> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 66.-70.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 66.-70.

66. Սարերից իջան…

67. Մի հատ պաչիկ

68. Զանգով մարդը

69. Ոճիր եւ պատիժ

70. Կլավդիայի կոշիկները

* * *66. Սարերից իջան…

Մինչ Նովոսիբիրսկ հասնելը Պավելը ինձնից խոսք վերցրեց, որ ես երկու-երեք օր նվիրելու եմ իրեն, այսինքն, որ այդ օրերը Նովոսիբիրսկում իրար հետ ենք անցկացնելու: Ես սկզբից չեմուչում արեցի, բայց նա հիշում էր, որ խոստացել է ռուսական գլուբինկայում լինելու իմ երազանքը իրականացնել, եւ ասում էր, թե պետք է խոսքի տեր լինի: Ճիշտն ասած` չնայած աշխարհայացքային անդունդին, որ մեր մեջ գոյություն ուներ, մենք սովորել էինք իրար, ազատ շփվում էինք, իրար քննադատում, անգամ գոռում իրար վրա:

Եվ այն, որ անկեղծ էինք, շփման մեջ արարողակարգ պահելու կարիք չունեինք, փոխադարձ շփումը հետաքրքիր էր դարձնում: Ես զարմանում էի, թե ինչպես կարող են ազատության իդեալները այդքան խորթ լինել մի երկրում, որի դասականների մեծ մասը այդ գաղափարների ամենաջերմեռանդ պաշտպաններն են եղել: Պավելը քննադատում էր ռուս դասականներին, նրանց մեղադրում Ռուսական կայսրության բոլոր դժբախտությունների մեջ: Այդ դասականները վեր էին հանում կայսրության էլիտայի բոլոր ախտերը, եւ Պավելը կարծում էր, որ հենց նրանք ձեւավորեցին այն, ինչպես ինքն էր ասում, ամբոխը, որի իշխանությունը գնդակահարեց Նիկոլայ Երկրորդ ցարին: Ես հարցնում էի նրան, թե ինչու Նիկոլայ Երկրորդ ցարը 20-րդ դարի մուտքը նշանավորեց խաղաղ երթի ելած քաղաքացիների անխնա գնդակահարությամբ: Եվ պատասխանը էլի ինձ ցնցեց.

- Էդ ցուցարարները գերմանական շպիոններ էին, ջհուդամասոն տականքներ, - պատասխանեց Պավելը, եւ այդ պահին ինձ թվաց, թե «Հայլուր» եմ լսում:

Նրանք, ովքեր չեն ենթարկվում ցարին, նրանք լրտեսներ են. սա է ռուսական ժամանակակից իշխող էլիտայի գաղափարաբանությունը: Բայց այս գաղափարաբանությունը ներքին խութեր ունի եւ դիլեմաներ: Այդ էլիտան լավ չի կողմնորոշվում` ինչպես վերաբերվի Լենինին. հիմա նա փրկե՞ց, թե՞ կործանեց կայսրությունը: Եթե կործանեց, ինչո՞ւ են ռուսները այդքան նոստալգիկ հիշում Խորհրդային Միությունը, եթե փրկեց, ինչպե՞ս բացատրեն ցարի սպանությունը: Իսկ ահա Ստալինին նրանք պաշտում են, բայց էլի թաքուն: Երբ Սոլժենիցինը մահացավ, նրանք ուզում էին ցույց տալ, թե լրջորեն սգում են: Բայց մեկ է, չէր ստացվում, եւ եթե Սոլժենիցինը Արեւմուտքում այդքան հայտնի եւ փառաբանված չլիներ, նրան մի տեղ թաքուն կթաղեին, առանց ավելորդ աղմուկի: Նրանք Սոլժենիցինին չեն սիրում, որովհետեւ նա ատելություն էր քարոզում Ստալինի հանդեպ, այն Ստալինի, որը Ռուսաստանում ծնկի բերեց ջհուդամասոններին, ծնկի բերեց Եվրոպան, ծնկի բերեց Ամերիկային: Ինչ վերաբերում է տասնյակ միլիոնավոր կոտորված քաղաքացիներին, դե, քաղաքացին նրա համար է, որ կոտորվի, որովհետեւ քաղաքացին ցարի սեփականությունն է: Համ էլ ի՞նչ էական է քաղաքացին, էականն այն է` Ռուսաստանը կարողանո՞ւմ է ծնկի բերել ուրիշների, թե՞ ոչ:

- Արի մտնենք ցանկացած գյուղ եւ հարցնենք ցանկացած մուժիկի` եթե պետք է, որ ինքը չորեքթաթ ապրի, բայց դրա արդյունքում Ամերիկան, բոլոր ուրիշները չոքելու են Ռուսաստանի առաջ, ինքը համաձայն է, - բացատրում էր Պավելը:

- Իսկ չի լինի՞, որ մուժիկի արժանապատիվ կյանքը չկապենք Ամերիկային ծնկի բերելու հետ, - հետաքրքրվում էի ես:

- Չի լինի, որովհետեւ Ամերիկան ուզում է կործանի Ռուսաստանը, - բացատրում էր Պավելը եւ ավելացնում, - քեզպեսները կործանեցին Հարավսլավիան:

Նովոսիբիրսկ հասնելով` մենք գիշերեցինք հյուրանոցում. այդ օրը չխմեցինք: Հաջորդ առավոտյան նախաճաշելուց հետո մենք «Pathfinder» ջիփով մեկնում էինք ռուսական գլուբինկա, մի գյուղ, որ պետք է գտնվեր Օբ գետի ափից ոչ հեռու:

Բարեկարգ մայրուղին շատ շուտով վերջացավ, ու մենք ընթանում էինք մի ճանապարհով, որը հայտնի չէ` երբեւէ եղե՞լ է այդպիսին, թե՞ ոչ: Բայց ես կտրվել էի իրականությունից, ես չէի նկատում ճանապարհը, ես չէի նկատում իմ ուղեկցին, ես կախարդված էի դաշտավայրով, դաշտավայրը ինձ կախարդել էր: Առաջ ես նայում` անսահմանություն, աջ ես նայում` անսահմանություն, ձախ ես նայում` անսահմանություն, ետ ես նայում` անսահմանություն: Եթե որեւէ մեկը կախարդական փայտիկի ուժով անհետանա ու անակնկալ հայտնվի այստեղ, ձեռքին էլ հեռախոս ունենա, չի կարողանա տնեցիներին, իրեն փնտրողներին բացատրել, թե որտեղ է գտնվում: Ոչինչ չի կարողանա նկարագրել. չի կարող ասել` այ այսպիսի մի սար կա, այսպիսի մի ձոր: Այստեղ ոչ մի բան չկա, այստեղ միայն հորիզոն է, այստեղ դու նայում ես եւ հասկանում ես, թե ինչ է նշանակում հեռու: Անակնկալ այստեղ հայտնված մարդը երեւի կհասկանա, որ Ռուսաստանում է, բայց սա քիչ է մխիթարում: Քեզ` կորածիդ փնտրողներին բացատրել, որ Ռուսաստանում ես, նույնն է, թե բացատրես, որ երկրագնդի վրա ես: Այսինքն` ինձ Յուպիտերի-բանի վրա ման մի եկեք, ես այստեղ եմ, երկրագնդում:

Դե, բայց գոնե ցորենի արտը չի կարող անսահման լինել: Պավելին խնդրում եմ կանգնել: Մեքենայից իջնում եմ, նայում ցորենի արտին: Գիտակցությունս ասում է, որ սա չի կարող անսահման լինել, գիտակցում եմ, որ սա պետք է վերջ ունենա, բայց եւ զգում եմ, որ այս արտը, այս ցորենի արտը, հնարավոր է, Հայաստանի չափ է: Հայաստանում հնարավոր չէ մոլորվել, բայց Հայաստանում տներ կան, որոնց մեջ մոլորվում են անգամ դրանց տերերը:

Իսկ սա ընդամենը ցորենի արտ է: Սա օվկիանոս չէ, սա ցամաք է, բայց որ կողմ նայում ես, հորիզոն ես տեսնում. ցամաքի հորիզոնը լացացնում է: Հայաստանում հորիզոն չկա, Հայաստանում դաշտավայր չկա, Հայաստանում չես կարող հայացք պարպել, Հայաստանում քո ունեցած տեսողությունը քեզ շատ է թվում, որովհետեւ որ կողմ նայում ես, ինչ-որ բան տեսնում ես: Հայաստանում անսահմանը տեսնելու միայն մի ուղղության կա` վերեւ, երկինք նայելը, բայց այդ անսահմանը քեզ իրական չի թվում, որովհետեւ չես կարող գնալ այդ անսահմանի ուղղությամբ, չես կարող ստուգել, թե այդ անսահմանը մինչեւ ուր է ձգվում: Անսահմանի զգացումը իրական է դառնում, երբ գիտես, թե այն մոտավորապես որտեղ է վերջանում:

Եվ ես հիշեցի Աղդամը: Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրա կանգնած նայում ենք դեպի արեւելք: Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երեւում է անսահմանը: Մենք նայում ենք դեպի արեւելք, ու ինձ թվում է, թե իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին: Ես կանգնած եմ այստեղ, իմ արյունակից հայրենակիցների միջավայրում, այստեղ Հայաստանի օրենքներն են գործում, սա դաշտավայր է, եւ իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին: Ու ես ամաչում եմ, որ չեմ մասնակցել այդ պատերազմին:

Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել: Ի վերջո նա ավելի համարձակ է գտնվում եւ ասում է.

- Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին:

Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի եւ ուղեղի հակամարտություն:

Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության: Ու մենք վերադառնում ենք. դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսվում:

Կարմիր ավտոբուսը ամեն առավոտ ժամը յոթին Իջեւանի շուկայի դիմացից ուղեւորվում էր դեպի Ղազախ: Կիրակի օրերը ես ու հայրս գնում էինք Ղազախի ջրամբարում ձուկ բռնելու: Ահա այստեղ ավարտվում է Խորհրդային Հայաստանը, ու սկսվում է Խորհրդային Ադրբեջանը: Ու ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է բնությունը հարմարվել մարդկանց գծած սահմանին: Ինչպե՞ս կարող է սահմանի այս կողմում ուրիշ բնություն լինել, սահմանի այն կողմում` ուրիշ: Չէ՞ որ սահմանը մարդիկ են գծում, իսկ բնությունը սահման չի ճանաչում: Հետո գյուղացի մարդկանց զրույցներից հասկանում եմ, որ ոչ թե բնությունն է հարմարվել սահմանին, այլ մենք ենք հարմարվել բնությանը. «Ով ոտը տափովն ա տվել չէ, մենք ճղել ենք դբա սարերը», - ասում են գյուղացի ծերունիները: Եվ դա անում են հանգիստ, շատ հանգիստ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ: Փաստորեն, էս Հայաստանը հայրենիք չէ, այլ թաքնվելու, պատսպարվելու տեղ: Դրա համար էլ մարդիկ այստեղ մի տեսակ թաքուն են ապրում, պատսպարված, տներում ուրիշ բան են խոսում:

Բա Աղդամը, էդ ինչպե՞ս ստացվեց Աղդամը: Այս հարցի պատասխանը շատ պարզ է թվում եւ հասկանալի. Հայաստանում մարդիկ դուրս եկան իրենց տներից, մարդիկ մի պահ, մի քանի տարի ընդամենը դադարեցին թաքնվել, եւ ահա նրանց հայացքը պարպվելու տեղ ունեցավ:

Մարտի 1-ի առավոտյան ես փախչում էի Ազատության հրապարակից: Ազատության հրապարակը ինձ Աղդամ էր թվում, Բաղրամյան պողոտայում հարթավայրը վերջանում է, ու սկսվում է վերելքը, վերելքը դեպի լեռներ: Էլի ինչ-որ մեկը ոտքը գետնին զարկեց, ու էլի մենք փախչում ենք, փախչում ենք դեպի լեռներ: Խնդիրը էստեղ հայի ու թուրքի մեջ չէ, քավ լիցի: Խնդիրը իրավունքի մեջ է, խնդիրը ապօրինության, լկտիության բիրտ ուժի առաջ ընկրկելու մեջ է, խնդիրը կանգնելու մեջ է, խնդիրը կանգնել կարողանալու մեջ է, խնդիրը զոհելու եւ զոհվելու պատրաստակամության մեջ է:

Մարտի 1-ին մենք վերադարձանք ու կանգնեցինք: Կանգնեցինք այնքան, ինչքան հարկավոր էր` ապացուցելու համար, որ կարող ենք կանգնել: Մարտի 1-ին հայ ժողովուրդը չփախավ, մարտի 1-ին հայ ժողովուրդը ապացուցելու բան ուներ: Ապացուցեց ու գնաց տուն: Կարող էր ավելին ապացուցել, բայց դիմացի կանգնածը չնայած օտար, սակայն թշնամի չէր, չնայած օտար, բայց եղբայր էր: Մարտի 1-ին դիմացի կանգնածը չէր օտար, այլ այն մտածողությունը, որ նրան ստիպում էր սպանել մեզ:

Մարտի 1-ի թշնամին անտեսանելի էր, այդ թշնամին մեր մեջ էր, եւ մենք հաղթեցինք էդ թշնամուն:

***

Ես հիմա կարդում եմ ու զարմանում. իմանում եմ, որ մեզ ուղղորդել է Ամերիկան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել է Եվրոպան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել են ջհուդամասոնական ուժերը, Սորոսը: Կարդում եմ ու ձեռքիս բաժակը զարկում եմ պատին.

- Կոխեմ քո Ամերիկան, կոխեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների, կոխեմ քո Ռուսաստանը, կոխեմ քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն. ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել:

67. Մի հատ պաչիկ

Էս, ուրեմն, Ռուսաստան է, էս` Արեւմտասիբիրյան հարթավայրը, սա էլ` էդ հարթավայրի բազմաթիվ արտերից մեկը, էս էլ ես եմ` նստած էդ արտի պռնկին: Ու եթե այստեղ ցորենի արտ կա, ուրեմն մոտակայքում, ասենք` մի 200-300 կիլոմետրից, կա նաեւ ռուսական գյուղ, որտեղ հյուրընկալվելը իմ վաղեմի երազանքն է, ու Պավելը իր խոստումն է կատարում` ինձ տանում է մի մոռացված գյուղ, որտեղ ինչպես ինքն է ասում` մեռած հոգիներն ավելի շատ են, քան կենդանի ձայները: Էդ գյուղում մենք երեւի սեղան նստենք մուժիկների հետ, ճաշակենք զանազան ռուսական խորտիկներ, խմենք տնական գարեջուր ու արաղ: Մուժիկները, է~, կպատմեն պատմություններ, որոնցից բան էլ չես հասկանա. ընթացքում պատմության ծերը կկորցնեն:

Բայց նրանց պատմածը, արաղի հետ անհոդաբաշխ ու անկապ դարձած, ավելի հաճելի կլինի, անսահմանորեն հաճելի ու մի քարե, բայց տաք ժպիտ կքանդակի դեմքիդ: Սիրում եմ չկապակցված պատմությունները, որոնց մեջ ո՛չ տրամաբանություն կա ու ո՛չ էլ միտք: Մենք հաճախ խուսափում ենք նման պատմությունների հեղինակ դառնալ` մտածելով` ի՞նչ կմտածեն մեր մասին մարդիկ: Իսկ ռուս մուժիկի տանձին չի, թե դու ինչ կասես, ինքը խմում է ու իր պատմությունը պատմում, հետո զգում է, որ պատմության մեջ դեռ էլի տրամաբանություն կա, նշանակում է` էլի է պետք խմել, ու այդպես` մինչեւ պատմությունը դառնում է իսկական շլոփա: Սրանից ավելի լավ պատմություն չկա, ամենալավը էն պատմությունն է, որը լսելիս ոչինչ գլխի չես ընկնում, բայց ամեն ինչ հասկանում ես: Բայց երբ Պավելին ասացի, որ պիտի ետ դառնանք Նովոսիբիրսկ, նա ոչինչ գլխի չընկավ ու ոչինչ չհասկացավ: Չնայած` փորձեց.

- Բա գլուբինկան, բա գյուղը, բա քո երազանքը, - զարմացած հարցրեց նա:

- Դա այնքան էլ իմ երազանքը չէ, լրիվ ուրիշ մարդու երազանք է, ուրիշ անուն ազգանունով: Չեմ ուզում իրագործել իր երազանքը, նրան զրկել այն անձամբ իրագործելու հնարավորությունից, - բացատրեցի ես:

Պավելը ոչինչ չհասկացավ, նա հարցուփորձ արեց, թե ո՞վ է այդ խորհրդավոր երազողը: Ես խոստացա ծանոթացնել նրանց: Հետո:

Մենք հենց դաշտի եզրին մի մի բաժակ գոլ օղի խմեցինք, Պավելը թեքեց իր ճապոնական նժույգի գլուխը, ու մենք ետ մղվեցինք դեպի Նովոսիբիրսկ: Ու քանի որ սոված էինք, որոշեցինք մի տեղ մտնել` հաց ուտելու, ու հենց առաջին պատահած ռեստորանի մոտ ես ուրացա իմ ազգը: Երբ Պավելը արդեն մտնում էր ռեստորանի բակ, տանիքին կարդացի «Տարոն» անունը. հայկական ռեստորան էր: Պավելը էլի չհասկացավ, թե ինչու առաջարկեցի ուրիշ տեղ գնալ: Ի վերջո Նովոսիբիրսկում մի ոչ հայկական ռեստորան մտանք, սալյանկա ու կարտոֆիլի պյուրեով լանգետ կերանք, ապա գնացինք հյուրանոց: Ես Պավելին ասացի, որ հոգնած եմ շատ ու այսօր սենյակից դուրս չեմ գալու, եւ ինքն էլ որոշեց մի քիչ հանգստանալուց հետո գնալ իր գործերին:

Ես ծանր էի տանում, որ ուրացել եմ իմ ազգը, բայց այս դեպքում խուսափում էի ոչ թե ընդհանրապես հայերի հանդիպելուց, այլ չգիտես ինչու` պահի տակ ինձ ներշնչեցի, որ «Տարոնը» մեր դասարանի Տարոնի` Ձիու ռեստորանն է: Մի կողմից շատ լավ կլիներ, եթե այստեղ Ձիուն հանդիպեի, շատ հաճելի հանդիպում կլիներ, բայց կհակասեր կոնսպիրացիայի կանոններին: Ահա այս ճղճիմ պատճառով ես զոհաբերեցի վաղեմի ընկերոջ հետ հանդիպելու հնարավորությունը եւ վատ էի զգում: Հիմա հասկանում եմ, որ հավանականությունը, թե դա հենց Ձիու ռեստորանն է, մեծ չէր, գուցե թե նա ընդհանրապես ռեստորան չուներ էլ, եւ ինձ հասած լուրերը, թե նա Նովոսիբիրսկում է ապրում ու ռեստորան է բացել, ճիշտ չէին: Բայց, միեւնույն է, ողջ երեկոն ես փակվել էի իմ սենյակում եւ հիշում էի Ձիուն եւ մեր կյանքի ընդհանուր պատմությունները: Ու ես հիշեցի Եկվորին` իմ ու Ձիու կյանքի առաջին կնոջը…

