> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 56.-60.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 56.-60.

56. Մի տնից չենք, մի հալի ենք

57. Ազատություն եւ կրքեր

58. Ինստալյացիա

59. Նախագիծ «Կաեն-2»

60. «Ո՛չ» ռոբոտացմանը

* * *

56. Մի տնից չենք, մի հալի ենք

Վարդանը, իրոք, աշխատում էր կորեացիների հետ: Չոն, իրոք, նրանց ղեկավարն էր: Յոմը նույնպես իրական կերպար էր: Նրանք, իրոք, հասկանում էին իրար, հասկանում էին այնքան, որքան անհրաժեշտ էր համակեցության եւ համատեղ աշխատանքի համար: Վարդանը, Չոն ու Յոմը այս շինարարական բրիգադի երեք մշտական անդամներն էին: Կախված գործի ծավալներից, նրանք նոր աշխատողներ էին վերցնում կամ երեքով էին անում գործը: Մեր ծանոթության պահին նրանք աշխատում էին մի բավականին մեծ տարածքում, որը, ըստ ամենայնի, գիշերային ակումբ էր լինելու կամ բար. եւս երեք կորեացիներ ներգրավված էին գործի մեջ: Վարդանը Չոյի հետ հեռախոսով խոսել էր զուգարանի հատակի սալիկների մասին, մի տասը քառակուսի մետր տարածք: Զուգարանի պատերը ինքը` Վարդանն էր սալիկապատել: Մնում էր հատակը, որ Վարդանը խոստանում էր այդ օրը ավարտել. դժվար հասցներ:

Ես անելիք չունեի եւ, հետաքրքրությունից դրդված, Վարդանին խնդրեցի ինձ իր հետ տանել, մանավանդ որ իմացա, որ տվյալ տարածքը հիմա իրենց տրամադրության տակ է եւ գտնվում է մեր «McDonalds»-ից ոչ հեռու: Չոն ու Յոմը ինձ դիմավորեցին քաղաքավարի եւ արագ անցան իրենց գործերին: Ես էլ մի արկղ վերցրի ու դրա վրա նստած նայում էի, թե ինչպես է Վարդանը գործ անում: Վարդանը ծանր էր խոսում, նրա ամեն խոսքի մեջ ինչ-որ մտահոգվածություն կար, ինչ-որ ծանրություն: Ինձ թվում էր, թե խոսելու պահին նա բոլորովին ուրիշ բաների մասին է մտածում. իր տան, ընտանիքի, Երեւանի մասին: Հայաստանից հեռացել էր չորս տարի առաջ` այնտեղ թողնելով կնոջը, որդուն եւ դստերը: Մի մեքենա էր ունեցել, վաճառել էր ու ճամփա ընկել: Նախ` Շվեդիա, այնտեղից` Գերմանիա, այնտեղից` Ֆրանսիա, այնտեղից էլ` Ճապոնիա.

- Ասի` պըտի էթամ մի տեղ, որ հայի էրես չտենամ, - Ճապոնիա գալը բացատրում էր Վարդանը եւ ասում էր, թե բախտը բերել էր, որ Չոյի նման պարկեշտ մարդու է հանդիպել: Վերջինս, որքան հասկացա, Հյուսիսային Կորեայից փախել էր Հարավային Կորեա, այնտեղից էլ Ճապոնիա էր եկել` պատշաճ վաստակելու հույսով: Այս տարածքը, նկատի ունեմ աշխատանքի ծավալը, վկայում էր, որ նրանց գործերը սկսում են կարգավորվել, չնայած այդպես էլ լավ չհասկացա` նրանք լեգա՞լ էին գործում, թե՞ անլեգալ. ըստ ամենայնի, միջին մի բան: Վարդանի փաստաթղթերի հարցերը Չոն էր լուծում: Նրանք երեքով ապրում էին իրար հետ, մի թոշակառու զույգից սենյակ էին վարձում եւ գիշերում էին նրանց հետ` նույն հարկի տակ:

- Էդ պառավներն էլ խուլ են, ախպեր. մինչեւ գիշերվա հազարը տելեվիզրը զլում են վերջին խազի վրա` չենք կարըմ նորմալ քնենք, - բողոքում էր Վարդանը:

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչն է նրան բերել հասցրել Ճապոնիա. Վարդանը հիասթափված էր Եվրոպայի հայության ներքին հարաբերությունների ձեւից.

