> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԲԱՐՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ

«ԲԱՐՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ

Օրերս «Հայկական ժամանակում» մի հարցազրույց կարդացի, որը հերթական անգամ ակնհայտ դարձրեց, որ կեղծիքն ու փարիսեցիությունը այն աստիճան է թափանցել մեր հանրության խորքերը, որ ամենատարբեր մարդիկ դժվարություններ չեն զգում կեղծելիս, կեղծիք թույլ տալիս: Հարցազրույց տվող անձը հայտնի հաղորդավար է, շոումեն, եւ լուրջ դեմքով իր համար ազատ էսթետի իմիջ է փորձում ստեղծել: Էդ հարցազրույցը, սակայն, այդ իմիջի հերն անիծեց, որովհետեւ ակնհայտ դարձրեց, որ գործ ունենք հայկական շոու բիզնեսի երկար շարքի շարքային մի ներկայացուցչի հետ, որն ամեն խոսքով փորձում է իր համար այնպիսի դիրք ստեղծել, որ հնարավոր լինի հարմար գնով վաճառել շոու բիզնեսի շուկայում: Այդ մարդը, ահա, իր հարցազրույցում ասում է. «Կուզեի, որ մարդիկ ավելի բարի լինեին, ժպտային իրար, ավելի լուրջ թեմաների վերաբերյալ միտինգների հավաքվեին, ոչ թե «Եվրատեսիլի» համար: Գազը թանկացնում են, մենք միտինգի չենք հավաքվում, իսկ «Եվրատեսիլում» եսիմ ինչ է լինում, կամ ինչ-որ մեկը մտածում է, որ եսիմ ինչ է եղել, մարդիկ ուզում են միտինգ անել»: Տրամաբանությունը հասկանալի է. բայց երբ լրագրողը հարցնում է` «Իսկ քաղաքական պահանջներով միտինգների մասին ի՞նչ կասեք», մեր ազատ էսթետը քարկապ է ընկնում. «Անտարբեր եմ բացարձակապես, որովհետեւ քաղաքականությունը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Հասկանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվում են այն մարդիկ, որոնք դրանից շահ ունեն: Ես շահ չունեմ եւ չեմ զբաղվում ու չեմ ուզում շահ ունենալ: Միտինգներո՞վ է երկրում բան փոխվելու…»: Հասկացաք չէ՞. մարդը նոր ուզում էր, որ իր բազմաչարչար հայրենիքում լուրջ թեմաների վերաբերյալ միտինգներ լինեն, եւ ոչ թե Էմմիի մոմենտով: Հաջորդ քայլով զարմանում է` էս երկրում միտինգներո՞վ պետք է բան փոխվի: Ընդամենը մի քանի տող, եւ ահա այսպիսի ապշեցուցիչ հակասություն: Սա կարող է բացատրվել հետեւյալ կերպ` հարցազրույց տվող անձը ուզում է մի բան ասել, որ դուր գա եւ ընթերցողին, եւ Եվա Րիվասի սպոնսորներին, բայց հետո գլխի է ընկնում, որ երկու երնեկ մի տեղ չի լինում, եւ վերջնական ընտրություն է կատարում հօգուտ Եվա Րիվասի սպոնսորների` մանավանդ ջոգում է, որ ոնց որ համը հանեց գազի մասին խոսելով: Ինչ խոսք, համաձայն եմ` շատ մարդիկ քաղաքականությամբ զբաղվում են միայն նրա համար, որ անձնական շահ ունեն: Բայց հարցազրույց տված մարդու ասածներն ինձ համար ակնհայտ են դարձնում, որ ինքն էլ քաղաքական դիրքորոշում արտահայտելուց խուսափում է, որովհետեւ դա է թելադրում իր անձնական շահը: Եթե քծնի իշխանությանը` կկորցնի ազատ էսթետի փայփայած իմիջը, եթե ճշմարտությունը բարձրաձայնի, իրեն այլեւս տելեւիզրով ցույց չեն տա, ռադիոյին էլ մոտ չեն թողնի, ու ինքը էլ ազատ էսթետ չի լինի, այլ կլինի գործազուրկ: Քավ լիցի, սա իր ընտրությունն է, որի իրավունքը ունի: Բայց տանել չեմ կարողանում, երբ կարճմիտ մեկը մեյդան է դուրս գալիս, ու իրեն թվում է, թե էնքան խելոք է ու շուստրի, որ կարող է օրը ցերեկով կեղծել, եւ իր կեղծավորությունը չնկատվի: Իսկ եթե ավելի ընդհանուր մոտենանք խնդրին, բոլոր նրանք, ովքեր ասում են, որ իրենք քաղաքականության նկատմամբ անտարբեր են, բայց եւ հանդես են գալիս դրական փոփոխությունների ջատագովի դերում, այդ մարդիկ, բոլորը, առանց բացառության, կեղծավոր են, որովհետեւ փոփոխությունների միայն մի մեխանիզմ կա` եւ այդ մեխանիզմը քաղաքականությունն է: Փոփոխությունների ուրիշ մեխանիզմ պարզապես գոյություն չունի` անկախ նրանից խոսքը սոցիալական, մշակութային, թե կրթական փոփոխությունների մասին է: Քաղաքականության նկատմամբ անտարբեր ցանկացած մարդ հավասարապես կրում է տվյալ պահին երկրում ստեղծված վիճակի պատասխանատվությունը. հավասարապես` այդ վիճակը ստեղծածների հետ: Ավելին` անտարբերներն իրենց անտարբերությամբ ուղղակի աջակցություն են ցուցաբերում տվյալ պահին իշխող վերնախավին. պարզապես այդ մասին բարձրաձայնելու համարձակություն չունեն: Եթե այս պնդումը հիմնավոր չի թվում, պատկերավորեմ այն` մի խումբ երկիրը քանդում, թալանում է, իսկ մարդը հրաժարվում է քաղաքացիական դիրքորոշում արտահայտել, անտարբեր է քաղաքականության նկատմամբ, որը տեղի ունեցողի հետ անհամաձայնություն արտահայտելու միակ արդյունավետ ձեւն է: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ մարդը իր անտարբերությամբ առնվազն դեմ չի, որ այդ խումբը քանդի, թալանի, երկիրը վերածի սոդոմ-գոմորի: Իսկ դեմ չի, որովհետեւ ինքն էլ այդ թալանից բաժին ունի: Էդ թալանող խումբը գովազդ է տալիս, որով ապրում է այն հեռուստաընկերությունը, որի եթերից իր համար ազատ էսթետի իմիջ է ստեղծում այն անձը, որը ուզում է, որ մարդիկ ավելի բարի լինեն: Ինքը «բարի» է, որովհետեւ ստույգ գիտի, թե ինչքան է ստանում այդ «բարության» դիմաց:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Marianna
    Մարտ 30th, 2010 at 11:01 | #1

    +1. isk ov e ayd andz@? es chem kardacel chishtn asac..

  2. Լանա
    Ապրիլ 2nd, 2010 at 08:54 | #2

    +1, Եգոր Գլումովը

  1. No trackbacks yet.