Դա մի աներեւակայելի պատմություն է: Բայց նախ այն մասին, թե ինչու էինք մենք Տարոնին Ձի ասում: Պատճառը էս մեր ընկերոջ էն իքի, այսինքն` անդամի արտասովոր չափերն էին: Իսկ այդ մասին պատմությունը մեծ արագությամբ տարածվեց, երբ Ձին Երեւանում տղամարդ դառնալու անհաջող փորձ էր արել: Բանը պատահել էր այսպես. Ձիու քեռին` երիտասարդ մի տղա, զգալով, որ իր քրոջորդին սկսել է ապրել կանանց տենչանքով, որոշում է նրան նվեր մատուցել: Սրան տանում է Երեւան, կին է վարձում պատանյակի համար ու սենյակ հյուրանոցում: Վարձված կինը, սակայն, մերկացած Ձիուն, դե` նրա էն իքը տեսնելով, վրա է պրծնում հեռախոսին եւ սպառնում` եթե մոտենաս, միլիցիա կզանգեմ:

Այս դեպքը խոցել էր Ձիուն, եւ նա Երեւանից վերադարձավ ջախջախված` իր դարդը ընկերներին պատմելու անդիմադրելի մղումով: Այսպես տարածվեց նրա էն իքի համբավը, եւ երբ զուգարան էր մտնում չիշիկ անելու, հետաքրքրասեր տղաների մի խումբ հետեւում էր նրան: Շատերը դիտումից վերադառնում էին նախանձով լեցուն, իսկ նրանք, ովքեր գիտեին պատմությունը, գլուխները մտահոգված թափահարում էին: Ձին սկսել էր մտածել կյանքի անիմաստության մասին, ու մեկ էլ` մի օր, մենք նրան տեսանք պայծառացած: Բոլորիս հասկանալի դարձավ, որ տեղի է ունեցել անհնարինը: Բայց եւ հարց էր ծագում. ո՞վ է այդ հերոսուհին: Ձին սրանից մեծ գաղտնիք չսարքեց էլ, եւ հերոսուհու ով լինելը շուտով հայտնի դարձավ բոլորին. քաղաքի տղերքը նրան կոչում էին Եկվոր: Նա, իհարկե, անուն ուներ, երեւի: Բայց անունով կոչելու մեջ որեւէ իմաստ չկար, որովհետեւ անունը համընդհանուր հետաքրքրության այդ առարկային կզրկեր առասպելականությունից: Իսկ Եկվոր` հնչում էր մի տեսակ խորհրդավոր, մանավանդ որ ոչ ոք չգիտեր, թե ով է նա եւ որտեղից է հայտնվել:

Շուտով քաղաքի տղերքը բարեւից անմիջապես հետո միայն մի հարց էին տալիս իրար. Եկվորին շինել ե՞~ս: Ես, Քառակուսին, Բիզը, Հայացքը եւ Ծիծակը շուտով հասկացանք, որ հայտնվել ենք ամոթալի վիճակում. բոլորը (ոմանք նույնիսկ մի քանի անգամ) վայելել են Եկվորի ընկերակցությունը, իսկ մենք խիյարի նման մնացել ենք խաղից դուրս: Հավաքվեցինք, որոշեցինք, որ վիճակը հարկավոր է շտկել, թե չէ` քաղաքում մեզ բարեւ տվող չի լինի արդեն: Եկվորին գայթակղեցնելու գործը դրվեց իմ ու Հայացքի վրա. մենք պետք է գտնեինք նրան, սիրաշահեինք եւ պայմանավորվեինք հանդիպման ժամի եւ տեղի մասին: Հաջորդ օրը ցերեկային զբոսանքի ժամանակ Ձին մեզ ցույց տվեց Եկվորին. դա մի զարհուրելի տեսարան էր: Երեւի 25-30 տարեկան կարճ ու կուզիկ մի կին էր, հագին ուներ գորշավուն` մեծ կեղտաբծերի տակ կորած վերարկու, գլուխը փաթաթած էր երկար տարիներ չլվացվելու արդյունքում գույնը կորցրած գլխաշորով, իսկ ոտքերին առնվազն երեք-չորս համար մեծ երկարաճիտք կոշիկներ էին` չորացած ցեխով ջնարակված: Ես ու Հայացքը իրար նայեցինք, բայց որոշումը կայացված էր: Սպասեցինք երեկոյին ու դուրս եկանք որսի: Շատ չանցած` հաջողությունը մեզ ժպտաց. մեր դիմացից քայլում էր նրա ուրվագիծը: Փողոցը աղոտ էր ու ամայի. գաղտնի համաձայնության գալու համար պայմանները իդեալական էին: Մեր պատանի գիտակցությունը, սակայն, նոր բարդության առաջ կանգնեց. ի՞նչ են խոսում նման դեպքերում, եւ ի՞նչ պետք է մենք ասենք Եկվորին` դուր գալու, սիրտը շահելու, նրան ինտիմի տրամադրելու համար: Անսպասելի այս հարցի պատասխանը չէինք գտնում, բայց ժամանակը աշխատում էր ոչ մեր օգտին:

Ի վերջո Հայացքը անսպասելի լուծում գտավ.

- Քուրո, կաբլուկդ ծռվել ա, - հանկարծակի ասաց նա:

Հուսահատությունը պատեց ինձ. ճիշտ է, Եկվորի կաբլուկը իսկապես ծռված էր, ավելի ճիշտ` կոտրված, ու այդ պատճառով նա նաեւ կաղին էր տալիս, բայց ներքին ձայնս ասում էր, որ այդօրինակ դիտարկումով եւ տոնով դժվար կլինի շահել կնոջ վերաբերմունքը: Բայց ես սխալվեցի. ռեպլիկը խոցել էր «գեղեցկուհու» սիրտը, ու աղջամուղջի մեջ տեսա, թե նա ինչպես մի պահ կանգ առավ, շրջվեց ու մեզ համար բացեց իր սեւացած ատամները: Նրա կոտրված քթի ռունգերը հուզմունքից լայնանում-նեղանում էին. մենք դուր էինք եկել նրան:

Պայմանավորվեցինք հանդիպել երկու ժամից նույն տեղում: Այդ ժամանակը տղերքով պետք է օգտագործեինք երեկոյի վայրի հարցը լուծելու համար: Այս մասին որոշումը շատ արագ կայացվեց, որովհետեւ այլընտրանքը մեծ չէր. չնայած ցուրտ էր եւ ձմեռ, Բիզենց կիսակառույցը, որ չուներ ո՛չ դուռ, ո՛չ պատուհան, մեզ իդեալական թվաց: Այսուհանդերձ, որոշվեց գոնե ծածկոցանման մի բան հայթայթել` գետնին փռելու համար: Ծիծակը թռավ ծածկոց գտնելու:

Եկվորը ճշտապահ էր. մենք նրան հորդորեցինք քայլել մեզնից մի քանի մետր ետ, որպեսզի պատահաբար հանդիպած մարդիկ չկռահեն, որ իրար հետ ենք: Ի վերջո հասանք տեղ. առաջինը Եկվորին վայելելու էր Հայացքը: Մյուսներս տեղավորվեցինք երկրորդ հարկում` աստիճանավանդակի պարապ խորշի երկայնքով, որտեղից պետք է երեւար հենց ներքեւում տեղի ունեցող ողջ գործընթացը` այնքանով, որքանով դա թույլ էր տալիս մթությունը:

Այսօրինակ ինտիմը յուրահատուկ կանոններ ունի: Այն ենթադրում է սեռական զուգընկերների աներեւակալիորեն նվազագույն շփում եւ հպում: Անգամ ձեռքով բարեւելիս մարդկային մարմինները ավելի շատ են իրար հպվում, քան այսօրինակ դեպքերում: Եվ սա հասկանալի է. նախ Եկվորը յուրօրինակ արտաքինի ու սանիտարահիգիենիկ ինքնատիպ վիճակի պատճառով գգվանքների չէր տրամադրում: Եվ հետո, եթե ինչ-որ մեկը սեռական գրգիռների ազդեցության տակ, ասենք, համբուրի այսպիսի մեկին, կարող է դուրս վռնդվել տղայական շրջապատից, որովհետեւ հազար մարդ Եկվորի հետ հազար կերպ հարաբերվել է, իսկ դու նրա հետ համբուրվում ես: Պա~հ, դու լրիվ փչացար, ըստ տղայական չգրված օրենքի, դու կարող ես արժանանալ համընդհանուր ծաղրի եւ արհամարհանքի: Այնպես որ, այս էքստրեմալ ինտիմի ընթացքում պարտավոր ես մաքսիմալ զգույշ եւ զգոն լինել` գլխիդ փորձանք չբերելու համար: Սա կոչվում էր «Սովետական Հայաստանի» սիստեմ, որովհետեւ տղաներին խորհուրդ էր տրվում նման դեպքերում սեռական պարտնյորի երեսին «Սովետական Հայաստան» թերթ փռել` նրա դեմքը չտեսնելու եւ պրովոկացիոն համբույրներից խուսափելու համար:

Այսպես Եկվորը նույն գլխաշորով, վերարկուով, ցեխապատ սապոգներով փռվել էր հատակին` ոտքերը բրգած, եւ 10-15 րոպեում ամեն ինչ վերջացավ: Տղերքը հերթով իջնում էին, իսկ վերեւում գտնվողները հռհռում էին տեսարանի վրա: Եվ ճիշտն ասած` հաճույքը ոչ թե ներքեւում, այլ վերեւում տեղի ունեցողն էր:

Ի վերջո եկավ հաշիվները մաքրելու ժամանակը, եւ Բիզը մի առանձնակի հպարտությամբ գրպանից հանեց սովետական 25 ռուբլիանոցը եւ պարզեց Եկվորին (այդ 25-անոցը մենք փոխանակել էինք մեր հավաքած 5-ական ռուբլիների հետ` հատուկ այս հանդիսավոր դեպքի համար): Վերջինս կատաղության մեջ ընկավ.

