> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 61.-65.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 61.-65.

61. Արարում եւ ծրագրավորում

62. Եվ Աստված ասաց` լույս լինի

63. Մեռած հոգիներ

64. Ամբոխները խելագարված

65. Ռուսաստանը` ժամանակից անդին

* * *

61. Արարում եւ ծրագրավորում

Ես ինձ հայտնաբերեցի անծանոթ մի զուգարանակոնքի գրկում. սակեի չարաշահման հետեւանքներն էին: Երբ դուրս եկա իկեբանայի նմուշներ պատկերող սալիկներով այդ զուգարանից, ինձ ընդառաջ եկավ սեւ կիմոնոյով մի շատ սիրունատես կին.

- Ես Կիկուձի սանի կինն եմ, իմ անունը Յուկիկո է, - ասաց նա:

- Կներեք, որ այս տեսքով ձեր տանն եմ հայտնվել, - ասացի ես եւ ուղղվեցի դեպի այն դուռը, որ, իմ կարծիքով, ելքը պետք է լիներ:

- Ոչ, ոչ. ո՞ւր եք գնում, - կանխեց Յուկիկոն` հասկանալով իմ մտադրությունը, - ես չեմ կարող ձեզ այդ վիճակում բաց թողնել, ես պատրաստել եմ ձեր ննջասենյակը: Կիկուձի սանն էլ կսրտնեղի, եթե արթնանալով ձեզ մեր տանը չգտնի:

Լուսանում էր արդեն, եւ հյուրանոցի իմ անկողինը այդ պահին անհասանելի էր թվում: Ուստի հենց այստեղ ու հենց հիմա քնելու գայթակղությունը անհաղթահարելի դարձավ ինձ համար: Յուկիկո սանը ինձ ուղեկցեց դեպի մի սենյակ, որի հատակին անկողին էր բացված ցածր մահճակալի վրա: Նա ինձ բարի գիշեր մաղթեց եւ հեռացավ. նրա կիմոնոյի թիկունքին թիթեռներ էին ասեղնագործված` ծաղիկների վրայից նեկտար հավաքելիս. մեծ սպիտակաթեւ թիթեռներ:

Ես ամաչում էի նայել Յուկիկո սանի աչքերին. սկզբից թվաց, որ պատճառը իմ վիճակն է: Ավելի ուշ հասկացա, որ այս կնոջից ուղղակի մաքրություն է ճառագում, եւ ես վախենում էի իմ հայացքով ստվերել նրա մաքրությունը: Յուկիկո սանը այն կանանցից էր, որոնց կարելի է հեշտությամբ սիրահարվել պատանեկան սիրով. այսինքն` տածել նուրբ եւ հոգեպարար զգացմունքներ` հաստատ իմանալով, որ այդ զգացումը հավերժ մնալու է սրտիդ խորքում, եւ այդ գաղտնիքը ինքդ քեզ անգամ չես խոստովանելու: Դա մի սեր է, որ կարող է պայթել, փլուզվել, վերածվել զզվանքի ու ատելության սիրեցյալիդ հետ ունեցած առաջին իսկ հպումից: Դա մի զգացմունք է, որ ենթադրում է միայն երազանք, բացառապես երազանք, եւ իրականացումը մահ է նրա համար:

Կիկուձի սանը, փաստորեն, դիմակայել է այս փորձությանը. սա թերեւս նշանակում է, որ հասուն տարիքում է հանդիպել Յուկիկո սանին: Այդպես էլ կար. նրանք ասում էին, որ Տոկիոյի համալսարանի միջանցքում դեմ-դիմաց հայտնվելով` իրարից անկախ նույն բանն էին մտածել. ես կամուսնանամ այս տղայի (աղջկա) հետ: Եվ դա իրոք տեղի էր ունեցել: Այսուհանդերձ, Յուկիկո սանը սկսել էր լրջորեն մտահոգվել ռոբոտների ստեղծման ոլորտում ամուսնու ունեցած հաջողություններով: Նա չէր ոգեւորվում գիտության եւ տեխնիկայի այնպիսի նվաճումներով, որոնք, իր մեկնաբանությամբ, փոխարինելու էին գալիս մարդկային շփմանը: Յուկիկո սանը այդպիսին էր համարում հեռուստացույցը, համակարգիչը, իսկ մարդկանց, հատկապես միայնակ մարդկանց սպասարկելու համար նախատեսված ռոբոտների ստեղծումը, որոնցով զբաղվում էր նաեւ իր ամուսինը, նրան սարսափելի էր թվում:

- Ես կարծում եմ, որ մարդուն ոչինչ ավելի մեծ բավականություն չի պատճառում, ոչինչ ավելի շատ չի երջանկացնում, որքան շփումը ուրիշ մարդկանց հետ: Եվ ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի ու ավելի դժվար են շփվում իրար հետ, եւ փոխանակ այս դժվարությունները հաղթահարելու ձեւեր գտնենք, սկսում ենք մարդկային շփման բացը տեխնիկայով լցնելու մոլուցքին տրվել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ սարսափելի է` ռոբոտներ միայնակ մարդկանց սպասարկելու համար: Սա նշանակում է նրանց պաշտոնապես զրկել մարդկային միջավայրում ապրելուց եւ ամեն ինչ անել` վերադարձը կանխելու համար, - ասում էր Յուկիկո սանը:

Իսկ մարդկային շփման մշակույթը պահպանելու լավագույն միջոցը նա համարում էր ավանդույթի պահպանումը, ինչպես, օրինակ, թեյի արարողությունը, որ նրա կարծիքով` մարդկային շփման ամենագեղեցիկ ձեւն է Ճապոնիայում: Յուկիկո սանը մի ձմեռային այգի ուներ 9-րդ հարկում գտնվող իրենց ընդարձակ բնակարանում եւ այդ ձմեռային այգում մի փոքրիկ թեյի տաղավար` պատրաստած ճապոնական թեյի տաղավարի բոլոր դասական կանոնների համաձայն: Հենց այստեղ էլ նա ինձ ու Կիկուձի սանին թեյ մատուցեց` խումհարից հանելու համար: Յուկիկո սանը թեյը պատրաստում էր մի առանձնահատուկ վայելչությամբ. տաղավարում նա օջախ ուներ, որը վառում էր ածուխներով եւ դրա վրա ջուր եռացնում թուջե թեյնիկով: Թեյը մատուցում էր ավանդական կանոնների համաձայն` հնաոճ, ճապոնացի վարպետների պատրաստած անվանական գավաթներով, որոնցից յուրաքանչյուրը միակն էր եւ անկրկնելի: Ինձ համար շատ դժվար էր թեյի տաղավարում նստել այնպես, ինչպես իրենք էին նստած` ձաբուտոն կոչվող բարձիկներին: Բայց ես փորձում էի, եւ դա որոշ ժամանակ անց ստացվեց:

Յուկիկո սանը պատմության ուսուցիչ էր եւ ասում էր, որ այնպես, ինչպես հիմա մարդիկ գլխապատառ փախչում են ավանդույթից, մի ինչ-որ ժամանակ անց էլի գլխապատառ վազելու են դեպի ավանդույթ:

Կիկուձի սանը կնոջը չէր պատմել իր ռոբոտների հետ տեղի ունեցածի մասին եւ տանջվում էր դրանից: Նա չէր ուզում, որ Յուկիկո սանը այդ մասին իմանա, բայց մյուս կողմից` չէր ուզում նրանից որեւէ բան թաքցրած լինել: Եվ ահա, այս հոգեվիճակն էր նրան մղել դեպի հարբեցողություն: Ես այդպես էլ չիմացա, թե ինչպես էր նա կնոջը բացատրել գիշերային իր բացակայությունը: Բայց Յուկիկո սանի հայացքում ջղայնության, քենի կամ հանդիմանանքի ոչ մի արտահայտություն չկար. խոսակցությունը նրանց միջեւ կա՛մ տեղի էր ունենալու իմ հեռանալուց հետո, կա՛մ արդեն տեղի էր ունեցել:

Յուկիկո սանը ինձ անընդհատ թեյ էր մատուցում տարբեր գավաթներով, եւ ես համոզվեցի, որ իրոք դրանցից յուրաքանչյուրը թեյի մի յուրահատուկ համ է բացահայտում, սեփական երանգով հարստացնում այն: Յուկիկո սանը անընդհատ խոսում էր թեյի արարողության մասին, իմ կարծիքը հարցնում տարբեր հարցերի վերաբերյալ եւ ստիպում, որ նայեմ իր աչքերի մեջ. այնքան մաքրություն կար դրանցում:

Կիկուձի սանը, ինձ իր կնոջ հետ թեյի տաղավարում տեսնելով, սկզբից կարծես տեղը չբերեց, թե ով եմ ես եւ ինչպես եմ հայտնվել իրենց տանը: Բայց երբ հիշեց, նախ զգուշացրեց Յուկիկո սանին ոչինչ չասել ռոբոտների հետ տեղի ունեցածի մասին: Կիկուձին միացավ մեր զրույցին եւ ասաց, թե շատերն էլ տեխնիկական առաջընթացի մեջ սատանայական հետք են տեսնում եւ հակաստվածային ինչ-որ բան.

