> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԿՈՒ ԲԱԺԻՆ ԽՈՐՈՎԱԾ. ՆԵՏԵՑ ՁՈՐԸ

ԵՐԿՈՒ ԲԱԺԻՆ ԽՈՐՈՎԱԾ. ՆԵՏԵՑ ՁՈՐԸ

սողանքԵրեւան-Իջեւան ավտոճանապարհի 117-րդ կիլոմետրում տեղի ունեցածը խորհելու հարուստ նյութ է տալիս երկրի վիճակի մասին: Խնդիրը միայն այն չէ, թե մի մայրուղի է անորոշ ժամանակով սողանքի ճարակ դարձել, թեկուզ ստրատեգիական նշանակության մայրուղի, խնդիրն այն է, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել: Հովք գյուղի մոտակայքում գտնվող սողանքը գոյություն ունի արդեն ավելի քան երեսուն տարի, բայց այս երեսուն տարիների ընթացքում ոչ մի անգամ նման բան չի եղել, որ ստրատեգիական նշանակության ճանապարհը, որը երկրի հյուսիսարեւելյան սահմանագլուխը կապում է մայրաքաղաքի հետ, ոչ եւս լինի: Ընդ որում, այս ճանապարհը իրական ոչ մի այլընտրանք չունի, որովհետեւ տեսական հնարավոր այլընտրանքները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարեւանությամբ, երբեմն անցնում են մեր բանակի առաջին գծի խրամատների հարեւանությամբ: Փլուզված ճանապարհը Իջեւանը մայրաքաղաքին կապողներից միակն է, որ չէր կարող փակվել հայ-ադրբեջանական սահմանային խժդժությունների պարագայում, եւ ուրեմն` ռազմական նշանակության ճանապարհ է փլուզվել, ինչը Աստված չանի, հնարավոր պատերազմի ժամանակ կարող է ահավոր հետեւանքներ ունենալ: Ոմանք, իհարկե, կարող են ասել` բնական աղետ է, ինչ կարող ես անել: Իրականում, սակայն, սա կեղծ տեսակետ է, որովհետեւ երբ Լինսի հիմնադրամի գումարները ողջ հանրապետությունով մսխվում էին, այդ ժամանակ ոչ ոք չմտածեց, թե անհրաժեշտ է այս հատվածն ամրացնելու մասին լրջորեն մտածել: Ի դեպ, փլուզված հատվածը նույնպես ասֆալտապատվել է Լինսի հիմնադրամի ծրագրերով. հատկապես ասֆալտապատվել, եւ ոչ թե հիմնանորոգվել, եւ այսօրվա իրավիճակի պատճառներից մեկը հենց այս մոտեցումն է, այն մոտեցումը, որով ծախսվել են Լինսի հիմնադրամի գումարներն` ընդհանրապես: Իրեն արդյունավետ նախագահ հռչակած Ռոբերտ Քոչարյանը իսկապես այս ոլորտում էլ խիստ «արդյունավետ» է գործել: Երեւանի` վաղաժամկետ ճաքող սալահատակները, մայրուղիների վրա վաղաժամ առաջացող փոսերը, տարբեր կողմերից սողանքների մասին ահազանգերը հենց այդ «արդյունավետությունն» են խորհրդանշում: Եւ ի դեպ, Երեւան-Իջեւան ճանապարհի փակվելու մասին լրատվությունը կարող է ընթերցողի շրջանում սխալ տպավորություն ստեղծել. տեղի ունեցածը մատուցվում է այնպես, թե մի օր առավոտյան արթնացել են եւ տեսել, թե ճանապարհը չկա:

Նման բան իրականում գոյություն չունի, որովհետեւ այդ ճանապարհը արդեն երեսուն տարի ասում է, աղաղակում, որ քանդվելու է, փլուզվելու: Նախկինում էլ այս հատվածում իրավիճակը ծայրահեղ սրվել է, բայց ձեռնարկված միջոցները թույլ են տվել պահպանել ճանապարհի անցանելիությունը: Այս անգամ, փաստորեն, ճանապարհի աղաղակը չի լսվել, եւ փլուզումը տեղի է ունեցել իշխանավորների հանցավոր անտարբերության պայմաններում: Ինչ խոսք, հարցը լուծելու համար մեծ գումարներ են հարկավոր. կա՞ն արդյոք հիմա այդ գումարները, թե ոչ` դժվար է ասել: Բայց որ Լինսի հիմնադրամի ժամանակ կային` հաստատ է:

Հ.Գ. Տվյալ խնդիրը առավել կարեւոր է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ սողանքը կարող է փակել նաեւ Աղստեւ գետի հունը, որը փլուզված ճանապարհից 100-200 մետր ցածր ձորով է հոսում: Սա նշանակում է, որ զուտ տեսականորեն այստեղ կարող է հսկա լիճ ձեւավորվել, որը սպառնալիք կստեղծի մոտակա բնակավայրի եւ ավտոճանապարհի շատ ավելի մեծ մի հատվածի համար: Գործնականում բանը սրան գոնե տեսանելի ապագայում, իհարկե, չի հասնի, բայց եթե հարցը արհամարհելու քաղաքականությունը շարունակվի, ամեն ինչ հնարավոր է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 17, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.