- Արա, ա՛յ լակոտներ, դուք լրիվ գ… ե՞ք, 25 մանեթով պ… են քու…, էն էլ` հինգ հոգով, - աճուկները իրար սեղմած` գոռգոռում էր նա: Ճիշտն ասած, նրա վրդովմունքը տեղին էր: Խորհրդային Միությունը էլ առաջվանը չէր, եւ նրա գովական 25-անոցով հիմա կարելի էր գնել թերեւս միայն մի տուփ միջին որակի ծխախոտ: Ու եթե դա մեծ փող էր պատանյակների համար, Եկվորի համար դա վիրավորանք էր:

Մենք, իհարկե, շփոթվեցինք, բայց ուշքի գալով` բացատրեցինք, որ ուրիշ փող չունենք, եւ դա մեր ունեցած-չունեցածն է. ամբողջը: Եկվորը մի պահ մտածեց, ապա մի տարօրինակ առաջարկ արեց.

- Լավ, դե, որ տենց ա, ուրեմն պիտի իրան մի հատ պաչեմ, ու քվիթ, - ասաց նա ու ցույց տվեց Հայացքին:

Մենք մի պահ ուրախացանք, որովհետեւ վախենում էինք, թե Եկվորը մեզ միլիցիա քարշ կտա, բայց հաջորդ պահին խանդն ու նախանձը պատեց բոլորիս: Տխուր էր հասկանալը, թե ինչու էր մեր բոլորի առաջին կինը հինգից ընտրել հատկապես Հայացքին: Վերջինիս, սակայն, չէր ուրախացրել իր հանկարծահաս տրիումֆը. խաղասեղանին դրված էր նրա պատիվը, ու առանց բառ ասելու` նա մի անհավանական ցատկով դուրս թռավ կիսակառույց առանձնատան պատուհանի խորշից:

Եկվորը նրա ետեւից մի քանի աներեւակայելի հայհոյանք նետեց, իսկ մեր մեջ փոթորկվում էր պատանեկան ատելությունը Եկվորի եւ Հայացքի նկատմամբ, որոնց սերը մեզ ավելորդ ու չնչին էր դարձրել այս պատմական երեկոյի մեջ: Ու երբ Քառակուսին իր սառած բռունցքով հասցրեց Եկվորի մռութին` իբր մեր ընկեր Հայացքին հայհոյելու համար, բոլորս հասկացանք, որ հարվածի իմաստը բոլորովին ուրիշ է. անարգվածը Հայացքը չէր, այլ մեզնից յուրաքանչյուրինը: Մենք բաժանվեցինք` անծանոթ եւ անհասկանալի մի խոց սրտներիս առած:

Շուտով քաղաքի ողջ պատանեկությունը ոտքերը քարշ տալով էր քայլում. մարդկանց ոտքերը բռնվում, իսկ հետույքները ահավոր ծանրանում են «Բիցիլին-3» կոչվող այլանդակ դեղամիջոցի ներարկումներից: Այն ժամանակներում այդպես բուժում էին գոնորեա կոչվող հիվանդությունը:

Իսկ Եկվորը անհետացավ. հետո լուրեր տարածվեցին, թե նա գտնվում է հարեւան քաղաքում: Ասում էին, որ նրան մաշկավեներական բժիշկների մաֆիան է գաստրոլների տանում քաղաքից քաղաք: Այս լուրերը, սակայն, ո՛չ հաստատվեցին ու ո՛չ էլ հերքվեցին:

Համաճարակի այդ ժամանակներում նաեւ ուրիշ լուրեր տարածվեցին. թե հիվանդությունը կարելի է բուժել նաեւ առանց բժշկի դիմելու, ավանակի հետ հարաբերվելու միջոցով: Տղերքից մեկը չէր դիմացել ու հերթական սրսկումից առաջ այս մասին ուղիղ հարցրել էր բժշկին:

- Եթե էդպես լիներ, իմ փոխարեն այստեղ ավանակ կապած կլիներ, - տղային հանգստացրել էր բժիշկը:

68. Զանգով մարդը

Վրաց-ռուսական պատերազմը պայթեց իմ ճանապարհին: Կարելի էր կարծել, որ այդ պատերազմը մտածվել է հենց իմ վերադարձը կանխելու համար, վերադարձը Հայաստան, վերադարձը երկրի հակառակ կողմից: Շուրջերկրյա իմ պտույտի ընթացքում առաջին անգամ ես կանգնեցի ճանապարհը շարունակելու անհնարինության գիտակցման առաջ: Թիֆլիս իմ վերադարձը հնարավոր չէր ծովով, հնարավոր չէր ցամաքով, հնարավոր չէր օդով. պատերազմի արդյունքում Ռուսաստանից օդանավեր չէին թռչում Վրաստան:

Կարող էի Նովոսիբիրսկից միանգամից Երեւան թռչել, բայց օդանավակայանից հաստատ չէի հասնի Ազատության հրապարակ, մի հանգրվան, որին հասնելու համար պտտվել եմ աշխարհի շուրջ: Իմ ճամփորդությունը չի դադարի, չի ավարտվի, քանի դեռ չեմ հասել Ազատության հրապարակ, չեմ կանգնել նրա հարթակին, ու իմ ձայնը չի հոսել Երեւանի փողոցներով, չի արթնացրել ամենախոր քնածներին անգամ: Չէ, իմ նպատակը ճամփորդությունը ափալ-թափալ ավարտելը չէ, ինձ համար հարազատ է ամենահյուծիչ ամենաերկար ճանապարհը: Պարզապես իրավունք չունեմ կանգնել, ես պետք է մղվեմ, անընդհատ մղվեմ դեպի Հայաստան, իմ քայլերը չպետք է սառչեն որեւէ կետում, բայց ահա` իմ ճանապարհին պատերազմ է պայթել.

- Անասուն, անասուն, անասուն… տավար…

Տեսականորեն, իհարկե, կան տարբերակներ: Չէ՞ որ սերբական անձնագիր ունեմ ու կարող եմ հանգիստ հասնել Բաքու, Ադրբեջան, այնտեղից անցնել Վրաստան, որտեղից էլ Զուրաբն ու Իմաստուն Ծերուկը ինձ կհասցնեն Հայաստան: Այս երթուղին մի պահ ինձ տրամաբանական թվաց, բայցեւայնպես` պատերազմի պատճառով բոլորը չորս են արել իրենց աչքերն ու ականջները: Իսկ եթե Ադրբեջանում բացահայտվի իմ ով լինելը. պա~հ, ի~նչ մի պատմություն կդառնա: Ո՛չ Հայաստանին կարող եմ բան բացատրել, ո՛չ էլ, առավել եւս, Ադրբեջանին: Չնայած` սրանք գուցե թե ինձ աղայի նման պահեն` աշխարհին ասելու համար, թե` տեսեք` ինչպիսի երկիր է էդ Հայաստանը, որ մարդիկ, լրագրողները փախչում են Ադրբեջան եւ այստեղ պաշտպանություն ստանում վսեմաշուք Իլհամի հովանու ներքո: Գետինը մտնես, գետինը: Չէ, իհարկե, կարող է ամեն ինչ հանգիստ անցնել, բայց հակառակի հավանականությունը միայն բացառում է Ադրբեջանի տարբերակը: Նաեւ Թուրքիայի. չնայած այստեղ բացահայտվելու հետեւանքները պակաս ճոխ կլինեն, բայցեւայնպես. Սերժը Հայաստանի կեսն էլ տա Թուրքիային, ազգիս ինծիլիգենցիան կլիզի նրա կոշիկները, իսկ եթե մենք մի թուրքի բարեւ տանք, ազգիս ինծիլիգենցիան ավելի ուժեղ կլիզի Սերժի կոշիկները: Էդ Սերժը սրա համար է երեւի 50 հազար դոլարանոց կոշիկներ հագնում. ախր, էժան կոշիկները մշտական խոնավությանը չեն դիմանում, չեն դիմանում: Միայն կոկորդիլոսի կամ անակոնդայի կաշի, որ խոնավությունը մի լավ ջանը քաշած լինի:

Մնաց, ուրեմն, Իրանը: Լավ երկիր է Իրանը, չքնաղ երկիր: Երբ հայտնվում ես այնտեղ, քեզ թվում է, թե մի կինոնկարի մեջ ես գտնվում, մի շատ հետաքրքիր կինոնկարի: Բայցեւայնպես, ինչպես կինոնկարներում, այստեղ ամեն օտարերկրացու վրա 4-5 հատուկ գործակալ է աշխատում, ու դու պլստալու ոչ մի տարբերակ չունես: Իսլամական հեղափոխության հայրենիքը հիմա դարձել է աշխարհի ամենահակահեղափոխական երկիրը` «կայունության» ու բռնակալության ջատագով: Ու թե նրանց ձեռքն ընկնեմ, մի լավ կփաթեթավորեն ինձ ու փաթեթի վրա էլ կգրեն. «Մահմուդ ապերից` քիրվա Սերժիկին»: Կարճ ասած, Վրաստանից այնկողմ ինձ համար աշխարհ չկա, իսկ Վրաստանը հիմա պատերազմի մեջ է.