- Իրականում, մարդը բացահայտում է այն, ինչ Բարձրյալը նրան թույլ է տալիս բացահայտել, - ասում էր նա եւ ընդգծում, որ գիտական մեծ նվաճումների հասած շատ մարդիկ հավատացյալ են եւ համոզված են, որ գործում են Բարձրյալի հովանավորության ներքո:

- Իսկ դուք հավատո՞ւմ եք Բարձրյալի գոյությանը, - հարցրեց Յուկիկո սանը:

- Այո, - պատասխանեցի ես:

- Քրիստոնյա եք, չէ՞, - ճշտեց Կիկուձի սանը:

Ես դրական պատասխանեցի, եւ Կիկուձի սանը մի զարմանալի խոստովանություն արեց.

- Բուդդայականությունը, իմ կարծիքով, մի շատ կարեւոր բաց ունի. նրանում բացակայում է Արարիչ Աստծո գաղափարը: Դա մոտավորապես նույնն է, եթե քրիստոնեությունը Հին կտակարանը չունենար, այսինքն` չբացատրեր, թե ինչպես է գոյացել աշխարհը:

- Դուք հետաքրքրվում եք Աստվածաշնչո՞վ, - զարմացա ես:

- Այո, դա մասնագիտական հետաքրքրություն է. չէ՞ որ մենք էլ ինչ-որ տեղ արարում ենք, - ասաց նա` վախեցած Յուկիկո սանին նայելով:

- Առանց քաշվելու խոստովանում ես, որ հակամարդ ես ստեղծում, - նեղսրտեց Յուկիկո սանը: Նրա ամուսինը չնկատելու տվեց այս ակնարկը:

- Իսկ դուք մտածե՞լ եք, թե ինչպես է Աստված ստեղծել երկիրը եւ մարդկանց, - անսպասելի հարցով ինձ դիմեց Կիկուձի սանը:

- Ի՞նչ նկատի ունեք, - չհասկացա ես:

- Դե, ասվում է, որ Աստված ստեղծեց Երկիրն ու Երկինքը: Բայց չի նկարագրվում, թե նա ինչ գործողություն ձեռնարկեց` Երկիրն ու Երկինքը ստեղծելու համար:

- Կներեք, բայց ես գլխի չեմ ընկնում, թե ինչի մասին եք խոսում:

- Տեսեք` ենթադրենք ասում ենք, որ այս կիմոնոն պատրաստել է ինչ-որ մի վարպետ: Սա ասելով` մենք նկատի ենք առնում, որ վարպետը վերցրել է այս կտորը, ձեւել այն, հետո կարել, հետո ասեղնագործել նրա վրա եւ այլն: Իսկ դուք չե՞ք մտածել, թե Բարձրյալը կոնկրետ ինչ գործողությամբ է արարել աշխարհը:

Ճիշտն ասած, այս հարցադրումը ինձ համար անսպասելի էր, եւ ես խոստովանեցի, որ այդ մասին չեմ մտածել: Կիկուձի սանը հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ վիրավորի իմ հոգեւոր զգացմունքները, եթե մի վարկած առաջ քաշի: Ես ասացի, որ պատրաստ եմ լսել այդ վարկածը.

- Գիտե՞ք, իմ գործունեության վերջին տարիների ընթացքում ես սկսել եմ մտածել, թե երկրագունդը եւ այն ամենը, ինչ տեղի է ունենում, տիեզերքն ընդհանրապես, համակարգչային ծրագրի նման մի բան են: Ճիշտ հասկացեք` չեմ ասում համակարգչային ծրագիր, այլ դրա նման մի բան: Եվ Բարձրյալը երկրագունդը ստեղծելիս ուղղակի նստել եւ գրել է այն, ինչպես համակարգչային ծրագիր կամ ինչո՞ւ ծրագիր` գրական ստեղծագործություն են գրում: Ասենք, մի դաշտում շենք կառուցելու երկու տարբերակ կա` այդ դաշտում հիմքեր փորել, պատեր բարձրացնել, տանիք դնել եւ այլն, որը բավական երկար է տեւում: Կա նաեւ մեկ ուրիշ տարբերակ. նստում ես համակարգչի դիմաց կամ էլ թուղթ ու գրիչ ես վերցնում ու գրում. կար-չկար մի դաշտ եւ այդ դաշտում` մի շենք: Մնացածը ճաշակի հարց է. կարելի է գրել, թե այդ շենքը քանի հարկ ունի, ինչ գույնի պատեր, եւ ովքեր են ապրում այդ շենքում: Եթե այս ամենին նայենք արարչագործության տեսակետից եւ հավատանք, որ Աստված աշխարհը արարեց վեց օրում, ապա շատ ավելի հեշտ է վեց օրում համակարգչային կամ մարդկային կամ որեւէ ուրիշ լեզվով արձանագրել աշխարհի գոյությունը եւ նկարագրել, թե ինչ կա նրա վրա, քան թե դա անել ֆիզիկապես:

-Անսպասելի բան եք ասում, Կիկուձի սան: Այսինքն` մենք բոլորս իրական չե՞նք:

-Չէ, դուք ինձ ճիշտ չհասկացաք. ոչ թե իրական չենք, այլ գոյություն ունեն իրականության տարբեր հարթություններ: Բայց իմ ասելիքը դրա մասին չէր, այլ արարման մեթոդի, այն մասին, թե ինչ կոնկրետ գործողություն էր իրականացնում Աստված աշխարհն արարելիս: Ես գրեթե համոզված եմ, որ նա գրելիս է եղել` համակարգչային ծրագրային որեւէ լեզվի եւ գրական լեզվի մի խառնուրդով, եւ մարդը նույնպիսի գլուխգործոց է, ինչպիսի գլուխգործոց է Համլետը, որը մտացածին է եւ իրական միաժամանակ եւ միեւնույն չափով:

Մեր խոսակցությունն այսպիսով ավարտվեց, որովհետեւ Կիկուձի սանի ասածները մտածելու էին տրամադրում: Իսկ մտածելու համար մենություն է հարկավոր:

62. Եվ Աստված ասաց` լույս լինի

Կիկուձի սանի ձեռքը սեղմեցի, Յուկիկո սանի ձեռքը համբուրեցի ու մի վերջին անգամ նայեցի նրա մաքուր աչքերին: Նրանց հրաժեշտ տալով` վերադարձա հյուրանոց: Հյուրանոցի ռեստորանում ճաշեցի, ապա մի բաժակ վիսկի խմելով` սկսեցի պատկերացնել, թե ըստ Կիկուձի սանի վարկածի` ինչպես է Աստված ստեղծել Երկիրն ու Երկինքը, Ադամին ու Եվային. «Տիեզերքում գոյություն ունի մի մոլորակ, որի անունը Երկիր է եւ որը պտտվում է իր առանցքի շուրջ:

