> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Գագիկ ՇամշյանՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ապշեցուցիչ պատասխան տվեց: Երբ լրագրողը` տեղեկանալով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի ինքնությունը պարզվել է` փորձել էր իմանալ նրա անունը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ներկայացուցիչը հաստատել էր, որ հարձակումը գործել է ՀՀ ոստիկանության եւ Հատուկ քննչական ծառայության քննիչը, այդ քննիչի անունը Գագիկ է, իսկ ազգանունը նախընտրել էր չհրապարակել` «ելնելով անմեղության կանխավարկածից»: Ասել կուզի` ինչո՞ւ արատավորենք տվյալ անունը, չէ որ մինչեւ սահմանված կարգով մեղավորությունն ապացուցվելը` անձը համարվում է անմեղ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող բազմաթիվ մարդիկ ոստիկանության ներկայացուցչի այսօրինակ պատճառաբանությունը լսելով` հաստատ քառահարկ հայհոյանքներ են նետել ասողի հասցեին ու ճիշտ են արել: Որովհետեւ անմեղության կանխավարկածի հիմքով հանցանքի մեջ կասկածվողի ազգանունը գաղտնի պահելու իր որոշման մասին է հայտարարում մի մարմին, որը «02» կոչվող թյուրիմացություն-հաղորդաշար է եթեր հեռարձակում ամեն շաբաթ, եւ մարդկանց անմեղության կանխավարկածն է ոտնատակ տալիս: Բայց մենք բոլորս կուրախանայինք անմեղության կանխավարկածի նկատմամբ ոստիկանության նորահայտ հարգանքի կապակցությամբ, եթե հիմքեր ունենայինք մտածելու, թե այդ սկզբունքը գործելու է ՀՀ բոլոր քաղաքացիների դեպքում: Բայց ոչ, սա վերաբերելու է միայն իշխանության համար հարազատ հանցագործներին, որոնց «ինքնության բացահայտումը» չնայած ֆոտո, վիդեո եւ այս կարգի այլ արձանագրումներին երկար շաբաթներ է տեւելու, եւ ինքնությունը բացահայտվելու է միայն այն դեպքում, երբ լրագրողները խոսքի վրա բռնեն W Աղվանին, եւ վերջինս հրապարակային խոստանա գործը բացահայտել: Ու քանի որ լրագրող Շամշյանի վրա հարձակված անձի եւ լուսանկարը կա, եւ դատախազության տեսախցիկներն արձանագրել են նրա կատարած հանցանքը, մի քանի շաբաթվա ընթացքում մտածել են ինչ անեն, ոնց անեն, ու հիմա կրիայի քայլերով առաջ են տանում գործը, մինչեւ հանրությունն ու ԶԼՄ-ները մոռանան այդ մասին: Բայց էականը սա չէ, էականն այն է, որ այն ժամանակ, երբ ոստիկանության ներկայացուցիչը, «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան, հանցագործ-քննիչի անմեղության կանխավարկածի մասին էր լալահառաչում, բազմաթիվ հեռուստաալիքների «հայլուրները» նորանոր ռեպորտաժներ էին հեռարձակում, որտեղ մի քանի ժամ առաջ կալանքի տակ հայտնված մարդիկ իրենց համար անակնկալ հայտնվում էին տեսախցիկների առաջ` խեղճուկրակ, շփոթված, անպաշտպան ու անթրաշ: Երեկոյան եթերներում արդեն, այս մարդկանց մեղավոր էին հանում, պետության ու ժողովրդի թշնամի, հարկերից ու չգիտեմ ինչից չարամիտ խուսափողներ: Կարճ ասած` դատավճիռ էին կարդում` ձերբակալությունից ընդամենը մի քանի ժամ անց: Բա ինչու՞ նման դեպքերում անմեղության կանխավարկածի մասին չեք հիշում «հարգարժան» մենթեր: Որովհետեւ, եթե մեկը ձեր ոհմակից է, նրա անմեղության կանխավարկածը հարկ համարում եք հարգել, իսկ մարդը, ՀՀ շարքային քաղաքացին ձեր թայֆայի պոտենցիալ զոհն է, ձեր պոտենցիալ թշնամին: Եւ ամեն անգամ նման մի զոհ գտնելիս ձեր ոհմակը խրախճանք է սարքում, կատաղի խրախճանք: Խմբային կաղկանձի այդ տարափը ոչ միայն անմեղության կանխավարկածն է բեկանում, այլեւ ցանկացած օրենք ու իրավունք:

Հ.Գ. Արձանագրենք ուղղակի. ՀՔԾ քննիչ Գագիկ Մարգարյանը լրագրող Գագիկ Շամշյանի վրա հարձակվել է փետրվարի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ: Հարձակման փաստը արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության տեսակխցիկների վրա, հարձակվող անձի լուսանկարը տպագրվել է հաջորդ օրվա թերթերում, լրագրողները նույն օրը տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին, որը խոստացել է բացահայտել գործը: Մամուլում լուրեր են տպագրվել, որ հարձակվողը ՀՔԾ քննիչ է: Գործը վարող ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժինը լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած այդ անձի ինքնությունը պարզել է մեկ ամիս անց միայն եւ կարողացել է «բացահայտել», որ Գագիկ Մարգարյանը իրականում ոստիկանության քննիչ է, որը գործուղվել է ՀՔԾ: Այդ մարդուն առայժմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել, նա գործում ներգրավված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Նախաքննության մարմինը ճշտել է միայն նրա ինքնությունը: Կարճ ասած` աշխատում են իրենց չխնայելով:

www.nikol.am

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.