> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԾԱՂԻԿՆԵՐ ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻԻՑ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԾԱՂԻԿՆԵՐ ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻԻՑ

Նվիրում եմ Գայանե Բաբայանի հիշատակին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին: Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում: Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Եւ պետք էր տեսնել այդ տեսարանը. կալանավորը (տվյալ դեպքում ես) վարդակակաչի փունջը ձեռքին վերակացուի ուղեկցությամբ քայլում է քրեակատարողական հիմնարկի միջանցքներով` բազմաթիվ այլ կալանավորների մտահոգված հայացքների ներքո: Նրանց հայացքներից ակնհայտ էր դառնում, որ առաջին անգամ են նման պատկերի ականատես լինում: Նույնիսկ երբ ճանաչում էին ինձ, տարակուսանքը նրանց հայացքում չէր վերանում, չնայած` հասկանում էին, որ, ուրեմն, ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Իսկ իրադարձությունը իսկապես կարեւոր էր. պատմության մեջ առաջին անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր այցելել քրեակատարողական հիմնարկ: Սկզբում, երբ միջանցքում-հեռվից Շիրին Էբադիի ձեռքին ծաղիկներ տեսա` մեջս հպարտություն խաղաց երկրիս, հայրենիքիս համար: Ինձ թվաց, թե քրեակատարողական հիմնարկը ծաղիկներով է դիմավորել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ իրավապաշտպան Շիրին Էբադիին: Բայց ինձ հիասթափություն էր սպասում. Մայրության եւ գեղեցկության օրը կին իրավապաշտպանը ինքն էր ծաղիկներ բերել մի կալանավորի համար, որին քաղբանտարկյալ ու համախոհ է համարում: Մեր հանդիպման սկզբում Շիրին Էբադին ասաց, թե ցավում է, որ ինձ հետ բանտում է հանդիպում: Ես էլ ասացի, որ հանուն նման ծաղկեփունջ ստանալու արժեր բանտում հայտնվել: Չեմ կարող կանխատեսել, թե կարմրադեղին վարդակակաչները որքան կդիմանան բանտային ռեժիմին: Բայց ուզում եմ հավատալ, որ սա Նոբելյան մրցանակի դափնեկրի վերջին այցն է հայաստանյան բանտեր: Հավատում եմ, որ Հայաստան անունը դառնալու է Ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության, Օրինականության, Ժողովրդավարության հոմանիշ: Հավատում եմ, որ իմ ընկերների եւ իմ բանտում գտնվելն այսօր` Ազատ եւ Երջանիկ Հայաստանին մեր հավատարմությունն է խորհրդանշում: Հավատում եմ, որ մեր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
քաղբանտարկյալ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ապրիլի 9, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. osan
    Ապրիլ 9th, 2010 at 11:30 | #1

    Bolors anhamber ayd orvan enq spacum, veradarnal yev aprel azat u yejanik Hayastanum.

  2. yervand
    Ապրիլ 9th, 2010 at 17:29 | #2

    Չեմ կարող կանխատեսել, թե կարմրադեղին վարդակակաչները որքան կդիմանան բանտային ռեժիմին:………

  3. MM
    Ապրիլ 9th, 2010 at 18:13 | #3

    shat huzich hodvac er, Nikol jan!

  1. No trackbacks yet.