> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 71.-75.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 71.-75.

71. Մուտուն, Յուլյան, խնամախոսը

72. Նա րեչկե~, նա րեչկե~, նա տոմ բերեժոչկե~…

73. Բոլոր հարցերի պատասխանը

74. Ինչո՞ւ է այսպես

75. Այս հրապարակում դավաճան չկա

* * *

71. Մուտուն, Յուլյան, խնամախոսը

750 գրամանոց «Ընտիր» կոնյակը Սերգեյի հետ դնգեցինք: Երրորդ բաժակից հետո բաժակները ավելորդ դարձան. ես շիշը գլխիս էի քաշում, փոխանցում Սերգեյին, Սերգեյը շիշը գլխին էր քաշում, փոխանցում ինձ:

Ա~խ, ինչ համեղ է էս կոնյակը, մեր կոնյակի գործարանի կոնյակը, այն գործարանի, որ մենք ֆրանսիացիներին վաճառեցինք մի Ադրիան Մուտուի գնով: Ազգայնացում, միայն ազգայնացում. չքվե՛ք, ֆրանսիացինե՛ր, մեր կոնյակի գործարանից կամ էլ լրիվ գինը վճարեք, թե չէ` հաջորդ զանգվածային անկարգությունները հասկանում եք, թե որտեղ են տեղի ունենալու: Վճարե՛ք լրիվ գինը` երեք-չորս Ռոնալդուի սակագնով, ու մնացե՛ք, որովհետեւ, եթե ճիշտն ասեմ, մի քիչ ավելի լավն եք դարձրել մեր կոնյակը: Բայց մի քիչ, շատ քիչ, ու կոնյակն էլ մերն է.

- Էծի արմյանի, Սերգեյ, պրիստավլյայե՞շ, երեւանսկի կանյաչնի զավոդ ֆրանցուզամ պրոդալի զա ստոլկո, զա սկոլկո ռումինի պրոդալի սվայեվո ֆուտբալիստա` նարկամանա ի պրախադիմցա` Ադրիանա Մուտու: Պրիստավլյայե՞շ, Սերյոժա…

- Յեյ Բոգու…, - հազիվ արտասանեց Սերգեյը:

- Պաէտըմու, Սերյոժ, վսե արմյանսկիե ֆուտբոլիստի, վմեստե վզյատի, պլյուս իխ շեֆ, պլյուս յեվո շեֆ` տոժե նարկաման ի պրախադիմեց, նե ստոյատ ստոլկո, սկոլկո Ադրիան Մուտու…

- Յեյ Բոգու, մնե նադը սպածյ, - հազիվ արտասանեց Սերգեյը ու փորձեց վեր կենալ: Ես բռնեցի նրա ձեռքից, ետ նստեց:

- Էծի եվրապեյցի, Սերյոժ, պրիստավլյայե՞շ, վիպենդրիվայուցցա. գավարյատ, շտո կանյակ նուժնո պիծյ կակիմի տը ասոբեննիմի բակալամի, կակիմ տը ասոբեննիմ օբրազըմ սնաչալը բակալ ս կանյակոմ նադը ձերժածյ վ ռուկե: Դալբայոբի վսե անի, Սերգեյ, պատամուշտը նիպանիմայուտ, շտո նաստայաշշի կանյակ նադը պիծյ չերեզ գորլիշկը, Սերգեյ, պրյամը ս բուտիլկի…

- Յեյ Բոգու…

- Զաբեժի՞մ, Սերգեյ, զա կանյակոմ. տուտ նիդալիկո եսծյ մագազին, ի պրադավշիցա` նիչիվո սեբե, զաբեժի՞մ` ա…

- Կլավդիա, զոլուշկա մայա, յա լյուբլյու ծեբյա, բուձյ մայեյ նավսեգդա…

- Յեյ Բոգու, Սերգեյ, ծեբե նադը սպածյ…

Քնեց Սերգեյը, ու ես ինձ մենակ զգացի: Իմ ճանապարհին պատերազմ է պայթել: Ինձ թվում էր, չէր թվում` համոզված էի, տեսնում էի, որ երբ բղանիսեցի Միշան, Մեմեի մարդ Նիկոլյան, ջահել գասուդարյ Դիման խոսում են, նրանց բառերի տակից դուրս է պրծնում իրենց իրական նպատակը, որ խնամքով ուզում են թաքցնել. նրանց նպատակը մեկն է` ամեն ինչ անել, որ ես չհասնեմ Հայաստան, չհասնեմ` երկրի հակառակ կողմից: Բա էս կինտոներին. միտինգ են անում Թիֆլիսում` պրեզիդենտներով, կռվից հետո բռունցքներ թափահարելով: Յուլյան էլ չի դատապարտում Ռուսաստանին: Հիմա շատերը մտածում են` ի՞նչ կա սրա տակ թաքնված, ի~նչ գաղտնի դավադրություն: Ոչ մի դավադրություն էլ չկա. բղանիսեցի Միշիկը` էշ-էշ, Յուլյային ձեռ-մեռ է քցել` իր խասիաթի համաձայն: Ապուշը երեւի մոռացած է եղել, որ Յուլյան էլ կողքի գեղից ա, էլի, Կողբից` նամուսով հայ աղջիկ, ու կերավ բերնին բղանիսեցի Միշիկը…

Յուլյան իրոք լուրջ աղջիկ է` նստած, դուրս եկած: Ես նրան ճանաչում եմ, ու իմ ու Յուլյայի միջեւ էլ վրացական մի պատմություն կա: Ուրեմն` դա Պրագայում էր. Յուլյան անգլերեն չգիտի ու իր հետ, որպես թարգմանիչ, բերել էր աղջկան, որը Քեմբրիջում էր սովորում: Շատ սիրուն էր էդ աղջիկը, ու այնպես ստացվեց, որ ես, Յուլյան, Յուլյայի աղջիկը, որի անունը մոռացել եմ, իրար կողքի էինք նստում կոնֆերանսում:

Երեկոներն էլ բանկետ էր, քեֆ, ուրախություն: Վրացի մի կին կար, անունը` Մանանա: Տարիքով կին էր, իսկական տան տիկին, իսկական մայր, իսկական մորաքույր: Բանկետների ժամանակ, զգում եմ, ինչ-որ բան է մտմտում, գնում-գալիս, գնում-գալիս. մի քիչ Յուլյայենց հետ է կանգնում, մի քիչ մեզ մոտ գալիս:

Զգում եմ` ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Մեկ էլ գալիս թեւս է մտնում, թե` քեզ հետ բան ունեմ խոսելու: Ի՞նչ է պատահել, քալբատոնո Մանանա.

- Որպեսզի էս տխմար կոնֆերանսը գոնե մի արդյունք տա, մի դրական բան արած լինի, պիտի պսակվես. քեզ համար հարսնացու եմ ճարել, - ինձ է ասում Մանանան:

- Ո՞վ է, քալբատոնո Մանանա, - հարցնում եմ:

- Տես` ինչ աղջիկ է` սիրուն, կրթված, - ասում է նա ու ցույց է տալիս Յուլյայի աղջկան. անունը ո~նց եմ մոռացել:

Ես սկսում եմ ծիծաղել.

- Ինչո՞ւ ես ծիծաղում, ա՛յ տղա, - հարցնում է քալբատոնո Մանանան:

- Ես ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ, - ասում եմ ու զգում, որ նրա դեմքին սարսափ է
հայտնվում:

- Բա մատանիդ ո՞ւր է, ա՛յ խելոք, - խեթ-խեթ նայում է ինձ` մի աննկարագրելի ափսոսանք դեմքին…

Էդ օրվանից միշտ մատանի եմ դնում: Բայց այս պատմության մեջ էականը սա չէ, այլ այն, որ էդ կոնֆերանսում ամբողջ աշխարհից եկած տղերք կային` ջահել, սիրուն, բոյով, կրթված, որոնք հերթ էին կանգնում` Յուլյայի աղջկա հետ երկու բառ խոսելու համար: Ես էլ մի խեղճուկրակ` գյուղացի տղա, որ պատահմամբ հայտնվել եմ էդ միջավայրում: Բայց քալբատոնո Մանանան որոշեց, որ հենց ինձ պետք է պսակի Յուլյայի աղջկա հետ. ինչո՞ւ: Որովհետեւ հայ էի, Հայաստանից էի, որովհետեւ ինքը վրացի էր, ես հայ էի, ու էդ պահի իր հարազատը ես էի: Ու էդ պահի իր մտածածը շատ նման էր, ահավոր նման էր հազարավոր հայ մայրերի մտածածին. սիրուն աղջիկ, պերսպեկտիվնի զոքանչ. ինչո՞ւ մեր տղային չդարձնենք ունեցվածքի եւ հեռանկարի տեր: Քալբատոնո Մանանան ուզում էր էդ տխմար կոնֆերանսի մեջ մի լավ բան արած լինի ու էդ լավ բանը արած լինի իր հարազատի համար, իր հարեւանի համար: Կոնֆերանսում մի ամերիկավրացի կար. ազգությամբ վրացի էր, քաղաքացիությամբ ու էությամբ` ամերիկացի, բայց քալբատոնո Մանանան մտահոգված չէր նրա մասին, նրա համար որեւէ բան անելու ցանկություն չցուցաբերեց:

Էդ դեպքից շատ հետո` տարիներ անց, մի աշխատանքային հարցով զանգեցի քալբատոնո Մանանային: Պրագայից հետո ո՛չ տեսել էինք, ո՛չ խոսել: Ու երբ զանգեցի, ներկայացա, հիշեց ու առաջին հարցը, որ տվեց, հետեւյալն էր.

- Երեխաներդ ո՞նց են, կինդ ո՞նց է, ընտանիքդ ո՞նց է:

Նա ո՛չ իմ երեխաներին էր տեսել, ո՛չ կնոջս, բայց առաջինը հետաքրքրվեց նրանցով: Ակնարկը հասկանալի էր. ուզում էր իմանալ` կարո՞ղ է էն ժամանակ պիտի պնդեր, որ ամուսնանայի, փորձ անեի ամուսնանալ Յուլյայի աղջկա հետ, մանավանդ որ Յուլյան հիմա վարչապետ է: Ասացի, որ ամեն ինչ կարգին է, որ երրորդ երեխան եմ ունենալու. կարծես մի քար ընկավ էդ կնոջ սրտից.

- Նու, սլավա Բոգու, սլավա Բոգու, - ասաց նա:

Բայց ինչ հետաքրքիր ու տարօրինակ է. երբ ես Թիֆլիսում էի, Մանանայի մասին չհիշեցի անգամ: Գուցե թե անցել եմ նրա տան, նրա աշխատավայրի կողքով, բայց նրա մասին չեմ հիշել: Ու որպեսզի հիշեի, անհրաժեշտ էր, որ պտտվեի աշխարհի շուրջ, անհրաժեշտ էր, որ պատերազմ սկսվեր Վրաստանում, անհրաժեշտ էր, որ Յուլյան էդ պատերազմում Վրաստանին չպաշտպանի… Ռազմական գործողությունները շուտով դադարեցին, ու ես Զուրաբին զանգելու որոշում կայացրի: Նա ընկճված էր ահագին. գյուղի իրենց ժողովուրդը ստիպված էր եղել փախչել Թիֆլիս եւ ապաստան գտնել իր մոտ: Ու չնայած նրանց գյուղի տուն-տեղը չէր տուժել, վստահ չէին` կկարողանա՞ն վերադառնալ, թե՞ ոչ: Բայցեւայնպես, իմ զանգը Զուրաբին ուրախացրեց. նա երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ ես Նովոսիբիրսկ եմ հասել երկրի հակառակ կողմից ու հիմա ուզում եմ վերադառնալ Հայաստան. բայց մինչ այդ ինձ հարկավոր էր վերադառնալ Վրաստան: Ծովով վերադարձի տարբերակը նա բացառեց ի սկզբանե, որովհետեւ հիմա դա դարձել է ամենառիսկային ճանապարհը: Ու երբ իմացավ, որ անձնագիր ունեմ ու այդ անձնագրով սահմաններ եմ հատել, ասաց, որ եթե օդանավ լինի, կարծում է` խնդիր չի ծագի: Բայց որտեղի՞ց օդանավ գտնենք էս նեղ մաջալին. Ռուսաստանից Վրաստան թռիչք չկա ու չկա: Զուրաբը խնդրեց իրեն ժամանակ տալ, որպեսզի ճշտի, թե ինչ տարբերակներ կան, ինչ հնարավորություններ: Ես էլ նրան խնդրեցի զանգել Իմաստուն Ծերուկին եւ պատմել իմ ծրագրերի մասին. ինքս չէի ուզում զանգել: Զուրաբը պատվիրեց մի շաբաթից զանգել իրեն, ասաց, որ այդ ժամանակահատվածում կփորձի տեղեկատվություն հավաքել եւ ինձ ասելու բան ունենալ: Մենք հրաժեշտ տվեցինք իրար, ու ես զգացի, որ սիրում եմ Վրաստանը. հիմա այն ինձ համար Հայաստանի պես մի տեղ էր:

72. Նա րեչկե~, նա րեչկե~, նա տոմ բերեժոչկե~…

Սերգեյը ստացավ պահեստամասերը եւ հեռացավ` իր հետ տանելով Կլավդիայի զարմանահրաշ կոշիկները, Պավելը անհետացել ու չէր երեւում, իսկ ես ապրում էի Զուրաբին զանգելու օրվա սպասումով: Այդ օրերը ծանր էին անցնում. փորձեցի գիրք կարդալ, բայց շուտով հասկացա, որ անհնար է: Ասենք, կարդում էի տասը էջ ու մեկ էլ արձանագրում, որ կարդացածից ոչինչ չեմ հիշում եւ կարդալու ողջ ընթացքում մտածել եմ միայն այն մասին, թե ի՞նչ կասի Զուրաբը, Վրաստան հասնելու ի՞նչ երթուղի կառաջարկի եւ կառաջարկի՞ արդյոք:

Հյուրանոցի սենյակից շատ քիչ էի դուրս գալիս. մոտակա սուպերմարկետներից մեկում մրգերի լավ բաժին կար, եւ դա իմ ամենօրյա այցելությունների օբյեկտն էր: Զանազան մրգեր ու գազար էի գնում եւ անշտապ կտրտում ու համտեսում` հեռուստացույցի առաջ կամ սպորտային մամուլը նայելով: Զուրաբին զանգելու օրը չնայած դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, եկավ, ու շատ ավելի դժվար սկսեցին անցնել այն ժամերը, երբ ես արթնացած պետք է սպասեի, որ լուսանա նաեւ Թիֆլիսում: Այդ ժամանակն անցկացրեցի Օբ գետի ափին զբոսնելով. ձմեռային սառնությունը արդեն իսկ ակնարկում էր իր մասին: Իմ մեջ նաեւ ուժ գտա սպասելու, որ Թիֆլիսում կեսօր լինի, ապա միայն զանգեցի: Զուրաբը ասաց, որ առաջիկայում Ռուսաստանից Թիֆլիս թռչելու տարբերակը կարելի է բացառել: Սակայն ինքը տեղեկություն ունի, որ մոտակա տասն օրվա ընթացքում դեպի Թիֆլիս չվերթներ են սկսվելու Բիշքեկից եւ Կիեւից: Ու եթե ես հասնեմ Կիեւ կամ Բիշքեկ, կարող եմ թռչել Թիֆլիս:

Իրար հետեւից մի քանի օր զանգում էի Զուրաբին, եւ նա նոր տեղեկություններ էր ինձ հաղորդում: Ի վերջո հաստատվեց, որ Բիշքեկից թռիչք է լինելու Թիֆլիս: Ես անմիջապես ճշտեցի, որ Նովոսիբիրսկից Բիշքեկ թռիչքներ իրականացվում են, եւ իրականացնում է ոչ միայն ռուսական, այլեւ ղրղզական ավիաընկերություն: Շտապեցի գտնել այս ավիաընկերության տոմսարկղը եւ փորձեցի Նովոսիբիրսկ-Բիշքեկ-Թբիլիսի տոմս ձեռք բերել: Ինձ ասացին, որ դեպի Բիշքեկ տոմս գնելը խնդիր չէ, ինչ վերաբերում է Թբիլիսիին, առայժմ համապատասխան տեղեկություն չունեն: Ես կոնյակ ու շոկոլադ նվիրեցի տոմսարկղի սիրունատես աղջկան, թողեցի իմ հեռախոսահամարը, հյուրանոցի հասցեն, տվյալներս ու խնդրեցի` երբ Թբիլիսիի հարցը լուծվի, ինձ համար անմիջապես տոմսեր վերցնել ու տեղյակ պահել: Երեք օրից աղջիկը զանգեց եւ ասաց, որ հաջորդ շաբաթ թռիչք է լինելու Բիշքեկից-Թբիլիսի, եւ Նովոսիբիրսկից կարող եմ թռչել այնպես, որ երկու ժամ ընդմիջումից հետո շարունակեմ ճանապարհս դեպի Վրաստանի մայրաքաղաք: Ես շտապեցի տոմսարկղ, ճանապարհին էլ մի հատ մեծ անանաս գնեցի տոմսավաճառուհու համար: Ի վերջո իմ ձեռքին հայտնվեցին դեպի Թիֆլիս տանող ուղեգրերը, եւ ես այդ մասին տեղյակ պահեցի Զուրաբին:

Վերջինս ասաց, թե ինձ կդիմավորի եւ կփորձի հնարավոր վտանգները շրջանցելու ուղիներ գտնել: Մինչ թռիչքի օրը, սակայն, ես պետք է դեռ մեկ շաբաթ անցկացնեի ու չգիտեի` ինչպես: Մտածեցի զանգել Պավելին, բայց չզանգեցի: Գիրք կարդալը ավելի անհնար էր դարձել, լուրերը առաջվա պես ներվայնացնող էին:

Օբ գետը այս իրավիճակում իսկական փրկություն դարձավ ինձ համար. ժամերով քայլում էի նրա ափերով, նստում մի նստարանի ու կարդում սպորտային մամուլ: Ձմեռը, սակայն, արդեն վրա էր տալիս, ու անհնար էր առանց տաք շորերի: Մի պսպղան խանութ էի տեսել. գնացի վերարկու եւ տաք կոշիկներ գնելու. բայց քանի որ ժամանակ սպանելու խնդիր ունեի, այդ գործընթացը անհնարինության չափ երկարացրի: Այդ օրը դատարկ խանութում ձանձրացող վեց աղջիկների հոգատար օգնությամբ փորձեցի բոլոր հնարավոր մոդելները, քննարկեցի բոլոր հնարավոր տարբերակները, երկու անգամ սուրճ խմեցինք. ուրախ ժամանակ անցկացրինք, կարճ ասած: Ի վերջո հայտարարեցի, որ տեսականին շատ մեծ է, իսկ վերարկուի ընտրությունը ամուսնանալու պես բան է, ու չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել:

Աղջիկներին շատ դուր եկավ իմ համեմատությունը, եւ պայմանավորվեցինք հանդիպել վաղը նույնպես: Հաջորդ օրը պայմանավորված ժամին (հանդիպումը նշանակել էին այնպիսի ժամի, որ տնօրենը տեղում չլինի) մի շիշ «Մարտինի» թեւիս տակ` մի մեծ տուփ «Ռաֆայելո» էլ հետը, մտա խանութ: Այն երեկվա պես դափ-դատարկ էր, եւ ձանձրացող աղջիկները, ինձ տեսնելով, պայծառացան: Մեր խոսակցությունը խիստ գործնական էր. անվտանգության ծառայության երկու աշխատակցի կասկածող հայացքների ներքո սուրճի բաժակներով թաքուն «Մարտինի» էինք գըմփըցնում, «Ռաֆայելոյով» համտես անում ու քննարկում վերարկու-կոշիկների զանազան մոդելներ, խոսում այն մասին, թե ինչ կարեւոր գործ է հագուստի ընտրությունը, եւ սխալ որոշումը կարող է ճակատագրական լինել: Այս մասը շեշտում էինք հատկապես այն ժամանակ, երբ անվտանգության տղերքից մեկնումեկը լքում էր իր խցիկը եւ պտույտ կատարում տարածքում:

Խանութը նոր-նոր էր բացվել ու գործնականում հաճախորդներ չուներ, ու երբ ինչ-որ մի փախած դեմք ներս էր մտնում, աղջիկներից մեկը արագ ցրում էր նրան ու վերադառնում: Այսպես` ընդհանուր խորհրդակցության արդյունքում որոշվեց, որ չի կարելի միայն վերարկու-կոշիկով բավարարվել: Եվ հարկավոր է նաեւ համապատասխան կոստյում, փողկապ, վերնաշապիկ եւ ճարմանդներ գնել: Ես ամեն ինչի հետ համաձայնեցի, բացի ճարմանդից: Ու ողջ գործընթացը սկսվեց ամենասկզբից` հագնում էի ու հագնում, այդպես` առանց հոգնելու ու դադարի: Ըստ էության, մենք տունտունիկ էինք խաղում, եւ պետք է ասել` այս տարիքում այդպիսի խաղերը շա~տ ավելի հաճելի են:

Որոշում կայացնելը, այնուամենայնիվ, դժվար էր: Ու մեծ էր գայթակղությունը` չշտապել ու կարեւորագույն այս խնդրով զբաղվել հաջորդ օրը նույնպես: Բայց ակնհայտ էր, որ եթե տունտունիկը վաղը նույնպես շարունակվի, պետք է նաեւ բայիկ անենք: Ու չնայած աղջիկներին, թերեւս, այնքան էլ պարզ չէր, թե ինչու չի կարելի բայիկ անել, հսկայական ներքին դիմադրությունը հաղթահարելով` մենք ընտրություն կատարեցինք: Երբ արդեն ընտրությունը կատարված էր, աղջիկներից մեկը, տնօրենին զանգելով, աննկարագրելի զեղչեր պոկեց նրանից, ես էլ առատ թեյավճարով պարգեւատրեցի նրանց: Ու էլի վերադարձա իմ առօրյային` Օբ գետ, սպորտային մամուլ, միրգ ու գազար:

Իհարկե, անընդհատ մտածում էի, որ գուցե սկզբունքայնությունը տվյալ դեպքում անիմաստ է, եւ անհրաժեշտ է նաեւ ճարմանդ ու համապատասխան վերնաշապիկ էլ գնել, բայց հաջորդ օրը տեղի ունեցած մի դիպված անսպասելիորեն ընդհատեց իմ այդ մտածումները: Երբ ծայրից ծայր կարդացել էի «Սավեցկի սպորտի» հերթական համարը ու քայլում էի ափամերձ պուրակով, բուշլաթների մեջ փաթաթված երեք մուժիկ տեսա, որ կուչ էին եկել մի նստարանի վրա: Երբ ավելի մոտեցա, տեսա, որ նստարանի վրա մի հին թերթ փռած` կոպեկ-կոպեկ փող են հաշվում. թերթն էլ փռել են, որ մետաղադրամները արանքներից ցած չթափվեն: Արարողության իմաստը պարզ էր: Ու չնայած նոր շորերս հագել-կապել էի, ու դրանց վրայից վեց աղջիկների բույրն էր բուրում, հետագա անելիքիս հետ կապված կասկածներ չունեի: Մի հատ նայեցի մուժիկների դեմքին` կարգին տղերք էին, վստահությունս ամրապնդվեց: Աներկբա մոտեցա ու հազար ռուբլի դրեցի նրանց հավաքած փողերի վրա: Տղերքը սկզբից չէին հավատում իրենց աչքերին, բայց երբ ռուբլիները շոշափեցին, հրաշքը դարձավ իրականություն: Նրանք ինձ նայում էին` ինչպես երկնային տեսիլքի կնայեն. իմ հագուկապն էլ հաստատում էր այդ տիեզերական կարգավիճակը:

- Բայց երեք պայման ունեմ, - նրանց զարմացած դեմքերին նայելով` ասացի ես:

- Վալյայ, - ուշքի գալով` արտասանեց նրանցից մեկը:

- Ադնառազըվի բաժակներ էլ ենք առնում:

- Կլինի: Էդ մեկ:

- Զակուսկի էլ ենք վերցնում:

- Ունենք, հարց չկա, - ասաց մյուսը ու նստարանի տակ դրած տոպրակից կես բոքոն ու կես ապխտած ձուկ հանեց:

- Չէ, - ասացի, - էդ ձկան հոտը կկպնի շորերիս. նոր եմ առել: Ձիթապտուղ ենք առնում, պանիր, հաց, երշիկ:

- Ձիթապտուղը հերիք է, էլի, - անվստահ ասաց երրորդը, բայց ես պնդեցի:

- Եվ վերջապես, - շարունակեցի ես, - արաղը պետք է առնվազն 200 ռուբլիանոց լինի:

- Բայց ախպերս, - չդիմացավ երրորդը, - էդ փողի երեք շիշ կառնենք:

- Էսօր թագավորական քեֆի օր է, էլ դիշիվիտներ չանեք, - ասացի ես:

Առաջինը, որ ակնհայտորեն խմբի ղեկավարն էր, ձեռքը ինձ պարզեց եւ ասաց` պա ռուկամ: Երրորդը սկսեց հավաքել փողերը, ու հասկանալի էր, որ նա է միշտ առեւտուրը անում: Բայց առաջինը` խմբի ղեկավարը, կանխեց նրան, ու ինչքան հասկացա, որպես բացառիկ դեպք, ինքը գնաց խանութ: Ու մինչ ես հարցուփորձ էի անում, թե Օբ գետում ինչ ձուկ կա, ինչպես են բռնում, խորն է գետը, թե` ոչ, մեր բանագնացը վերադարձավ: Գնել էր երեք շիշ «Օսոբայա Մոսկովսկայա» օղի, մի բանկա կանաչ զեյթուն, մի քանի կտոր հոլանդական պանիր, ահագին որսորդական երշիկ ու հաց: Ես շատ գոհ մնացի նրա արած գնումներից ու հասկացա, որ Վիտալին կյանք տեսած տղա է: Իմ կարդացած «Սավեցկի սպորտը» փռեցինք նստարանի վրա, սեղան բացեցինք: Ու երբ լցնում էինք օղին, այդ ժամանակ միայն նկատեցի, որ պլաստմասսե բաժակները ոչ թե օղու են ու փոքր, այլ հյութի են ու մեծ: Լցրեցին բաժակները իրենց չափանիշներով: Ու քանի որ սառնությունը, տեղանքը, միջավայրը խմելու էր տրամադրում, ես չառարկեցի: Վերցրինք բաժակները, նրանցից մեկը ասաց` պայեխալի, ու խմեցինք: Չնայած դժվար էր` բաժակը դատարկեցի մինչեւ վերջ, չնայած դժվար էր` առաջինից հետո ոչինչ չդրեցի բերանս, ու քանի որ դժվար էր, բաժակը տեղը դրեցի ու ասացի.