Երկիրը պտտվում է նաեւ մի աստղի շուրջ, որը կոչվում է Արեւ. Արեւը տաքացնում է մոլորակը: Այդ մոլորակի շուրջ երկինք կա, ցամաք կա մոլորակի վրա, ու ջրեր կան. մոլորակի վրա ապրում է Ադամը. նա ինձ է նման, իմ պատկերն է: Նա աղբյուրի ջուր է խմում, սնվում է բույսերով, որոնք աճում են երկրագնդի մի անկյունում, որտեղ ապրելը շատ հաճելի է, եւ այդ անկյունը կոչվում է Եդեմի այգի: Բայց Ադամը մենակ կտխրի, թող նաեւ Եվա լինի, ու նրանք իրար հետ ապրեն հանգիստ ու խաղաղ, սնվեն Եդեմի մրգերով, սիրեն իրար, երեխաներ ունենան եւ ուրախանան: Ադամն ու Եվան ազատ եւ բանական էակներ են. որպեսզի նրանք իրենց ազատությունից օգտվելու հնարավորություն ունենան, պետք է նրանց ընտրության հնարավորություն տալ: Եդեմի այգում մի ծառ կա, եւ Ադամին ու Եվային ես ասում եմ` չճաշակեք այդ ծառի պտուղը. եթե այդ ծառի պտուղից ճաշակեք, կվտարվեք Եդեմի այգուց: Բայց սա չեղավ Ազատություն, որովհետեւ Ադամն ու Եվան արգելված պտուղի հարցով միայն մի կոչ են լսում, միայն մի տեսակետ, ու փաստորեն, նրանց ազատությունը իրական չէ. նրանք պատկերացում չեն ունենա, որ ի հեճուկս հորդորների ու զգուշացման` կարելի է նաեւ ճաշակել այդ պտուղը: Չնայած դա մեղք է, բայց նրանք իրապես անմեղ չեն լինի, եթե չգիտակցեն մեղանչելու հնարավորությունը. նրանք անմեղ կլինեն, եթե հասկանան, որ կարող են մեղք գործել ու դա չանեն: Ուրեմն թող լինի Սատանա, որ նրանց գայթակղեցնի ու շփոթեցնի: Ադամն ու Եվան թող ընտրեն եւ ճաշակեն իրենց ընտրության պտուղները», - երեւի գրել է Արարիչը ու ինչ-որ ձեւով save արել, ու եղել է այն, ինչ նկարագրված է Աստվածաշնչում: Երեւի հենց այսպես էլ եղել է. երեւի Երկրի ու Երկնքի ստեղծումից առաջ եղել է այնպիսի մի բան, որ նման է համակարգչի: Եթե չի եղել, էդ ինչպե՞ս եղավ, որ մարդկությունը 20-րդ դարում վերցրեց եւ հնարեց համակարգիչ: Ճիշտ է ասում Կիկուձի սանը. մարդը անում է այնպիսի գյուտեր, ինչպիսին Բարձրյալը նրան թույլ է տալիս անել: Ինչո՞ւ մարդը համակարգիչը չստեղծեց Նոյի ժամանակներում. որովհետեւ ոչ ոք իր նորածին երեխայի ձեռքը էլեկտրական սղոց չի տա, որովհետեւ նա կարող է դրանով իրեն վնասել եւ հետո եթե չվնասի էլ, այդ սղոցը նրան ոչ մի օգուտ չի բերի: Մարդը իր նորածին երեխային էլեկտրական սղոց կտա այն ժամանակ, երբ զգա, որ նա դրա կարիքը զգում է, եւ որ կարեւոր է, բավարար չափով մեծացել է այն օգտագործելու եւ դրա օգտագործումից օգուտ քաղելու համար: Այսպես էլ Արարիչը. Նոյի ինչի՞ն էր պետք համակարգիչը, կամ էլ թե չէ` Հին Հռոմի բնակչին: Համակարգիչը պետք էր 20-րդ դարի մարդուն, եւ նա այդ մարդուն տվեց այն, ինչ անհրաժեշտ էր:

***
Որոշեցի մեկնել Վլադիվոստոկ ու այնտեղից ցամաքով շարունակել ճանապարհս դեպի Հայաստան: Արագընթաց գնացքով Տոկիոյից հասա Նիիգատա նավահանգիստ, որտեղից մի մեծ լաստանավ` ճապոնական օգտագործված մեքենաներով բեռնավորված, ուղեւորվում էր դեպի Վլադիվոստոկ: Երեկոյան մեր ուղեւորաբեռնատար լաստանավը դուրս եկավ ճապոնական նավահանգստից, հաջորդ առավոտյան արդեն ես հաջողությամբ հատեցի Ռուսաստան մուտք գործելու անձնագրային կետը: Միանգամից շտապեցի գնացքի տոմս ձեռք բերել, որովհետեւ սա արդեն Ռուսաստանն էր, որտեղ միլիոնավոր հայեր կան, եւ այդ միլիոնավոր հայերի մեջ ունեմ բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ, նույնիսկ հարազատներ եւ չէի ուզում նրանցից որեւէ մեկին հանդիպել. սրա համար պետք էր մի տեղում երկար չմնալ: Երեկոյան գնացի տոմս ձեռք բերեցի դեպի Նովոսիբիրսկ. որոշեցի այստեղ կանգ առնել, ապա փորձել կապ հաստատել Զուրաբի եւ Իմաստուն Ծերուկի հետ` հետագա անելիքներս որոշելու համար: Ընթերցողը արդեն գիտի Վլադիվոստոկի հյուրանոցում տեղավորվելու իմ պատմությունը: Այդ հյուրանոցում պետք է մնայի ընդամենը մինչեւ երեկո, եւ այն ինձ անհրաժեշտ էր` մի քանի ժամ քնելու, հանգստանալու համար: Բայց, մեծ հաշվով, դա չստացվեց. ամառ էր արդեն, Վլադիվոստոկում բավական շոգ էր, խոնավ շոգ, մոծակները քրքրում էին, եւ ես անիմաստ ճռճռացնում էի մետաղե ցանցով այդ մահճակալը, որի սավանի վրա, ինչպես հիշում եք, սեւ գույնի դրոշմ էր խփած հյուրանոցի անունով: Դրոշմված էին նաեւ վարագույրները, վերմակի ծրարը, բարձի երեսը: Փոքրիկ «Daewoo» հեռուստացույցի կողքին սպիտականման ներկով ինչ-որ թիվ էր գրած, համարակալված էր մետաղյա բարակ ոտքերով սեղանը, արհեստական կաշվի երեսով աթոռը, փոքրիկ «Opck» սառնարանը, զուգարանակոնքը. ամեն ինչը, կարճ ասած: Մնում էր միայն այցելուների մեջքին սպիտակ ներկով համար գրեն:

Հյուրանոցի այս համարում երկար մնալ հնարավոր չէր, մանավանդ որ պատուհանն էլ բացվում էր ուղիղ փողոցի վրա, որտեղից ավտոմեքենաների հռնդյունը լցվում էր սենյակ: Պատուհանը փակել էլ հնարավոր չէր, որովհետեւ օդորակիչ չկար, իսկ շոգը խեղդում էր: Կարճ ասած, որոշեցի դուրս գալ քաղաք, գուցե մի գավաթ գարեջուրը օգներ, համ էլ մի կտոր հաց կուտեի: Քայլում էի, ուրեմն, փողոցով, մեկ էլ մի խաղաղ պուրականման բան ընկավ աչքովս: Դա մի կանաչ զբոսայգի էր, որտեղ ոչ մեծ թվով մարդիկ էին զբոսնում, երեխաներ էին խաղում ավազների մեջ: Ծառերի զովը հաճելի էր շատ, պաղպաղակ էին վաճառում, որոշեցի վերցնել մի հատ: Այսպես պաղպաղակս լպստելով քայլում էի, դիմացս հայտնվեցին երկու ոստիկաններ: Ես զգացի, որ նրանց աչքերը, ինձ նկատելով, սկսեցին պսպղալ: Շարունակեցի քայլել, նրանք էլ գալիս են իմ ուղղությամբ. երկու հոգի` մեկը` սպա, մյուսը` սերժանտ.

- Նայեզժայե՞մ, բլյած, - ինձ դիմեց սերժանտը, երբ մենք իրարից երկու մետր հեռավորության վրա էինք:

- Իզվինիծե՞, նե պոնյալ, - հնարավորինս արտասահմանյան խոսելաձեւով ասացի ես:

- Չեվո՞ նեպանյատնըվը, Խաչիկ, բլյած. ա նու պասպըրտ դավայ, - ասաց սպան:

Ես արդեն մի քանի ամիս ճանապարհորդում էի աշխարհի շուրջ, եւ սա առաջին դեպքն էր, երբ ոստիկան էր մոտենում ինձ: Հանեցի անձնագիրս ու պարզեցի ոստիկանին: Սպան մի պահ շփոթվեց. որ ինձ դիմեց Խաչիկ անունով, ուրեմն սպասում էր, որ անձնագիրս կա՛մ հայկական պետք է լինի, կա՛մ ռուսական. բայց սերբական անձնագիր տեսավ: Սա նրա համար նախ անսպասելի էր, ապա եւ ուրախացրեց: Սպան միանգամից փոխեց խոսելու ոճը.

- Ա~, պրիվետ ատ բրատյեվ սե՞րբով, - հարցրեց նա:

- Տակ տոչնը, - հնարավորինս ոչ հայկական ձեւով ասացի ես:

- Մաչիծյ բո՞ւդեմ գադով նատովցեվ, - ոգեւորվեց ոստիկանը:

- Դաժե վ սարտիրե բուդեմ մաչիծյ, - նրա ոգեւորությունը խթանեցի ես:

- Դաբրո պոժալովածյ վ Ռասիյու, - ասաց ոստիկանը:

- Սլուժու Սավեցկըմու Սայուզու, - ժպտալով ասացի ես:

Այս խոսքի վրա ոստիկանները ձգվեցին, պատիվ տվեցին եւ անձնագիրս վերադարձրին.