- Անասուն, անասուն, անասուն… տավար…

***

Երբ Պավելը եկավ, կեսօրն անց էր վաղուց, բայց ես չէի սափրվել, անգամ չէի լվացվել եւ հետեւում էի լուրերին: Նա խորհուրդ տվեց ծանր չտանել պատերազմը. ամեն ինչ տրամաբանական է` Վրաստանը ինչպես եղել, այնպես էլ պետք է լինի ռուսական գավառ: Բնազդաբար ուզում էի հարցնել` բա Հայաստա՞նը: Լավ էր չհարցրի. էդ էր մնացել, որ ինչ-որ ուրիշ մեկը ինձ բացատրի, տեղյակ պահի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ: Դա մեր գործն է, բացառապես մեր գործը:

Գնացինք հաց ուտելու. պատվիրեցինք օղի, գարեջուր, սյոմգա եւ պալտուս: Կերանք-խմեցինք ու դուրս եկանք մի բացօթյա սրճարանում նստելու: Սուրճ էինք խմում: Զբոսայգի էր: Ու մեկ էլ զանգի ձայն լսեցինք: Նայեցինք չորս կողմը, ոչինչ չտեսանք: Զանգի ձայնը կրկնվեց. դա ո՛չ զանգակատուն էր ու ո՛չ էլ խաղալիք. ավելի շատ նման էր տախտակամածի զանգի ձայնին: Մենք ոչինչ չէինք հասկանում, իսկ ձայնը հասնում էր մեր ականջին: Հետաքրքիր էր, թե այդ ինչ զանգ է: Սուրճը խմեցինք, որոշեցինք գնալ փնտրելու ու շուտով գտանք: Զբոսուղու պռնկին մի մարդ էր կանգնած` ահագին զանգը ձեռքին: Նա հնչեցնում էր զանգը, այն դնում գետնին ու ինչ-որ բան հայտարարում: Մոտեցանք, երբ նա ավարտում էր իր ասելիքը, որն ակնհայտորեն պետք է կրկնվեր. ահա սպասեցինք մինչեւ ամեն ինչ նորից սկսվի: Նա նորից կռացավ, վերցրեց զանգը, երեք անգամ` ընդհատումներով, հնչեցրեց, ապա դրեց գետնին ու բարձրաձայն սկսեց խոսել.

- Մարդիկ, մենք ապրում ենք անարդարության, ստի, կեղծիքի, ամենաթողության ու ապօրինության պայմաններում: Ես այստեղ եմ` ահազանգելու համար. դուք կարող եք լինել անարդարության, ստի, կեղծիքի, ամենաթողության, ապօրինության հաջորդ զոհը: Որքան մեծանում է ամենաթողությունը, այնքան շատ զոհ է այն պահանջում, որքան անարգել է այն գործում, ավելի է մեծանում, որքան ավելի է մեծանում, ավելի շատ զոհ է պահանջում: Դուք կարող եք լինել հաջորդ զոհը. մի համակերպվեք ամենաթողության, ստի, կեղծիքի, անարդարության, ապօրինության հետ, որովհետեւ այն վաղ թե ուշ խժռելու է նաեւ ձեզ, անձամբ ձեզ ու ձեր զավակներին:

Ահա սա էր այդ տարօրինակ մարդու հայտարարությունը, որին նախորդում եւ հաջորդում էին երեք զանգերը, երեք ահազանգերը: Անցորդները օտարոտի էին նայում նրան ու, նրա ձայնի հասանելիության շառավիղում հայտնվելով, արագացնում քայլերը: Նրա մշտական ունկնդիրը մեն մի հարբած մուժիկ էր` գետնին նստած: Երբեմն նա վերջին ճիգով բարձրացնում էր կրծքի վրա անուժ կախված գլուխը եւ, այն ուսերի վրա մի կերպ ճոճելով, թոթովում` ոսկե խոսքեր են: Նա ոչինչ ավելին ասել չէր հասցնում. գլուխը նորից գլորվում էր կրծքին:

Ես ու Պավելն էլ կոնծած էինք, ու զանգով մարդը ժպիտ էր բերել Պավելի դեմքին: Մենք մի քանի սեանսի ընթացքում կանգնած էինք մարդու կողքին, ի վերջո Պավելը չդիմացավ, մոտեցավ նրան ու հարցրեց.

- Դու ո՞վ ես:

Մարդը նայեց Պավելին, բայց չընդհատեց իր խոսքը.

- …այնքան շատ զոհ է պահանջում, որքան անարգել է գործում, ավելի է մեծանում, որքան ավելի է մեծանում, ավելի շատ զոհ է պահանջում: Դուք կարող եք լինել հաջորդ զոհը. մի համակերպվեք ամենաթողության, ստի, կեղծիքի, անարդարության, ապօրինության հետ, որովհետեւ այն վաղ թե ուշ խժռելու է նաեւ ձեզ, անձամբ ձեզ ու ձեր զավակներին, - հերթական անգամ հայտարարեց նա եւ ի պատասխան Պավելի խոսքի ասաց.

- Քաղաքացի:

Պավելը գլխի ընկավ, որ սա իր հարցի պատասխանն է, ու շարունակեց.

- Ես էլ եմ քաղաքացի, հետո՞…

- Դու քաղաքացի չես, դու բնակիչ ես, տնվոր ես, - անսպասելիորեն հակադարձեց մարդը:
Պավելին սա ակնհայտորեն դուր չեկավ.

- Էդ ինչպե՞ս, - նեղված հարցրեց նա:

- Որովհետեւ քեզ համար իրականությունը լուրերի թողարկում է, քեզ թվում է, թե քո գործը լուրերի թողարկում լսելն է, այսինքն` մտածելու քո բաժինը ուրիշներին զիջելը: Որովհետեւ երբ որ մարդկանց սպանում են, բռնադատում են, հետապնդում են, ունեզրկում են, դա քեզ համար լուր է կամ բամբասանք, որը գոյություն չի ունենա, եթե թերթ չկարդաս, հեռուստացույց չնայես, եթե ականջներդ ու աչքերդ փակես: Ու երբ մի օր անարդարությունը բռնի քո կոկորդից, երբ որ քեզ մորթեն ամենքին ի տես, դու վայնասուն ես անելու` բա էս քաղաքում մի արդար ու արդարամիտ մարդ չկա՞, որ ինձ պաշտպանի, որ ինձ նեցուկ լինի, որ ինձ հասկանա: Իհարկե, չկա, որովհետեւ հոտի գլխաքանակը չի ընդվզում, երբ իր կողքինին տանում են սպանդարան, նրան թվում է, թե դա իր հետ տեղի չի ունենալու: Կան, իհարկե, որ բնական մահով են մեռնում, բայց նրանց պահում են, որ նրանք նոր գլխաքանակ ծնեն` սպանդանոցի միսը ապահովելու համար…

Ես մի կերպ հաղթահարեցի մարդուն գրկելու ցանկությունս, իսկ Պավելը անկանոն շարժումներ էր անում.

- Ախպերս, դու ծակվա՞ծ ես, թե՞ խելագար, - մարդուն դիմեց նա:

- Գիտե՞ս ինչու ես տնվոր, - վերջին ռեպլիկը չնկատելու տալով` շարունակեց մարդը, - որովհետեւ երբ առաստաղը փլվում է գլխիդ, դու ոչ թե նորոգում ես այն, այլ հավաքում ես իրերդ եւ գնում նոր տուն վարձելու: Դու հիմա չես էլ հասկանում, որ տնվոր ես, եւ դա կհասկանաս, երբ պատսպարվելու տեղ չունենաս, երբ մի օր գան ու քեզ ասեն` փասափուսեդ հավաքիր ու չքվիր այստեղից:

- Ո՞վ պետք է ասի:

- Նա, ում զիջել ես տանտեր լինելու քո իրավունքը, - ասաց մարդը ու էլի ձեռքը վերցրեց զանգը:

- Ոսկե խոսքեր են, - մի կերպ արտաշնչեց հարբած մուժիկը ու գլուխը նորից գլորեց կրծքին:

Ես դեռ հեռվից լսեցի ոստիկանական «Վիլիսի» շչակը ու քաշեցի Պավելի թեւից. էստեղ ես հաստատ տնվոր եմ ու անելիք չունեմ: Իսկ Պավելի մոտ կարծես հարցեր էին առաջացել, եւ նա ուզում էր հակառակն ապացուցել, ուզում էր ցույց տալ, որ ինքը` իշխանական կամակատար, ամենեւին էլ տնվոր չէ եւ տեր է զգում իրեն: Իսկ ոստիկանական «Վիլիսի» շչակը մոտենում էր, հա մոտենում: Պավելին մի կողմ տանելու իմ բոլոր փորձերը ապարդյուն անցան, եւ ես որոշեցի նահանջել դեպի մոտակա թփեր: Պավելը ինչ-որ բան էր խոսում մարդուն զուգահեռ, իսկ մարդը շարունակում էր բարձրաձայնել իր սովորական ասելիքը: Իսկ ոստիկանական «Վիլիսի» շչակը արդեն խլացնում էր թե՛ մարդու եւ թե՛ Պավելի ձայները: Ի վերջո «Վիլիսը» կանգնեց հենց նրանց կողքին. չորս հաստագլուխներ իջան մեքենայից, հարբածին ու մարդուն շպրտեցին մեքենայի բեռնաբաժին: Հետո բռնեցին Պավելի թեւից. վերջինս ուզում էր բացատրել, թե ով է ինքը, ուզում էր պարզաբանում պահանջել, մինչեւ որ հաստավիզներից մեկի արմունկը հանգրվանեց նրա բերանին: Պավելը թքեց. արյան հետ հանդարտ անկում էին նրա մի քանի ատամներ:

69. Ոճիր եւ պատիժ

Ոստիկանական «Վիլիսը» հեռացավ` իր հետ տանելով հարբած մուժիկին, զանգով մարդուն եւ Պավելին: Շտապելով վերադարձա հյուրանոց` մի թաքուն ուրախություն սրտիս մեջ պահած: Սիրում եմ, երբ Պավելի նման ինքնավստահ մարդիկ ստանում են իրենց մռութներին, բայցեւայնպես, չէի կարող ոչինչ չանել: Վերցրի հեռախոսը եւ զանգեցի 02. հերթապահին բացատրեցի, որ ահա` այսպես ու այսպես, իմ բարեկամին տարել են ոստիկանական «Վիլիսով», եւ ինձ հետաքրքրում է նրա ճակատագիրը:

Հերթապահը հարցրեց, թե դա քաղաքի որ մասում է եղել, ես նրան մոտավորապես բացատրեցի, նա էլ ինձ հեռախոսի համարը տվեց` տվյալ շրջանի միլիցիայի բաժնի: Զանգեցի, նորից նույն կերպ բացատրեցի ամեն ինչ, հիշատակեցի Պավելի անունն ու ազգանունը, բայց ինձ ասացին, որ այդպիսի մարդ իրենց մոտ «չի անցնում»: Համառեցի, խնդրեցի նորից ճշտել, բայց սրանից պատասխանը չփոխվեց. ինձ խորհուրդ տվեցին մի ժամից զանգել, գուցե ինչ-որ նորություն լինի: Մի ժամից էլ ոչ մի նորություն այդպես էլ չեղավ, արդեն չգիտեի ինչ անել: Պատվիրեցի սուրճ բերել սենյակ, մի երկու կում արեցի ու չեմ հիշում ինչպես` բազկաթոռի մեջ քնել էի: Արթնացա դռան թակոցից. վեր կացա բացեցի` Պավելն էր: Շրթունքը ուռած էր: Նա լուռ ներս մտավ` սառած հայացքով.