- Թուրքը խմի…

Էսպես իջեւանցի պատշարներն են ասում` գործից հետո համով հացի հետ տնական յաթրջի խմելիս: Էդպես ասում են ոչ թե նրա համար, որ չեն ուզում խմել կամ զզվում են արաղից: Էդպես ասում են սեղանի շուրջ աչքները պլշած երեխաների համար, իբր վատ բան է արաղը ու խմելն էլ` տանջանք:

Երկրորդն էլ խմեցինք ու սկսեցինք ուտել: Ուտում էինք, խմում ու խոսում: Ի՞նչ էինք խոսում, անհասկանալի է ու անպատմելի: Խոսում էինք իրար զուգահեռ, իրարից անկախ, ավտոնոմ ու սուվերեն: Բայց էդ խոսակցությունից մի բան հասկացա, որ մարդու լավ կամ վատ ապրելը, մարդու երջանկությունը արտաքին ձեւերից չէ կախված, այլ ներսում է որոշվում, ներսում է վճռվում.

- Կյանքը լավ բան է, - ի վերջո ասաց տղերքից մեկը:

Այս ակնարկը ինձ հուզեց, ու ես, դեմքով դեպի Օբ գետը կանգնած, էդ անծայրածիր ջրին նայելով` ձենս գլուխս գցեցի.

- Նա րեչկե~, նա րեչկե~, նա տոմ բերեժոչկեեե~ միլա Մարուսենկա բելի~յե նոժկի…

Շարունակությունը չգիտեի, ու տղերքը ինձ շարունակեցին, ու ոչ թե երգում էինք, այլ գոռում: Ի վերջո ցամաքեցին շշերը, եւ վերջին բաժակը խմելիս երկրորդը ասաց.

- Դայ, Բոժե, զավտրա տոժե…

73. Բոլոր հարցերի պատասխանը

Առավոտյան արթնացա հաճելի զգացումով, որ վաղը այս ժամին օդանավակայանում եմ լինելու: Բայց հեռուստացույցի վահանակի կոճակը սեղմելուն պես լսեցի «Բիշքեկ» բառը` մի տագնապալի շեշտադրմամբ. լուրերը հաղորդում էին, որ Բիշքեկի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, հարյուրից ավել մարդ է զոհվել: Այսպիսի լուրով սկսվեց օրը, եւ առաջին գործը, որ արեցի, ավիաընկերության գրասենյակ զանգել-ճշտելն էր, թե արդյոք մեր թռիչքը կարող է հետաձգվել:

Ասացին, որ այս պահին կոնկրետ բան ասել չեն կարող, բայց հետաձգման մասին տեղեկություն էլ չկա: Լոգանք ընդունեցի` վատ տեղեկության տպավորությունը հաղթահարելու համար, հետո գնացի նախաճաշելու: Ուզում էի այդ օրը Օբ գետի որեւէ ձուկ պատվիրել ճաշին, բայց զգացի, որ ախորժակ չունեմ: Մի թեթեւ նախաճաշեցի, վերցրի օրվա մամուլն ու բարձրացա սենյակ: Թերթ էի կարդում, երկու ժամը մեկ զանգում ավիաընկերություն: Երրորդ զանգից հետո ասացին, որ վաղվա թռիչքը մեծ հավանականությամբ կայանալու է, համենայնդեպս` հետաձգման հավանականությունը փոքր է եւ գնալով ավելի է փոքրանում: Սա մի քիչ աշխուժացրեց ինձ, անգամ քաղց զգացի:

Բայց Օբի ձուկ ուտելու մտադրությունս մարել էր անվերադարձ. զանգեցի ռեստորան, հարցրի` արդյո՞ք բորշչ ունեն: Ասացին` այո. բայց, դե, բորշչը խասիաթով ճաշատեսակ է, կարող է եւ լավը չլինել: Մյուս կողմից` Ռուսաստանում բորշչ ուտելը մի առանձնահատուկ էֆեկտ է, մանավանդ եթե պատրաստված է խոզի մսով: Իսկապես, խոզի մսով բորշչը յուրահատուկ համ ունի, եթե, իհարկե, խոհարարը գիտի, թե հատկապես ինչպիսի մսեր են պետք այդ ճաշատեսակի համար, սալի ինչպիսի հաստությամբ շերտով: Էս հյուրանոցի խոհարարը գիտեր: Երկու-երեք գդալ համտես արի, ապա եւ ափսեիս մեջ շուռ տվեցի փոքր տուփով թթվասերը, ու այս բորշչ ուտելը նման էր խաշի սեզոնի բացման: Եղանակը հուշում էր, որ Նովոսիբիրսկի հայկական ռեստորաններում հիմա նաեւ խաշ են տալիս. բայց եթե մյուս ռիսկերը հաշվի չառնենք, բորշչի ու խաշի տարբերությունը այն է, որ բորշչը մենակ կուտվի, իսկ խաշը` ոչ: Կերա բորշչը` ի նշանավորումն իմ այդօրվա մենակության, եւ սեփական ձեռքերով բորշչ կամ խաշ կամ խաշլամա եփելու ցանկություն զգացի: Ցանկություն զգացի մտնել Երրորդ մասի շուկա ու խանութներ ու ընտրել մթերքները հատիկ-հատիկ, ընտրել լավագույնները լավագույն գնով, սակարկել ու իջեցնել, իջեցնել ապրանքի գինը մինչեւ անհնարինություն: Երբ ինձ հարցնում են, թե ինչպես եմ մթերքներ ընտրում, իսկ ես ընտրում եմ լավագույնը, մի պարզ ու հասկանալի պատասխան եմ տալիս. երբ մտնում ես շուկա կամ խանութ եւ ուզում ես քո ուզած ապրանքը գնել, պետք է զննող հայացքով նայես ցուցափեղկերին ու պիտի գնես այն ապրանքը, որ քեզ կնայի: Շատերը զարմանում են, ասում են` բա միսը կնայի՞, լոլիկը կնայի՞, կանաչին կնայի՞: Վա~յ, տնաշեններ. դուք ո՞նց եք մթերք գնում, եթե էդ մթերքը ձեզ չի նայում: Ուրեմն` փողը ջուրն եք լցնում, քամուն տալիս: Ու ոչ միայն խանութում. տանը սեղանի շուրջ, երբ ձեր առաջ մի մեծ ափսե խորովածի կիտուկ է դրած, դուք ո՞նց եք ընտրում, թե որ կտորը վերցնեք: Դե, ընտրում ենք, էլի` ասում են: Էդպես չեն ընտրում, պիտի թիքեն, խորովածի կտորը նայի քեզ, որ դու վերցնես հենց իրեն: Թե չէ` ո՛չ համ կլինի մեջը ու ո՛չ էլ հոտ…

- Վտարոյե բո՞ւձիծե, - հարցնում է մատուցողը:

- Եթե նկատի ունեք բորշչի երկրորդ ափսեն, այո: Բայց քիչ կլցնեք:

Ճաշելուց հետո զանգեցի ավիաընկերություն` համոզվելու համար, որ թռիչքը կայանալու է: Հաստատեցին, ես էլ փակեցի իմ հաշիվները հյուրանոցի հետ ու բարձրացա սենյակ: Քնելուց առաջ էլ օդանավակայան զանգեցի` իմանալու համար, թե վաղվա իմ թռիչքի ժամերին դեպի Երեւան կամ Երեւանից ռեյս կա՞, թե՞ ոչ: Ասացին` չկա, սա նշանակում էր, որ Բիշքեկ թռչելուց առաջ որեւէ ծանոթի հանդիպելու հավանականությունը շատ փոքրանում էր, ինչը վատ չէր:

Պայմանավորված ժամին զանգը ինձ արթնացրեց. միակ ճամպրուկս հավաքված էր ու թեթեւ: Տաքսին սպասում էր ու, ինձ վերցնելով, մղվեց դեպի օդանավակայան: Ուղեւորների հաշվառումը սկսվել էր: Հաջող անցա ստուգումները, եւ որպեսզի դեմքս կասկածելի արտահայտություն չունենա, այդ ընթացքում անընդհատ մտածում էի Սերգեյի ու Կլավդիայի, հագուստի խանութի վեց աղջիկների ու Օբի ափին ունեցած կերուխումի մասին: Ոչինչ չէր մատնում իմ միջազգային հետախուզվող լինելը, հոգուստ-կապուստս էլ պետք է ասեր, որ Բիշքեկ եմ մեկնում պաշտոնական այցով:

Ուղեւորների 90 տոկոսը ղրղզստանցիներ էին, նրանց մի մասը` ազգային-գյուղական հագուկապով, մյուս մասը` ոչ գյուղական, բայց թառամած հագուստով, մի մաս էլ կար` հագած-կապած: Մի քանի աղջիկներ ուշադրությունս գրավեցին` ինձ համար անծանոթ իրենց գեղեցկությամբ: Ամեն ազգի գեղեցկություն մի յուրօրինակ, ուժեղ հմայք ունի, մի անկրկնելի ձգողականություն` անկրկնելի, մատնահետքի նման: Ես հույս ունեի օդանավում հաղորդակցվել այդ գեղեցկության հետ, բայց երբ ուղեկցորդուհին ցույց տվեց իմ տեղը, հիասթափություն ապրեցի: Ճիշտ է, իմ շարքում` պատուհանի մոտ, մոտ 40 տարեկան մի սիրունատես կին էր նստած, բայց նրա կողքին էլ տղամարդ կար, ու հենց վերջինիս կողքին էլ ես պետք է նստեի: Քաղաքավարի բարեւեցի, ճամպրուկս եւ վերարկուս դրեցի պահախցում եւ նստեցի: Այս ընթացքում հասցրեցի նկատել, որ կնոջ աչքերից անընդհատ արցունք է հոսում, իսկ տղամարդն էլ նրա ձեռքը բռնել է ամուր` որպես սիրո, մխիթարանքի, քնքշության արտահայտություն: Նրանք ամուսիններ էին, տարեկիցներ, ազգությամբ ղըրղզ, բայց, ինչպես հետո իմացա, ապրում էին Նովոսիբիրսկում: Դժվար չէր գլխի ընկնել, որ ինչ-որ բոթ է նրանց տանում հայրենիք.

