> ՀՈԴՎԱԾՆԵՐ > YES, WE CAN PLAY ZILINA

YES, WE CAN PLAY ZILINA

Բարաք ՕբամաԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման, որ արդեն երկրորդ անգամ է հայերին դիմում նախագահական ապրիլքսանչորսյան ուղերձով, կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սա ամենեւին էլ անակնկալ չէ, չնայած Օբաման անձամբ էր նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացել ընտրվելուն պես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս խոստումը կատարելու ամենապատեհ առիթը նրա Սպիտակ տուն տեղափոխվելուն հաջորդող առաջին ապրիլի 24-ն էր: Բայց 2009 թվականի ապրիլի լույս 23-ի գիշերը, Սպիտակ տուն տեղափոխվելուց ընդամենը երեք ամիս անց, Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատեհ առիթ ստացավ, եւ այդ առիթը Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ստորագրած գիշերային հայտարարությունն էր` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը (հեռակա) ստորագրելու մասին: Ուղիղ մեկ տարի անց Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին իր հայտնի հայտարարությամբ փորձեց «հետողորմյա» անել իր իսկ ստորագրած «Ճանապարհային քարտեզը»` բայց գնացքը արդեն գնացել էր, այնքանով, որ Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձների սահմանը գծել էր դեռ նախորդ տարի, եւ, փաստորեն, չի պատրաստվում դուրս գալ այդ սահմանից: Տպավորությունը, թե այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» հենց Օբամային նախընտրական հայտնի խոստումից նահանջելու հնարավորություն տալու համար էր, շարունակում է գոյություն ունենալ: Դեռեւս 2008 թվականի ամռանը, երբ հասկանալի էր, որ «հայամետ» Օբաման է դառնալու ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն, երբ պարզ դարձավ, որ նա մեծ հավանականությամբ կհաղթի հանրապետական թեկնածու Ջոն Մաքքեյնին, երբ նա հստակ խոստացավ ընտրվելուց հետո ճանաչել հայերի ցեղասպանությունը` Թուրքիան արդեն իսկ ջանքեր էր գործադրում սպասվող վտանգը կանխելու համար: Թուրքական դիվանագիտական շրջանակները ակտիվ շփումներ սկսեցին հաստատել Օբամայի հետ, ինչպես նաեւ Մոսկվայի օգնությանը դիմեցին այս հարցում: Եւ պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հենց Մոսկվայից հղեց իր հայտնի ֆուտբոլային ուղերձը: Այստեղից սկսվեց այն երկար պրոցեսը, որը նորընտիր նախագահ Բարաք Օբամային հնարավորություն տվեց նահանջել «պապայի արեւով» ամրագրված իր երդումից: Հիմա արդեն, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սառեցված է պաշտոնապես, կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը առանձնապես չի հետաքրքրում Օբամային, որովհետեւ եթե նա առանց սահմանի բացման երկու անգամ կարողացել է խուսափել «ցեղասպանություն» բառի օգտագործումից, եւս երկու անգամ կկարողանա դա անել, իսկ այնտեղ արդեն ավարտվում է նրա նախագահական ժամկետը: Հաջորդ ընտրությունների նախընտրական շրջանում նա կարող է նոր խոստումներով հմայել ԱՄՆ հայ համայնքին, որովհետեւ վերջինս նախագահների կողմից քցվելը արդեն խասիաթ է դարձրել: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, հիմա կարծես նրա առաջ ավելի նեղ ընտրություն է դրված. կամ դեպի Նոբելյան մրցանակ մղվել` ԼՂ հարցի ոչ հայանպաստ լուծման գնալով, կամ էլ աշխատանքային օրը նախագահականում անցկացնել` Կարեն Կարապետյանի եւ Միքայել Մինասյանի հետ Զիլինա խաղալով: Ի դեպ, Հայոց էլիտայի համար պարզաբանում ենք, որ Զիլինա խաղը որեւէ ուղղակի կապ չունի «Զիլի» ապրանքանիշի հետ: Չնայած, եթե դա հարկավոր է խաղի ռեյծինգը բարձրացնելու համար, կարելի է նաեւ կապ գտնել:

Հ.Գ. Ոմանք ուրախությամբ ընդգծում են Բարաք Օբամայի ուղերձի այն հատվածը, որտեղ նա ասում է, թե Մեծ Եղեռնի հարցում ինքն իր նախկին կարծիքը չի փոխել: Այս հանգամանքը, սակայն, ոչնչով չի փոխում իրավիճակը. էականը ոչ թե քաղաքացի Օբամայի կարծիքն է, այլ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը: Եւ այս առումով, գործող նախագահ Օբամայի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Ջորջ Բուշ ավագի կամ կրտսերի դիրքորոշումներից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 27, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marianna
    Ապրիլ 27th, 2010 at 20:01 | #1

    +1

  2. MM
    Ապրիլ 27th, 2010 at 20:01 | #2

    Nikol jan, du voxch lines! Ed zilinan erexa jamanak inq xaxum, mer bakerum. mankutyun chtesac serjik@ @nkela mor por@- naxagahakanum lracnelov mankutyan bactoxumner@…Soxomon imastuni asac “es el kancni…”Du qo aroxchutyan masin hoga! Menq qez sirum enq, spasum enq AZATUTYAN mech, mer amenaazat QAXAQACI!

  3. Mleh Ishkhanian (Beirut)
    Ապրիլ 28th, 2010 at 10:42 | #3

    @MM
    +1

  1. No trackbacks yet.