- Իրար ատըմ են, ախպեր. նրանք, որ կոտորածի վախտ են գաղթել, ատըմ են նրանց, ովքեր Սովետի վախտ են գաղթել, նրանք, որ Սովետի վախտ են գաղթել, ատըմ են նրանց, որ կոտորածի վախտ են գաղթել: Բայց ամենաշատը ատըմ են նրանց, ովքեր Ղարաբաղի պատերազմի վախտ են գաղթել: Նրանք, որ պատերազմի վախտ են գաղթել, առաջվա էկածներին էլ են ատըմ, բայց ամենաշատը ատըմ են նրանց, ովքեր պատերազմից հետո են գաղթել: Պատերազմից հետո գաղթածներն էլ ատըմ են նրանց, ովքեր իրանցից հետո են գաղթել: Վոբշըմ, երեկ գաղթածը, եթե մի օր քնում վեր ա կենում Եվրոպայում, հաջորդ օրը էկողին ատըմ ա, - իր դիտարկումներն էր ներկայացնում Վարդանը:

- Բայց խի՞ ա ըտենց, Վարդան, - հետաքրքրվում էի ես:

Վարդանը բացատրում էր, առանց գործից կտրվելու.

- Մի անեկդոտ կա, է՞, լսած կլնես: Սամալյոտով թռնելիս են ըլնըմ, մեկ էլ ստյուարդեսան գալիս ասըմ ա` ախպեր, վոբշըմ իրեք հոգի ավել են նստել, սամալյոտը գռուզի տակ ա մնացել: Եթե իրեք հոգով պասաժիրների թիվը չպակասցնենք, վոբշըմ սաղով վարի ենք: Ասըմ ա` կամանդիրը խնդրում ա, որ իրեք հոգի կամավոր սամալյոտից թռնեն: Սաղ սուս են մընըմ, մեկ էլ մի հնդիկ վեր ա կենում, ասում` կեցցե՛ Հնդկաստանը, ու թռչըմ ա: Հետո էլ մի իսպանացի ա վեր կանըմ, ասըմ ա` կեցցե՛ Իսպանիան, ու թռչըմ ա: Սաղ սպասըմ են, թե երրորդը ով պըդի ըլնի. շա~րժ չկա: Ստյուարդեսան ասըմ ա` ախպեր, մի բան արեք, վարի ենք էթըմ: Ստե, ախպեր, հայը վեր ա կենըմ, ախպեր, թռչըմ ա կողքին նստած նեգրի դեմքին ու ասըմ` անասուն, քեզ հայրենիք չունե՞ս, ու սամալյոտից դուրս ա շպրտըմ էս հարիֆին:

Մենք ծիծաղեցինք.

- Բայց դա ի՞նչ կապ ունի հայերի ատելության հետ, - հարցրի ես:

- Ո՞նց, ախպեր. խոսքի, Գերմանիայի հայերին թվում ա, թե իրանք էդ սամալյոտի մեջ են, ու երբ որ Վարդանը Էրեւանից գնաց Դրեզդեն, վսյո, ախպեր, Դրեզդենը սկսըմ ա սկել, որովհետեւ Վարդանը հենց էդ ավելորդ պասաժիրն ա, ու իրանք էլ սրա պատճառով վարի են էթըմ: Ու սրանք, ախպեր, Վարդանին սկսըմ են բացատրել, որ` ախպեր, քեզ հայրենիք չունե՞ս, որ բոմժի նման էկել ես ստեղ ընգել, մեզ էլ վարի ես տալիս:

Վարդանը սկսեց ծիծաղել, վայ, ոնց է ծիծաղում:

- Խի՞ ես ծիծաղում, Վարդան ջան:

- Բա իրանք հայրենիք չունե՞ն, ախպեր, այսինքն` հայրենիքը մենակ նեգրերի համար ա՞: Բա էդ Կարպիսները, ախպեր, էդ ախպարները` նրանք հայրենիք չեն ունեցե՞լ, խի՞ են թողել իրենց հայրենիքը: Հայրենիքի դավաճանը, փաստորեն, Վարդանն ա, էլի, - ծիծաղը բերանին նեղսրտում էր Վարդանը ու մի դիտարկում անում, - հետո գիտե՞ս ինչ կա, զարմանըմ եմ, որ ազգուտակով Եվրոպայում ապրողները Հայաստանին հայրենիք են ասըմ:

- Ի՞նչ կա զարմանալու, - հետաքրքրվում եմ ես:

- Ախպեր, հայրենիքը ո՞րն ա, - հարցնում էր Վարդանը ու ինքն էլ պատասխանում, - հայրենիքը էրեխեդ ա, հայրենիքը կնիկդ ա, եթե ընկերուհի ունես, հայրենիքը ընկերուհիդ ա, ընգերներդ են: Եթե կնիկ, էրեխա, հեր, մեր հավաքել գնացել ես Ֆրանսիա, էլ Հայաստան քո ինչի՞ հայրենիքն ա: Եթե ընգերոջդ հետ էլ տարին մեկ-երկու անգամ մի կտոր հաց չուտես, էլ նա քո ինչի՞ ընգերն ա: ճիշտ չե՞մ ասըմ, Բորիկ ջան:

- Երեւի ճիշտ ես ասում, երեւի. բա հետո՞, ո՞նց հասար Ճապոնիա, - շարունակեցի ես:

- Ապե, սկզբից գնացի Շվեցիա. տեսա` չէ, ախպեր, Շվեցիան սկում ա իմ գրուզի տակ: Հետո հելա Գերմանիա, տեսա ստեղ էլ տեղ չկա Վարդանի համար: Հետո գնացի Փարիզ, ախպեր ջան, Փարիզն էլ սկսավ սկե~լ: Ասի` հոպ, ախպեր, պըտի էթաս մի ընենց տեղ, որ հայի սֆաթ չտենաս: Քցի-բռնի, ասի` էդ Ճապոնիան կլնի, էլի: Չնայած, ախպեր, Վլադիվաստոկ հայ տղեքը պաձերժկա արին, որ հասա ստեղ. ավտոյի գործ անող տղերք կային, էլի, - պատմեց Վարդանը:

Մոտ տարիուկես ոչ մի կոպեկ չէր կարողացել տուն ուղարկել, վերջին երկու տարին, ինչ Չոյի հետ աշխատում էր, գոհ էր, ահագին փող էր ուղարկել տուն, տնեցիների պարտքերը փակել: Վերջին տարիուկեսը սովորական բանվորություն անելով` հիմա արդեն Վարդանը վարպետ էր դարձել, ու վաստակը ավելացել էր: Բայց ասում էր, որ Երեւան հասնելու համար անհրաժեշտ անձեռնմխելի գումար է միշտ պահում.

- Չնայած, մինչեւ լավ ավտո առնելու հնարավորություն չունենամ, հետ չեմ էթա. ավտո եմ ծախել, որ գամ, ուրեմն պըտի ավելի լավ ավտոյով հետ գնամ` ամենաքիչը, - բացատրում էր Վարդանը:

Հետաքրքիրն այն է, որ նա չէր մտածում ընտանիքը Ճապոնիա տեղափոխելու մասին: Դրա համար երկու պատճառ կար. չնայած երեխեքը դեռ դպրոցական են, բայց, մեկ է, չեն հասցնի ճապոներեն սովորել, որ իրենց այստեղ լիարժեք զգան: Եվ հետո, մի ուրիշ գաղտնիք բացեց Վարդանը.

- Ապե, էս երկիր չի, ստեղ սաղ իրար շինըմ են, ո՛չ ներում կա, ո՛չ բեկում:

Խոսելով իր ու կորեացիների հարաբերությունների մասին` Վարդանը մի բան ասաց, որ ուղղակի հուզիչ էր.

