> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՏՅՈՄԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՏՅՈՄԻ ՀԱՐՑԻՆ

քվեարկությունԱրտյոմի հարցը - Պարոն Փաշինյան, դուք կարծո՞ւմ եք, որ կգա մի օր, որ մեր իշխանությունն ու ընդդիմությունը մի բռունցք կդառնան, ու մենք սովորականից ավելի արագ կգնանք դեպի ապագա:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, Ձեր հարցին պատասխանելուց առաջ ուզում եմ սահմանել, թե ինչ եմ հասկանում «իշխանություն» եւ «ընդդիմություն» ասելով: Իշխանությունն այն է, որ ազատ, արդար, օրինական ընտրություններում` ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում ստացել է ընտրողների վստահության քվեն եւ ձեւավորել քաղաքական մեծամասնություն: Ընդդիմությունն այն է, որ ազատ, արդար, օրինական ընտրություններում ստացել է ընտրողների ավելի պակաս թվով ձայներ, եւ քաղաքական մեծամասնության մաս չէ: Հայաստանում այսօր, այս իմաստով, չկա իշխանություն, եւ ուրեմն` չկա նաեւ ընդդիմություն: Հայաստանում կա ուժի, ապօրինության, մարդասպանների բանդաների միջոցով իշխանության լծակները զավթած հանցախումբ, եւ կա Սահմանադրական կարգի վերականգման համար պայքարող Համաժողովրդական շարժում, քաղաքացիական-քաղաքական շարժում: Եւ ուրեմն, ձեր ասած իրավիճակը` իշխանության եւ ընդդիմության միասնությունը, հնարավոր է միայն այն դեպքում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը ձեւավորվեն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով: Դա կլինի մի վիճակ, երբ իշխանությունը եւ ընդդիմությունը կլինեն երկվորյակ, հարազատ եղբայրներ, որովհետեւ նրանց երկուսին էլ ծնած կլինի նույն ժողովուրդը, եւ նրանք կրողը կլինեն այդ ժողովրդի ներքին մղումների, երազանքների ու ցանկությունների: Այս է պատճառը, որ համոզված եմ` Հայաստանում առկա բոլոր, բացարձակապես բոլոր հարցերի լուծումը պետք է սկսել մեկ կետից` ազատ, արդար, օրինական ընտրությունների ինստիտուտի, ավանդույթի հաստատումից: Առանց սրա որեւէ հարց չի լուծվելու. չի լինելու Հայաստանում, օրինակ, որակյալ կրթություն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ազատ, արդար ընտրությունների, ժողովրդի ազատ կամարտահայտման հարցը, որովհետեւ երեխայի ծնողի կամքը արհամարհող, նրա կամքի վրա բռնացող ուսուցիչն ու տնօրենը, ընտրակեղծարարության օջախ դարձած դպրոցը չեն կարող որակյալ կրթություն տալ: Այսօրվա համակարգը դպրոցի տնօրեն, հանրակրթության առաջնորդ դարձնում է ոչ թե բարոյական բարձր արժեքներ եւ գիտելիքներ կրող անձանց, այլ այնպիսի անբարոյականների` ովքեր ի վիճակի կլինեն գնահատական չնշանակելու սպառնալիքով ձայներ կորզել աշակերտների ծնողներից, այնպիսի անձանց, ովքեր քվեարկության արդյունք կեղծելու, լցոնումներ իրականացնելու, ընտրակաշառք բաժանելու բարոյական արգելքներ չունեն: Այս չափանիշին չհամապատասխանող, այսինքն` արժեքներ, բարոյական արգելակներ ունեցող անձինք ժամանակի հետ դուրս են մղվում դպրոցից, հեռու են մղվում դպրոցի կառավարման գործընթացից: Այս տրամաբանությունը գործում է բոլոր, բացարձակապես բոլոր ոլորտներում. այս է պատճառը, որ կարծում եմ, թե առանց օրինական ընտրությունների որեւէ ոլորտում որեւէ հարց չի լուծվելու: Այդ թվում եւ այնքան բաղձալի ազգային միասնության հարցը: Իսկ երբ երկրում իշխանությունը կձեւավորվի ազատ, արդար, օրինական ընտրությունների միջոցով` մենք այլեւս ազգային միասնության մասին ճամարտակելու կարիք չենք ունենա, որովհետեւ մեր երկրի նախագահը ինքը ազգային միասնության սիմվոլ կլինի, ազգային միասնության մարմնավորում: Մեր երկրի խորհրդարանը կդառնա ազգային միասնության թատերաբեմ: Մեր պայքարը հենց այսպիսի օրվա համար է: Սիրելի Արտյոմ, այս մասին շատ եմ խոսել, բայց ձեր հարցին ի պատասխան պատեհ եմ համարում կրկնել, որ կարեւոր է ոչ միայն առանձին վերցրած ազատ ընտրությունների անցկացումը, այլեւ ազատ ընտրությունների ավանդույթի, անշրջելի ավանդույթի հաստատումը: Սա իմ համոզմունքն է. երբ, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, հաղթահարելով բռնապետական արգելքները, հասնի իշխանության եւ վերականգնի տնտեսությունը, տասնապատկի աշխատավարձերը, թոշակները, մատչելի դարձնի առողջապահությունը, լուծի Ղարաբաղի հարցը, այդպիսով նա, միեւնույն է, կատարած չի լինի իր ամենամեծ, իր թիվ 1 առաքելությունը: Որովհետեւ Հայ ազգային կոնգրեսի կամ ապագայով մտահոգ ցանկացած իշխանության ամենամեծ առաքելությունը ազատ, արդար, օրինական ընտրությունների միջոցով, այսինքն` ժողովրդի ազատ կամարտահայտմանը ենթարկվելով իշխանության հանձնումն է իր քաղաքական հակառակորդին, նրան, ում ժողովուրդը տվյալ քվեարկության արդյունքներով վստահություն է հայտնել: Քավ լիցի, եթե երեք, չորս ընտրություններ անընդմեջ ժողովուրդը վստահության քվե տա որեւէ քաղաքական ուժի, դա չի նշանակում, թե այդ ուժը պետք է խուսափի պատասխանատվությունից: Բայց այդ քաղաքական ուժը պետք է հիշի, որ իշխանության եկել է ոչ թե այնտեղ մնալու, այլ իշխանությունից հեռանալու, այսինքն` իշխանությունը վերջնականորեն ու անշրջելիորեն ժողովրդին հանձնելու առաքելությամբ: Ի վերջո, նույնիսկ ամենալավ իշխանությունները հիասթափեցնում կամ հոգնեցնում են ժողովրդին, եւ ժողովուրդը իրեն հոգնեցրած իշխանությունից ազատվելու հնարավորություն պետք է ունենա: Խաղաղ, առանց բռնության ազատվելու հնարավորություն: Հենց այս խաղաղության մեջ է ծնունդ առնում իշխանություն-ընդդիմություն, այսինքն` ազգային միասնությունը: Կասկած չունեմ, որ մենք շատ շուտով կունենանք հենց այսպիսի Հայաստան: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արտյոմ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.