> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ/ WELCOME/ ДОБРО ПОЖАЛОВАТЬ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ/ WELCOME/ ДОБРО ПОЖАЛОВАТЬ

Ստեփան ՍաֆարյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, իմ բարեկամ Ստեփան Սաֆարյանը նախօրեին հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը չարձագանքեն, այսինքն` չհամաձայնեն Կլոր սեղան ձեւավորելու` «Ժառանգության» կոչ-առաջարկին, ուրեմն «անկեղծ չեն իրենց հայտարարությունների մեջ»: Այս դիրքորոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ «Ժառանգությունը» դեռեւս չի հաղթահարել իր հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների շոկը եւ անկանոն շարժումներ է անում, խոսում բաներ` առանց ասվածի իմաստը հասկանալու: Այն վայրերի ժարգոնում, որտեղ հիմա ես եմ գտնվում` սա կոչվում է «բըլթըցնել»: Եւ ուրեմն, Ստեփան Սաֆարյանի ասածից ստացվում է, որ եթե, ասենք, Հայ ազգային կոնգրեսը չհամաձայնի «Ժառանգության» առաջարկի հանգույն` առանց նախապայմանների Կլոր սեղանի շուրջ նստել ոչ միայն ՀՅԴ-ի եւ «Ժառանգության», այլեւ կոալիցիոն ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ի հետ, ուրեմն անկեղծ չէ իր հայտարարությունների մեջ: Սաֆարյանի կառուցած տրամաբանությունը ինձ հետաքրքրում է բացառապես Հայ ազգային կոնգրեսին վերաբերելիության մասով. իսկ Կոնգրեսը տվյալ խնդրի համատեքստում միայն մեկ բան է հայտարարել, որ իշխանության հետ ոչ մի երկխոսություն չի վարի, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները: Բայց, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, ստացվում է, որ նշված հայտարարության մեջ անկեղծ լինելու համար ՀԱԿ-ը պետք է մոռանա այդ նույն հայտարարությունը, գործի այդ հայտարարության տրամաբանությանը հակառակ եւ բանտերում քաղբանտարկյալների առկայության պայմաններում երկխոսության նստի (այլոց թվում) իշխանական ուժերի հետ: Ամենեւին էլ զարմանալի չէ, որ «Ժառանգությունը» անկեղծության ահա այսպիսի մոդել է առաջարկում. զարմանալի չէ, որովհետեւ «անկեղծության» այդ մոդելը տվյալ կուսակցությունը արդեն իսկ իրագործել է: Նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ի խորոց սրտի, հանուն ազգի միասնության եւ ճաճանչափայլ զարգացումի` անկեղծորեն հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից, հետո նույնքան անկեղծորեն, ոչ պակաս ի խորոց սրտի եւ ազգի ավելի միասնության ու ավելի ճաճանչափայլ զարգացումի` հրաժարվեց պատգամավորի մանդատից հրաժարվելու իր հրաժարումից: Չասեմ, թե այն վայրերի ժարգոնով, որտեղ հիմա ես եմ գտնվում, սա ինչպես է անվանվում: Բայց եթե ուշադիր ուսումնասիրենք «Ժառանգության» վերջին առաջարկի հասցեատերերի ցանկը, կտեսնենք, որ նրանք բոլորը, այդ թվում եւ «Ժառանգությունը», խորհրդարանում են, ուս ուսի հաշտ ու համերաշխ աշխատում են, ամեն օր շփվում միմյանց հետ, եւ իրար հետ հարցեր քննարկելու դժվարություն չունեն: Այս իմաստով միակ բացառությունը Հայ ազգային կոնգրեսն է:

Տպավորությունն այնպիսին է, թե «Ժառանգության» «Կլոր սեղանի» գաղափարի հիմնական նպատակը Հայ ազգային կոնգրեսին մղելն է, որ նա հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից եւ այս իմաստով հավասարվի «Ժառանգությանը»: Սա հոռետեսական վարկածն է: Լավատեսականն էլ այն է, որ առաջարկը ծնվել է այն բանից հետո, երբ վաղ առավոտյան, հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանի մտքում հերթական անգամ ազգը միավորելու անդիմադրելի ցանկություն է առաջացել: Նման ջանքերը միանշանակ պետք է ողջունել: Անձամբ ես ողջունում եմ, բայց` դե գիտեք, ոչնչով օգնել չեմ կարող: Եթե միավորվելու ցանկություն կա` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դռները բաց են բոլորի համար:

ՀԳ. Աստված հեռու տանի, բայց պատերազմի վերսկսման դեպքում Հայ ազգային կոնգրեսի պահվածքի բանաձեւը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել է դեռեւս 2008 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ: Ըստ այդմ, Հայ ազգային կոնգրեսը պատերազմի վերսկսման դեպքում իր բոլոր համախոհներին կոչ կանի պատերազմական շրջանում դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Marianna
    Ապրիլ 2nd, 2010 at 10:32 | #1

    +1

  2. Ճշմարտախոս
    Ապրիլ 2nd, 2010 at 11:43 | #2

    Ժառանգությունում, այս տարի,կարտոֆիլի առատ բերք է սպասվում:

  3. Ապրիլ 2nd, 2010 at 20:14 | #3

    KARTOFILI CE ES TARI XIARI LAV BERG A SPASVUM. 1++1+1111111111111111111111111111111111111

  4. yervand
    Ապրիլ 3rd, 2010 at 06:12 | #4

    zarangtyunum maik mard@ vori ankexcutyan@ der havatum em da Zaruhin e. mancac@ el havat chen nershnchum!

  1. No trackbacks yet.