- Դու ինձ, փաստորեն, մենակ թողեցիր, - ասաց նա` շեղ ինձ նայելով: Թլատ էր խոսում. դիմացի ատամները կոտրված էին:

Ես դեռ հյուրանոցի ճանապարհին ինձ հաշիվ էի տալիս, որ հենց առաջին հանդիպման ժամանակ Պավելը ինձ նման մեղադրանք է առաջադրելու: Դե, հո չէի կարող բացատրել, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձ եմ, եւ էն գլխից որոշել էի չարդարանալ ու միայն հարձակվել. պատրաստ պատասխան ունեի այս դեպքի համար.

- Ես ինչո՞ւ պետք է խառնվեի քո եւ քո սեփականատիրոջ գործերին, - սուրճից մի կում անելով` հարցրի ես:

- Այսինքն` ո՞նց` իմ սեփականատիրոջ. ո՞վ է իմ սեփականատերը, - վրդովված հարցրեց Պավելը:

- Դու չէի՞ր ասում, որ Ռուսաստանում մարդիկ ցարի սեփականությունն են. դե, էստեղ էլ ժանդարմը ցարի ներկայացուցիչն է, ու նա էլ որոշեց իր սեփականության առաջին մի քանի ատամները ջարդել, - վրա տվեցի ես:

- Ես նման բան չեմ ասել, չեմ ասել, թե մարդիկ ցարի սեփականությունն են, ես ասել եմ` Ռուսաստանն է ցարի սեփականությունը:

- Տարբերությունը մեծ չէ. դու էլ, ուրեմն, տնվոր ես, ինչպես զանգով մարդն էր ասում, եւ քեզ հետ վարվեցին այնպես, ինչպես տնվորի հետ են վարվում:

- Դա քեզ թվում է` ես էդ հաստավիզ յիբյամատի հարցերը դեռ կլուծեմ, իսկ բաժնի պետն ինձնից ներողություն խնդրեց, - չէր հանձնվում Պավելը:

- Ավստրալիայի կառավարությունն էլ աբորիգեններից ներողություն խնդրեց եւ դա արեց այն ժամանակ, երբ ակնհայտ էր, որ աբորիգենները այլեւս չեն կարող իրենց կամքը պարտադրել, եւ այդ ներողությունը ավելի շատ նման էր ներողամտության: Ավստրալիայի կառավարությունը իրականում աբորիգեններին հասկացրեց, որ ըմբռնումով է մոտենում նրանց «տխմար» գոյության փաստին: Լսիր, Պավել, դու չե՞ս նկատել, թե երբեմն քաղաքակիրթ վարվեցողության մեջ ինչքան շատ ցինիզմ ու վիրավորանք կա: Էն հաստավիզը, որ քո ատամները ջարդեց, իրականում ավելի լավ է քեզ վերաբերվել, քան քեզնից ներողություն խնդրած ոստիկանապետը: Հաստավիզը քեզ օգնեց հասկանալ, թե դու ինչ իրականության մեջ ես ապրում, իսկ ոստիկանապետը կուտ է տվել քեզ ու ճանապարհել: Նա իրականում քեզ արգելել է հասկանալ այս իրականությունը եւ ամեն ինչ արել է, որ քեզ թվա, թե քո դժբախտությունը յիբյամատն է: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, քեզ հասնում էր, քեզ ավելին է հասնում, որովհետեւ քեզ միշտ թվացել է, թե ուժեղների կողքին լինելու քո գործելակերպը քեզ ուժեղ է դարձնում: Իրականում դա քո թուլության ապացույցն է, եւ այսօր մենք բոլորս դրանում համոզվեցինք: Դու ջահել ղշի նման հալվել ես, որ մի ծայր` մի գանդոն ոստիկանապետ, քեզնից ներողություն է խնդրել: Իրականում` բերանդ է տվել ու ճամփել: Որովհետեւ նրա ներողությունը չի նշանակում, թե նման բան այլեւս չի լինի, այլ նշանակում է, որ իրենց կարելի է ամեն ինչ անել` վերջում մի հեգնական ներողություն խնդրել ու ճամփել:

- Քո կարծիքով, ես ի՞նչ պետք է անեի. ես էլ ոստիկանապետի ատամնե՞րը պիտի ջարդեի:

- Հենց խնդիրն էլ այդ է, որ ոչինչ չէիր կարող անել. դու քո անելիքն արել վերջացրել ես այն ժամանակ, երբ մեռած հոգիներ ես տարել ընտրությունների. դու պարզապես ինֆլյացիայի ես ենթարկել կենդանի մարդկանց, այդ թվում նաեւ քեզ:

- Լսիր, էդ ճառեր ասելը որտե՞ղ ես սովորել, - նեղսրտած շպրտեց Պավելը:

- Երեւանում, - հանգիստ պատասխանեցի ես ու նրա տարակուսած հայացքի ներքո մտա լոգարան:

Երբ լոգարանից դուրս եկա, Պավելը հաջորդ օրվա իր հանդիպումներն էր հետաձգում, ապա եւ սկսեց ատամնաբուժարաններ զանգել` ատամները շտապ նորոգելու հնարավորություն փնտրելով: Հետո մենք մի-մի թաս կոնյակ խմեցինք` «շառից, փորձանքից հեռու» մոտիվներով: Պավելը բացատրեց, որ իր ջարդված ատամներից մեկը բնական էր, երկուսը` մետաղակերամիկա.

- Ինչ ըլնում ա, ժեշտին ըլնի, - հայերեն ասացի ես` բացատրելով ասվածի իմաստը: Մենք ծիծաղեցինք:
Հետո հետաքրքրվեցի զանգով մարդու ճակատագրով: Պավելը ասաց, որ նրան երեւի հինգ օր կալանք կտան, թե ինչի համար` չկարողացավ բացատրել: Իսկ ահա ոստիկանապետը Պավելին ասել էր, թե այդ մարդը ոչ վաղ անցյալում դպրոցի տնօրեն է եղել, եւ նրան մեղադրել են կաշառքով գնահատականներ նշանակելու մեջ եւ աշխատանքից հեռացրել, ու հիմա նա «աբիժնիկ» է, դրա համար էլ այդպիսի բաներ է անում: Վերջին ակնարկը ինձ զայրացրեց.

- Իսկ ի՞նչ է անում այդ մարդը, Պավել, որը անելու համար հարկավոր է «աբիժնիկ» լինել, եւ միայն «աբիժնիկը» կարող է այդպիսի բաներ անել, - զայրույթս զսպելով` հարցրի ես:

- Հարցն այն չէ, թե ինչ է անում, հարցն այն է, որ մի բարի պտուղ չէ, - հանգիստ պատասխանեց Պավելը:

- Գիտե՞ս, եթե ես քեզ հետ դեպքի վայրում եղած չլինեի, կմտածեի, թե այդ մարդը զանգ է հնչեցրել եւ հայտարարել` սիրելի հայրենակիցներ, ես բարի պտուղ եմ, ես աշխարհի ամենաբարի պտուղն եմ եւ այլն, եւ այլն: Դեռ քիչ է` քո նկատմամբ ապօրինություն են արել, ատամներդ ջարդել, մի հատ էլ ականջներիցդ լապշա են կախել եւ ուղարկել, - նկատեցի ես:

- Էդ ո՞նց:

- Արի հասկանանք, հա՞, ինչ է տեղի ունեցել, եւ ինչ էր ասում զանգով մարդը: Առաջին. ասում է, որ մեզ շրջապատում է ապօրինությունը, լկտիությունը, ամենաթողությունը: Ճի՞շտ է:

- Ճիշտ է:

- Համաձա՞յն ես ասածի հետ:

- Էդ որտեղ էդպես չի՞ որ:

- Պավել, ախպերս, մի շեղվիր: Զանգով մարդը չի ասում, թե, ասենք, աշխարհի վրա կան երկրներ, որտեղ էդպես չէ: Նա ասում է, ահա այսօր եւ այստեղ այդպես է: Համաձա՞յն ես:

- Ասենք, համաձայն եմ:

- Առանց «ասենք»-ի, կոնկրետ ասա` համաձա՞յն ես, թե՞ ոչ:

- Համաձայն եմ:

- Անցնենք առաջ. մարդը ասում է, որ ինքը իր պարտքն է համարում ահազանգել, որ մենք բոլորս, որ ապրում ենք անգամ մեզ համար մի կողմ քաշված, մի տեսակ թաքուն, անգամ ինքներս ենք լկտի եւ հղփացած, ահա այս դեպքում էլ կարող ենք լինել ապօրինության եւ ամենաթողության զոհ: Ես քեզ չեմ հարցնում` համաձա՞յն ես այս ասածի հետ, թե՞ ոչ, որովհետեւ բոլորիս աչքի առաջ զանգով մարդու կանխատեսումը իրականություն դարձավ քեզ համար:

Պավելը հայացքով համաձայնություն ցույց տվեց: Ես շարունակեցի.