- Ինչ-որ բան է պատահել, այո՞, - տղամարդուն հարցրեցի ես:

- Այո, կնոջս հայրն է մահացել, - պատասխանեց տղամարդը. անունը Դանիյար էր:

Թռիչքից առաջ կինը դեղ խմեց, ըստ ամենայնի` քնաբեր, եւ երբ օդ բարձրացանք, նա արդեն քնել էր: Ցերեկ էր, եւ քնելը այնքան էլ հեշտ գործ չէր ինչպես իմ, այնպես էլ Դանիյարի համար: Սկսեցի հարցուփորձ անել հանգուցյալի մասին, Դանիյարը ինչ-որ ժլատ տեղեկություններ էր տալիս.

- Երեւի ձեր կինը վաղուց չի տեսել հորը, - հարցերիս շարանը շարունակեցի ես:

Դանիյարը մի տարօրինակ հայացքով նայեց ինձ ու ասաց.

- Քսան տարի…

Այս պատասխանը ինձ տարօրինակ թվաց. ինչո՞ւ պիտի այս գեղեցիկ, երիտասարդ կինը, որը, ըստ ամենայնի, հաջողակ ընտանիք ու ամուսին ունի, 20 տարի տեսած չլինի հորը: Ու չնայած ստացվում էր, որ մի տեսակ շատ հարցեր եմ տալիս, բայց զգում էի, որ սրա տակ մի պատմություն կա, եւ ուզում էի իմանալ: Դանիյարն էլ սկզբից դժկամությամբ էր զրույցի բռնվում, բայց, դե, զգացվում էր, որ լցված է, եւ խոսելը չի խանգարի, մանավանդ ես շատ զգույշ էի եւ ամեն ինչ անում էի, որ զրույցի իմ մղումը անառողջ հետաքրքրասիրության տպավորություն չգործի:

- …հայրը նրան չի ցանկացել տեսնել, - ի վերջո շարունակեց նա:

Հետագա պատմությունը չափազանց հետաքրքրական էր. 20 տարի առաջ Դանիյարը` մի որբ տղա, մանկատունն ավարտելով, վերադարձել է իր նախնիների գյուղ` մի հեռավոր աուլ: Այստեղ, ահա, նրա եւ նրա կնոջ միջեւ սիրավեպ է բռնկվել, իսկ կինը այն ժամանակ արդեն ամուսնացած է եղել մեկ ուրիշ երիտասարդի հետ, որը գտնվելիս է եղել բանակում: Ի վերջո Դանիյարն ու իր կինը փախել են այդ հեռավոր գյուղից եւ Նովոսիբիրսկում կառուցել իրենց երջանկությունը: Հիմա նրանք երեխաներ ունեն, հաշտ ու ամուր ընտանիք: Բայց աղջկա հայրը նրան չի կարողացել ներել այդ փախուստը եւ իր աննախադեպ խայտառակությունը.

- Մենք չգիտենք էլ` ճի՞շտ ենք անում, որ գնում ենք այդ թաղմանը, եւ ի՞նչ կլինի: Խնդիրը միայն հանգուցյալի հետ մեր ունեցած բարդ հարաբերությունները չեն, ի վերջո` այնտեղ է լինելու կնոջս նախկին ամուսինը, նրա հայրը, բարեկամները: Չգիտեմ` մեր աուլը ինչպե՞ս կդիմավորի մեզ, - բացատրում էր Դանիյարը:

Բայց ինձ զբաղեցնում էր ոչ թե այն, ինչ կլինի, այլ այն, ինչ եղել է: Երկար ժամանակ ես խորհում էի տեղի ունեցածի մասին.

- Դանիյար, ինձ թույլ կտա՞ք մի քանի հարց տալ ձեզ, - ի վերջո հարցրեցի ես:

- Խնդրեմ, իհարկե. իսկ ինչի՞ մասին:

- Դրանք անձնական բնույթի կլինեն:

- Եթե պարկեշտության սահմանը չեք անցնի, խնդրեմ, - ասաց նա:

- Ձեզ երբեք չի՞ գայթակղել կամ կատաղեցրել այն միտքը, որ ձեր կինը, կներեք, ուրիշ տղամարդու հետ էլ է եղել, - հարցրի ես:

Դանիյարը միանգամից չպատասխանեց. նա մտածեց մի քիչ, ապա ասաց.

- Ես հասկանում եմ, թե դուք ինչ զգացողություն նկատի ունեք, բայց գիտե՞ք, սերը տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Ես ոչ թե ապրել եմ այն մտքով, որ նա ինչ-որ ուրիշի հետ անկողին է կիսել, այլ այն մտքով, որ նա ինձ հետ է, եւ դա իսկական երջանկություն է: Ավելին` շատ հաճախ վախեցել եմ` գիտակցելով, որ ես նրան գրեթե կորցրել էի, գրեթե. ի վերջո, հասկանում եք, չէ՞, դա Սերբիա չէ, Եվրոպա չէ. դա մի հին, խուլ, հետամնաց գյուղ է, որտեղ մարդկանց զգացմունքները, կարծիքները ոչինչ են ավանդույթի, մեծերի կարծիքների համեմատ: Ու մենք` 19, 20 տարեկան երեխաներ: Ու նա` 19 տարեկան կին, հարս: Մեր երջանկությունը կարող էր եւ չկայանալ. ի վերջո, մենք կարող էինք չհանդիպել հնձի ու արտի ժամանակ, իմ կամ նրա վճռականությունը կարող էր եւ չբավականացնել: Մենք գտանք մեր երջանկությունը, բայց դրա համար հարկավոր էր, որ դուրս գանք ավանդույթի, բարոյականության հռչակված նորմերի, ողջ աուլի, բոլորի, անգամ ինքներս մեր դեմ: Եվ գիտե՞ք, այս հանգամանքը մեզ շատ օգնեց մեր դժվարությունների, ընտանեկան վեճ ու կռվի ժամանակ, որովհետեւ մենք գիտակցում էինք, որ մենակ ենք ողջ աշխարհում, նահանջի տեղ չկա, չունենք ոչ մի ապաստան` իրարից բացի:

Դանիյարը հանեց թաշկինակը եւ աչքերը սրբեց.

- Եվ հիմա ես մտածում եմ` ինչո՞ւ ենք մենք վերադառնում այնտեղ: Հարգանքի տուրք մատուցելո՞ւ հանգուցյալին, հաշտվելո՞ւ աուլի հետ, թե՞ մեր հաղթանակը նրանց երեսին շպրտելու: Երեխաներին չվերցրինք, որովհետեւ չգիտեմ` ինչ է լինելու, իսկապես չգիտեմ:

- Իսկ դուք երբեք չե՞ք վախեցել, որ այնպես, ինչպես դուք եք ուրիշի կնոջը խլել, այնպես էլ ձեզնից կարող են խլել, - հարցրի ես:

Դանիյարը խեթ-խեթ ինձ նայեց. ինձ թվաց, թե նա կասի` մի՞թե ես նման եմ մի մարդու, որի կնոջը հնարավոր է խլել: Գուցե թե նման բան մտքով անցավ էլ, բայց ինձ տված պատասխանը լրիվ ուրիշ էր.

