ՇԱՐԺԻՐ, ՇԱՐԺԻՐ, ՇԱՐԺԻՐ ԹԱՇԿԻՆԱԿԴ…
Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ նորագույն քրեական ռազբորկաների մասնակիցները իրենց վրա կուսակցական կրծքանշաններ են սկսել կրել. ՏԵՑ-ի կռուգի հայտնի իրադարձություններից հետո կրիմինալը Հայաստանում ակտիվ «կուսակցական գործունեություն» է ծավալում: Այս է պատճառը, որ իշխանական կուսակցությունները Հայաստանում ավելի ու ավելի շատ են հանցավոր խմբավորումներ հիշեցնում: Ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա. եթե դիտարկենք իշխանական կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները, մակերեսին կտեսնենք մեկ-երկու տառաճանաչ դեմքեր, որոնք իրականում ֆուտլյարի նշանակություն ունեն: Կուսակցական ողնաշարը կազմում են տարբեր բնույթի եւ տրամաչափի կրիմինալ դեմքերը, որոնց վրա էլ հենց հենվում են կուսակցական լիդերները, կուսակցական բոսերը: Կրիմինալ այս դեմքերն էլ իրենց հերթին հենվում են ավելի մանր տրամաչափի կրիմինալ դեմքերի վրա, ու այսպես համակարգը հյուսվելով հասնում է քուչի թափթփուկներին: Եւ երբ ուշադիր ուսումնասիրում ենք Հայաստանում իշխող քաղաքական համակարգը, հասկանալի է դառնում, որ այն հենված է զանազան պոնչերի, ծըգըլների, լոշտերի, խլինքների վրա: Հենց այս կոնտինգենտն է ոստիկանության ու ԱԱԾ-ի հովանավորության ներքո ընտրությունների շրջանում տնետուն անելով ընտրակաշառք բաժանում, հրաժարվածների ցուցակները համապատասխան մարմիններին ներկայացնում, ընտրությունների օրը մարդկանց ահաբեկում, ծախվածներին ընտրական տեղամասեր տանում: Ահա այս է պատճառը, որ գործող իշխանության պայմաններում Հայաստանում ի սպառ բացառված է օրինականության հաստատումը, որովհետեւ օրինականությունը նշանակում է, որ պոնչերը, ծըգըլները, լոշտերը, խլինքները կամ պետք է սուսուփուս, աջ քաշած ապրեն, կամ էլ հայտնվեն ազատազրկման վայրերում: Բայց այս պարագայում արդեն ո՞վ է չոռնիներին ու դոդերին, սրանց ստնտուներին պատգամավոր դարձնելու: Հարցը, իհարկե, հռետորական է, որովհետեւ բոլորին հասկանալի է, որ բեղլուսաֆարյանական կամ մարիշբոզիկյանական խնդալու կոնտինգենտով հնարավոր չէ կոնկրետ քաղաքական հարցեր լուծել: Այս է ահա, պատճառը, որ զանազան պոնչերը, ծըգըլները, լոշտերն ու խլինքները սկսել են տարբեր կուսակցական կրծքանշաններ կրել: Սա, ինչպես ասում են, ծառայություն է ծառայության դիմաց: Նրանք կեղծում են ընտրությունները, փոխարենը ստանալով որոշակի անձեռնմխելիություն: Նրբությունն այն է, սակայն, որ անձեռնմխելիությունը պատկանում է ոչ թե առանձին մարդկանց, այլ կրիմինալին ընդհանրապես: Առանձին վերցրած պոնչերի, ծըգըլների, լոշտերի, խլինքների կարելի է ձերբակալել, երբեմն նույնիսկ դատապարտել եւ նստեցնել: Իշխանությունը այսպես վարվում է ծայրահեղ` հանրային հնչեղություն ստացած դեպքերում: Բայց այսպես վարվում է ոչ երբեք: ՏԵՑ-ի կռուգի ամենաօդիոզ հերոսներն, օրինակ, շատ արագ հայտնվեցին ազատության մեջ: Բայց եթե անգամ առանձին վերցրած խլինքների նկատմամբ խիստ վարվեն, օլիգարխիական եւ մերձօլիգարխիական կուսակցությունների թաղային շտաբների մոտակայքում կգտնվեն նորանոր խլինքներ, ովքեր կկատարեն նույն գործը` իրենց եւ իրենց ընտանիքներին սովից փրկելու համար: Այսպես ահա, «նժդեհական», «բարեգործական» զանազան կուսակցությունների գործունեության արդյունքում խլինքը (նաեւ սրա տառաճանաչ տեսակը) Հայաստանում փորձում է դառնալ մարդկային ամենապահանջված տեսակը: Հենց այս տեսակն է, որ փակել է Հայաստանի Հանրապետության շնչառությունը, ինչը պետք է բացել մի պարզ, սովորական, տրիվյալ հիգիենիկ գործողությամբ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Nikol jan du inchpes misht bardzrunqi vra es…
…Khnchir lao….
harganqners
es verji erku naxkadasutyun@ verjner mera khndaluc
+1