- Մարդու հաջորդ ասածն այն է, որ պետք չէ համակերպվել ապօրինության եւ ամենաթողության հետ, որովհետեւ մի օր այն ձեր կամ ձեր զավակների կոկորդից բռնելու է, ու դուք ահավոր կսկիծ եք զգալու, որ այդպես նախիրի նման տրվել եք նրան: Ճիշտ էր, չէ՞, ասում, Պավել. խոստովանիր, որ ինչքան էլ միլպետը քեզնից ներողություն խնդրած լինի, էդ կսկիծն ու վիրավորանքը մեջդ է, եւ այն միշտ ուղեկցելու է քեզ:

- Խոստովանում եմ:

- Ահա, ուրեմն, մենք արձանագրեցինք, որ զանգով մարդու ասածը բացարձակ ճշմարտություն է: Էլ սրանից հետո ի՞նչ կապ ունի` նա տնօրեն է եղել, նրան աշխատանքից ազատել են, նա աբիժնիկ է, թե` ոչ: Դա էական է այն դեպքում միայն, երբ դու վախենում ես տեսնել իրականությունը, վախենում ես քեզ տեսնել այդ իրականության մեջ եւ, դրանից խուսափելու համար, փորձում ես զանգով մարդու ասածները մատուցել մի այնպիսի սոուսով, որից վատ հոտ է փչում: Ահա եւ քեզ ոստիկանապետի շարժառիթը: Նա խնդիր ունի այնպես անել, որ դու, ես, մարդիկ, բոլորը իրականությունը ընկալեն այնպես, ինչպես ինքն է ուզում, հասկանո՞ւմ ես: Նա զանգով մարդու հետ չի բանավիճում նրա ասածի շուրջ, որովհետեւ այդտեղ բանավեճ լինել չի կարող, նա զանգով մարդուն տեղադրում է իրեն հարմար իրավիճակում, որպեսզի նրա ասածները էական չդառնան, էական դառնան այլ հետաքրքիր մանրամասներ, որ նա, ասենք, իր կնոջ հետ անկողնում գտնվելիս ինչ-որ տարօրինակ ձայներ է հանում: Եվ վերջ, սրանով պատմությունը ավարտվեց. բոլորը մոռանում են լկտիության, ամենաթողության, ապօրինության մասին եւ սկսում քննարկել, թե զանգով մարդը ինչպիսի տարօրինակ հակումներ ունի: Եվ կյանքը դառնում է ուրախ եւ երջանիկ, ահա եւ ողջ պատմությունը: Իսկ այս պահին ինչ-որ տեղ ինչ-որ յիբյամատ ջարդում է ինչ-որ մեկի ատամները, իսկ դու հույս ունես, որ քեզ հետ այլեւս նման բան տեղի չի ունենա, եւ ուրախ ես այնքանով, որ ինչ-որ տեղ ջարդվող ատամների տերը դու չես, իսկ երբ քո ատամներն էին ջարդում, մնացած բոլորը ուրախ էին, որ այդ իրենք չեն գտնվում քո տեղում: Իսկ դրանցից մի քանիսը հիմա ստանում են իրենց ուրախության պատասխանը, դու էլ մի օր ստանալու ես քո այս պահի ուրախության պատասխանը, - ամփոփեցի ես:

- Քո գովական զանգով խրենը հիմա կուտուզկայում չի՞ տալիս իր պատասխանը, - հաղթական-կատաղած շպրտեց Պավելը:

- Պավել, ախպերս, չնեղանաս, բայց պիտի ասեմ. էդ մարդը գիտի, թե ինչի համար է կուտուզկայում, իսկ դու չգիտես, թե ինչի համար են քո ատամները ջարդել, էլի կներես` ինչպես ոչխարը չի իմանում, թե ինչի համար են իրեն մորթում:

- Չէ, իսկապես, որտե՞ղ ես սովորել էդպես ախույիտելնի ճառեր ասել, բլյածյ, - նեղսրտած հարցրեց Պավելը:

- Ասացի` Երեւանում, - ավելի նեղսրտած պատասխանեցի ես:

- Где?

- В Караганде…

70. Կլավդիայի կոշիկները

Հարավային Օսեթիայում ծավալվում էր վրաց-ռուսական պատերազմը` ավելի անտանելի դարձնելով իմ ներկայությունը Նովոսիբիրսկում: Դեռ քիչ էր, որ իմ ճանապարհին խցանում էր առաջացել, ես ստիպված էի ապրել համառուսական այն էյֆորիայի պայմաններում, որ առաջացրել էր ռուս զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան:

Եթե սերբ լինեի ոչ միայն անձնագրով, գուցե թե այդ էյֆորիան այդքան անտանելի չլիներ, բայց չնայած սերբական անձնագիր ունենալուս, ռուսական հաղթական հայացքը ինձ ընկալում էր որպես «լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի»: Երեւի, ի վերջո, շատերը կռահում էին, որ հայ եմ, բայց նրանց առաջին հայացքում զգացվում էր կասկածը` չլինի՞ վրացի է: Ռուսները իրենց փողոցներում վրացիների փնտրում էին ոչ հաշվեհարդարի համար: Նրանց պարզապես հարկավոր էր մի հաղթական հայացք նետել վրադ, իբր` հիմա տեղը բերո՞ւմ ես, ա՛յ Գոգի, թե Իվանը ով ա էղել էս կյանքում:

Շատ արագ հյուրանոցի սենյակը դարձավ այն միակ տեղը, որտեղ ինչ-որ կերպ հնարավոր է պատսպարվել, բայց միայն մեծ դժվարությամբ: Հեռուստաէկրաններից էյֆորիան շարունակում էր հորդել, իսկ մեր ոչ թանկ հյուրանոցում միայն ռուսական ալիքներ կային. տվյալ իրավիճակում փրկությունը «Կուլտուրան» եւ «HTB+»-ներն էին: Ամբողջ օրը սենյակում մնալ հնարավոր չէ, եւ մի բնազդական ցանկություն էր առաջացել` գտնել մի մարդ, մի ընկերակից, որն ինչ-որ կերպ տարանջատված է այդ էյֆորիկ մթնոլորտից, եւ Սերգեյը ինձ համար փրկօղակ դարձավ: Պավելը, մանավանդ, մի քանի օր չէր երեւում. գնացել էր ինչ-որ ռեգիոնալ ընտրությունների նախապատրաստություն տեսնելու, ու պարզ չէր, թե երբ է հայտնվելու:

Այս հյուրանոցում գտնվելու մի քանի օրերի ընթացքում, նույնիսկ եղել էր օրը մի քանի անգամ, հանդիպել էինք Սերգեյի հետ` վերելակում, նախաճաշի ժամանակ` ռեստորանում, կամ հարկաբաժնում: Ես գիտեի, որ նրա սենյակը մի քանի համար այնկողմ է, նա էլ գիտեր, որ ես էդ նույն հարկաբաժնի բնակիչ եմ: Ինչպես ասում են` տեսուճանաչ մարդ էինք դարձել ու նույնիսկ բարեւում էինք իրար: Սերգեյը հեռավոր մի կոլխոզի մեխանիկ էր, ու սա երեւում էր հենց առաջին հայացքից. քաղաք էր եկել կոմբայն, տրակտոր, բեռնատարի պահեստամասեր ստանալու, բայց, ինչպես նման դեպքերում պատահում է, բյուրոկրատական քաշքշուկը նրան մի շաբաթ է` պահում էր Նովոսիբիրսկում: Պարզվել էր` իրենց ուրիշ պահեստամասեր են պետք, իսկ կենտրոնում նրանց համար ուրիշ պահեստամասեր են դուրս գրել, որոնցից իրենց պահեստում էլ լիքը լցրած է: Ու հիմա Սերգեյը ստիպված էր սպասել, մինչեւ իրենց կոլխոզի համար էլ մեծ պահանջարկ ունեցող պահեստամասեր դուրս կգրեն. հացահատիկի հնձի սեզոնի նախաշեմին ու բուն հնձի ժամանակ պահեստամասերի մի իսկական պայքար էր սկսվում կոլխոզների միջեւ. մի իսկական խորհրդային դեժավյու:

Այդ օրը մենք վերելակում հանդիպեցինք` նախաճաշից սենյակ բարձրանալիս: Էն էլ ասեմ, որ այս ընթացքում միշտ լավ տեսք ունեի, լավ էի հագնվում. ամեն օր մաքուր սափրվում էի` սովորականի պես, հագնում էի Ֆրանսիայից, Գերմանիայից, Կուբայից գնած գեղեցիկ հագուստ ու կոշիկ: Կարճ ասած` ամեն ինչ անում էի` փախստականի տեսք չունենալու համար:

Սա կարեւոր է, որովհետեւ հենց վերելակից դուրս եկանք, Սերգեյը մի անսպասելի ռեպլիկ արեց.