- Պռաբլեմի բուդուտ, աբրաշյայծես, - ասացին նրանք ու հեռացան:

Մի քիչ քայլեցի այդ պուրակում, հետո նորից դուրս եկա փողոց, որտեղ մի քիչ քայլելուց հետո հայտնվեցի ռեստորանատիպ ինչ-որ տարածքի դիմաց: Ներս մտա. կարտոֆիլ-ֆրի, հավի տապակած բդեր եւ այս կարգի բաներ էին մատուցում. հաց կերա, մի մեծ գավաթ գարեջուր խմեցի, մի քիչ աչքով տվեցի կողքի սեղանին նստած ռուս աղջիկներին (ինձ թվաց` մեկը հայ է), իրենք էլ խնդմնդացին իմ աչքով տալու վրա, իսկ ես դուրս եկա այդտեղից:

Վլադիվոստոկի փողոցներում հիմնականում երթեւեկում են ճապոնական մեքենաներ, ընդ որում` աջակողմյան ղեկով: Սրանք հիմնականում օգտագործված մեքենաներն են, որ ներկրվում են շատ էժան գներով. կարճ ասած, ռուսական կամ էլ եվրոպական արտադրության մեքենաներ Վլադիվոստոկում շատ քիչ կան:

Գնացի նորից հյուրանոց, մի կերպ ցնցուղ ընդունեցի, մի քիչ փոխեցի հեռուստացույցի ալիքները, մի քիչ պառկեցի, հետո էլի ցնցուղ ընդունեցի. ժամերս այսպես գլորվում էին: Հետո իրերս հավաքեցի միակ ճամպրուկիս մեջ ու որոշեցի գնալ երկաթուղային կայարան: Երբ հանձնում էի բանալին, պարզվեց` պետք է հյուրանոցի մի աշխատակցուհու հետ նորից բարձրանամ սենյակ, որպեսզի վերջինս համոզվի, որ սենյակից ոչինչ չեմ թռցրել. գոնե մի բան լիներ թռցնելու: Սա էլ էր ինձ հետ առաջին անգամ տեղի ունենում երկարատեւ ուղեւորության ընթացքում. աշխարհի ոչ մի երկրում սենյակը լքելուց առաջ այսպիսի ստուգման չէի ենթարկվել. այնտեղ ասում ես` մնաս բարով, ու գնում. վճարելուց հետո, իհարկե: Իսկ այստեղ քիչ չի փողը գլխանց ես տալիս, մի հատ էլ վերջում ստուգում են, թե արդյոք չես թռցրել իրենց «Daewoo» հեռուստացույցի կիլոուկեսանոց պուլտը:

Տաքսիով հասա երկաթուղային կայարան. բախտս այնքանով էր բերել, որ ռուսական երկաթուղին առաջին կարգի նոր վագոններ էր շահագործման ընդունել, որոնցում լոգարաններ կային: Առաջին կարգի կուպեն, որում պետք է ճանապարհորդեի դեպի Նովոսիբիրսկ, երկտեղանոց էր: Երբ տեղավորվեցի, այնտեղ ոչ ոք չկար, բայց մի կես ժամ անց հայտնվեց մոտ 40-ամյա մի տղամարդ` լավ հագնված, բավական թանկ ժամացույց ուներ ձեռքին ու բավականին թանկարժեք բջջային հեռախոս: Մտածեցի, որ կարող էի ես էլ գնել բջջային, բայց արդեն ուշ էր: Հա, ուրեմն, այս ընկերոջ հետ պետք է ճանապարհորդեինք: Ամենակարեւորը մոռացա պատմել. Վլադիվոստոկի փողոցներով քայլելիս մի մեծ սուպերմարկետ մտա` այնտեղ հայկական կոնյակ գտնելու հույսով: Կար. երեք շիշ երեք աստղանի «Արարատ» գնեցի. հասա հյուրանոցի սենյակ, շշերից մեկը բացեցի ու այդպես շշից կոնյակը քաշեցի գլխիս. երեւի կեսը խմեցի: Վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ զգացի հայրենիքիս համը: Այդ ժամանակ զգացի, որ շատ մոտիկ եմ նպատակիս իրագործմանը եւ երկրի հակառակ կողմից հասնում եմ Հայաստան:

63. Մեռած հոգիներ

Մեր գնացքը ռուսական տրանսպորտային տերմինաբանությամբ կոչվում էր «հՍՏՐօռ», այսինքն` արագընթաց: Այս անունը, սակայն, նա նվաճել էր ոչ թե իրապես, այսինքն` ճապոնական ու գերմանական գնացքների նման արագընթաց լինելու, այլ այն պատճառով, որ կանգ էր առնում միայն խոշոր քաղաքների կայարաններում:

Սկզբնական շրջանում ես ու իմ խցակիցը կատարյալ անտարբերություն էինք ցուցաբերում միմյանց նկատմամբ: Ես գիտեի միայն նրա անունը` Պավել Իվանովիչ, նա էլ իմ անունը գիտեր: Հետո գնացի վագոն-ռեստորան, մի թեթեւ ընթրեցի ու վերադարձա կուպե: Պավել Իվանովիչը իր տեղում պառկած թերթ էր կարդում: Ես նստեցի պատուհանի առաջ, բայց մութ էր, ու դրսում ոչինչ չէր երեւում: Ես էլ էի կայարանից թերթեր գնել ու սկսեցի կարդալ: Մեկ էլ սիրտս նորից կոնյակ ուզեց. բացեցի ճամպրուկս. ուզում էի կիսատ շիշը վերցնել, բայց մտածեցի, որ ուղեկիցս էլ թերեւս ցանկանա խմել, եւ նոր շիշ վերցրի ու շրմփոցով դրեցի փոքրիկ սեղանին: Պավել Իվանովիչը վեր կացավ տեղից, սեղմեց ուղեկցորդին կանչող կոճակը ու նրանից երկու բաժակ ուզեց: Երբ ուղեկցորդը բերեց բաժակները, Պավել Իվանովիչը պատվիրեց վագոն-ռեստորանում սեւ եւ կարմիր խավիարով բուտերբրոդներ բերել: Ես բացեցի շիշը, լցրեցի բաժակները, վերցրեցինք, «բուձիմ» ասացինք ու քցեցինք. առաջինից հետո ոչինչ չեն համտեսում:

Ինչպես արգենտինացիների հետ հաճելի է ֆուտբոլ նայել, ինչպես ֆրանսիացիների հետ հաճելի է ճաշել, այնպես ռուսների հետ հաճելի է խմել: Նրանք դա անում են շնչել-արտաշնչելու պես` մի այնպիսի թեթեւությամբ, որ ուղղակի մարդու նախանձ են շարժում: Առաջին բաժակից հետո մենք լուռ էինք ու ոչինչ չէինք խոսում. հետո ուղեկցորդը` Մատվեյ Իվանիչը, բերեց խավիարի բրդուճները` ամեն մեկը մի պատաճի չափով: Պավել Իվանովիչը Մատվեյ Իվանիչի համար լցրեց իր բաժակը եւ նրան պատվիրեց խմել. վերջինը չդիմադրեց: Ես նրան առաջարկեցի խավիարով բուտերբրոդ անուշ անել: Մատվեյը զարմացավ.

- Առաջինից հետո՞:

Մի հատ էլ լցրինք Մատվեյին. խմեց ու մի բրդուճ խփշտեց: Ի հեճուկս իմ սպասումների, էլ ոտը կախ չգցեց, գնաց իր գործին: Ես ու Պավելը մի-մի հատ էլ գնացինք, խավիար անուշ արինք: Համարյա ոչինչ չէինք խոսում, ու այսպես լռության պայմաններում շիշը դատարկվեց: Խավիարով բրդուճներն էլ էին վերջացել, ու ես մտածեցի` երեւի այսօր այսքանը: Բայց կարճ դադարից հետո Պավել Իվանովիչը վեր կացավ, ճամպրուկից մի շիշ «Ռուսկի ստանդարտ» հանեց ու դրեց սեղանին:

Ես սարսափեցի.

- Պավել Իվանովիչ, էսօր կոնյակով ենք սկսել, օղին թող վաղը մնա, կոնյակով էլ շարունակենք, - ասացի ես ու մյուս շիշն էլ հանեցի:

- Իսկ ես որտեղի՞ց իմանայի, որ էլի ունես, - ասաց Պավել Իվանիչը ու իր օղին տեղը դրեց: Ապա կանչեց Մատվեյին, պատվիրեց կարմիր ձկով պատառներ բերել վագոն-ռեստորանից: Պատվերը արագ կատարվեց. այս անգամ Մատվեյից պրծանք մի բաժակով: Խմում էինք` «բուձիմ» ասելով, ու դա ահավոր հաճելի էր. կարմիր ձկան ու հացի պատառներով հայկական կոնյակ, ինչը կարող է ավելի հաճելի լինել: Պատուհանը բացել էինք, օդը սառն էր ահագին, ու մենք խմում էինք, ըստ էության, առանց խոսելու:

Ես հիշեցի իմ վաղեմի երազանքը: Իսկ երազանքը հետեւյալն է. հայտնվել մի խուլ ռուսական գյուղում, որտեղ փայտե տներ կան, ու հյուրընկալվել մի ռուս սովորական գյուղական, հյուրասեր ընտանիքում: Այդ ընտանիքը ռուսական գյուղի ոճով, առանց ժամանակակից զահուրմարների, սեղան գցի, ու խմենք, մի լավ խմենք գյուղացի ռուս տղերքի հետ: Չգիտեմ էլ` այս երազանքը ոնց է ձեւավորվել, բայց դա իսկապես վաղուցվա երազանք է: Երբ այս մասին պատմեցի Պավելին, նա առանց վայրկյան իսկ հապաղելու ասաց` կանենք:

Հետո երկար ժամանակ լուռ էինք ու խմում էինք: Էս մի շիշն էլ պրծավ: Պավելը վեր կացավ, էլի բերեց իր «Ռուսկի ստանդարտը».

