուստների մեջ է ձեռքբերումը, խոշտանգման մեջ է ուժը, նվաստացման մեջ է արժանապատվությունը, երբ հասկանում ես, որ քո բնակարանը բանտ են փորձում դարձնել քեզ ու քո երեխաների համար: Եվ կանգնում ես, ամուր կանգնում ոտքերիդ վրա ու շրջվում դեպի պատերազմը եւ ձեռնոց նետում հանգիստ ու անվրդով.

- Դե, եկեք, դե, եկեք, բոզի վաստակներ…

77. Ցավդ տանեմ, Կատո

Երբ Իմաստուն Ծերուկի տանը հաստատվելուց հետո առաջին անգամ հանդիպեցինք (զուգարանի դռան մոտ ունեցած մի քանի կիսաքնած հանդիպումները հաշիվ չեն), Զուրաբը ասաց, որ այդ իրադարձությունը պետք է նշել: Այդ օրը ես ավելի վաղ էի արթնացել ու ջուր էի եռացնում սուրճ պատրաստելու համար:
Ու երբ Զուրաբը արթնացած, հագած, կապած եկավ, ես նրան հարցրի` խմում ես չէ՞ սուրճ: Այստեղ նա անսպասելի առաջարկություն արեց. թե բա գնանք մեր «հանդիպումը» նշենք մի սրճարանում սուրճ խմելով: Դա ինձ համար անակնկալ էր, որովհետեւ մտածում էի, թե Թիֆլիսում արդեն ամբողջովին կոնսպիրացիոն ռեժիմով պետք է ապրեմ: Այդ պատճառով միանգամից չհամաձայնվեցի եւ առաջադրեցի երկու պայման. սրճարանը պիտի Քռի ափին լինի, ու կապուչինո պետք է մատուցեն այնտեղ. եթե ռիսկի ենք դիմում, պիտի իմանանք` ինչի համար:

Երբ դուրս եկանք, զգացի, որ ցուրտ է, բացօդյա սրճարանում նստել չի լինի, ու առաջադրեցի երրորդ պայմանը. սրճարանի սրահում պետք է մեծ վիտրաժ լինի, որտեղից պետք է երեւա Քուռը: Զուրաբը մի պահ կանգ առավ, կարծես ուզում էր ասել` ուրեմն, ետ ենք դառնում: Բայց մտածեց ու ասաց` գնացինք:

Սրճարանը իսկապես այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի. մեծ վիտրաժի միջով հոսում էր տղմուտ Քուռը, ցեխի գույն առած: Ու ես էդ ջրի հետ գնացի հասա Ղազախի կողմերը, որտեղ Քուռն ու Աղստեւը փարվում են իրար: Էդպես` բարձրացա Աղստեւի հոսանքն ի վեր, գնացի, գնացի հոսանքին հակառակ ու հասա Իջեւան, հասա մեր տուն, մտա մեր խոհանոց, կանգնեցի մեր «Մինսկ» սառնարանի առաջ, որի սառցարանում ինձ են սպասում հորս բռնած մուրծիները: Մի ժամանակ ո՛վ կմտածեր, թե մուրծին կարելի է սառցարան տալ. տուն հասնելուն պես այն պետք է եփվեր: Հիմա էլ եփվում են, բայց միայն մանրերը, իսկ խոշորները պահվում են երեւանցի դառած որդու համար. կամ ինքը կգա, կամ ձկները կուղարկվեն: Ղազախի ջրամբարը, ասում են, մուրծու հերն անիծեց, որովհետեւ մուրծին ձվադրման սեզոնին Քռից բարձրանում էր Աղստեւ ու այստեղ ձվադրում: Աղստեւը մուրծու համար ծննդավայր էր, Քուռը` մայրաքաղաք: Բայց Ղազախի ամբարտակը փակեց նրանց գաղթի, դե` միգրացիայի ճանապարհը, էլի, ու դարձավ մի հսկայական սեպ մուրծու երկու հատվածների մեջ: Չնայած թիֆլիսեցիք էլ դժգոհում են, որ այդ նույն բախտին է արժանացել նաեւ խրամուլին, որը նույնպես ձվադրում էր Իջեւանի, Դիլիջանի արանքներում ու հետո վերադառնում Թիֆլիս: Բայց հիմա խրամուլին էլ ձվադրելու հարմար պայմաններ չունի ու մի կերպ յոլա է գնում: Արդյունքում, այ քեզ պատմություն, իջեւանցի ձկնորս Գենան, ու ոչ միայն Գենան, Թիֆլիսից եկած տղերքին «Քռի խրամուլի» են մատակարարում, որ վրացի տուտուցները թանկարժեք ռեստորաններում այն համտես անելով ասեն. «Դե Քռի ձուկն ուրիշ ա, էլի»: Ձեզ հույս տվեք, հույս տվեք: Գենան ձեզ էդ ձուկը կարողանում է մատակարարել, որովհետեւ Իջեւանում դրան շատ տեղ դնող չկա, էդ ձուկը անգամ կարգին ձուկ չի համարվում: Ախր դա ի՞նչ մի ձուկ է մուրծու, բեղլույի, եւ ամենակարեւորը ղժովամուրծու մոտ: Ղիժը` գետի վարար տեղն է, ղժովան էլ էն մուրծին է, որ ապրում է արագ հոսանքի մեջ: Ու էդ ձկանը երբ նայում ես, քեզ թվում է, թե Մոդիլիանին է նկարել: Ոչ թե իրեն է նկարել, այլ սովորական մուրծուն, ու ահա Մոդիլիանիի վրձնի տակ մուրծին դարձել է ղժովամուրծի. էսպես ձգվել ու ավելի սլացիկ է դարձել…

- Կապուչինո չկա, - դատավճռի նման արտասանեց Զուրաբը, ու ես Քռից կտրվելով` տեսա մեր առաջ կանգնած փոքրամարմին, մազերը ծոծրակին ցաքուցրիվ կապած, խաժ աչքերով մի աղջկա:

Մատուցողուհին էր. նրա կրծքերը հազիվ էին իրենց զգացնել տալիս դեղին շապիկի տակից, այնքան փոքրամարմին էր, որ նրան տեսնելիս գրկելու ու գրկիս մեջ տաքացնելու ցանկություն զգացի:

- Կապուչինո նետու՞, - հիմարի առոգանությամբ հարցրի ես:

- Նետ, - մետաքսե ձայնով ասաց աղջիկը, ու ես չէի ուզում նրան բաց թողնել:

- Վաբշե նետու՞, - ավելի հիմարավարի հարցրի ես:

Զուրաբը զարմացած ինձ էր նայում, իսկ մատուցողուհու հայացքի մեջ կարդում էի. «Առանց խոսքի էլ երեւում է, որ հիմար ես, դա ապացուցելու կարիք չկա»:

- Լադնը, էսպրեսո ի «Բջնի»:

Բջնին» ասացի ոչ թե «ՍԻԼ» կոնցեռնին աջակցություն հայտնելու, այլ նրա համար, որ մատուցողուհին սկսի հարցուփորձ անել, թե էդ ինչ է, ինչի մասին է եւ այլն, ու մեր խոսակցությունը շարունակվի: Բայց ի զարմանս ինձ նա շրջվեց ու գնաց, որովհետեւ Զուրաբը իր ուզածը արդեն պատվիրել էր: Մոտ հինգ րոպեից մատուցողուհին վերադարձավ իր հետ բերելով մեր սուրճերը եւ մի շիշ «Բջնի»: Ու ես էդ պահին մտածեցի, որ ճիշտ է անում Սերոժիկը, որ փակում է «Բջնիի» գործարանը:

Այսուհանդերձ, մատուցողուհու անունը հասցրել էի իմանալ, որովհետեւ նրա կրծքին փակցված էր վկայականը, ու վրան մեծ տառերով գրված էր KATO: Կատո. էս անունն ընդհանրապես ինձ հանեց հունից: Կան չէ՞ անուններ, որ մոգական ուժ ունեն: Ինձ համար այդպիսի անուններից մեկը Կատոն է: Կատո. սիրուն աղջիկ, փոքրիկ աղջիկ, լավ աղջիկ, մաքուր աղջիկ, սիրելու աղջիկ, հպարտ աղջիկ, չարաճճի աղջիկ: Կատո. խորունկ աչքերով, փոքրիկ կրծքերով, բարակ ձեռքերով, երկար վզով, հարազատի դեմքով, ճտպտան շարժուձեւերով, հոգնած ոտքերով…

Ես «Բջնին» արագ դատարկեցի բաժակների մեջ, որ Կատոն գա դատարկ շիշը տանելու: Եկավ ու չգիտեմ` ինչու թույլ ժպտաց: Ինձ թվաց, թե նա հասկացել է «Բջնիի» հետ կապված իմ խորամանկությունը ու իրենից գոհ է, որ այդպես իմ հարցերը լուծեց:

- Կատո: Ինչ չքնաղ անուն է, սիրում եմ վրացական անունները, - ասացի ես:

Զուրաբի համար այս ամենը խիստ անսպասելի էր.

- Իմ անունը ամենեւին էլ վրացական չէ, - մի փոքր կարմրելով ասաց Կատոն:

Ես էլ, Զուրաբն էլ շատ զարմացանք, ու վերջինս ընդվզեց Կատոյի ասածի դեմ.

- Ինչպես թե վրացական չէ, բա ինչակա՞ն է, - վրդովվածի երանգով հարցրեց նա:

- Հայկական, - շրջվելով, մի տեսակ ընթացքից շպրտեց Կատոն:

Ես չդիմացա ու փռթկացրի. Զուրաբը մանթոյից մեռնում էր: Նա երեւի նույն դեմքն է ունեցել երբ լսել է, որ ռուսները գրավել են Ցխինվալը:

Էս ամեն ինչը մեզ հետաքրքրեց, էսպրեսոն էլ առանձնապես հաջող չէր, ու ես Կատոյին կանչեցի սովորական լուծվող սուրճ պատվիրելու համար: Զուրաբը արդեն երկրորդ բաժակ լուծվողն էր խմելու:

- Կատո, էդ ինչի՞ց ես որոշել, թե քո անունը հայկական է, - հարցրի ես:

Աղջնակը մի պահ ոնց որ մտահոգվեց, երեւի մտածեց, թե հիմա իրենից լուրջ բացատրություններ եւ հիմնավորումներ ենք պահանջելու:

- Եթե ես հայ եմ, ուրեմն` իմ անունն էլ հայկական է, - անվրդով ասաց նա:

Այստեղ արդեն ես էի մանթո վիճակում, որովհետեւ սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ իմ առաջ հայ է եղել, ու ես առաջին հայացքից դա չեմ հասկացել:

- Ուրեմն հայ ես, հա՞, Կատո ջան, հայերեն գիտե՞ս:

- Շատ քիչ, համարյա չէ:

- Բա թիֆլիսեցին հայերեն չի իմանա՞:

- Մեր ընտանիքը Ցխինվալից է եկել, 94 թվին, - ասաց Կատոն սեղանը մաքրելով:

- Քանի՞ տարեկան ես, - Կատոյին բաց չէի թողնում ես:

- 17:

- Այսինքն` դպրոցը նոր ես ավարտել:

- Հա:

- Բա ինչո՞ւ հիմա համալսարանում չես, - մի տեսակ հայրաբար հարցրի ես:

Կատոն մի փոքր զարմացած ինձ նայեց, բայց պատասխանեց.

- Այս տարի բալերս չհերիքեցին ընդունվելու համար, հիմա աշխատում եմ, որ պարապեմ-ընդունվեմ:

- Ճիշտ ե՞ս ասում:

- Ի՞նչ իմաստով:

- Դե որ փողերդ կհավաքես, կպարապես, քեզ լուրջ կպահես:

Կատոն իսկականից շշմել էր, նա մի տեսակ բարկացած ինձ նայեց ու ոչինչ չպատասխանեց: Բայց դա ինձ վրա արդեն չէր ազդի.

- Ստուգելու եմ, եթե հաջորդ տարի համալսարան ընդունված չլինես` ծեծ ես ուտելու:

Կատոն չդիմացավ, սկսեց ծիծաղել ու ծիծաղը պահելու համար հեռացավ:

- Մի ծիծաղիր, կատակ չեմ անում, - նրա ետեւից շպրտեցի ես:

Զուրաբը փայլող աչքերով ինձ էր նայում:

- Հիմա հասկացար չէ՞, որ աղջիկը ուղղակի տեղյակ չէ, որ Կատոն վրացական անուն է, - ի վերջո ասաց նա:

- Ձեզ լինի, ձեզ լինի. էդ էլ ձեզ լինի, - հեգնական պատասխանեցի ես:

Մեկ-երկու սեղանի մոտ էլ հաճախորդներ հայտնվեցին, ու հիմա ավելի հաճախ էր Կատոն հայտնվում իմ տեսադաշտում: Ես նայում էի նրան, ես ուզում էի նրան գրկել, ուզում էի համբուրել, ուզում էի տաքացնել վերարկուիս մեջ: Կատոն երբեմն ակնթարթորեն ինձ էր նայում, եւ ես ավելի շատ էի ուզում նրան գրկել, նրան տաքացնել:

Բայց ի վերջո որոշեցինք վեր կենալ. Զուրաբը հաշիվը ուզեց, Կատոն բերեց այն` հաշվեգրքույկի մեջ դրած: Ես վերցրի, ու Կատոյից թաքուն հարյուր եվրո դրեցի: Հաշվեգրքույկը վերադարձրի նրան ու ասացի.

- Մեր հաշիվը դու կփակես:

Կատոն չհասկացավ, թե ինչ եմ ասում: Ու շրջվեցինք մենք` մեր, ինքը` իր ուղղությամբ: Բայց երեւի ընթացքում բացել ու տեսել էր հարյուր եվրոն ու հասավ մեր հետեւից.

- Կներեք, էս շատ է, համ էլ լարի տվեք:

Ես շրջվեցի, իմ առաջ կանգնած էր Կատոն: Նրբորեն ձեռքերիս մեջ առա նրա գլուխը, ու համբուրեցի նրա շուրթերը: Կատոն մի պահ հնազանդ կանգնած էր, ապա կատվի նման դուրս պրծավ ձեռքերիս միջից` մի զայրույթազարմանքախառը արտահայտություն դեմքին.

