> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԸՆԴԱՄԵՆԸ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

լուսանկարը` Telegraph Media Group-ի

լուսանկարը` Telegraph Media Group-ի

Մարտի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի միանգամից երկու կայարաններում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կարող են դառնալ այն հերթական փաստարկը, որ Ռուսաստանի իշխանություններին կհամոզեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգումը անթույլատրելի է: Սա առավել հավանական է դառնում մանավանդ այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են չեչեն ծայրահեղականները. մինչդեռ ռուսական պաշտոնական քարոզչությունը արդեն բավական երկար ժամանակ ազդարարում է չեչենական թնջուկի լուծման մասին: Իրականում ոչ միայն չեչենական թնջուկը լուծված չէ, այլեւ Հյուսիսային Կովկասը առաջվա նման վառոդի տակառ է հիշեցնում, որը կարող է պայթել ցանկացած պահի: Ընդունված է կարծել, որ հենց Ռուսաստանի Դաշնությունն է Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգման հիմնական հովանավորը: Այս պնդումը անհիմն համարել չի կարելի, որովհետեւ ԼՂ հարցը Ռուսաստանին գործուն լծակ է տալիս թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի նկատմամբ: Այսօրվա վիճակով, սակայն, երբ ՌԴ-ն Հայաստանից ստացել է հնարավոր ամեն ինչ, եւ Ադրբեջանից էլ է սկսել ստանալ, Ղարաբաղի հարցի կարգավորումը կարող է նոր հրատապություն ստանալ Մոսկվայի համար, մանավանդ որ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված զարգացումները մեծացրել են տարածաշրջանի լարվածությունը, եւ դիտորդները հայ-ադրբեջանական նոր պատերազմը խիստ հավանական են համարում: Հենց այսօրինակ պատերազմի հնարավորությունը կարող է լուրջ անհանգստություն պատճառել Մոսկվային, որովհետեւ պատերազմը ինքնին զենք-զինամթերքի, զինված խմբերի եւ խմբավորումների անվերահսկելի շարժ է ենթադրում, ինչը նշանակում է, որ ապակայունացման գործընթացները շղթայական ռեակցիայի սկզբունքով կարող են հասնել Հյուսիսային Կովկաս, որը հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի թատերաբեմից ընդամենը մի արկընկեց է հեռու: ՌԴ իշխանությունները վերջին տարիներին հյուսիսկովկասյան տարածաշրջանում տպավորիչ արդյունքներ են գրանցել, բայց հայտնի չէ, թե նոր ապակայունացումը ինչպիսի հետեւանքներ կունենա ոչ միայն Հյուսիսային Կովկասի, այլեւ ողջ Ռուսաստանի ճակատագրի վրա: Այս իմաստով հիմա առավել քան երբեւէ Ռուսաստանը պետք է շահագրգիռ լինի հայ-ադրբեջանական պատերազմի բացառմամբ, իսկ այսօրվա վիճակով, երբ տարածաշրջանում հսկայական լարվածություն է առաջացել, պատերազմի բացառման երաշխիք կարող է միայն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնալ:

Վերջին շրջանի իր գործողություններով Ռուսաստանն արդեն իսկ աննախադեպ շահագրգռվածություն է ցուցաբերել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իմաստով, եւ այդ երկրի անկեղծությանը կասկածելու որեւէ հիմք չկա, մանավանդ որ` տարածաշրջանային կոնֆլիկտները կարգավորելու հարցում Ռուսաստանի հնարավոր շահագրգռություններից ամենակարեւորը հենց Հյուսիսային Կովկասում հաստատված փխրուն կայունությունը բյուրեղացնելու մղումն է: Մոսկվայում արձանագրված ահաբեկչական գործողությունները, ըստ այդմ, կարող են կրկնապատկել Ռուսաստանի շահագրգռվածությունը, եւ դա կարող է վճռական նշանակություն ունենալ ԼՂ հարցում հետագա զարգացումների վրա: Եւ գուցե տեղի ունեցածը ընդամենը զուգադիպություն է, այնուամենայնիվ արձանագրենք. մարտի 28-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելում են Ստեփանակերտ եւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարում է, թե հայկական կողմը որոշ անհամաձայնություններ ունի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հետ: Մարտի 29-ի վաղ առավոտյան տեղի են ունենում մոսկովյան զույգ պայթյունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մի քանի ժամով հետաձգվում է, ապա Մերզլյակովը հերքում է իր իսկ արած հայտարարությունը հայկական կողմի անհամաձայնությունների մասին, իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է թե «Մադրիդյան սկզբունքները ՀՀ-ի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին»: Իսկ սա նշանակում է, որ ֆորմալ առումով ԼՂ հարցի շուտափույթ կարգավորման համար որեւէ խոչընդոտ չկա, մինչդեռ դրանից ընդամենը 24 ժամ առաջ հայտարարվում էր որոշակի խոչընդոտների գոյության մասին: Իսկ այդ 24 ժամվա ընթացքում հենց մոսկովյան պայթյուններն են տեղի ունեցել: Ինչ խոսք, մի քիչ անհավանական է, որ ռուսական դիվանագիտությունը այսպիսի արագությամբ գործեր: Մեծ է հավանականությունը, որ այս ամենը պարզ զուգադիպություն է: Բայց քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, զուգադիպություններ չեն լինում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 1, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Marianna
    Ապրիլ 1st, 2010 at 11:49 | #1

    +1

  2. Armen M.
    Ապրիլ 1st, 2010 at 22:16 | #2

    “Խալիֆաթի” հոտն առան ռուսները,պանիկայի մեջ են,ատոմային նավատորմն են ցուցադրում,Մեդվեդևն էլ ասում է “մենք հզոր ենք“`արդարությունը մեր կողմն է”:Ստացվում է պետական `լեգալ տեռոր կարելի է,իսկ գաղտնին `ոչ:Ինչով ես տարբերվում մահապարտ տեռորիստից???այնքանով,որ շատ զենք ունես` հզոր ես:
    Բա որ հանկարծ խաղաղապահների մանդատը Արցախի տարածքների համար ռուսին չտվին,որ շատ ավելի հավանական է,արդյոք չի բարձրանա տարածաշրջանում ռուսի հետագա ներկայության նպատակահարմարության հարցը ??Խալիֆաթի “դրույթներում”առաջին քայլը հենց սա է` ռուսին կովկասից վռնդելը,հետագայում Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերից նույնպես:

  1. No trackbacks yet.