- Պավել, էսօր կոնյակով ենք սկսել, արի կոնյակով էլ ավարտենք, - ասացի ես ու հանեցի կիսատ շիշը:

- Ի՞նչ իմանայի, որ էլի ունես, - քրթմնջաց Պավելը:

Ես արդեն չէի կարողանում խմել. ձեւ էի անում, թե խմում եմ: Շուտով Պավելը ավարտեց նաեւ այդ կես շիշը, եւ զգացի, որ մտածում է «Ռուսկի ստանդարտի» մասին:

- Պավել, էլ կոնյակ չունեմ, բայց էսօր կոնյակի օր է, - բխկալով մի կերպ ասացի ես:

- Ասում ես` հերի՞ք է. տաք է ուղղակի արաղը: Պետք էր սառեցնել ուղարկել, - ափսոսանքով ասաց
Պավելը:

Ես մի կերպ ինձ գցեցի լվացարան, սառը ջուր տվի երեսովս ու մտածեցի` չարժե այդքան կոնյակի բեռով պառկել քնելու: Ազատվեցի այդ բեռից ու պառկեցի քնելու: Որոշ ժամանակ անց Պավելը նույնպես պառկեց: Առավոտյան աչքերս բացեցի, տեսնեմ` Պավելը կուչ եկած նստած է սեղանի առաջ` մի մեծ բաժակ օղի դեմը դրած: Սարսափած հայացքով նայում է օղու բաժակին, հետո հայացքը բարձրացրեց դեպի ինձ.

- Ուզո՞ւմ ես, - հարցրեց:

Ես գլուխս բացասական շարժեցի: Կարծես իմ բացասական պատասխանից կատաղած` Պավելը վերցրեց բաժակը ու մեռնելով խմեց: Խմելու ընթացքում ոտքի կանգնեց, աղմուկով արտաշնչեց, բաժակը դրեց սեղանին ու մտավ լոգարան: Մոտ 20-25 րոպեից լոգարանից դուրս եկավ սափրված, թարմացած. ոչ մի հետք քիչ առաջվա վիճակից: Ես էլ վեր կացա, լոգանք ընդունեցի, ու գնացինք վագոն-ռեստորան սուրճ խմելու: Խմեցինք սուրճը, զրուցեցինք, պարզվեց, որ վագոն-ռեստորանի շեֆ խոհարարը վրացի է: Մատուցողին կանչեցի, հարցրի` խորոված կարո՞ղ ենք պատվիրել, նա զարմացած ասաց` իհարկե: Պավելի հետ որոշեցինք ճաշի ժամին, դե, ճաշի ժամը ո՞րն է, սովածանալու ժամին խորոված ուտել.

- Քանի՞ շիշ «Ստանդարտ» ունես, - հարցրի ես:

- Հինգ, - ասաց Պավելը:

- Քիչ է, - հեգնական ասացի ես:

- Փող էլ հո ունեմ, - լուրջ-լուրջ պատասխանեց Պավելը:

Սովը մեր դռանը չոքեց շատ արագ: Մինչ այդ հասցրել էինք օղիները սառնարանի մեջ դնել տալ, ու Մատվեյը դրանք բերում էր սառցե շշերով: Պատվիրեցինք խորովածը բերել կուպե. ես անհամբեր սպասում էի այդ խորտիկի մատուցման պահին, որովհետեւ կարոտել եմ, կարոտել եմ Հայաստանը, կարոտել եմ հայոց չալաղաջներին, կարոտել եմ հայոց խենթությանը, կարոտել եմ գյուղական վետերոկներին, որտեղ տղերքի հետ քեֆ ես անում, լակում, լափում, նույն երգը անընդհատ պատվիրում, էշի նման անընդհատ պարում նույն` այդ օրը դուր եկած երգի տակ ու վերջում չես կարողանում ժամանակին դուրս պրծնել այդտեղից, որովհետեւ դեռ երկար սեղանակից ախպերների հետ իրար քաշքաշ եք անելու` նվաճելու համար հաշիվը փակելու իրավունքը:

- Ախ, էս ի~նչ լավ խմեցինք, բոո~զը:

***

Պավելը զբաղվում էր ընտրական հարցերով: Ասում էր, որ իրենց գործը ընտրացուցակների ճշգրտումն է, ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության իրականացումը: Սա, բնականաբար, ինձ պետք է հետաքրքրեր, եւ ուզում էի մանրամասներ իմանալ նրա գործունեության մասին: Հարցուպատասխանի ընթացքում, սակայն, զգացի, որ չի ուզում այդ թեմայով զրույցներ ծավալել:

Մտածեցի` երեւի մարդը ուզում է կտրվել աշխատանքային հոգսերից: Բայց այն, ինչ Պավելը չէր ուզում բացահայտել ինքնուրույն, բացահայտեց «Ռուսկի ստանդարտի» օգնությամբ: Երբ շիշուկես խմել էինք, եւ ես էլի նրան հարցրի, թե ինչպես են ճշգրտումներ անում ընտրացուցակներում, Պավել Իվանովիչը ինձ անսպասելի հարց տվեց.

- Նիկոլայ Վասիլեւիչ Գոգոլի մասին լսե՞լ ես:

- Իհարկե, լսել եմ, - ասացի ես:

- «Մեռած հոգիները» կարդացե՞լ ես:

- Կարդացել եմ:

- Դե, իմացած եղիր, ախպերս. ես էլ եմ մեռած հոգիների առքուվաճառքով զբաղվում, - անսպասելի խոստովանեց Պավելը:

Ես մի պահ լավ չհասկացա, թե ինչ է ասում սեղանակիցս. մտածեցի` խմել է, ինչ-որ բան խառնում է: Բայց` չէ, պարզվեց` նա ոչինչ էլ չի խառնում եւ իսկապես զբաղվում է մեռած հոգիների առքուվաճառքով: Գործի իմաստը հետեւյալն է. ընտրողների ցուցակներում բազմաթիվ մահացած մարդկանց անուններ կան: Ահա, Պավել Իվանովիչը այդ մահացած մարդկանց ցուցակն է կազմում ըստ ընտրական տեղամասերի եւ այդ ցուցակները վաճառում շահագրգիռ անձանց: Իսկ շահագրգիռ անձինք կուսակցություններն են, պատգամավորի անհատ թեկնածուները, զանազան նախընտրական շտաբներ, որոնք տոկոսներ են հավաքում մեռած հոգիների քվեարկության շնորհիվ: Իհարկե, այս հսկայածավալ գործը հսկայածավալ Ռուսաստանում Պավել Իվանովիչը մենակ չի անում. նա ունի մի հասարակական կազմակերպություն, որի կանոնադրական նպատակներից է ընտրացուցակների անճշտությունները վերացնելը եւ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելը: Դե, նրանք հանում են մահացած անձանց ցուցակները, մի քանիսին հանել տալիս, իսկ մնացածներին պահում իրենց: Դիտորդական առաքելության ընթացքում էլ հետեւում են, որ մեռյալները պարտաճանաչ ներկայանան քվեարկության: Այս ընթացքում, հասկանալի է, համագործակցում են համապատասխան մարմինների հետ, եւ գործի բերած եկամուտը հերիքում է բոլորին.

- Եվ շա՞տ մեռած հոգիներ կան ընտրացուցակներում, - հարցրեցի ես:

- Աստված տվել, չի խնայել. շատ գյուղերում ողջերն ավելի քիչ են, քան մեռածները, - ուրախ-ուրախ պատմում էր Պավելը:

Մեջս գարշանքի պես մի բան առաջացավ, բայց շարունակեցի խոսակցությունը` էլի ինչ-որ բաներ իմանալու համար.

- Իսկ ինչ է, հաճա՞խ ես հաճախորդներ ունենում, - հարցրի:

- Ռուսաստանը մեծ տերություն է. նախագահի ընտրություններն ավարտվում են, դումայինն է սկսվում, դումայինն ավարտվում են, մարզային դումայինն է սկսվում, մարզային դումայինն ավարտվում են, քաղաքային դումայինն է սկսում եւ այսպես շարունակ: Դե, մենք էլ մեր համեստ ծառայություններն ենք մատուցում հայրենի քաղաքականությանը:

Ես չդիմացա.