- Ես քո ախպերն եմ Կատո ջան, քո կորած ախպերը, - հայերեն ասացի ես:

Կատոն ավելի էր շշմել, պակաս շշմած չէր Զուրաբը: Ես նրա թեւից քաշեցի, ու մենք դուրս եկանք սրճարանից: Ու երբ արդեն մեքենայի մեջ էինք, Զուրաբին հարցրի. «Որտե՞ղ է ձեր պասիֆլորան»:

- Էդ ի՞նչ է, - հարցրեց նա:

- Ծաղիկների խանութ, առաքումով:

Մի հինգ րոպեից Զուրաբը կանգնեց մի խանութի առաջ: Մենք ներխուժեցինք այդ բուրումնավետ աշխարհ, ու ես կարճ ու փոքր վարդերի մի փունջ գնեցի: Ապա վերցրի մի բացիկ, տվեցի Զուրաբին ու նրան խնդրեցի վրացերեն տառերով գրել. «Ցավդ տանեմ, Կատո»:

78. Շորն ու Շորշորը

Կատոյի հետ տեղի ունեցած միջադեպը Զուրաբին կանանց մասին խոսակցություն բացելու առիթ տվեց: Երեկոյան, երբ արդեն տանն էինք, նա սկսեց հետաքրքրվել, թե ի՞նչ կանանց եմ ճանաչել իմ ճանապարհորդության ընթացքում: Ես նրան պատմեցի Իզաբելի մասին, բաց թողնելով Քվենտինի եւ Ֆրեդի գոյության` ոչ այնքան կարեւոր փաստը, ապա պատմեցի Սեսիլի մասին, հետո պատմեցի, թե Պաուլան ոտքով ինչպիսի խաղեր էր տալիս, հետո պատմեցի Նովոսիբիրսկի խանութի վեց աղջիկների մասին: Ես ոչ մի բան չէի հորինում, ուղղակի իմ պատմությունից դուրս էի թողնում «անպատեհ» մանրամասներ, պատմում էի այնպիսի տոնով եւ դեմքի արտահայտությամբ, որ Զուրաբը ինձ պատկերացնում էր, ասենք` ջակուզիի մեջ նստած, վեց աղջիկներով շրջապատված եւ հոգնած, հոգնած` փալաս դառած: Իմ հայացքից նա հասկանում էր, որ պատշաճ չեմ համարում ինտիմ մանրամասներ պատմել. դա կովկասցի տղամարդկանց խոսակցություն չէր լինի: Ցանկացած կովկասցի տղամարդ կհասկանա, թե ինչ է տեղի ունենում հետո, երբ վեց աղջիկների հետ մի շիշ «Մարտինի» ես խմում…

Մի պահ կարելի էր մտածել անգամ, թե Զուրաբը նախանձով է վերաբերվում ցանկացած միջազգային հետախուզման մեջ գտնվողի: Համենայնդեպս, դեմ չէր լինի իմ կարգավիճակում լինել:

- Իսկ ընդհանրապես քեզ ինչպիսի կանայք են դուր գալիս, - հարցրեց նա:

- Հմայիչ, - պատասխանեցի:

Զուրաբը մտքերի մեջ ընկավ.

- Զարմանալի բան է, չէ՞, հմայքը. չես կարող նկարագրել, թե դա ինչ տեսք ունի: Այսինքն` չես կարող նկարագրել, թե ինչպիսի՞ կանայք են քեզ դուր գալիս, - ի վերջո արձագանքեց նա:

Ես էլ իմ հերթին սկսեցի մտածել նրա ասածի շուրջ, բայց Զուրաբը զարգացնում էր իր միտքը.

- Օրինակ, լինում է մի պահ, երբ մտածում ես, թե քեզ դուր են գալիս շիկահեր, լավ կրծքերով, լավ կազմվածքով, բարձրահասակ, երկար ոտքերով կանայք, չէ՞: Մեկ էլ հանդիպում ես մի կարճլիկ, անկուրծք մեկին ու նրա նկատմամբ անդիմադրելի կիրք զգում, ուզում ես լինել նրա հետ, նրա կողքին. տարօրինակ է, չէ՞: Էսօրվա աղջիկը, օրինակ, Կատոն: Եթե որեւէ մեկը ինձ համոզեր, որ կարելի է այդպիսի մի աղջկա նկատել, չէի հավատա: Բայց խոստովանում եմ, ինձ էլ շատ դուր եկավ…

- Կատոն դեռ ոչինչ: Մի անգամ մի գեր, շատ գեր կնոջ հանդիպեցի` եթե չչափազանցնեմ, երեւի մի 120 կիլո կլիներ: Բայց ուզում ես` հավատա, ուզում ես` ոչ, այդ պահին ինձ թվաց, թե պատրաստ եմ նրան սիրահետել մինչեւ վերջ: Չէի կարողանում հայացքս նրանից կտրել: Նա ինձ ահավոր դուր էր գալիս, եւ ջանք էր պետք գործադրել նրա գիրկը չնետվելու համար, - Զուրաբի ասածը երկրորդեցի ես:

- Է, նետվեիր, - հանդիմանեց նա:

- Ամուսնու հետ էր, գենաց վալե, - արդարացա եւ շարունակեցի, - եւ ես հասկանում եմ այդպիսի կնոջ կողքին ապրող տղամարդուն…

- Այո, դա հմայքն է, - ասաց Զուրաբը եւ ամփոփեց, - երբեմն երկրաչափական առումով ճշգրիտ արտաքին ու կազմվածք ունեցող կանայք զուրկ են լինում դրանից, եւ դա ահավոր է…

- Այդպիսի կանանց անունը Զտարյուն Պրագմատիզմ է: Բոլոր հաշվարկներով նա չքնաղ է, անմման: Եվ նրա այդ գեղեցկությունը նույնիսկ կարելի է ապացուցել մաթեմատիկական բանաձեւի օգնությամբ` 90-60-90: Բայց միեւնույն է, նրան տեսնելիս սիրտդ չի սկսում արագ աշխատել, որովհետեւ նա չունի այն, ինչ անտեսանելի է, անչափելի, անբանաձեւելի եւ ոչ մի հաշվարկի չի տրվում: Հենց այսպիսի պահերին է, որ մաթեմատիկան պարտվում է առասպելին, անտեսանելիին, անապացուցելիին…

- Բայց միեւնույն է, - հոգոց հանեց Զուրաբը, - մեկին գումարած մեկ հավասար է երկուս…

- Այ հենց այդտեղ էլ սխալվում ես, բատոնո: Մեկին գումարած մեկ միշտ չէ, որ հավասար է երկուսի, եւ կան դեպքեր, երբ գումարելիների տեղափոխությունից գումարը այլանդակ ձեւով փոխվում է…
Այս խոսակցության շուրջ մենք կես շշից ավել «Ռեդ լեյբլ» էինք խմել` Իմաստուն Ծերուկի հավաքածուից: Ու Զուրաբը որոշեց, որ քնելու ժամանակն է: Ես չփորձեցի նրան հակառակն ապացուցել ու հնազանդ գնացի իմ ննջարան:

Զուրաբի ննջարանը գտնվում էր բնակարանի մուտքի դռնից անմիջապես ձախ: Ու երբ նոր-նոր աչքս կպել էր, նրա սենյակից կտրուկ շարժումների ձայն լսեցի, ինչ-որ մի բան թրխկոցով ընկավ, ոտքերի դմբդմբոց լսվեց, դռան չխկոց, Զուրաբը ինչ-որ բան համարյա գոռաց: «Գրուպա զախվատն է», - մտածեցի ես: Բայց հաջորդ իսկ պահին իրավիճակը ահագին խաղաղվեց, լսվեց Զուրաբի ու ինչ-որ մեկի խոսակցությունը, ապա եւ դռան մոտ հնչեց իմ անունը: Իմաստուն Ծերուկն էր. նա իր բանալիով բացել էր իր տան դուռը, եւ Զուրաբը անհանգստացած վեր էր թռել տեղից: Ես հագա տաբատս ու դուրս եկա: Մենք գրկախառնվեցինք: Կարճ հարցուփորձից պարզվեց, որ Ծերուկը ամենեւին էլ իմ առիթով չի Թիֆլիս եկել, այլ պաշտոնական այցի նախապատրաստության շրջանակներում:

Հայաստանի, ամոթ է ասել, առաջին դեմքը պաշտոնական այցով գալու է Թիֆլիս, եւ Իմաստուն Ծերուկը մի պատվիրակության հետ եկել է այցը նախապատրաստելու: Նա ասաց, որ պետք է գնա, որովհետեւ չի ուզում իր բացակայությունը հյուրանոցում նկատեն: Հարցուփորձ արեց, թե ինչ կա, ինչ չկա, ամեն ինչ նորմա՞լ է, թե չէ: Գնաց, բացեց սառնարանը, ասաց, որ հայկական ուտելիքները հատուկ ինձ համար է բերած եղել: Այս անգամ էլ լավ բաստուրմա էր բերել, մոժոժ ու կոնյակ: Որոշեցինք մի կտոր բաստուրմայով մի բաժակ կոնյակ խմել: Բաստուրման արդեն իսկ կտրտված էր, կոնյակը բացեցինք ու քցեցինք: Մի քիչ նստելուց հետո Ծերուկը գնաց: Ասաց, որ այցից հետո մեկ-երկու շաբաթվա ընթացքում կերեւա, ու հանգիստ կքննարկենք իմ հետագա անելիքները, իմ Հայաստան վերադառնալու պլանը: Ինձ աչքով արեց ու գնաց:

Իսկ պաշտոնական այցը, որը նախապատրաստելու էր եկել Ծերուկը, տեղի էր ունենալու հաջորդ օրը: Այդ երեկո ես Զուրաբի հետ վրացական հեռուստատեսության լուրերի թողարկումն էի դիտում: Ու մեկ էլ ելույթ է ունենում Ջենգոն, ավելի ճիշտ` նրա ելույթի մասին ռեպորտաժ է: Ու չնայած այն վրացերեն է, տակից հայերեն բառեր են հնչում, ու նա լուրջ դեմքով ասում է, որ հայերն ու վրացիները ախպերներ են, ու դրա վկայությունն է Հայոսի ու Քարթլոսի մասին հայտնի առասպելը: Հայոսի ու Քարթլոսի հիշատակումից Զուրաբի դեմքը լարվեց, ու այս լարումը նկատելի էր ինձ համար: Նա խեթ-խեթ ինձ նայեց ու հարցրեց.

- Էդ Հայոսի ու Քարթլոսի պատմությունը կարդացել ե՞ս:

- Դե երեւի ուսանող ժամանակ կարդացած կլինեմ. ինչո՞ւ ես հարցնում:

- Որովհետեւ ով ասես դրա մասին խոսում է, բայց մեկը չի ֆայմում, բացի-կարդա, թե ի՞նչ է գրած այնտեղ: Եթե ես հիմա այդ դահլիճում լինեի, ձեր էդ դանդուռին մի հատ կչափալախեի: Բախտդ բերել է, նա իսկական նախագահ չէ, թե չէ այս պահին քեզ էի չափալախելու, - ինձ համար անսպասելի ասաց Զուրաբը:

Ես ծիծաղս չէի կարողանում զսպել, իսկ Զուրաբը ոնց որ թե իսկականից կատաղած էր: Բայց ես քրքջում էի, որովհետեւ չէի հասկանում, թե պրոբլեմը ո՞րն է: Իսկ իմ ծիծաղից նա ավելի էր կատաղում, որովհետեւ գիտեր, թե ես գիտեմ, թե ինքը ինչո՞ւ է կատաղած, եւ ես ծիծաղում եմ իր վրա:

Ի վերջո, ես զգացի, որ համը հանում եմ եւ լրիվ լուրջ տեսք ընդունեցի.

- Զուրաբ, ախպոր նման, մի կարգին բան ասա, բան հասկանանք, - ի վերջո նրան դիմեցի ես:

- Ի՞նչ է գրած էդ Հայոսի ու Քարթլոսի պատմության մեջ, - հարձակողական հարցրեց նա ինձ:

- Ասացի չեմ հիշում, երեւի չեմ էլ կարդացել, - արդարացա ես:

Զուրաբը դավադիր հայացքով նայեց ինձ.

- Ու մեր էշերի երջանիկ հայացքից հասկանում եմ, որ իրենք էլ չեն կարդացել, - ասաց նա:

- Հա բայց ինչո՞ւմն է պրոբլեմը, - չէի հասկանում ես:

- Իրոք չես հիշու՞մ, թե ձեւ ես անում:

- Ազնիվ խոսք, բատոնո, հո թատրոն չեմ խաղալու քեզ հետ:

- Ուրեմն, էդ Հայոսի ու Քարթլոսի պատմությունը գրվել է Վրաստանում հայ Բագրատունիների տիրապետության շրջանում ու նրանց «զակազով», ու այդ առասպելում, ճիշտ է, ասվում է, որ Հայոսն ու Քարթլոսը ախպերներ են, բայց դե մի պուճուր պրոբլեմ կա. Հայոսը, ըստ այդ լեգենդի, մեծ ախպերն է, արքան, իսկ Քարթլոսը` նրա հպատակը: Ու ստացվում է, որ վրացիք ապրում են հայերի ղեկավարության ներքո, նրանց թեւի տակ, ոնց որ հիմա հայերն են ապրում ռուսների ղեկավարության ներքո: Եվ Հայոսի ու Քարթլոսի մասին Վրաստանում բարձրաձայնող հայը կամ ապուշ է, կամ էլ` շատ խելոք, ու այնպես է պատերազմ հայտարարում Վրաստանին, որ դրա մասին մեր էշերը գլխի չընկնեն:

Այս պատմությունը լսելով, ես համոզվեցի, որ Հայաստանի պատվիրակությունն էլ խաբար չի Հայոսի ու Քարթլոսի հարաբերությունների բնույթի մասին, եւ մի հոգավորը իր արեւին դիվանագիտական ժեստ է անում: Բայց Զուրաբի կատաղությունը ինձ ահագին զվարճացրեց: Ես մի պահ ուզում էի անգամ ասել, որ լեգենդը իրականություն է դարձել, ու հիմա էլ են Վրաստանը ղեկավարում հայերը: Բայց վերջին պատերազմի ֆոնին այս կատակը կարող էր լրջորեն վիրավորել նրան, եւ ես խուսափեցի դրանից:

Հետո հասկացա, որ իսկականից լավ բան չի ստացվում, եւ միակ մխիթարությունս այն էր, որ ողջ Վրաստանում մի քանի հոգի են ընդամենը հասկանում, որ հայ-վրացական եղբայրության այդ օրինակի հիշատակումը այնքան էլ պատեհ չէ: Ու պրոբլեմը միայն այն չէ, որ ոչ դիվանագիտական քայլ է արված, պրոբլեմը այն է, որ Հայաստանը էլի ներկայացնում են մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ են խոսում:

79. Հարց չկա

Սրտի մեծ կսկիծով արձանագրեցի, որ չնայած արդեն երկար ժամանակ Թիֆլիսում եմ, ոչ մի անգամ չեմ հարբել իմ սիրած վրացական գինիով: Ոչ մի անգամ գինի չեմ խմել, էլ ուր մնաց` սպիտակ «Telyany valley»: Երբ Զուրաբին այս մասին ասացի, նա սարսափով նայեց ինձ.
- Ե՞րբ ենք մարդավարի հաց կերել, որ…

Ե՞րբ ենք հաց ուտելու տրամադրություն ունեցել, որ: Զուրաբի փախստական հարազատների հոգսը ծանրության նման կախված էր մթնոլորտում, եւ վրացական սպիտակ գինու մասին հիշեցի այն ժամանակ, երբ այդ հարցը արդեն լուծվել էր: Ռուսները հեռացել էին, Զուրաբը փախստականներին իր ձեռքով վերադարձրել էր գյուղ եւ մեծ ուրախություն էր ապրել այն բանից, որ գյուղում ոչ ավերածություն էր եղել, ոչ` թալան: Անասունի գլխաքանակի որոշակի անկում էր արձանագրվել, բայց դե այդ փաստը ոչ ոքի էական չէր էլ թվում: Ու երբ Զուրաբը իրենց գյուղի մասին էր պատմում, այն գյուղի, որտեղ իրար հետ եղել էինք իմ ճամփորդության ամենասկզբում, իմ քիթը խորովածի հոտ ընկավ: Իմ ձեռքով արած խորովածի հոտը:

Ակտիվ սկսեցինք քննարկել այս թեման: Տեղն էլ որոշեցինք` Քռի ափին մի ծառի տակ: Բայց երբ արդեն մտածում էինք, որ մեր ծրագրին ոչինչ չի խանգարի, հասկացանք, որ առանց Իմաստուն Ծերուկի ոչինչ չի ստացվի: Այսինքն` կստացվի, բայց մի տեսակ ճիշտ չի լինի: Ստիպված ենք սպասել: Յոլա տարանք էդ շաբաթը ու` ոչ մի անգամ Կատոյի մոտ չգնացինք: Որոշել էի, որ էլ չենք գնալու: Յոլա տարանք էդ շաբաթը, եւ Իմաստուն Ծերուկը եկավ:

Հաջորդ առավոտյան ես ինքս արթնացրի Ծերուկին ու Զուրաբին եւ մատուցեցի սուրճը: Որոշեցինք դեպքի վայր գնալ Զուրաբի «Pajero» ջիփով:

- Ի՞նչ ենք վերցնելու, - հարցրեց Ծերուկը:

- Մի հատ շամփուր, 21 կտոր խոզի միս, վեց հատ կարտոֆիլ, երեք բանկա թթու` մի բանկա «Արտֆուդի» շուշան, մի բանկա «Կոնսերվի» կարմիր լոլիկի ու վարունգի մարինադ, մի բանկա էլ` բոխի: Հինգ շիշ գինի, հինգ շիշ «Բջնի» ու` փայտ: Բաժակը չմոռանանք: Առեւտուրն էլ ես եմ անելու. իմ ձեռքով, - ասացի ես:

- Ու վե՞րջ. ընդամենը մի հատ շամփու՞ր, - զարմացավ Զուրաբը:

- Հաց չենք վերցնու՞մ, - մտահոգվեց Իմաստուն Ծերուկը:

- Զանգվածային անկարգությունների հրամանատարը ես եմ. լավ, մի հատ պուրի կվերցնենք, - ասացի ես, ու անցանք գործի:

Թթուները, «Բջնիները», մի հատ շամփուրը, բաժակները, կարտոֆիլը տնից վերցրինք: Ու գնացինք շուկա: Թիֆլիսում խոզի միսը պրոբլեմ է, մինչեւ իմ ուզած միսը գտա, հոգիս դուրս եկավ: Բայց լավն էր, ինքն էր` յուղի բարակ շերտերով: Մինչեւ վաճառողին բացատրեցի, թե ոնց պետք է կտրտի, հոգիս էլ դուրս եկավ: Խնդրեցի խորովածի համար պատրաստել` աղ ու սոխ անել: Մի պահ աչքս թեքեցի, ու աղետ էր տեղի ունենալու. մսավաճառի ձեռքը բռնեցի այն պահին, երբ ուզում էր ինչ-որ համեմունք լցնել մսի վրա.

- Գենաց վալե, դու կարողա՞ օրինաց երկիր ես…

Միսը բարեհաջող տեղավորեցի տոպրակի մեջ: Ու մի փոքր կտոր լավ սալ ընտրեցի` թարմ, դոնդողի նման շնչող: Պատվիրեցի մանր, մանր կտրտել ու մի պտղունց էլ առանձին աղ դնել հետը: Մսի գործն ավարտեցինք: Մի հատ պուրի առանք: Իմ ձեռքով ընտրեցի փայտը. բոխի չկար, ոչինչ, հաճարի վերցրինք. չոր հաճարի: Հետո մտա սուպերմարկետ, իմ սիրած գինին առնելու: Շարած էին գինիները. իմ ուզած սպիտակ «Telyany valley»-ն ձեռքս վերցրի, նայեցի, նայեցի` կարոտս առա, դրի մի կողմ ու անցա առաջ: Կարճ ասած` վեց շիշ «Ֆինլանդիա» օղի գնեցի: Շարքերի միջով անցնելիս տեսա` լիտրանոց «Բջնի» հանքային ջուր է դրած: Վաճառողին կանչեցի եւ հարցրի, թե քանի՞ հատ «Բջնի» ունեն: Գնաց, եկավ ասաց` երկու արկղ, այսինքն` 12 հատ: Բերեք, ասացի, վերցնում ենք: Իմաստուն Ծերուկը, «Բջնինները» տեսնելով` զարմացավ.

- Ինչո՞ւ ես վերցնում, ունենք, էլի, - ասաց նա:

- Մի շաբաթից գները թռնելու են. էժան առանք, թանկ կծախենք, - ժպտալով ասացի ես:

Զուրաբը իրոք լավ տեղ տարավ մեզ. Թիֆլիսից դուրս, Քռի ափին մի հարթ, ահավոր հարթ տեղ` մի քանի միջին չափի պոպոքի ծառերով: Ու չնայած պոպոքը հավաքած էր մեծ հաշվով, ծառերի վրա դեռ մնացել էր, ու այդտեղ էլ որոշեցինք մնալ: Մեքենան կանգնացրինք հենց Քռի պռնկին, ու մեր կողքով հոսում էր Քուռը համարյա լուռ, համարյա անձայն: Ժամանակ չկորցրի. քիչ այնկողմ կրակ վառեցի: Ետ եկա, սեղան բացեցի Զուրաբի մեքենայի բեռնախցիկում. սեղանը որն է` թթուները բացեցի, սալը բացեցի` աղը կողքին, միսը, հացը, կարտոֆիլն ու շամփուրը տարա կրակի մոտ, մի շիշ օղի բացեցի, մնացածը տարա մի ծմակ տեղ ու կանչեցի Զուրաբին ու Ծերուկին: Նրանք շշմեցին` օղին տեսնելով: Նախորդ երեկոյան ես գլուխ էի տարել, թե որքան լավն է իմ սիրած սպիտակ գինին, ու էսօր մենակ գինի ենք խմելու: Զուրաբն ու Ծերուկը պարզաբանում էին պահանջում: Բայց ես պատրաստվել էի.

