> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՋԱՆ, ԲԱԼԵՍ, ԲԱԼԵՍ…

ՋԱՆ, ԲԱԼԵՍ, ԲԱԼԵՍ…

«Արմենիա» հեռուստաընկերությունը հերթական ինտելեկտուալ հաղորդումն է եթեր հեռարձակում. ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մի տարբերակ, որտեղ գիտակների դերում հանդես են գալիս հայաստանյան հայտնի դեմքեր: Վերջերս հեռարձակված խաղում, օրինակ, գիտակները վեցերորդ միավորը վաստակելով` մի անասելի ցնծություն ապրեցին: Ավելի ճիշտ` կապկեցին այն ցնծությունը, որ ռուս գիտակներն են ապրում` խաղը հաղթական ավարտի հասցնելուց հետո: Իսկ հայ գիտակները հաղթանակի հասան պատասխանելով «սուպերինտելեկտուալ» մի հարցի. նրանք պետք է պատասխանեին, թե խորհրդային հայտնի «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի հերոս «Խմիրն» ու «Կասոյը» ինչո՞ւ պետք է նկատեին, որ իրենց հետ կիսամերկ մարզանք անող «Դոցենտը» իսկականը չէ: Մտածեցին մեկ րոպե, պատասխանեցին, ու երբ պարզվեց` պատասխանը ճիշտ է, էնպես էին ցնծում եւ ուրախանում, կարծես մի անասելի ինտելեկտուալ ճեղքում են իրագործել կամ էլ Ռուսաստանը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը: Չնայած` անասելի ժխորի պայմաններում անցկացվող այս հաղորդման ընթացքում այսպիսի հարցերն այն առավելագույնն են, որ պետք է հնչեն: Հարցերից մեկը, սակայն, հատուկ գրավեց իմ ուշադրությունը: Հարցը մոտավորապես հետեւյալն էր. 1925-32 թվականներին մոսկովյան այդ շենքում կինո են ցույց տվել, եւ, որ կարեւոր է, անցկացրել են վոլեյբոլի ցուցադրական մրցելույթներ: Ո՞ր շենքի մասին է, ուրեմն, խոսքը: Գիտակները մտածեցին, մտածեցին եւ սխալ պատասխան տվեցին: Իսկ հաղորդավարը նրանց նախատեց, որ ուշադրություն չեն դարձրել տարեթվերին եւ չեն արձանագրել, որ խոսքը «սրբապղծության» տարիների մասին է: Եւ ուրեմն` ճիշտ պատասխանը հետեւյալն է. վոլեյբոլի մրցելույթներն անցկացվել են Մեծ թատրոնի բեմում: Գիտակների թիմի ավագը` հայտնի մի անձնավորություն, որը հայտնի է ափըռցըփըռ դուրս տալու, ապա եւ դրա համար ներողություն խնդրելու իր անդիմադրելի խասիաթով (մարդ չի էլ հասկանում` ինքը ափըռցըփըռ դուրս տալու՞ց է հաճույք ստանում, թե՞ հետո դրա համար ներողություն խնդրելուց), ահա այդ անձը արդարանալով ասաց, թե ինքը չէր կարող մտածել, թե այդ աստիճան սրբապղծություն էլ կարող է լինել: Նա այդպես սրբապղծություն էր անվանում, հիշեցնեմ, Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում վոլեյբոլի մրցում անցկացնելը: Ի՞նչն է, ուրեմն, այստեղ գրավել մեր ուշադրությունը: Մի փոքրիկ դետալ. ընդամենը երկու տարի առաջ, 2008 թվականին, Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հայոց իշխանությունները ձյուդոյի մրցումներ էին անցկացնում: Գիտակների թիմի ավագի դեմքին տառապանքի նշաններ հայտնվեցին այն ժամանակ, երբ իմացավ, որ 1925-ից 32 թվականներին Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում վոլեյբոլ են խաղացել, բայց ինչ-որ չեմ հիշում, թե նրա դեմքը տառապանք արտահայտած լինի Երեւանի օպերային թատրոնի բեմում ձյուդոյի մրցումներ անցկացնելու կապակցությամբ: Եթե Մեծ թատրոնի բեմում վոլեյբոլի մրցում անելը սրբապղծություն է, ինչպես իրենք են ասում, ուրեմն Երեւանի Օպերայի թատրոնի բեմում ձյուդոյի մրցում անցկացնելն էլ պիտի սրբապղծություն լինի, չէ՞: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նշված սուբյեկտների վերաբերմունքը այդ երկու իրավիճակներին տարբեր է, որովհետեւ Մեծ թատրոնի բեմում վոլեյբոլի առաջնությունը կազմակերպել է ժողովուրդների գահընկեց հայրը, իսկ Օպերայի թատրոնի բեմում մրցումներ կազմակերպողը իրենց պապպան է, պապպան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի 27, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,