- Երեւում է` հագուստ-կապուստից գլուխ հանում ես:

- Եթե երեւում է, երեւի գլուխ հանում եմ. ի՞նչ կա, - հետաքրքրվեցի ես:

- Կնանոց հագուստ-կապուստից էլ գլուխ կհանե՞ս:

- Դե, նայած ինչ հագուստ է, - զգուշորեն պատասխանեցի ես` չկռահելով, թե այս ինչ թել է թելում Սերգեյը:

- Կգա՞ս հինգ րոպեով գնանք իմ սենյակ, - աղերսող հայացքով ասաց նա:
- Գնացինք:

Ներս մտանք, ինձ առաջարկեց նստել, ինքը մտավ լվացարան, լվացված ձեռքերով վերադարձավ, բացեց պահարանը եւ այդտեղից դուրս բերեց մի կոշիկի տուփ` մատների ծայրերով զգուշորեն բռնած: Էն նրբությունը, որով Սերգեյի մատները բռնել էին տուփը, ինձ զարմացրեց: Այնպիսի տպավորություն էր, թե այդ մատները դողում են` սրբության հպվելու մի անորոշ գիտակցումով, թվում էր, թե կոպիտ ձեռքերով այդ երիտասարդը ուր որ է կսկսի հեկեկալ: Բայց նա հաղթահարեց ինքն իրեն, տուփը դրեց անկողնու վրա, նույնպիսի զգուշությամբ վերցրեց կափարիչը, զգուշորեն բացեց թղթե փաթեթի եզրերը եւ այնտեղից հանեց կանացի մի կոշիկ.

- Հը, ի՞նչ կասես, - դիմեց նա ինձ:

Ես մի բնազդական շարժում արեցի` կոշիկի մասին կարծիք հայտնելուց առաջ այն ձեռքս վերցնելու մղումով: Դա մի տեսակ ցնցեց Սերգեյին, եւ այդ թրթիռը ցնցեց ինձ նույնպես, եւ ես վերադարձա ելման դիրքի: Իսկ կոշիկը իսկապես լավն էր` բարձրակրունկ, լաքապատ. ինքը սեւ ու մեղմ կապույտ երկայնական գծերով:

Մինչեւ հիմա այդ կոշիկները դաջված են հիշողությանս մեջ, ու այն զգացողությունն ունեմ, թե դրանք աշխարհի ամենալավ կոշիկներն էին: Բայց հիմա, հենց հիմա սկսեցի մտածել. եթե դրանք աչքովս ընկնեին որեւէ խանութի որեւէ ցուցափեղկում, արդյո՞ք կգրավեին ուշադրությունս, արդյո՞ք ես կնայեի նրանց վրա, արդյո՞ք կասեի, որ դրանք աշխարհի ամենալավ կոշիկներն են, եւ արդյո՞ք դրանք կլինեին աշխարհի ամենալավ կոշիկները: Հազիվ թե. որովհետեւ դրանք այդպիսին դարձել էին Սերգեյի դողացող ու հոգատար ձեռքերի մեջ, նրա սրտի տանջալի տրոփյունների շնորհիվ, նրա հայացքի անհանգիստ ցոլքերի ներքո:

- Շատ լավն են, Սերգեյ, էդ որտեղի՞ց ես գնել, - ի վերջո ասացի ես:

- Խանութ էր, էլի. հաստա՞տ լավն են:

- Առանց չափազանցության. էդ ընկերուհի՞դ է հագնելու:

- Կինս, բայց չգիտեմ` ոտքին կլինի՞, թե՞ չէ:

- Ոտքի համարը ի՞նչ է, չգիտե՞ս, էդ դեպքում ինչո՞ւ ես առել` մոտավորապես, - զարմացա ես:

- Հարցեր կան, - խորհրդավոր ասաց Սերգեյը ու նույն զգուշությամբ կոշիկը դրեց տուփի մեջ, փաթեթի թուղթը ետ ծալեց նրա վրա, կափարիչով փակեց տուփը ու այն տեղավորեց պահարանի մեջ:

Էս պահվածքը ինձ համար խիստ հետաքրքրական էր.

- Սերգեյ, արի գնանք իմ սենյակ` մի մի բաժակ կոնյակ քցենք, - առաջարկեցի ես:

- Թողել եմ խմելը, - ասաց նա:

- Մեկ-երկու բաժակը տուն չի քանդի. գնացինք, գնացինք, - ասացի ու դուրս եկա սենյակից: Սերգեյը հետեւեց ինձ:

Մի-մի բաժակ քցեցինք հինգ աստղանի «Արարատից», մի հատ դեղձ ունեի, մանր կտրտեցի, որպես ուտեստ: Մի բաժակ էլ լցրեցի ու ասացի.

- Արի, Սերգեյ, խմենք մեր կանանց կենացը:

Խմեցինք, ու ես չդիմացա, հարցս կրկնեցի.

- Սերգեյ, ախպերս, էդ կոշիկը ինչո՞ւ ես գնել, թե կնոջդ ոտքի համարը չգիտես:

- Էս էն դեպքն է, որ համարը կապ չունի, եթե անգամ ճիշտ ոտքով լինի, մեր խուտորում էդպիսի կոշիկ հագնելու տեղ չկա, ուզես էլ` չես կարող հագնել. մենակ տանը` ճաշ եփելիս, - խնդալով ասաց Սերգեյը ու շարունակեց, - տարվա կեսը սառույց է ու ձյուն, էն մյուս կեսն էլ` ցեխ ու փոշի, էդ կոշիկը որտե՞ղ պիտի հագնես:

- Բա ինչո՞ւ ես առել, ախպերս, - համառում էի ես:

Սերգեյը մի պահ հապաղեց, բայց հաջորդ պահին ասես վճռականություն ձեռք բերելով` ասաց.

- Ուզում եմ իմանա, որ իրեն սիրում եմ, հասկանո՞ւմ ես, որ չնայած ցեխի ու փոշու մեջ ենք ապրում, ինքը թագուհի է ինձ համար, հասկանո՞ւմ ես:

Չեմ թաքցնի, աչքերս լցվեցին, ես ձեռքս գցեցի Սերգեյի ուսով ու համբուրեցի նրան.

- Դու մուժիկ ես, Սերգեյ, դու տղա ես, քո կենացը, իմ ախպեր, - ասացի ու պարպեցի կոնյակի հերթական բաժակը:

Իմ հուզմունքը հուզեց Սերգեյին նույնպես.

- Նեղված եմ, ախպերս, նեղված եմ, - ասաց նա:

Ես այս ռեպլիկին ոչինչ չպատասխանեցի` համբերատար սպասելով, որ Սերգեյը շարունակի իր խոսքը.

- Կենցաղը սպանում է մարդուն, հասկանո՞ւմ ես, մորթում է ուղղակի մարդուն: Ես իմ Կլավդիային կյանքիս չափ սիրում եմ, էս աշխարհում կյանք չունեմ առանց նրա: Էն օրը, ուրեմն, թեթեւ էր գործս, մի քիչ շուտ ավարտեցի, բախտ էր բացվել վրաս` հոգնած չէի: Վազեմ, ասում եմ, տուն` գրկեմ իմ Կլավդիային, համբուրեմ, շոյեմ գլուխը, ասեմ` Կլավ, քեզ աշխարհի չափ եմ սիրում, կմեռնեմ քեզ համար, Կլավ, իմ արեւ, իմ հրեշտակ: Բացում եմ, ուրեմն, դուռը, ոտքիս ձայնը լսում է ու էնտեղից բղավում` Սերյոժ, ասում է, հոսանքը պայթել է, կարճ միացում է տվել, հասիր էլեկտրիկ բեր, երեւի սառնարանն ու հեռուստացույցը վառված կլինեն: Բառերը սմքեցին սրտիս մեջ, հասկանո՞ւմ ես. մի օր ասելու ուժ չունեմ, հաջորդ օրը` լսող չունեմ: Էն անգիր արած բառերս կանգնել են կոկորդիս. հիմա էլ տուն եմ հասնելու ջարդված, բեզարած, նա էլ հավի, բադի, խոզի ետեւից. ի~նչ սեր, ի~նչ բան: Բայց էդ կոշիկը որ տեսնի, երեւի կհասկանա, չէ՞, ամեն ինչ:

- Սերգեյ, ախպերս, մուժիկ ես դու, տղա ես, ախպերս, - ուրիշ ոչինչ չէի կարողանում ասել ես:

- Գիտե՞ս ինչու են պսակված կնանիք երբեմն թրեւ գալիս ուրիշների հետ, կամ մենք ինչու ենք ուրիշների ետեւից վազում. էդ կենցաղից ենք փախչում: Կպցրեցիր մեկին, սիրեցիր ու սիրվեցիր ու վերջ` հայդե գնա քո ճամփով: Էլ ո՛չ հոգս ունես, ո՛չ հացի խնդիր, ո՛չ պարտք, ո՛չ պահանջ: Կենցաղը սպանում է մարդուն, Աստված վկա: Ու չկարծես, թե հարցը աղքատի ու հարուստի մեջ է. խրճիթն իր կենցաղը ունի, դղյակը` իր, ու երկուսն էլ հավասար սպանում են հոգին, զգացմունքները, մարդուն սարքում փալաս:

- Ճիշտ ես, Սերգեյ, բայց կենցաղն էլ ընտանիքի անխուսափելի ուղեկիցն է, առանց դրա չես կարող, - նկատեցի ես:

- Հա, բայց կենցաղը մերկասառույց է, որի վրայով մենք վարում ենք մեր բախտի ավտոն. փախավ` փախավ, էլ բռնել չի լինի: Սերը թե մաշեց, թե կուլ գնաց կենցաղին, կուչ եկավ նրա տակ, նույնն է, թե քաչալ անիվով ես ավտոդ քշում սառույցի վրա…

- Էնքան եմ ուզում տեսնել Կլավդիայիդ դեմքը` էդ կոշիկը փորձելիս, - ասացի ես:

- Դու ասա` պատմություն չսարքի. մի ամսվա ռոճիկ եմ տվել…

Ես զարմացած նայեցի Սերգեյին. էդ արածը մի պահ ինձ հիմարություն թվաց: Հետո մտածեցի` իսկապես թքած մի ամսվա ռոճիկի վրա, էս կյանքում ավելի կարեւոր բաներ կան:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Նարեկ
    Մայիս 26th, 2009 at 00:44 | #1

    70 գլուխը կարդացի մի շնչով, անհամբեր սպասում եմ շարունակությանը

  1. No trackbacks yet.