- Չէի լսել, որ Մարտի Ահտիսաարիին Նոբելյան մրցանակ են տվել. խանութում իմացա:

Հասկանալի է, որ այս փաստարկը պատ կծակեր, ու բաժակները վերցրինք: Զուրաբը ուզում էր հասկանալ, թե ինչո՞վ պետք է զապիվատ անի: Ես նրան խորհուրդ տվեցի հետեւել ինձ` առանց մտածելու: Խմեցի արաղը, վերցրի հում սալի կտորը, թաթախեցի աղի մեջ ու սկսեցի դանդաղ ծամել… մուրազ: Զուրաբի վճռականությունը չհերիքեց, ու նա հետեւեց Ծերուկին. նախընտրեց շուշան ուտել արաղի վրայից: Իսկ կրակը բորբոքվում էր: Ոտի վրա խմեցինք եւս մի քանի բաժակ` դեսից-դենից խոսելով: Հետո գնացի կրակի մոտ. վառվող փայտերի տակից հանեցի շիկակարմիր ածուխները ու մի շամփուր խորովածի տեղ պատրաստեցի: Շամփուրի վրա շարեցի երեք կտոր միս ու դրեցի կրակին: Կերուխումը տրամաբանական ընթացք ստացավ. Իմաստուն Ծերուկը բաժակներն ու օղին բերեց կրակի մոտ, Զուրաբը թթուն, ու նստեցինք գետնին: Մինչ խորովածը պատրաստվում էր, մի բաժակ էլ քցեցինք: Խորովածը լինում էր, ու սեղանակիցներին հրահանգեցի պատրաստվել, այսինքն` մի կտոր հաց պոկել` տաք խորովածը քաշելու համար: Շամփուրը առաջինը Իմաստուն Ծերուկին դեմ տվի` առաջին կտորը նրա համար էր նախատեսված: Հացե ձեռքով բռնեց ու քաշեց իր բաժինը, հյութերը հացի մեջ քաշելով: Զուրաբը նույնկերպ վարվեց, իսկ իմ բաժին միսը մնաց շամփուրի վրա: Հենց այդպես էլ սկսեցի ուտել: Զգացի, որ նախանձ ու չուզողություն կա. պայմանավորվեցինք, որ հաջորդ կռուգներում շամփուրը զիջելու եմ, ու այդ վայելքը հերթով դառնալու է յուրաքանչյուրինս: Սոված էինք, ու բնականաբար արագ կերանք մեր բաժին կտորները: Ես զգացի, որ ուտելը շարունակելու քաղաքական կամք կա, եւ կրակին դրեցի եւս երեք կտոր միս` սեղանակիցներին հնարավորություն տալով ընտրել իրենց ուզած կտորները: Օղու առաջին շշից հետո կենացները սկսվեցին, չնայած բազմազանություն չկար: Խմում էինք հայերի կենացը, խմում էինք վրացիների կենացը, հետո խմում էինք հայերի ու վրացիների, հետո վրացիների ու հայերի կենացը:

Այդպես շամփուրը 7 անգամ պտտվեց կրակի վրա, եւ մսի երբեմնի գոյության մասին վկայում էին մոտակայքում կուտակված ոսկորները- մաքուր կրծած: Թթուն իր վերջին րոպեներն էր ապրում, կարտոֆիլը թաղված էր կրակի մեջ, ու զրույց էր ընթանում: Օղին, իհարկե, հիասթափվեց մեզնից, որովհետեւ երեք շշի սահմանագիծը չէինք հատել, եւ ոնց որ թե դա անելու քաղաքական կամքի պակաս էր զգացվում: Ու երբ արդեն շիկացած կարտոֆիլը մեր մի ձեռքից մյուս ձեռքն էինք գցում, ես դիմեցի Իմաստուն Ծերուկին.

- Ե՞րբ ենք գնում Հայաստան:

- Երբ ասես, - հանգիստ պատասխանեց Ծերուկը` շիկացած կարտոֆիլը ձեռքի մեջ խաղացնելով:

- Հիմա, - ասացի ես `ու փոշմանեցի, որովհետեւ ինձ թվաց` անազնիվ բան եմ անում Ծերուկի հանդեպ:

Բայց իմ պատասխանը նրան չմտահոգեց. նրան կարտոֆիլն էր մտահոգում, որը համառորեն չէր հովանում:

- Զուրաբ, անձնագիր կա՞ մոտդ, - մեր վրացի բարեկամին դիմելով` հարցրեց նա:

Զուրաբը հաստատեց:

- Քշու՞մ ես Հայաստան, - էլի Զուրաբին դիմեց Ծերուկը:

- Հարց չկա, - ասաց Զուրաբը:

- Հարց չկա, - ինձ նայելով` ասաց Ծերուկը:

- Կարտոֆիլը ուտենք` նոր, - ժամանակ խնդրեցի ես:

- Հարց չկա, - ասաց Ծերուկը:

- Հարց չկա, - ասաց Զուրաբը:

- Հարց չկա, - ասացի ես:

80. Ուզում եմ ծիպուլ

Մինչ կտեղավորվեինք մեքենայի մեջ, կարգի բերեցինք ողջ տարածքը: Ոսկորները թողեցինք` մի անհայտ մոլորյալ շան համար: Հետո լուռ նստեցինք մեքենան ու լուռ սկսեցինք ընթացքը: Ապա Իմաստուն Ծերուկը զանգեց ինչ-որ մեկին եւ մի կարճ նախադասություն ասաց. «Գալիս ենք. ոնց պայմանավորվել ենք»:

- Փաստորեն, իմ «հիման» քեզ համար անակնկալ չէր, - դիմեցի ես Ծերուկին:

Նա նստած էր դիմացի նստատեղին եւ պատասխանեց առանց շրջվելու.