- Ես ձեզ նույն կերպ կպատասխանեմ: Եթե նման բան տեղի ունենա, կնշանակի, որ նա ինձ չի սիրում այլեւս, կնշանակի, որ ես նրան հնարավորություն եմ տվել ինձ չսիրել, ասել է թե` ես ինքս էլ չեմ սիրում: Ու եթե չենք սիրում, ի՞նչ իմաստ ունի մեր համատեղ կյանքը, որ հարեւանները ասեն` տեսեք ինչ լավ ընտանի՞ք է: Կան, այո, ընտանիքներ, որոնցում սերը երբեք ներկա չի էլ եղել, ու այստեղ մարդիկ ողջ կյանքը ապրում են հանդուրժողականության մթնոլորտում` իրար հանդուրժելով: Բայց այն ընտանիքներում, որոնց հիմքում սեր է ընկած, իսկական սեր, նրանք չեն կարող ապրել այդպիսի պայմաններում, շնչահեղձ կլինեն, կմեռնեն: Եվ եթե բաժանումը, փախուստը փրկություն է կամ էլ իսկականը, հոգեւորը գտնելու թեկուզ տեսական հնարավորություն, դա ճիշտ որոշում է, - ամփոփեց նա:

Օդանավը թեթեւ ցնցվում էր. հրամանատարը խնդրեց կապել անվտանգության գոտիները: Մենք մտնում էինք տուրբուլենտ գոտի:

74. Ինչո՞ւ է այսպես

Մեր օդանավի հետ ոչ մի վատ բան չպատահեց եւ վայրէջք կատարեցինք Բիշքեկում: Բայց երբ ինքնաթիռը հպվեց գետնին ու դանդաղեցնում էր երկնային ընթացքը, թռիչքուղու դարուփոսերը զգալ էին տալիս իրենց, ու միանգամից գլխի ընկա, որ տխուր տեղ է Բիշքեկի օդանավակայանը: Դեպի Թիֆլիս թռիչքը եւս երկու ժամով հետաձգվել էր, եւ ես ստիպված էի սպասել: Այստեղ ահագին տաք էր եղանակը. նստել էի մի մետաղե նստարանի, վերարկուս փռել կողքի նստարանին ու Նովոսիբիրսկից վերցրած թերթեր էի կարդում: Շուրջս ոչ ոք չկար. միայն ժամանակ առ ժամանակ հավաքարարն էր անցնում` մի մաշած փալաս ետեւից քարշ տալով, ու մի ճմրթած ոստիկան, գլխի չափ ռացիան կողքից կախած, տասը րոպեն մեկ` իբր գործերով, անցնում էր դիմացովս` մուշտարու հայացքը թաքուն վրաս գցելով: Նրա մտածածն էն էր, թե մի հարյուր ռուբլի պոկելու փորձ անի՞, թե՞ ոչ: Ի վերջո սկսեց չերեւալ, ինչը նշանակում էր` վճռականությունը չի հերիքել:

Լռություն էր, մի մեռելային լռություն: Իմ թիկունքում` ապակիներից այնկողմ, մի քանի ինքնաթիռ էր ծուռումուռ կանգնած: Դիմացս կախած փոշեպատ մոնիտորի վրա մի քանի տող էր լուսավորվում` առաջիկա ժամերին սպասվող հատուկենտ թռիչքների մասին: Մյուս սրահի խորքում մի տաղավար կար` կարկանդակի եւ այսպիսի ուտելիքի: Նաեւ սուրճ էին տալիս:

Մի քիչ կարդալուց հետո մոտեցա, երեք կարկանդակ վերցրի ու լիմոնադ: Ինձ թվում էր, թե այդ երկու-երեք ժամերը չեն անցնելու ոչ մի կերպ: Ի վերջո երկու երիտասարդ հայտնվեցին ու նստեցին կողքի սեղանին` փարատելով մտավախությունս, թե ես այս անիծյալ օդանավակայանի միակ ուղեւորն եմ: Զարմանալի է, թե ինչու է այսպես. ինչո՞ւ այսքան խղճուկ է Բիշքեկի օդանավակայանը, եւ ինչո՞ւ այդքան փառահեղ էր Էդինբուրգի օդանավակայանը:

Էդինբուրգի օդանավակայանից բաժանվելն անգամ դժվար է. մարդկային հոսանք, մարդկային հեղեղ, որպես մի անընթեռնելի հանրագիտարան: Մարդկային դեմքեր, հայացքներ, աչքեր, կրծքեր` պահ մտած եւ կիսաբաց, տոտիկներ, կլորիկ հետույքներ, ցանկություններ, փնտրտուք, գույներ, ճաշակներ, ազգեր, երեխաներ, քայլվածքներ, պահվածքներ. մի այնպիսի բազմազանություն, որի դիտումը միայն կլանում է, կլանում է մարդուն: Էդինբուրգում տեսա, թե ինչքան շատ բանի մասին են խոսում մարդկային դեմքերը, շարժուձեւերը, հայացքները. եւ երկու ժամ մարդկային հեղեղին հետեւելուց հետո հասկացա, թե որքան ավելի շատ բան գիտեմ: Այդ գիտելիքը, սակայն, հնարավոր չէ ձեւակերպել, այն հնարավոր չէ փոխանցել ուրիշներին, այդ գիտելիքը մի տեսակ ընդմիշտ մնում է կրծքիդ տակ: Իսկ թռիչքներն ու վայրէջքները ավետող մեծ ցուցատախտակները, հսկայական ցուցատախտակները ո՛չ դադար ունեն, ո՛չ հանգիստ, քեզ թվում է, թե ուր որ է կպայթեն: Եվ ահա, դու քեզ զգում ես աշխարհի ամենակենտրոնում, որովհետեւ հենց քեզ հետ նույն տանիքի տակ գտնվում են մարդիկ, ովքեր թռչում են Վալենսիա, Մարսել, Ֆրանկֆուրտ, Վարշավա, Նյու Յորք, Չիկագո, Մալթա, Մոսկվա, Ալժիր, Դելի, Պեկին, Օսլո, Կոպենհագեն, Սարաեւո, Կահիրե, Թունիս, Ստամբուլ, Լիսաբոն, Հռոմ, Նիցցա, Ռեյկյավիկ, Դուբլին, Ամստերդամ, Ցյուրիխ, Լյուքսեմբուրգ, Անտանանարիվու, Դակար, Պրետորիա, Ռիո դե Ժանեյրո, Օտտավա, Ջորջթաուն, Մարտինիկա, Սուվա, Բանգկոգ եւ այլն, եւ այլն: Ինչո՞ւ է այդքան մեծ հաճույք պատճառում մասը լինելու, աշխարհի, ամբողջի, երկրագնդի, մարդկության մաս լինելու զգացողությունը: Ահա հաղորդավարը հայտարարում է. «Սանտյագո մեկնող ուղեւորներին խնդրում ենք մոտենալ հաշվառման կետին», եւ ինչ-որ մեկը, որ նստած էր հենց քո կողքին, արագ-արագ ձեռքի գիրքը դնում է ճամպրուկի մեջ ու շտապ հեռանում: Ու ստացվում է, որ ահա ինքդ համարյա թռչում ես Սանտյագո, ավելի ճիշտ` եթե ուզես, վեր կկենաս ու կթռչես Սանտյագո, եթե ոչ այս, գոնե հաջորդ օդանավով: Ու դու քեզ բավարարված ես զգում, կարեւոր, ազատ, որ կթռչես ուր ուզես, երբ ուզես, որովհետեւ դու երկրագնդի ազատ քաղաքացի ես, ազատ մարդ, դու ապրում ես երկրագնդի վրա: Հասկանո՞ւմ ես, դու ապրում ես երկրագնդի վրա եւ մեկն ես նրանցից, ում իր վրա կրում է այս տիեզերական հրաշքը:

Ինչո՞ւ է այսքան սքանչելի երկրագնդի վրա ապրողի զգացողությունը, ինչո՞ւ է այդքան կարեւոր այդ գիտակցումը, ինչո՞ւ, սակայն, երկրագնդի վրա դեռ կան տեղեր, որոնք խլում են քեզնից այդ զգացողությունն ու այդ հաճույքը: Ինչո՞ւ, օրինակ, Բիշքեկի օդանավակայանում հնարավոր չէ զգալ նույնը, ինչ զգում ես Էդինբուրգի օդանավակայանում: Եվ ինչո՞ւ էդինբուրգցին, շոտլանդացին, բրիտանացին կարողացել է իր երկրին այդպիսի էմոցիա ու հմայք հաղորդել, իսկ ուրիշները, շատերը չեն կարողացել: Ինչո՞ւ:

Ահա Բիշքեկի օդանավակայանում ի վերջո սկսում են մարդիկ հավաքվել. շուտով սկսվելու է Մոսկվայի չվերթի հաշվառումը: Ու գալիս են մարդիկ` իրենց ուղեբեռներով: Ինչքան շատ բանի մասին են խոսում այդ ուղեբեռները: Ինչո՞ւ Էդինբուրգի օդանավակայանում փաթեթավորած դոշակներով, վերմակներով, խալիչաներով ոչ մի ուղեւոր չտեսա, եւ ինչո՞ւ են այստեղ ուղեւորների կեսը իրենց հետ դոշակներ ու վերմակներ, խալիչաներ ու կարպետներ տանում: Ինչո՞ւ Էդինբուրգի օդանավակայանում ամեն մարդ մի ճամպրուկ ունի, դեռ մի բան էլ պակաս, իսկ այստեղ մի մարդուն տասը ճամպրուկ է ընկնում` այլանդակ չափերի, նույնակերպ սինթետիկ կտորից կարված տոպրակներ: Ինչո՞ւ Էդինբուրգի օդանավակայանում ոչ մի կեղտոտ երեխա չկա, իսկ այստեղ` ինչքան ասես կեղտոտ երեխա, ցնցոտիավոր կին ու աղջիկ: Ինչո՞ւ Էդինբուրգում բոլորը տարբեր կերպ են հագնված, եւ այդ հագուստը ընդգծում է յուրաքանչյուրի անհատականությունը, իսկ այստեղ բոլորը հագնված են նույն կերպ, մարդը կարծես ուզում է լուծվել ամբողջի մեջ եւ ուզում է հայտարարել` այս ես չեմ, ես չկամ: Ինչո՞ւ են Էդինբուրգի օդանավակայանում մարդիկ այդքան շատ ու այդքան ուրախ, իսկ այստեղ բոլորի դեմքին մի անորոշ կսկիծ կա, կսկծեցնող անորոշություն: Մի՞թե սա նույն մոլորակն է, մի՞թե Էդինբուրգն ու Բիշքեկը գտնվում են միեւնույն մոլորակի վրա, մի՞թե: Ինչո՞ւ ես քեզ այդքան պաշտպանված զգում Էդինբուրգի օդանավակայանում, եթե անգամ միջազգային հետախուզման մեջ ես, եւ ինչո՞ւ ես Բիշքեկի օդանավակայանում այսքան անպաշտպան, եթե անգամ ոչ ոք քեզ չի ընտրել որպես թիրախ: Ինչո՞ւ է Փարիզը Ֆրանսիայում, իսկ Բիշքեկը` Ղրղզստանում, եւ ինչո՞ւ հակառակը չէ, կամ ավելի ճիշտ` ինչո՞ւ «Բիշքեկ» բառը նույնքան ուրախ չի հնչում, որքան Փարիզը: Ինչո՞ւ Ֆրանսիայի քաղաքացի լինելն ինքնին ինչ-որ բան է նշանակում, իսկ Ղրղզստանի քաղաքացի լինելը, եթե անգամ ինչ-որ բան նշանակում է, տխուր է այդ նշանակությունը: Եվ ինչո՞ւ փարիզցին գիտի, որ եթե տարվա այս եղանակին Մոսկվա ես թռչում, չի կարելի ամառային սանդալներ հագնել, իսկ բիշքեկցին չգիտի: Ինչո՞ւ փարիզցին ունի կոշիկ, իսկ բիշքեկցին չունի: Ինչո՞ւ է էդինբուրգցի 50 տարեկան տիկինը ջահելների հայացքները խլում, իսկ այս բիշքեկցի աղջիկը, որ հազիվ 25-30 տարեկան լինի, մաշվել է արդեն կյանքի անհնարինության, կյանքի բեռի տակ: Ինչո՞ւ է այսպես եւ ինչքա՞ն է այսպես լինելու, մի՞թե միշտ այսպես է լինելու: Էս հարցի պատասխանը գտնելու համար` երեւի տասնյակ հազարավոր գրքեր են գրվել, բայց պատասխանը չի գտնվել, եթե անգամ ինչ-որ մեկը կարծում է, որ գտնվել է, սխալվում է: Այդ հարցի պատասխանը հնարավոր չէ գտնել ոչ մի գրքում, այդ հարցի պատասխանը մարդը պիտի փնտրի ոչ թե գրքերի, այլ ինքն իր մեջ: Փնտրի եւ գտնի, բայց որպեսզի փնտրի, սկսի փնտրել, նախ պետք է այն հետաքրքրի իրեն, ինքը պետք է իրեն քաղաքացի համարի թաղամասի, համայնքի, քաղաքի, հայրենիքի, աշխարհի, երկրագնդի, ինքը պետք է հասկանա, որ իր ներսում է գտնվում պատասխանը մի փոքրիկ, բայց դաժան հարցի պատասխանը. ինչո՞ւ է այսպես:

***

Թիֆլիսի թռիչքի հաշվառումը հայտարարվեց: Հաշվառման կետի մոտ շատ քիչ մարդ էր հավաքվել, հիմնականում` եվրոպական արտաքինով: Եվ իսկապես, ոչ այնքան մեծ օդանավը կիսադատարկ էր, իսկ իմ շարքում միայն ես էի նստած: Մատուցված ճաշից հետո հրավիրեցի ուղեկցորդուհուն եւ երեք նստարանների վրա պառկելու թույլտվություն խնդրեցի: Նա ասաց, որ ոչ մի խնդիր չկա: Ապա ծածկոց բերեց ինձ համար ու բարձ: Ես քնեցի. երազում տեսնում էի Երեւանը: Մենք գտնվում էինք օդանավակայանում եւ սպասում էինք դեպի Սանտյագո մեր թռիչքին:

75. Այս հրապարակում դավաճան չկա

Թիֆլիսի օդանավակայանը շատ ավելի լուսավոր ու բարեկարգ էր, քան Բիշքեկինը, բայց նույնպիսի դատարկություն էր տիրում այստեղ: Գովազդային վահանակների գոյությունն իսկ անհեթեթ էր թվում, որովհետեւ համարյա ոչ մի հայացք նրանց չէր դիպչում: Ինձ թվաց, որ եթե անգամ իմ իսկական անձնագրով լինեմ, հեշտությամբ կանցնեմ այս պարապ անցագրային ու մաքսային կետերը, որովհետեւ հատուկենտ սահմանապահներն ու մաքսավորները մի տեսակ մտքով ուրիշ տեղ էին, ուրիշ բան էին մտածում կամ էլ դադարել էին որեւէ բան մտածել: Նրանք անտարբեր հայացքով նայում էին մեր օդանավի սակավաթիվ ուղեւորների դեմքերին, փորձում էին ժպտալ` չէր ստացվում, ու դրոշմում էին մեր անձնագրերը: Ես նաեւ վիզայի ձեւակերպման, ավելի ճիշտ` դրա համար վճարելու խնդիր ունեի, եւ ինձ ուղեկցեցին համապատասխան պատուհանի մոտ: Այսպես, ամեն ինչ անցավ բավական ալարկոտ, ու ես անգամ լարվելու հնարավորություն չունեցա: Տխուր Վրաստան էր սա:

Ինձ տեսնելով` Զուրաբը նույնպես փորձեց ժպտալ, բայց դա ոչ թե ժպիտ էր, այլ վիրավորանքի մի արտահայտություն, որ դաջվել էր նրա դեմքին: Ու չնայած դա նաեւ ֆիզիկական վիրավորվածության նշան էր, բայց անտանելին բարոյական վիրավորանքն էր: Մենք գրկախառնվեցինք, ու մեր սրտի տրոփյունները դավաճանում էին արտասվելու մեր երկուստեք ցանկությունը: Պատեհ կլիներ, որ մենք հենց այդտեղ, հենց Թիֆլիսի օդանավակայանի մեջտեղում հեկեկայինք մանուկների նման, որովհետեւ խոսքերը, բառերը ի վիճակի չէին լինելու արտահայտել այն, ինչ մենք զգում ենք: Թիֆլիսի օդանավակայանը նման էր այն տան նախասրահին, որտեղ ջահելի դիակ կա դրված: Հենց այսպիսի ուշ ժամերին այդպիսի տներում այսպիսի լռություն է լինում. սգո արարողության եկածները հեռացած են լինում, եւ հանգուցյալի դագաղի մոտ մնում են մի քանի հարազատներ ու ծնոտները ափերի մեջ, արմունկները ծնկներին հենած` լուռ խորհում են, մտածում են` ոչնչի մասին: Դա հուսահատություն չէ, դա ողբալու եղանակ չէ անգամ. այդ պահերին մարդ ուղղակի զգում է, որ ավելի լավ է փակի դեպի գլուխ տանող բոլոր ճանապարհները, որպեսզի որեւէ միտք ու մտահոգություն այնտեղով չանցնի: Բայց միեւնույն է, մարդը չի կարողանում կտրվել իրականությունից, ու այն, ինչ նա ընկալում էր մտորումների, խոհի միջոցով, սկսում է զգալ հոտառությամբ ու լսողությամբ. քթին է հասնում մոմի, դիակի, ջարդված ծաղիկի հոտը, ու սիրտը սկսում է արագ աշխատել, ականջին է հասնում հեռու սենյակում պատսպարված կանանց ծմրոցը, ու մարմինը սկսում է դողալ, ու մարդը հասկանում է, որ, այնուամենայնիվ, մտածելը ավելի հեշտ է, ու սկսում է մտածել վարի ու ցանքի, եղանակի ու ֆուտբոլի, այսինքն` այնպիսի բաների մասին, որ կապ չունեն իրավիճակի հետ. մարդը սկսում է մտածել ոչնչի մասին: Հետո դիակի շուրջ խմբվածների հայացքները մեկ էլ հանդիպում են, ու նրանք սկսում են խոսել, խոսել ֆուտբոլից, եղանակից, էսինչից, էնինչից, հետո սկսում են խոսքի մեջ կատակներ բաց թողնել անգամ, հետո, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը վեր է կենում, գնում խոհանոց կամ մառան ու ետ գալիս մի փոքր աման թթու, մի քանի բաժակ ու մի շիշ օղի ձեռքին: Ու կյանքը նորից արթնանում է հենց դիակի վրա, ու կյանքը նորից ուրախ ու ցանկալի է թվում` հենց դագաղի կողքին, ու բոլորը, սգալու եւ ցավակցելու եկածները կյանքի համը զգում են, կյանքի համը հասկանում են հոգեհացի սեղանին. զի հեգահացը կյանքի համ ունի, ու կյանքը համով է հոգեհացի պես:

Այս ամենը մտածում էի Զուրաբի կողքով քայլելիս, այս ամենը մտածում էի նրա կողքին` մեքենայի մեջ նստած, այս ամենը մտածում էի` որեւէ բան չխոսելու համար: Զուրաբը լուռ էր, ես էլ խոսելու ցանկություն չունեի: Չնայած շատ երկար մտածել էի, թե ինչ պետք է խոսեմ նրան տեսնելիս, ինչ պետք է ասեմ, ինչ պետք է հարցնեմ, բայց հիմա այդ ամենը իմաստ չուներ, այդ ամենը ավելորդ էր ու արհեստական: Եվ մենք պետք է լուռ մնայինք այնքան, մինչեւ իսկապես խոսելու ցանկություն ու նյութ ունենայինք:

Թիֆլիսը լուսավոր էր, բայց տխուր էր Թիֆլիսը եւ այդպիսով` ավելի գեղեցիկ: Այնպես, ինչպես շատ ավելի գրավիչ ու հետաքրքիր են տխրած մարդիկ, այնպես, ինչպես շատ ավելի գեղեցիկ ու ցանկալի են սգացող կանայք` թաց աչքերով: Ահա այսպիսին էր Թիֆլիսը:

Մենք արդեն բավական երկար սլանում էինք քաղաքի փողոցներով, ու Զուրաբին հարցրի, թե ուր ենք գնում:

- Իմաստուն Ծերուկի տուն, - պատասխանեց նա:

- Ծերուկը այստե՞ղ է, - հարցրի ես:

- Ինքը` չէ, բայց տունն այստեղ է, բանալին` նույնպես, - կատակեց Զուրաբը:

Ապա պատմեց, որ բուն պատերազմի օրերին մի քանի անգամ գիշերել է այնտեղ, որովհետեւ իր տունը լիքն է եղել փախստականներով: Հիմա էլ նրա տանը քիչ չէին փախստականները, բայց արդեն անհամեմատ ավելի քիչ: Երբ Ծերուկի տուն հասանք, արդեն լուսանում էր: Սկզբից մտածեցինք սուրճ խմել, բայց առաջարկեցի հյութով բավարարվել, որովհետեւ քնել էի ուզում:

Իմ շուրջերկրյա ճանապարհորդությունը դե ֆակտո ավարտվել է, եւ Թիֆլիսը առաջին կետն է, որտեղ իմ այս ճանապարհորդության ընթացքում ես լինում եմ երկրորդ անգամ: Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած լինելու զգացումը մեծ բերկրանք է պատճառում, եւ քեզ թվում է, թե ահա` դու լեգենդ ես դարձել: Բայց եւ հոգնեցնող է էդ զգացողությունը, ու քնել ես ուզում, անդադար քնել: Այնպիսի զգացողություն է, թե ոտքով ես անցել այդ ողջ ճանապարհը ու ո՛չ անկողին ես տեսել, ո՛չ քուն, ո՛չ հանգիստ: Ու չնայած` եթե Երեւանը այսպիսին չլիներ, Թիֆլիսը չլիներ այսպիսին, ինչպիսին էր, ես երեւի չէի համաձայնվի տուն գալ ու Զուրաբին կստիպեի գնալ մի ռեստորան` Քռի ափին, ու մի այլանդակ քեֆ անել: Բայց հիմա ո՛չ քեֆի հավես կար, ո՛չ տրամադրություն:

Զուրաբն ասաց, որ ինքը ժամը երկուսի կողմերը դուրս է գալու տնից: Ասացի, թե չեմ կարծում, որ մինչեւ այդ արթնանամ, ու ինքը կարող է հանգիստ գնալ: Եթե ինչ-որ խնդիր ունենամ, իրեն կզանգեմ:

Այսպես, ահա, լոգարան մտա, ինքս ինձ համարյա խաշեցի ահավոր տաք ջրով ու նետվեցի դեպի անկողին: Մի անգամ արթնացա. ցերեկվա չորսն անց էր: Նորից քնեցի: Երկու ժամից նորից արթնացա, բայց ոչ թե բավարար չափով քնած լինելու, այլ քաղցի զգացումից: Անկողնուց գնացի ուղիղ խոհանոց ու բացեցի սառնարանը. այն բազմազբաղ էր, ինչը վերջնական դարձրեց արթնանալու որոշումս: Լվացվեցի, հագնվեցի, սուրճ պատրաստեցի, խելքս գլուխս եկավ ու նորից բացեցի սառնարանը: Հայացքս առաջինը կանգ առավ հայկական արտադրության թթվի բանկայի վրա, որի միջից քնքուշ հայացքով ինձ էին նայում փոքրիկ լոլիկները, վարունգները ու մենավոր ծիծակը: Վերցրի, ուրեմն, տավարի մսի պահածոն, կեսը լցրի թավայի մեջ ու դրեցի գազօջախին, վրան էլ ավելացրի կես բանկա կանաչ ոլոռ ու մի ձու ջարդեցի վրան: Ու մինչ սա կպատրաստվեր, հանեցի բանկան ու թթվի ողջ պարունակությունը դատարկեցի ափսեի մեջ: Այսպես նստեցի հաց ուտելու, ու կերա այդ ողջ թթուն` հայկական արտադրության: Իսկ տաք ճաշատեսակը ընդամենը թթու ուտելու առիթ էր ինձ համար:

Հաջորդ քայլով, բնականաբար, պետք է փռվեի բազմոցին: Շուրջերկրյա այս ճանապարհորդության ընթացքում ինձ համար ամենամեծ զրկանքը տանու բազմոցի բացակայությունն է եղել: Ոչ մի հյուրանոցային մահճակալ ու բազկաթոռ, ոչ մի ափամերձ տապճակ ի վիճակի չէ փոխարինել տանու բազմոցին: Տանու բազմոցը թերեւս միակ միջոցն է, որ մարդուն հնարավորություն է տալիս զգալ անասնական, այսինքն` անուղեղի երջանկություն: Բազմոցին փռված մարդը թերեւս նույն զգացողությունն է ունենում, ինչ ցեխաջրի մեջ մրափող գոմեշը, պատի երկայնքով փռված խոզը եւ որոճ անող տավարը, մանավանդ եթե դիմացդ էլ զռռում է հեռուստացույցը: Եվ ահա, փորձեցի կատարյալ դարձնել երջանկությունս եւ միացրի Իմաստուն Ծերուկի հսկայական հեռուստացույցը: Ինձ հիասթափություն էր սպասում. բոլոր ալիքները խոսում էին վրացերեն` դավադիր կերպով մատնելով իմ ոչ այնքան տնային կարգավիճակը: Հեռակառավարման վահանակի վրա սեղմեցի DVD նվագարկիչի կոճակը: Մոնիտորը ասում էր, թե ներսում ինչ-որ դիսկ կա. ավելի լավ, վեր կենալու կարիք չի լինի: Հեռուստացույցի էկրանին, սակայն, տեսնում էի, որ դիսկի մեջ ոչ մի վիդեոֆայլ չկա. էկրանը հուշում էր ինչ-որ աուդիոֆայլի մասին:

Ինքնաբերաբար սեղմեցի «play» կոճակը, եւ առաջին իսկ վայրկյանին հեռուստացույցից դուրս հորդեց մի անհասկանալի ցմփոց, ապա եւ մի ձայն, որ ոչ այն է` ասում էր, ոչ այն է` երգում էր. «Այս հրապարակում դավաճան չկա~: Այս հրապարակում կասկածող չկա~: Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է»:

Սիրտս սկսեց տրոփել, ուղեղս շաղվում էր, որովհետեւ չէի հասկանում` ինչ է կատարվում, որտեղ եմ ես եւ ինչ եմ անում: Չէի հասկանում նաեւ, թե որտեղ եմ լսել այդ տարօրինակ բառերը, ու որտեղից է ծանոթ այդ ձայնը ինձ: Չեք հավատա, բայց այդ հարցերի պատասխանը գտնելը ինձնից ժամանակ խլեց, ահագին մեծ ժամանակ: Ու երբ արդեն գիտակցում էի, որ գտել եմ պատասխանը, սրտիս տրոփյունին եւ ուղեղիս մթագնածությանը ավելացավ նաեւ սրտխառնոցը, որ բռնել էր կոկորդս: Վեր ցատկեցի բազմոցից ու մի կերպ ինձ գցեցի զուգարան ու փսխեցի ոչ միայն կերածս, այլեւ բազմաթիվ ու բազմապիսի մտքեր, հարցեր, պատասխաններ: Իսկ սենյակը դեռ դղրդում էր. «Մե~նք այսօ~ր կանգնած ենք ընտրության առաջ: Այսօր մենք կա՛մ պետք է հայրենիք կերտենք մեր երեխաների համար, կա՛մ պետք է դավաճանենք մեր երեխաներին… Այս հրապարակում դավաճան չկա~: Այս հրապարակում կասկածող չկա~: Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է…»:

Զուգարանից դուրս եկա գրեթե չորեքթաթ, մի կերպ հասա սենյակ ու ձեռքս վերցրի հեռակառավարման վահանակը: Մատս կանգնել էր «stop» կոճակի վրա, բայց այն սեղմելու համարձակություն չդրսեւորեց, որովհետեւ էդ մատը գիտեր երեւի, որ կկտրվի այդպես վարվելու դեպքում: Ես վեր ընկա բազմոցին: Մի պահ ոչինչ չէի լսում, ապա դանդաղ սկսեցի լսել այն ձայնը, որ ոչ այն է` երգում էր, ոչ այն է` ասում էր. «Այս հրապարակում դավաճան չկա~: Այս հրապարակում կասկածող չկա~: Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.