ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՎ ՈՉ ՄԻ ՎԱՐՅԱՆՏ
ԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ դիլիջանյան զրույցի ընթացքում ակնարկեց, թե ինքը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների լուծում ունեն, որի մասին իշխանությունը կբարձրաձայնի, երբ համոզված լինի դրա ճիշտ լինելու մեջ: Այս հայտարարությունից հետո քաղաքական դաշտում փորձում են կռահել, թե ինչ լուծման մասին է խոսքը: Իրականում այստեղ տարբերակները շատ չեն, ընդամենը երեքը: Առաջին տարբերակը Հայաստանի ստորագրության հետ կանչումն է հայ-թուրքական արձանագրություններից: Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, խիստ անհավանական է թվում, որովհետեւ նման քայլով Հայաստանի իշխանությունը մարտահրավեր պետք է նետի ոչ միայն Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ թվում` եւ ԱՄՆ-ին: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է նման քայլի: Բացի այս` իրադարձությունների նման զարգացումը Հայաստանին պրագմատիկ ոչ մի օգուտ չի բերելու, եւ ուրեմն` բացարձակապես անիմաստ քայլ կլինի, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այդօրինակ քայլով ինքն իրեն հետ կշպրտի դեպի 2008 թվականի հետընտրական իրադրություն: Նման քայլի նա չի գնա երբեք: Երկրորդ տարբերակը այն է, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, գնա ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրելու ճանապարհով: Իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը գոնե այս փուլում ծանր հետեւանքներ կունենա Սերժ Սարգսյանի իշխանության համար, որովհետեւ այսպիսով նա ընդունած կլինի հայ-թուրքական եւ ԼՂ հարցի փոխկապակցվածությունը: Բացի այս` Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա ստեղծված որեւէ փաստաթղթի ստորագրումը նշանակում է ազատագրված տարածքների առնվազն մի մասի վերադարձ, ինչը ինքնին արդեն նշանակում է հետագա իրադարձությունների անկանխատեսելիություն: Սա կարող է ներքաղաքական իրավիճակի պայթյուն հարուցել: Երրորդ տարբերակը հայ-թուրքական արձանագրությունների միակողմանի վավերացումն է Հայաստանի խորհրդարանում: Երեք տարբերակներից տվյալ իրավիճակում սա առավել հավանականն է թվում, մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ ԱՄՆ-ն արձանագրությունների վավերացման հարցում ճնշումներ է գործադրում ոչ միայն Թուրքիայի այլեւ Հայաստանի վրա: Նման քայլի հայկական իշխանությունները կարող են գնալ, եթե զգան, որ արձանագրությունների միակողմանի վավերացումը իրենց հնարավորություն կտա որոշակիորեն թուլացնել ճնշումները ԼՂ հարցում: Միակողմանի վավերացման տարբերակը, սակայն, միայն կարճաժամկետ էֆեկտ կարող է ունենալ, եթե ընդհանրապես ունենա, որովհետեւ դրանով, փաստորեն, հայկական կողմը կկրակի հայ-թուրքական հարաբերություններում իր ունեցած վերջին փամփուշտը, որից հետո խաղից դուրս վիճակում կհայտնվի: Բացի սա` միակողմանի վավերացումը կրկին կսրի Սփյուռքի հարաբերությունները Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Ու երբ վերլուծում ենք իրավիճակը, սկսում ենք մտածել, որ իրականում Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերություններում որեւէ լուծում չունի առաջարկելու, եւ Դիլիջանում հայտնի հայտարարությունը արել է ընդամենը որեւէ բան ասելու համար: Տվյալ իրավիճակում վերը նշված երեք տարբերակներն, այնուամենայնիվ, շարունակում են ուժի մեջ լինել, եւ դրանցից որեւէ մեկի գործնական կիրառել-չկիրառելը կախված է միջազգային ճնշումների բնույթից, ուժգնությունից եւ ուղղությունից: Եւ ի դեպ, տվյալ իրավիճակում կրկին ու կրկին առանցքային նշանակություն է ստանում Ռուսաստանի դիրքորոշումը: Եթե Ռուսաստանը հավատարիմ մնա 2009 թվականի հուլիսի 10-ի Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի հայտարարության ոգուն եւ բովանդակությանը (հիշեցնենք նշված հայտարարությունը ԼՂ հարցի կարգավորման անհրաժեշտությանն էր վերաբերում), Սերժ Սարգսյանի մանեւրելու հնարավորությունները մոտ ապագայում կզրոյանան, եւ նա ստիպված կլինի կատարել «պոլիտբյուրոյից» եկող հանձնարարականները: Մինչ այդ, սակայն, բոլորը կարծես համակերպվում են այն մտքի հետ, որ առանց ԼՂ հարցի կարգավորման հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր չէ: Առաջիկա շաբաթը այս պնդումը հերքելու վերջին հնարավորությունն է:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Ապրիլի 21, 2010














Իսկապես, խոսքեր չես գտնում: Խղճահարությունից ու անզորությւոնից սիրտդ պայթում է: Երբ մարդկանց ասում ես եկեք միասին պայքարենք էս տգետ բորենիների դեմ, չեն գալիս` տարբեր պատճառաբանություններով: Բայց միթե մենք հենց սրա դեմ չենք պայքարում ? Ժողովուրդը վրդովված է, բայց էդ վրդովմունքը ինչ որ ձևով պետք է մի հունի մեջ դնել: Հիմա միակ կազմակերպված ուժը ՀԱԿ ն է ու կարծում եմ պետք է արձագանքի գոնե էդ վայ ոստիկանապետի հրաժարականը պահանջելով:
քարոզչության այն գիծը,որը սկսվել էր դեռ “Աղդամը մեր հայրենիքը չէ” հայտնությունից էլ առաջ,մոտենում է ավարտին:ՀՀ-ում քիչ չեն մարդիկ,որ երազում են րոպե առաջ ազատվել այս “նորագոյացություններից”` հայաստանյան “մետաստազներով” հանդերձ: