> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Վերջին տարիներին ԱՊՀ տարածքում տեղի ունեցած գրեթե բոլոր իշխանափոխությունները կապվել են Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի անվան հետ: Նման դեպքերում, ասվել է պարտադիր, որ այս կամ այն երկրում ամերիկացիները կամ ռուսները իշխանափոխություն արեցին: Այսօրինակ ձեւակերպումները, սակայն, չեն կարող իրականությունը պատկերել, որովհետեւ վրացական, ուկրաինական, ղրղզական, ռումինական, լեհական, չեխական, հայկական տիպի իշխանափոխությունները ժողովուրդներն են անում: Ուրիշ բան, որ ժողովրդական շարժումները եւ դրանց ընթացքը որոշակի կախում ունեն արտաքին քաղաքական զարգացումներից: Այս ամենը, սակայն, չի կարող արտաքին գործոնին առաջնային տեղ տալ ներքին քաղաքական հարցերում, որովհետեւ օրինական, լեգիտիմ, վստահելի իշխանություն ունեցող երկրում արտաքին ոչ մի գործոն չի կարող վճռորոշ, էական ազդեցություն ունենալ: Իսկ ոչ լեգիտիմ, ապօրինի իշխանություն ունեցող երկրներում իշխանության փոփոխության կամ իշխանության պահպանման գործում արտաքին գործոնի ազդեցությունը էական է: Երբ իշխանություն-ժողովուրդ պառակտում է տեղի ունենում,երբ բարիկադի մի կողմում ժողովուրդն է, մյուս կողմում իշխանություն-փող-կրիմինալը, այս պարագայում ահա արտաքին աջակցությունը էական է դառնում: Ղրղզստանում, ահա, արտաքին գործոնը անցավ ժողովրդի կողմը, Հայաստանում հակառակը տեղի ունեցավ, եւ ԱՄՆ-ն, Ռուսաստանը 2008 թվականին միահամուռ պահեցին իշխանություն-փող-կրիմինալ եռյակի կողմը, որովհետեւ Հայաստանում նման կախյալ իշխանության գոյությունը ձեռնտու էր իրենց: Հետագա իրադարձություններում մենք տեսանք, թե ինչու: Եթե առաջիկայում այս ստատուս քվոն խախտվի, եւ Սերժ Սարգսյանի իշխանությունն, ի վերջո, չկարողանա բավարարել բոլոր կողմերի ակնկալիքները, Հայաստանում տեղի կունենա անխուսափելի իշխանափոխություն, որովհետեւ Սերժ Սարգսյանին որեւէ կերպ չի հաջողվել քանդել իշխանության եւ ժողովրդի միջեւ առկա անհասկացողության պատը: Ղրղզական իշխանափոխության առաջին գործոնը այն էր, որ Բակիեւը կեղծել էր 2009 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները եւ չուներ ժողովրդի վստահությունը: Այս հանգամանքը ապահովել է Ղրղզական իշխանափոխության 90 տոկոսը: Մնացած տասը տոկոսի սյուժեն շատ պարզ է: 2004-ին հեղափոխության արդյունքում իշխանության գալով` Կուրմանբեկ Բակիեւը Ղրղզստանում գտնվող «Մանաս» օդանավակայանը վարձակալության հանձնեց ԱՄՆ-ին: Ռուսաստանը դժգոհ էր այս քայլից, բայց քանի որ 2004-ին Բակիեւը, ուշադրություն դարձրեք, իսկապես ժողովրդից վստահության քվե էր ստացել, նա կարողացավ, ի հեճուկս Ռուսաստանի դժգոհության, ավարտին հասցնել նախագահության իր առաջին ժամկետը: Ղրղզստանում 2009-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվեցին, ժամանակաշրջանը համընկավ գլոբալ տնտեսական ճգնաժամի հետ: ԱՊՀ տարածքում Ռուսաստանը հենց կեղծված ընտրություններ անցկացրած Ղրղզստանին տրամադրեց ամենամեծ` 2 միլիարդ դոլարանոց վարկը, շատ հստակ պայմանով. Բակիեւը պետք է խզի «Մանաս» ռազմաբազան ԱՄՆ-ին վարձակալության տալու մասին պայմանագիրը: Շատ չանցած ղրղզական իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են ամերիկացիներին զրկել «Մանասից»: Այս պայմաններում ԱՄՆ-ն Բակիեւի վրա ճնշումներ գործադրելու լծակներ գտավ, եւ Բակիեւի նախնական ոգեւորությունը մարեց: Ռուսները 2 միլիարդ դոլարանոց վարկի առաջին տրանշը տրամադրելուց հետո` համոզվելով, որ Բակիեւը չի կարողանում «Մանասի» հարցը լուծել, փաստացի դադարեցրին վարկային ծրագիրը: Այս ժամանակ արդեն Բակիեւը հասցրել էր հիասթափեցնել նաեւ ամերիկացիներին: Ղրղզական իրադարձությունները հենց այս պատճառով տեղի ունեցան. Կուրմանբեկ Բակիեւը հարկավոր չէր ոչ ղրղզ ժողովրդին, ոչ Ռուսաստանին եւ ոչ էլ ԱՄՆ-ին: Ահա եւ ողջ պատմությունը, այն շեշտադրմամբ, որ հիմնական գործոնը տվյալ դեպքում ղրղզստանցիների կամքն էր, որին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չհակառակվեցին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,