- Գոնե հասկանո՞ւմ ես, որ արածդ տականքություն է, - վրա պրծա ես:

- Տականքությունը ո՞րն է. ես չանեմ, մեկ ուրիշը կանի, - անվրդով բացատրեց Պավել Իվանովիչը:

- Այսինքն` նախընտրում ես ինքդ տականք լինել, քան թե այդ պատիվը թողնել ուրիշների՞ն:

- Դե լավ, հա, մենակ թե գլխիս քարոզ չկարդաս, - սրտնեղեց նա:

Գնացի փսխելու: Աշխատում էի այլեւս չնկատել դրա գոյությունը իմ կուպեում:

64. Ամբոխները խելագարված

Երբ աչքերս բացեցի, Պավել Իվանիչը էլի նստած էր կուպեի նեղ սեղանի մոտ եւ ուռած աչքերով նայում էր իր առաջ դրած խոշոր բաժակին: Այնպես էր նայում, որ չէիր հասկանում` այդ բաժակը իր բարեկա՞մն է, թե՞ թշնամին: Այդպես երեւի նայում են սիրելի կանանց, որոնց կասկածում են դավաճանության մեջ. էդպես էլ հաստատ չես իմանա` էդ բաժակը բարեկա՞մ է, թե՞ թշնամի:

Այս անգամ Պավելը ինձ չառաջարկեց եւ բաժակը դատարկեց այնպիսի դեմքով, կարծես Գողգոթա էր բարձրանում` խաչը ուսին դրած: Երկրորդ օրն անընդմեջ ես այս տեսարանի ականատեսն էի դառնում եւ սկսեցի մտածել, որ նա հատուկ է սպասում, որ արթնանամ. երեւի նրան հանդիսատես է պետք, կամ էլ իմ հայացքը օգնում է, կամ էլ իմ արթնանալուց հետո ստիպված է արագ խմել եւ լոգարան մտնել, որպեսզի ես իրենից առաջ չզբաղեցնեմ լոգարանը: Այնտեղից դուրս եկավ թարմացած, սափրված` յուղը վրան, կարճ ասած: Ես էլ լոգանք ընդունեցի, բայց չսափրվեցի: Ու երբ հագնված էի, նա անկասկած տոնով ասաց` գնացինք: Ես հասկացա, որ նկատի ունի սուրճի գնալը, բայց ոչինչ չասացի:

- Չես գալի՞ս սուրճ խմելու:

- Չէ, - ասացի ես:

- Չես խմելո՞ւ սուրճ:

- Խմելու եմ:

- Ե՞րբ:

- Հետո:

- Ե՞րբ հետո:

- Ասենք` կես ժամից:

- Թող լինի կես ժամից, - ասաց Պավելը ու նստեց:

- Դու գնա, - հորդորեցի ես:

- Կես ժամից եմ խմելու սուրճը:

- Կես ժամից ես եմ խմելու, - պատասխանեցի ես ու հասկացա, որ իմ պահվածքի մեջ մի պատանեկան տղայական բան կա:

- Այսինքն` ոչ թե սուրճի ժամն ես որոշել, այլ որոշել ես, որ ինձ հետ չե՞ս խմելու:

- Որոշել եմ, որ մենակ եմ խմելու:

- Եթե բան ունես ինձ ասելու, ասա:

- Ի՞նչ ասեմ, դու ինքդ էլ ամեն ինչ գիտես: Եվ հետո, ո՞րն է իմաստը:

- Ինչի՞ իմաստը:

- Քեզ բան ասելու:

- Ասենք` լսելը:

- Ի՞նչ լսելը, - չհասկացա ես:

- Այն, ինչ ես կասեմ քո ասածին ի պատասխան, - բացատրեց Պավելը եւ հարցրեց, - դու ինձ դատապարտո՞ւմ ես:

- Չի երեւո՞ւմ:

- Եվ որտեղի՞ց իմացար, որ ես դատապարտելի բան եմ ասում:

- Դու ասացիր:

- Շատ լավ. դե, եթե դու այդքան ազնիվ ես, քո հերթին ինձ մի այնպիսի բան ասա քո կյանքից ու գործունեությունից, որ ես էլ քեզ դատապարտելու հնարավորություն ունենամ: Ես քեզ պատմեցի, քո առաջ բացվեցի, դու էլ նույնով ինձ պատասխանիր, որպեսզի մենք հավասարը հավասարի պես խոսենք:

Ես լուռ էի ու ոչինչ չասացի: Պավելը համբերատար հետեւում էր իմ լռությանը:

- Ախ, հա, բլին, դու հրեշտակ ես: Ո՞նց շուտ գլխի չէի ընկել, - հեգնեց նա ու շարունակեց, - դե, խոստովանիր, խոստովանիր, որ հրեշտակ ես, եւ ես ծնկաչոք ներողություն կխնդրեմ քեզնից: Մենակ թե հույս ունեմ` անունդ Գաբրիել չէ:

- Լսիր, կարո՞ղ ես գնալ սուրճ խմելու, - սրտնեղեցի ես:

- Խոստանում եմ գնալ, եթե դու ինձ մի որեւէ բան խոստովանես քո կյանքից, որ ես էլ քեզ արհամարհելու հնարավորություն ունենամ: Հույս ունեմ` չես պնդի, որ քո կյանքում նման բաներ չկան:

- Բայց դու, ինչ է, խոստովանահա՞յր ես, ինչո՞ւ պիտի քեզ որեւէ բան խոստովանեմ:

- Իսկ ես ինչո՞ւ քեզ խոստովանեցի, - զարմացավ Պավելը:

- Դու չխոստովանեցիր, դու դա ասում էիր նրա համար, որ ես զարմանամ, հիանամ քեզնով եւ տեսնեմ, թե ի~նչ կռուտոյ տղա ես դու:

- Է, հա, իսկ մի՞թե ես ուժեղ չեմ. ձեռքիս ժամացույցը 10 հազար դոլար արժե:

- Դու կեղծարար ես, բարեկամ:

- Հա, ճիշտ է: Իսկ մի՞թե դու կեղծարար չես: Դու կեղծում ես քո ձեւով` այնպես, ինչպես դու ես կարողանում դա անել, ես էլ կեղծում եմ իմ ձեւով` այնպես, ինչպես ես եմ կարողանում անել: Կեղծիք-մեղծիք. իսկ քո մտքով երբեք չի՞ անցել, որ ազնվությունը կեղծիքի տեսակներից մեկն է, - հարցրեց Պավելը:

- Ախ, դու նաեւ մտածո~ղ ես: Բայց խոստովանեմ, չէի մտածում, թե քո տեսակը այդքան տարածված է աշխարհում: Գիտե՞ս, ես անգամ կհամաձայնեմ քո այն մտքի հետ, որ բոլորը կեղծում են: Բայց գիտե՞ս, կեղծողները բաժանվում են երկու խմբի. առաջին խումբը, որ փորձում է հաղթահարել իրեն համակած կեղծիքը, ազատվել կեղծիքի այդ բեռից, պայքարել այդ կեղծիքի, այսինքն` ինքն իր դեմ, եւ երկրորդը, որ փորձում է պարարտացնել կեղծիքի հողը: Եվ գիտե՞ս դա ոնց է արվում. շատ պարզ եւ հասկանալի նախադասությունների կիրառումով. միեւնույնն է, բոլորը կեղծում են, միեւնույնն է, բոլորը կեղծելու են, միեւնույնն է, ոչ մի բան չի փոխվի, միեւնույնն է, բոլոր մարդիկ անասուն են: Գուցե եւ ճիշտ է, գուցե թե բոլոր մարդիկ անասուն են, բայց այս մասին հանդարտ, ժպտադեմ արտահայտվողները ընդամենը պայքարում են անասուն լինելու իրենց իրավունքի համար, ընդամենը փորձում են արդարացնել իրենց անասունությունը, եւ որ կարեւոր է, պատասխանատու չլինել իրենք իրենց անասուն լինելու եւ ուրիշներին անասուն դարձնելու համար: Հասկանո՞ւմ ես, սրանում է տարբերությունը: Մարդկանց թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ տեսակը սխալներ, մեղքեր գործում են, եւ այդ մեղքերը երբեմն հավասարազոր են իրար, բայց այդ տեսակների տարբերությունը գիտե՞ս ինչի մեջ է:

- Բացատրիր, բացատրիր, - ձեռքը պտտելով եւ տհաճության զգացումը դեմքին ասաց Պավելը:

- Իսկ տարբերությունն այն է, որ, ասենք, մարդկային մի տեսակը անվրդով ապրում է թրիքի մեջ, իսկ մյուս տեսակը ուժերի գերլարումով թրիքից դուրս է գալիս: Պատահում է, որ հետո ընկնում է կղկղանքի մեջ, հնարավոր է կղկղանքից դուրս գա, ընկնի աղբի մեջ:

- Մի րոպե, ես չհասկացա` հիմա այդ տեսակներից ո՞րն է քո սրտով, - հարցրեց Պավելը:

- Իհարկե, այն, որ մի կեղտից դուրս է գալիս, մյուսի մեջ է ընկնում:

Պավելը սկսեց բարձրաձայն ծիծաղել:

- Ծիծաղում ես, որովհետեւ չես հասկանում: Որովհետեւ մարդը, որ թրիքից դուրս է գալիս, ընկնում է աղբի մեջ, որքան էլ թրքոտ, այնուամենայնիվ, մարդ է: Իսկ նա, ով անվրդով ու երջանիկ ապրում է թրիքի մեջ, իր համար էլ աննկատ դառնում է սովորական ճիճու: Եվ նա, ով պայքարում է իր կեղտոտ իրականության դեմ, այսինքն` առաջին հերթին ինքն իր, իր թուլությունների, իր մեղքերի, իր վախկոտության, իր ստորաքարշության դեմ, շանս ունի, որ կհայտնվի բոլորովին ուրիշ միջավայրում, կձեւավորի բոլորովին ուրիշ միջավայր, կդառնա բոլորովին ուրիշ իրականության մասնիկ, իսկ մյուսները այդ շանսը չեն ուզում. նրանք որպես մարդ ծնվում են, բայց մեռնում են որպես կենդանի:

- Իսկ դու ճանաչո՞ւմ ես որեւէ մեկին, որ չի մեռել որպես կենդանի, - փորձում էր հակադարձել Պավելը:

- Ես քեզ կարող եմ այդպիսի տասնյակ, հարյուրավոր անուններ տալ, բայց չեմ անի դա, որովհետեւ քո հարցը, կներես, բխում է նախիրի տրամաբանությունից, եւ ցավոք, հենց նախիրի տրամաբանությունն է այսօր իշխում շատ տեղերում: Եվ գիտե՞ս որն է դա: Շատ մարդիկ մտածում են` բոլորը այդպես են վարվում, ես էլ այդպես կվարվեմ: Կամ էլ հակառակը` եթե որեւէ մեկին հաջողվել է դա անել, ուրեմն ինձ էլ կհաջողվի: Սա նախիրի տրամաբանություն է, որովհետեւ այնպես, ինչպես դու հարցնում ես, թե ճանաչո՞ւմ եմ արդյոք մի մարդու, որը չի մեռել որպես կենդանի, ես քեզ կարող եմ հարցնել. ճանաչո՞ւմ ես արդյոք մի մարդու, որը նախկինում ծնվել է: Բարեկամ, մի՞թե հասկանալի չէ, որ մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ ինքը, այսինքն` յուրաքանչյուր անհատ, պետք է ունենա իր ինքնուրույն, անկրկնելի, յուրօրինակ ճանապարհն ու ընտրությունը, եւ նա, ով ընդամենը փորձում է սեփական կյանքը կառուցել միմիայն ուրիշների օրինակի վրա, նա ընդամենը մարդկային ցեղը մոտեցնում է նախիրին:

- Ոչ ոք ոչ մի բան չի մոտեցնում. մարդկային ցեղը հենց ինքը նախիր է, - պնդեց Պավելը:

- Գիտե՞ս ինչ, ախպերս, դա արդեն ճաշակի հարց է: Այդպես մտածողներն ընդամենը արդարացնում են իրենց անասուն լինելը, - շպրտեցի ես:

Պավելը կատաղեց.

- Իսկ ինչ է, մի՞թե նախիր չէ ժողովուրդ կոչվածը: Ամբոխ եւ ուրիշ ոչինչ:

Ես նույնպես կատաղեցի.

- Խոստովանում եմ, զգացվում է, որ դպրոց ես գնացել: Եթե դու ասում ես ամբոխ, շատ լավ, թող լինի ամբոխ: Բայց դու չես հասկացել ու չես էլ հասկանա, որ այն, ինչ դու անվանում ես ամբոխ, ընդամենը պատասխանն է իրավիճակին, որ դու եւ քեզ նմաններն են ստեղծում. դուք մեզ անասունի տե՞ղ եք դրել: Ուրեմն կերեք ձեր եփած ճաշը, անասուններ:

Պավելը, թերեւս, մտահոգվեց.

- Ամբոխը խաչի հանեց Քրիստոսին, - ասաց նա:

- Այդ դու եւ ես ենք ամեն օր խաչի հանում Քրիստոսին: Իսկ ամբոխը արեց այն, ինչ պարտավոր էր անել, ինչ նախասահմանված էր` ի սկզբանե, - ասացի ես:

- Ախպոր նման, արի գնանք սուրճ խմելու, - խնդրեց Պավելը:

- Գնացինք, - ասացի ես:

65. Ռուսաստանը` ժամանակից անդին

Վագոն-ռեստորանում սուրճի ընթացքում մեր խոսակցությունը շարունակվեց: Իմ վերջին դիտարկումը Պավելին, որքան էլ տարօրինակ է, կռվան տվեց: Ու նա ասաց, որ մեռած հոգիներին ընտրությունների բերելով` ինքը երուսաղեմյան ամբոխի նման ընդամենը օգնում է, որ տեղի ունենա այն, ինչ պետք է տեղի ունենա: Ես չհասկացա, թե ինչ նկատի ունի, եւ նա պարզաբանեց.

- Ընտրություններում, միեւնույն է, հաղթելու են նրանք, ովքեր հաղթում են, եւ ես օգնում եմ, որ այդ հաղթանակը նրանք ձեռք գցեն անաղմուկ:

- Կներես, բայց ընտրություններում պետք է հաղթեն ոչ թե նրանք, ովքեր անաղմուկ ինչ-որ բան են ձեռք գցում, այլ նրանք, ում ձեռքը բան են գցում կենդանի ընտրողները, - նկատեցի ես:

- Չլինի՞ դու ժողովրդավարության մասին ես խոսում, - հեգնական ժպիտը դեմքին հարցրեց Պավելը, բայց նկատելով, որ ես չեմ քաջալերում իր հեգնանքը ավելացրեց, - Ռուսաստանում դա հնարավոր չէ:

- Ի՞նչը հնարավոր չէ, - ճշտելու համար հարցրի ես:

- Ժողովրդավարությունը, ազատ ընտրությունը եւ այս կարգի այլ բաներ:

- Հետաքրքիրն այն է, որ բոլոր ընտրակեղծարարները նույն բանն են ասում. իրենց երկրում ազատ ընտրություն հնարավոր չէ, - սրտնեղեցի ես:

- Չգիտեմ` ուրիշ երկրներում ինչպես, բայց Ռուսաստանում դա իսկապես հնարավոր չէ, հավատա եւ հասկացիր:

- Բացատրիր, եւ ես կփորձեմ հասկանալ:

Պավելը սկսեց բացատրել.

- Ռուսաստանում ազատություն եւ ժողովրդավարություն հաստատել` կնշանակի քանդել պետությունը, - ասաց նա:

- Իսկ ինչո՞ւ մյուս ժողովրդավարական երկրները չեն քանդվում, - միամտաբար հարցրի ես:

- Իսկ դու կարո՞ղ ես ցույց տալ մի որեւէ բազմազգ պետություն, այնպիսի պետություն, որտեղ ազգային կայուն ինքնագիտակցություն ունեցող ժողովուրդներ են ապրում, եւ այդ երկիրը ժողովրդավարական է: Նման պետություն լինել չի կարող, որովհետեւ ազատությունն ու ժողովրդավարությունը այդ ժողովուրդներին մղելու է դեպի անկախություն, անկախ պետության ստեղծում: Ամենացցունը Չեխոսլովակիայի օրինակն է. այդ երկիրը դարձավ իրապես ժողովրդավարական եւ ազատ ու դադարեց գոյություն ունենալ. սլովակները ձգտեցին անկախության եւ ստացան անկախություն: Նրանք գիտեին, որ ոչ ոք իրենց տանկերի տակ չի տրորելու այդ ձգտման համար:

- Ինչպես դուք չեչեններին տրորեցիք:

- Այո, տրորեցինք. բայց կարծում եմ` դու ինքդ էլ հասկանում ես, որ Գրոզնիում ոչ թե Չեչնիայի ճակատագիրն էր որոշվում, այլ Ռուսաստանի: Եթե Չեչնիային տրվեր անկախություն, հաջորդը լինելու էր Դաղստանը, հետո` Հյուսիսային Օսեթիան: Բայց կարեւորն այն է, որ Ռուսաստանից ազատվելուց հետո չեչենները, դաղստանցիք եւ օսերը իրար էին մորթելու: Սա, իմիջիայլոց, տեսություն չէ, այլ գործողության մեջ ապացուցված մի բան. Ելցինը փորձեց ազատ եւ ժողովրդավարական Ռուսաստանի մոդելը, եւ այն, ինչ քեզ նկարագրում եմ, արդեն սկսել էր տեղի ունենալ: Եվ եթե մենք խոսում ենք ժողովրդավարության եւ ազատության մասին, նշանակում է` խոսում ենք Ռուսաստանի փլուզման մասին: Ժողովրդավարություն, եթե այն գոյություն ունի, կարող է գոյություն ունենալ միայն ազգային պետություններում: Վերցնենք, օրինակ, քո ու իմ սիրելի Հարավսլավիան. հիմա այն դարձել է մի բուռ, մի փոքր Սերբիա եւ կարող է լինել ժողովրդավարական: Իսկ այն ժամանակ պետք է լիներ դաժան, որպեսզի ինքն իրեն պահպաներ: Չկարողացավ բավարար չափով դաժան լինել ու քանդվեց: Իսկ ռուսական իշխանությունը, եթե ուզում է պահպանել Ռուսաստանը, պետք է լինի դաժան, եւ սրա մասին վկայում է քո հայրենի Սերբիայի ճակատագիրը:

- Գիտե՞ս, քո ասածների մեջ բավական ճշմարտություն կա, բայց քո իսկ տեսակետը հուշում է, որ, միեւնույն է, մի օր տեղի է ունենալու այն, ինչից դուք այդպես փորձում եք խուսափել, - նկատեցի ես:

- Ի՞նչ նկատի ունես:

- Նկատի ունեմ, որ եթե դու ազատության բացակայությունը արդարացված ես համարում` Ռուսաստանում ապրող ժողովուրդների անկախության մղումները խեղդելու նպատակով, նշանակում է` այդ մղումները կան, դրանք լուրջ են, եւ դրանք մի օր պայթելու են: Եթե 200 տարի այդ մղումները չեք կարողացել արմատախիլ անել, ուրեմն պետք է հույսներդ կտրեք, ուրեմն պետք է պատրաստվեք իրադարձությունների զարգացման ուրիշ սցենարի, որ հետո դա ձեր գլխին աղետ չդառնա:

- Է, ախպերս, գիտե՞ս ինչքան մարդ է կանխատեսել Ռուսաստանի փլուզումը: Էդ սովորական լեգենդ է, որ երբեք իրականություն չի դառնա: Ռուսաստանը միշտ էլ կունենա բավարար ուժ` իրեն պաշտպանելու համար, եւ կգտնի իրեն պաշտպանելու ձեւը, - հպարտությամբ ասաց Պավելը:

- Չլինի՞ քո մեռած հոգիներն էլ են Ռուսաստանը պաշտպանելու կոնցեպցիայի մեջ մտնում, - հարցրի ես:

- Ես հենց դա եմ քեզ բացատրում, - զարմացած ասաց նա:

- Այսինքն` դու, քո երկրի կենդանի քաղաքացիներին քաղաքական դիակ դարձնելով, պաշտպանո՞ւմ ես Ռուսաստանը: Մի՞թե այն մարդիկ չեն Ռուսաստանը, որոնց ձայնը դու խլում ես, որոնց զրկում ես իրավունքից:

- Դե, տես, որ դու Ռուսաստանը չես ճանաչում, չգիտես: Ռուսաստանը քաղաքացի չէ, ախպերս, մարդ չէ: Ռուսաստանում մարդ ու քաղաքացի չկա. Ռուսաստանում լինում է ցար եւ ցարի հպատակներ, որոնք ապրում են ցարի անծայրածիր տիրույթներում, եւ սա է կոչվում Ռուսաստան: Ռուսաստանը ցարի սեփականությունն է եւ ոչ թե ազգերի կամ քաղաքացիների: Նա, ով չի ուզում ապրել Ռուսաստանում, կարող է մեկնել նահանգներ: Բայց ոչ մեկը չի կարող Ռուսաստանից պոկել Ցարին պատկանող հողը:

- Պավել Իվանովիչ, ախպոր նման, ասա, որ այդ ամենը լուրջ չես ասում:

- Ազնիվ խոսք, լուրջ եմ ասում: Եվ քեզ մի գաղտնիք ասեմ. ողջ ռուսական էլիտան, ռուսական եւ ոչ թե ջհուդամասոնական, հենց այսպես էլ մտածում է: Ուղղակի ինքդ ես հասկանում, շատ չենք ծավալվում:

- Կներես, բայց ինձ թվում է, թե խոսում եմ միջնադարյան մի կալվածատիրոջ հետ, - սրտնեղեցի ես:

- Չնեղվես, բայց քեզ ասեմ, որ Ռուսաստանում ժամանակ գոյություն չունի. միջնադար, 20-րդ դար, 21-րդ դար. դրանք բոլորը սիքթիրչի բաներ են: Ռուսաստանը միշտ էլ նույնն է, անկախ նրանից, թե որերորդ դարն է, եւ սա մեր Ձերժավայի հմայքն է, ախպերս: Ռուսաստանը դուրս է ժամանակից, եւ նրա փլուզման, ոչնչացման մասին բոլոր կանխատեսումները ձախողվում են: Գիտե՞ս ինչու. որովհետեւ այդ կանխատեսումների իրականացման համար ժամանակ է պետք, իսկ ժամանակը չի ազդում Ռուսաստանի վրա: Ռուսաստանը վեր է ժամանակից, Ռուսաստանում ժամանակ չկա:
Պավել Իվանովիչի մտքերը, հաղթական ժպիտը ինձ նյարդայնացնում էին, եւ ես անընդհատ նրա ասածին հակադարձելու, ինչ-որ կերպ նրան կպնելու ուղիներ էի մտմտում: Ի վերջո պոռթկացի.

- Եվ դրա համար էլ ոչ միայն սեփական քաղաքացիներին եք հնարավորինս սեղմած պահում, այլեւ քափ-քրտինքի մեջ օժանդակում եք ուրիշ ժողովուրդների ստրկացման փորձերին եւ աջակցում մարդասպան իշխանիկներին, - ասացի ես:

- Ո՞ւմ նկատի ունես, - հարցրեց նա:

Չէի ուզում ասել` Հայաստան: Դրա համար ասացի` Միջին Ասիա, Բելառուս:

- Մեր մեջ ասած, դրանք նույնպես Ռուսաստան են: Բայց եթե դու դրանց վերաբերվում ես որպես անկախ պետությունների, ոչինչ: Ու այդ երկրներում մեր քաղաքականությունը նույնպես շատ պարզ է ու հասկանալի: Նախ ես արդեն ասացի, որ ազատությունն ու ժողովրդավարությունը Ռուսաստանի համար մահացու վարակի են նման, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այդ վարակը ծավալվի մեր սահմանների մոտակայքում: Եվ հետո, քո ասած երկրները մեզնից են անկախություն ստացել, չէ՞: Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանց անկախությունը ձախողվի, դառնա աղետ հենց իրենց գլխին, որպեսզի Ռուսաստանի կազմում մնացածների համար օրինակ լինի, որ այդ անկախություն կոչվածը ընդամենը ավելորդ գլխացավանք է: Եվ ի դեպ, աշխարհում ինչքան շատ լինեն բռնակալներ, այնքան այդ նույն աշխարհը անվտանգ կլինի Ռուսաստանի համար: Ահա եւ ողջ գաղտնիքը:

Պավելի հետ այս թեմայով չէի կարող բանավիճել, որովհետեւ նա խոսում էր Ռուսաստանի շահերի, Ռուսաստանի տեսակետների մասին: Ես հո չէի կարող նրան բացատրել Ռուսաստանի շահը: Մյուս կողմից, սակայն, ես մանրամասն նրան բացատրեցի իմ տեսակետը.

- Չգիտեմ, թե ձեր այդ քաղաքականությունը քանի ազգ ու ժողովուրդ կկործանի, բայց որ կործանելու է նաեւ Ռուսաստանը, դրանում չեմ կասկածում, - ասացի ես:

Պավելը, բնականաբար, ծիծաղեց իմ այս տեսակետի վրա: Բայց այս խոսակցությունը ծառայեց իր նպատակին. մենք հաշտվեցինք: Ավելի ճիշտ, ես չկարողացա իրականացնել նրան բոյկոտելու իմ որոշումը:

Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց ռուսները կռիվ էին տալիս Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի` Վրաստանից անկախանալու իրավունքի համար: Իրականում այդ կռիվը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Ռուսաստանի Ֆեդերացիայի սուբյեկտ դարձնելու համար է: Եվ այնքան ծիծաղելի էր, որ ռուսները հումանիտար աղետ էին անվանում Վրաստանի գործողությունները Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալիում: Գրոզնիում ռուսների արածի համեմատ Ցխինվալին թեթեւ ժանրի մանկապատանեկան կինոնկար էր:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.