- Քեզ հետ գործ ունեցողը պետք է պատրաստ լինի ցանկացած անակնկալի. սկսած ամենացանկալիից` վերջացրած ամենաանցանկալիով…

Խոսակցությունը հայերեն էր, ու Զուրաբը ոչ մի կերպ չարձագանքեց: Հետո մենք էլի լուռ էինք: Ես հարկ չէի համարում մանրամասներ պարզել Հայաստան հասնելու մեր ծրագրի մասին: Խնդիրը միայն այն չէր, որ անվերապահ վստահում էի Ծերուկին: Մանրամասները ինձ ուղղակի չէին հետաքրքրում. մենք գնում ենք Հայաստան, եւ դա ամենագլխավորն էր: Մնացածը` ինչպես, որտեղով, կստացվի, թե` ոչ, էական չէր: Հասկանում էի, իհարկե, որ վտանգում եմ Ծերուկին, Զուրաբին եւ հոգու խորքում ուզում էի Հայաստանում հայտնվել նույնքան աննկատ, որքան աննկատ հեռացել էի այնտեղից: Ծերուկի կեցվածքը վստահություն էր ներշնչում առ այն, որ ամեն ինչ լավ է լինելու: Այսպես, համարյա կատարյալ լռության պայմաններում հասանք Մառնեուլի, եւ ադրբեջանցիներին տեսնելով` ես մի տարօրինակ ջերմություն զգացի. նրանք վկայությունն էին այն բանի, որ Հայաստանը մոտիկ է, չափազանց մոտիկ: Արդեն մոտենում էինք Հայաստանի սահմանին` Բագրատաշենի անցակետի ուղղությամբ: Ու մի պահ թվում էր, թե մենք հենց այդպես` անցակետից ենք մուտք գործելու Հայաստան, այն տաղավարի տակով, որի վրա գրված է. «Welcome to Armenia»: Հարկ չհամարեցի այս մասին խոսակցություն բացել ու երբ արդեն սկսում էի անհանգիստ շարժումներ անել, մեր ավտոմեքենան դուրս եկավ հիմնական մայրուղուց եւ սկսեց շարժվել Ծերուկի նշած երթուղիով: Մենք ընթանում էինք ինչ-որ բլուրների արանքներով, թփուտներով, դաշտերով: Ես այդ ժամանակ միայն նկատեցի, որ Զուրաբի մեքենայի վրա լուսարձակները խլացնող սարքեր կան, ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին բաց տարածքներով ոչ այնքան նկատելի ձեւով առաջ շարժվել:

Ի վերջո, մենք կանգ առանք ինչ-որ թփուտների մեջ: Դեմհանդիման կանգնած էր «Նիվա» մակնիշի մի կիսամաշ, վրացական պետհամարանիշերով ավտոմեքենա: Մենք ի-ջանք, «Նիվայից» էլ իջան երկու հոգի. առաջինն` ակնհայտորեն հայ, երկրորդը` ակնհայտորեն ադրբեջանցի: Իմ նոր ծանոթները ջերմությամբ դիմավորեցին հատկապես Զուրաբին. ողջագուրվեցին նրա հետ: Ակնհայտորեն շատ մտերիմ էին ու վաղուց չէին տեսել իրար: Իմաստուն Ծերուկը ներկայացրեց մեր բարեկամներին. հայի անունը Սաքո էր, ադրբեջանցու անունը` Վեզիր: Իմաստուն Ծերուկը ինձ ներկայացրեց հետագա պլանը.

- Հիմա մենք քեզ հանձնում ենք Սաքոյին ու Վեզիրին. կստանանք Հայաստանում: Մեքենայով գնալու եք մինչեւ Դեբեդի ափ` մոտ կես ժամվա ճանապարհ, Դեբեդը անցնելու եք` ոտքով, հետո մենք ձեզ կդիմավորենք: Ոչինչ, չէ՞, որ մի քիչ թրջվես:

- Ձուկ բռնողը թրջվելուց չի վախենա, ոչ էլ` խեղդվելուց, - ասացի ես:

- Ուրիշ բան ունե՞ս ասելու, - դիմեց ինձ Ծերուկը` նկատի ունենալով Սաքոյին ու Վեզիրին: Նա ուզում էր հասկանալ, թե որքանով եմ դիսկոմֆորտ զգալու անծանոթների հետ:

- Ամեն ինչ նորմալ է. մենակ թե մի շիշ օղի տվեք. կարող է ճանապարհին պետք գալ, - ասացի ես:

- Հարյուր գրամ` քաջության համա՞ր, - ժպտալով հարցրեց Ծերուկը:

- Ոչ, ձվերը չսառեցնելու համար, - ժպտալով պատասխանեցի ես:

Ծերուկը սկսեց ծիծաղել, գրկեց ինձ ու համբուրեց: Ողջագուրվեցինք, եւ նրանք նստեցին մեքենա:

- Դուք փաստորեն ձեր աչքերով եք տեսնելու, թե ինչպես եմ վերադառնալու Հայաստան` երկրի հակառակ կողմից, - ասացի ես:

- Տես, է, դա միակ բանն է, որ չէի նախատեսել, - ափսոսանքով ասաց Ծերուկը:

- Ի՞նչը, - զարմացա ես:

- Ֆոտոապարատը, - ասաց նա:

- Ոչինչ, հետագայում այդ տեսարանը կպատկերվի գեղանկարների մեջ, - Ծերուկին մխիթարեցի ես:

Իմ այս ռեպլիկի վրա սկսեցինք բարձրաձայն ծիծաղել: Եվ սա լավ էր. վտանգավոր օպերացիայից առաջ մենք ամբողջովին պարպեցինք լարվածությունը: Զուրաբի «Pajero»-ն հեռացավ, մենք էլ նստեցինք մեր «Նիվան» ու շարժվեցինք: Թե ես, թե Սաքոն, թե Վեզիրը գիտեինք, որ ինչ-որ բան պետք է խոսել, բայց նրանք էլ, երեւի, ինձ նման, չգիտեին` ինչ խոսել: Ի վերջո, Սաքոն խախտեց լռությունը.

- Ես ձեզ ճանաչում եմ: Հիմա ձեզ բոլորն են ճանաչում, - ասաց նա:

- Միլիցեքը ման են կալիս, - հայերեն` բայց ադրբեջանական առոգանությամբ ասաց Վեզիրը:

Ես ժպտում էի, չգիտեի` ինչ ասել:

- Բա հիմա ի՞նչ է լինելու, - հարցրեց Սաքոն:

- Հիմա գնալու ենք Հայաստան, - պատասխանեցի ես, չնայած հասկանում էի, որ հարցը բոլորովին ուրիշ բանի էր վերաբերվում:

- Գնացինք, - ասաց Սաքոն:

Ճանապարհը բարդ էր, դարուփոսերով առատ, եւ մեր առաջխաղացման տեմպը բացարձակապես տպավորություն չէր գործում: Մոտ քառասուն րոպեից Վեզիրը մեքենան կանգնեցրեց մի թփուտի մեջ.

- Այստեղից ոտքով պետք է գնանք, - ասաց Սաքոն:

Մենք իջանք մեքենայից ու ճանապարհը շարունակեցինք ոտքով: Նրանց ձեռքին ոչինչ չկար, իմ ձեռքին միայն մեկ շիշ «Ֆինլանդիա» օղի էր: Ոտքի այս ճանապարհն էլ առանձնապես հեշտ չէր. անվտանգության նկատառումներով այն չէինք լուսավորում, եւ մեր ոտքը հաճախ էր քար ու փայտի առնում: Ամեն ինչ հուշում էր, որ քայլում ենք Դեբեդի ափով, որովհետեւ խորքից լսվում է գետի վշշոցը: Ի վերջո, սկսեցինք իջնել մի` համարյա գոյություն չունեցող կածանով. գետի վշշոցը սկսեց ավելի ուժեղանալ: Մենք գտնվում էինք վայրէջքի պռնկին` իսկ ներքեւում արդեն չորացած եղեգնուտներ էին, հատուկենտ ծառեր: Ի վերջո, հասանք եղեգնուտներին.

