> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԵԼՔԸ

ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԵԼՔԸ

սերժիկ_գյուլՍերժ Սարգսյանի ապրիլքսաներկուսյան ուղերձը լսելուց գրեթե անմիջապես հետո գլխի ընկա, որ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, հայ-թուրքական սահմանը բացված չի եղել: Դատելով Սերժ Սարգսյանի ուղերձի բովանդակությունից` այսօր էլ բացված չէ հայ-թուրքական սահմանը, ինչը նշանակում է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու, մենք չենք գտնվել հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին: Մինչդեռ ինքը` Սարգսյանը, հոկտեմբերի 14-ից ոչ շատ առաջ հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար հոկտեմբերի 14-ին Բուրսա կմեկնի կամ բաց սահմանով, կամ եթե մենք գտնվելիս լինենք սահմանի բացման նախաշեմին: Ճիշտն ասած` Սերժ Սարգսյանի ուղերձի մասին նախնական տեղեկություն ստանալիս` ինձ թվացել էր, թե նա հայտարարելու է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Բուրսա կատարած իր այցը անվավեր ճանաչելու մասին: Այսինքն` ուղերձով դիմելու է հայ ժողովրդին եւ նրան խնդրելու է համարել, թե ինքը 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Բուրսա չի գնացել: «Ինչ էղէ, էղէ»,- մտածում էի` կասի Սերժ Սարգսյանը եւ կավելացնի` «մեր մեջ մնա»: Բայց փոխարենը նա ինչ-որ խրոխտ բաներ ասաց եւ հրամանագիր ստորագրեց, որով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցված է: Սա արդեն հաջորդ կարեւորագույն նորությունն է. փաստորեն` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթաց է գոյություն ունեցել, որը կասեցվել է Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ հայկական կողմը դեռ էն գլխից էր հայտարարել, որ ՀՀ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միայն թուրքական խորհրդարանում վավերացվելուց հետո, եւ մինչ այդ վավերացման հարց չի քննարկվի: Այսինքն, փաստացի, ՀՀ ԱԺ-ում վավերացման գործընթացը կասեցված է եղել այնքան ժամանակով, քանի դեռ Թուրքիան ինքը չի վավերացնի արձանագրությունները, այսինքն` Թուրքիան ինքն է կասեցրած եղել արձանագրությունների վավերացման գործընթացը, եւ Սերժ Սարգսյանը սա նոր է միայն գլխի ընկել:

Այս փաստերի համադրությունը վկայում է, որ ապրիլքսաներկուսյան իր ուղերձով Սերժ Սարգսյանը ընդամենը էժան աչոկներ հավաքելու խնդիր է լուծել: Բանն այն է, որ նրա ուղերձի արդյունքում հայ-թուրքական արձանագրությունների իրավական կարգավիճակի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Հայաստանի ստորագրությունը այդ արձանագրության տակ շարունակում է դրված մնալ, եւ արձանագրությունները, ինչպես եւ նախկինում, ենթակա են վավերացման երկու երկրների խորհրդարաններում, այսինքն` գտնվում են նախավավերացման փուլում: Միակ բանը, որ իր հրամանագրով արել է Սերժ Սարգսյանը հետեւյալն է. նա այդ փաստաթուղթը պետական մի դարակից վերցրել եւ տեղափոխել է մեկ ուրիշ դարակ: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում, ինչպես ինքը` Սերժ Սարգսյանը կասեր, գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում: Այդ գնդակը միշտ էլ Թուրքիայի դաշտում է եղել, եւ ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, դեռ շարունակելու է Թուրքիայի դաշտում լինել: Իսկ Հայաստանը այս հարաբերությունների համատեքստում առայժմ ի զորու է որոշել միայն այսպիսի մի հարց. ու՞մ դարակում պահել հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք սկզբում Էդվարդ Նալբանդյանի դարակում էին, հետո տարան Գագիկ Հարությունյանի դարակ, հետո բերեցին Սերժ Սարգսյանի դարակում դրեցին, հետո տեղափոխեցին Արմեն Ռուստամյանի դարակ, հետո տարան-դրեցին Հովիկ Աբրահամյանի դարակում: Հիմա կարծես որոշեցին հետ տանել Էդվարդ Նալբանդյանի դարակում դնել: Հիրավի, դարակազմիկ եւ խիզախ մի որոշում: Լավն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ այդ քայլն անելու համար ստիպված է եղել խնդրել Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի թույլտվությունը: Այսօր ապրիլի 24-ն է` մեր անցած եւ անցնելիք ուղու մասին մտածելու ամենապատեհ օրը: Այսօր մեր ժողովրդի երթը դեպի Ծիծեռնակաբերդ կլինի սովորականից ավելի խոհուն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 24, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marianna
    Ապրիլ 24th, 2010 at 12:09 | #1

    +1

  2. Mleh Ishkhanian (Beirut)
    Ապրիլ 27th, 2010 at 10:30 | #2

    Inchqan al g@ sazen irar… ayt… lousangarin mech badgervadz 2 turker@. +1

  1. No trackbacks yet.