> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

fidh-leaders

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովի պատվիրակների երեւանյան ելույթները հօդս ցնդեցրին իշխանությունների այն հույսերը, թե միջազգային ասպարեզում «կառուցողական համագործակցության» դիմաց Արեւմուտքը մոռացության կտա 2008 թվականի տասը սպանությունների բացահայտման եւ քաղբանտարկյալների հարցը: Հիշեցնեմ` իշխանության ներկայացուցիչները դեռ ամիսներ առաջ են հայտարարել Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին, մինչդեռ այս օրերին տասը սպանությունների եւ քաղբանտարկյալների թեման կրկին հասավ գագաթնակետին: Այսպիսով, Մարտի 1-ի էջը ոչ միայն փակված չէ, այլեւ հաստատուն ձեւով խրված է ՀՀ իշխանությունների կոկորդին: Ու չնայած հարցի սրման առիթը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովի ներկայացուցիչների ելույթներն են, բայց որ Մարտի 1-ը իշխանության կոկորդից ոչ ոք չի հանել, հասկանալի էր վերջին ամիսների պրոցեսների արդյունքում: Այն բանից հետո, երբ հանրապետական դատարկախոսները հայտարարեցին այդ էջը փակված լինելու մասին դրան հետեւեց միջազգային կառույցների հակահարվածների շարք: Նախ ԵԽԽՎ` Հայաստանի հարցով համազեկուցողները կոշտ ձեւով արձագանքեցին նիկոյանական երգիծական հանձնաժողովի անհեթեթ զեկույցին: Սրան հետեւեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցը, ԵԽԽՎ խոշտանգումների կոմիտեի հայտնի զեկույցները: Ճիշտ է, այդ փաստաթղթերից որեւէ մեկում հստակ ամրագրված չէ «քաղբանտարկյալ» տերմինը եւ նրանց անհապաղ ազատ արձակելու հարցը, իսկ տասը սպանությունների չբացահայտման պատասխանատուների հասցեն հնարավորինս լղոզված է, բայց սա հենց այն մեթոդաբանության արդյունքն է, որը Արեւմուտքը կիրառում է ՀՀ իշխանությունների հետ խաղում: Սա հայտնի է «մտրակի եւ թխվածքաբլիթի» քաղաքականություն անունով: Արեւմուտքը ցույց է տալիս, որ գոհ է սերժանտական իշխանության հնազանդության դրսեւորումներից, բայց եւ չի պատրաստվում մի կողմ դնել նրա վրա ունեցած մի այնպիսի ազդեցիկ լծակ, ինչպիսին է Մարտի 1-ի սպանդը եւ քաղբանտարկյալների առկայությունը: Մեծ հաշվով, սա մի լծակ է, որ Արեւմուտքը փորձելու է Հայաստանի նկատմամբ կիրառել այնքան, որքան հնարավոր է: Եւ այս լծակի սպառնալիքից Հայաստանին կարող է ազատել միայն այնպիսի իշխանությունը, որը մարտիմեկյան սպանդը բացահայտելու, եւ երկրում քաղբանտարկյալների առկայությունը հավիտյանս հավիտենից բացառելու կամք կունենա:

Հ.Գ. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովը պետք է համարել ՀՀ իշխանության ՄԻԱԿ-ական կամ, ավելի ճիշտ կլինի ասել, բրիտանահայ Արմեն Սարգսյանի փառահեղ տապալումը: Իշխանական այդ թեւը հույս ուներ ՄԻՄՖ-ի այցը տեղավորել Էմիր Կուստուրիցայի, Յան Գիլանի եւ այսօրինակ պուպուշ դեմքերի այցելությունների շարքում, որոնք պիտի ծառայեին սերժանտական իշխանության PR-ին: ՄԻՄՖ-ի նախագահ Սուեր Բելասսենը, սակայն, կարծես արագ գլխի ընկավ, որ իրեն ուզում են օգտագործել, եւ այս ճշմարտության ընկալման պատճառով մի այնպիսի դոզայով հանդես եկավ Հայաստանում, որ անկասկած շոկի մեջ է գցել ՀՀ իշխանություններին: Եւ ի դեպ, այն փաստը, որ իշխանությունները ուզում էին ամենագռեհիկ ձեւով օգտագործել Սուեր Բելասսենին եւ նրա կազմակերպությունը, ապացուցվում է ՄԻՄՖ-ի երեւանյան համաժողովի հեռուստատեսային լուսաբանմամբ: Հայկական հեռուստատեսությունները համաժողովի առիթով ասում են նախապես հայտնի հայլուրական տեքստերը, կարծես քաղբանտարկյալների մասին հայտնի ելույթները, հայտնի ակցիաները, եւ հայտնի վանկարկումները չեն եղել:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 8, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Ապրիլ 9th, 2010 at 20:41 | #1

    Լոռեցիք այսպես կասեին ” էշին բարոյականություն քարոզեցին “ պոչը վեր քաշեց տ.եց”

  1. No trackbacks yet.