- Մեզ այստեղ պետք է դիմավորեն, - ասաց Սաքոն:

Եվ իրոք, քիչ անց եղեգների միջից խշխշոց լսվեց: Մենք կանգնեցինք. Սաքոն գրպանից հանեց ինչ-որ բան ու դրա մեջ փչելով` բադի ձայն հանեց: Այնկողմից պատասխան լսվեց, եւ խշխշոցը շարժվեց մեր ուղղությամբ: Մեր առաջ հայտնվեց մի ուրվագիծ.

- Լավ ե՞ք հասել, - հարցրեց նա:

- Հա, - ասաց Սաքոն:

- Դե գնացինք, - ասաց նորեկը:

Հիմա արդեն չորսով` մենք շարժվեցինք եղեգնուտների միջոց:

- Վարա՞ր է գետը, - կիսաձայն հարցրի ես:

- Չէ հա, - ասաց Սաքոն:

Ի վերջո, հասանք գետին ու կանգ առանք մի ոչ այնքան հաստաբուն ծառի տակ: Նորեկը Սաքոյին փոխանցեց մի ինչ-որ ուսապարկ, ինքը կռացավ ու ինչ-որ գործ սկսեց անել: Սաքոն ուսապարկից հանեց ճռճռացող ինչ-որ բան ու տվեց ինձ.

- Հագեք, ձկնորսական կոմբինիզոն է:

Շուտով նորեկը, Սաքոն, ես ձկնորսական կոմբինիզոնով էինք` ռետինե, անջրանցիկ: Իսկ նորեկը կռացել էր պարանի ծայրը գտնելու, եւ այդ պարանը կապված էր ծառի ոչ այնքան հաստ բնից: Այդ պարանի մյուս ծայրը կապված էր գետի մյուս ափին, այսինքն` Հայաստանում գտնվող ծառի բնին: Սաքոն իր ձեռքով ստուգեց պարանի կապը, մի քանի անգամ էլ քաշքշեց` մյուս ափի կապը ստուգելու համար ու նշան արեց, թե` գնացինք: Վեզիրը մնաց ափին. սկզբից ջուրը մտավ նորեկը: Սաքոն ասաց, որ ես պետք է լինեմ հաջորդը, եւ ինձ պետք է հետեւեր ինքը: Ես բռնեցի պարանից ու սկսեցի շարժվել նրան զուգահեռ: Դեբեդը, ճիշտ է, շատ հյուրընկալ չէր, բայց եւ առանձնապես չէր մերժում ինձ: Իմ ուղեկիցները ոչ խորը եւ ոչ վարար տեղ էին ընտրել. տարվա այս եղանակին գետը առանձնապես ուժեղ չի լինում: Ժամանակին ես Աղստեւը հատել եմ ավելի վարար տեղերում եւ` առանց պարանի: Այնպես որ, այս գործն ինձ համար շատ անծանոթ չէր: Ինձ ամենաշատը խանգարում էր «Ֆինլանդիայի» շիշը, որ տեղավորել էի կոմբինիզոնի եւ հագուստիս արանքում:

Շուտով զգացի, որ գետը իջնում է. ամենախորը տեղում ջուրը գոտկատեղիցս մի փոքր էր բարձր, իսկ հիմա արդեն գոտկատեղից ներքեւ էր: Սա նշանակում էր, որ արդեն հասնում ենք Հայաստան, գործնականում արդեն Հայաստանում ենք: Որքան էի մտածել այս պահի մասին, փորձել պատկերացնել, թե ինչ կլինի ինձ հետ, երբ նորից հայտնվեմ հայրենի հողի վրա: Անընդհատ մտածում էի` կկարողանա՞մ զսպել, պահել հուզմունքս, թե մանուկի նման լաց կլինեմ: Բայց եթե անկեղծ ասեմ, Դեբեդը հատելիս միակ բանը, որ զգում էի, լարվածությունն էր, ու ջրի սառնությունը, որը ռետինե կոմբինիզոնի միջով անցնում եւ հասնում էր ոսկորներիս: Ու երբ դուրս եկանք ափ, սա Հայաստան էր, իսկական Հայաստան, բայց իմ միտքը այդ պահին ոչ թե Հայաստանով էր զբաղված, այլ «Ֆինլանդիայով»: Ես հանեցի օղու շիշը, բացեցի ու տվեցի Սաքոյին: Սաքոն խմեց, տվեց ինձ: Նորեկը պարանը արձակելով էր զբաղված. Վեզիրը հակառակ կողմից այն պետք է քաշեր-հավաքեր: Ես էլ խմեցի օղին. շատ հաճելի էր, ապա եւ փոխանցեցի Նորեկին.

- Բարով ես եկել, ախպեր, - ասաց նա խմելուց առաջ:

- Վեզիրին մոռացա հաջող անել, - ասացի ես:

Ու չնայած «Ֆինլանդիային»` դող ընկավ մարմինս: Անկեղծ ասած, չէի հասկանում` այդ հուզմունքի՞ց եմ դողում, թե ջրի սառնությունից: Մինչեւ հիմա էլ չեմ հասկանում եւ, երեւի, երբեք չեմ էլ հասկանա:

Սաքոն խնդրեց հանել կոմբինիզոնը. հանեցի, նրանք էլ նույնը արին եւ այդ հագուստը տեղավորեցին ուսապարկերի մեջ: Ամեն մեկս վերցրինք մի ուսապարկ ու առաջ շարժվեցինք: Ահագին ճանապարհ պետք է ոտքով անցնեինք: Արդեն շատ ուշ ժամ էր, մութ էր ու ցուրտ: Երեւի մի ժամի չափ քայլեցինք, ու հասանք ինչ-որ մի ծառապատ տեղ, որը, պարզվեց` դեղձի այգի էր, Սաքոյի դեղձի այգին: Դեռ այգու պռնկին ես ծխի հոտ զգացի, ու մեր քայլերին զուգընթաց այդ հոտը ուժեղանում էր: Ու քանի որ դա չէր անհանգստացնում իմ ուղեկիցներին, ենթադրեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Շուտով մթության մեջ սկսեց հազիվ նշմարվել մի ինչ-որ ուրվագիծ. դա Սաքոյի այգեգործական տնակն էր, որի կողքին նշմարվում էր Զուրաբի «Pajeron», իսկ տանիքի ծխնելույզից կատաղած ծուխ էր դուրս հորդում: Երբ ընկալեցի, որ ներսում Զուրաբն ու Իմաստուն Ծերուկն են լինելու, սիրտս սկսեց արագ աշխատել նրանց հետ հանդիպելու սպասումից: Երբ արդեն տնակի մոտ էինք, Սաքոն ինձ ու նորեկին խնդրեց սպասել, որպեսզի ստուգի, թե արդյո՞ք ներսում միայն «մերոնք» են: Գնաց, դուռը բացեց, ներս նայեց, ու դռնից դուրս հորդող մոմի լույսը ինձ ցույց տվեց մեզ կանչող նրա ձեռքը: Ես ներս մտա` Զուրաբը թիկն էր տվել տժժացող վառարանի մոտ, իսկ Իմաստուն Ծերուկը դանակով շուռ էր տալիս կարտոֆիլի վառարանի վրա փռված տալաշները.

- Հը, ծիպուլ ուզում ես՞, Այսհրապարակումդավաճանչկա, - ինձ այսպես դիմեց Իմաստուն Ծերուկը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.