- Ո՞նց կարանք իրար չհասկանանք, ախպեր. մի տնից չենք, մի հալի ենք:

57. Ազատություն եւ կրքեր

Ուզում էի Վարդանին ու նրա ընկերներին գարեջուր հյուրասիրել, բայց պարզվեց` դա հնարավոր չէ. սուպերմարկետ գնալ-գալու գործընթացը շատ երկար կտեւեր: Ստիպված էի նրանց հրաժեշտ տալ առանց գարեջուր հյուրասիրելու:
Վերադարձա հյուրանոց, պատվիրեցի ընթրիք բերել սենյակ, ընթրելուց հետո մի քիչ հանգստացա. նախապես որոշել էի, որ կեսգիշերին կգնամ այն մեծ գովազդային ցուցանակով ստրիպտիզ-սրահ, որ գտնվում էր մեր հյուրանոցից մի քանի շենք այնկողմ: Սա Տոկիոյից ստացած տպավորությունը հաղթահարելու միակ միջոցն էր այդ պահին թվում: Դեռ չէի որոշել իմ հետագա երթուղին, ուստի ստիպված էի մեկ-երկու օր մնալ այս շնչակտուր քաղաքում:

Ստրիպտիզ-սրահում, իսկապես, շտապողականություն չկար. ընդհակառակը, ճապոնացի եւ սեւամորթ պարուհիները անշտապ պտտվում էին նիկելած խողովակի շուրջ` կրծքները իրար հպած եւ իրար կոնքերից խոսուն ձեռքերով բռնած:

Ես նստեցի միտեղանոց սեղաններից մեկի շուրջ: Սրահում արդեն բավական շատ այցելու կար, եւ նրանք շարունակում էին գալ: Շուտով արդեն իմ շրջակայքում ազատ տեղեր չկային: Պարզվեց նաեւ, որ բեմի վրա ոչ թե սովորական ստրիպտիզ է լինելու, այլ մի յուրօրինակ ներկայացում, որը կոչվում էր «Սեքսը փոքրիկ մոլորակում»: Այս խոսուն վերնագրի ներքո բեմահարթակի վրա էին հայտնվում աշխարհի տարբեր մասերի բնակիչներ, որոնք բռնկվում էին մարմնական կրքերով ու այլասերությամբ: Ներկայացումը բազմազան էր եւ համարձակ, եւ անկախ նրանից` հանդիսականները ինչ կարծիք կունենային նրա մասին, այն երկար էր մնալու նրանց հիշողության մեջ:

Ահա, ավանդական կիմոնոյով ու հուշիկ քայլերով հարթակ է մտնում մի ճապոնուհի. առաջին բանը, որ մտածում ես, հետեւյալն է` ի՞նչ գործ ունի այս բարեպաշտ տիկինը նման կասկածելի միջավայրում. բայց ահա նա դառնում է սեռական կրքով վարակված մի մոլագար, իր վրայից նետում զգեստները, դառնում ստրիպտիզի աստղ` պարի մեջ օրհներգում իր մարմինը ու տիրանում, տիրանում իրեն հանդիպած բոլոր տղամարդկանց ու հոշոտում նրանց սիրային գազանի նման: Նրան տրված տղամարդկանց բազմությունը տենչում է նրան, փափագում սիրային խոշտանգման կրկնություն: Բայց` ոչ, նա մերժում է նրանց ու շարունակում տիրել այլ, բոլորովին ուրիշ զոհերի, նոր ու անծանոթ տղամարդկանց: Եվ բեմի վրա տեսնում ենք հուսահատված սամուրայների զանգվածային սիպուկույի տեսարաններ: Մեկ այլ դրվագ. սամուրայները մահացու մենամարտ են մղում: Նրանց սրերից կայծեր են թափվում. հաղթողը այդպես էլ ի հայտ չի գալիս, մարտը շարունակվում է, հաղթողը դարձյալ ի հայտ չի գալիս. բայց նրանց հագուստը սրերի հարվածների տակ գետնին է թափվել` մանր կտորներով, ու նրանք մերկ են, համարյա մերկ: Եվ ահա, մարտից հոգնած ու հաղթանակի հույսը կորցրած` նրանք սկսում են սիրել իրար` քնքուշ սիրով:

Ամենամեծ աշխուժությունը, սակայն, առաջացրեց հարթակին հայտնված չադրայով աղջիկը: Նրա ողջ մարմնից մերկ են միայն ձեռքերը, եւ լուսարձակները բոլորի ուշադրությունը հրավիրում են նրա վեր պարզած ձեռքերի վրա. եւ սա ստրիպտիզ է ցուցադրում մատներով, առայժմ միայն մատներով: Ապա հորիզոնական պտույտ է կատարում ուղղահայաց պտտաձողի շուրջ, որից պարզ է դառնում, որ բացի չադրայից նրա հագին այլեւս ոչինչ չկա: Ահա, ուրեմն, այս պարսկուհի կամ արաբ գեղեցկուհին դեն է շպրտում չադրան ու խմբային խրախճանք ստեղծում իր շուրջ, բայց շուտով հորիզոնում տեսնում է իրեն փնտրող հայրիկին (կամ ամուսնուն), նորից հագնում է չադրան, այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել, եւ հնազանդ քայլերով հետեւում նրան:

Այս տեսարանը ինձ անհանգստացրեց: Իսկ երբ հարթակ մտան կիսամերկ ռաբիններ, քահանաներ (նրանց ով լինելը մատնում էին գլխարկները) եւ երկարամիրուք տերօղորմյաավոր տղամարդիկ, որոնց հագին միայն սադոմազոխիստական սեքսի ատրիբուտներ կային, ես արդեն որոշակիորեն սպասում էի պայթյունի, բառիս բուն իմաստով` պայթյունի: Բայց երբ պայթյուն չհնչեց, սկսեցի մտածել, որ հաստատ առաջիկա օրերին ծաղրանկարային սկանդալի պես մի բան է պայթելու: Բայց, դե, նման բան մինչեւ հիմա տեղի չի ունեցել` թերեւս այն պատճառով, որ վերը նշված տեսարանների կադրեր մամուլում չեն հայտնվում, իսկ սկանդալ հարուցողները խնդիր պիտի ունենային բացատրելու, թե որտեղից են տեղյակ, որ Տոկիոյի ստրիպտիզներից մեկում նման ահավոր բաներ են կատարվում: Ահա այսպիսի ներկայացում էր, որը ինձ օգնեց հաղթահարել Տոկիոյի հարուցած սթրեսը եւ ընկնել բոլորովին ուրիշ մտածումների մեջ: Սկզբում ես չգիտեի` ինչ մտածել տեղի ունեցողի մասին: Ամեն ինչ պարզ էր թվում եւ հասկանալի. բայց չէի կարողանում կողմնորոշվել բեմադրության հեղինակի ասելիքի նրբերանգների մեջ: Ի՞նչ էր նա ուզում ասել. որ մարդը կրքերի գերի՞ է, թե՞ կրքերը` մարդու ազատարար:

Թե՞ ուղղակի հանդիսատեսին էր նման երկընտրանք առաջարկում: Համենայնդեպս, ես ինձ համար արձանագրեցի, որ երբեք այսպիսի դիլեմայի շուրջ չեմ մտածել, եւ ակնհայտ էր, որ այդ մտածումները չեմ կարողանալու վանել ինձնից: Եվ ուրեմն` մարդը` կրքերի գերի՞, թե՞ կրքերը` մարդու ազատարար: Ես չէի ուզում հարցին պատասխանել այնպես, ինչպես ինքս եմ ուզում, փորձում էի երդվյալ ատենակալի նման օբյեկտիվորեն քննել բոլոր հանգամանքները, հարցի բոլոր կողմերը:

Հետո հասկացա, որ այնքան էլ հեշտ գործ չէ օբյեկտիվ լինելը, որովհետեւ եթե պիտի ուսումնասիրենք մարդու եւ կրքերի հարաբերությունները, պետք է օբյեկտիվ ընտրություն կատարենք մարդու եւ կրքերի առաջացման երկու տեսությունների միջեւ. աստվածաշնչյան տեսության, ըստ որի` մարդուն ստեղծել է Աստված, իսկ մեղքի մեջ նրան գցել սատանան, եւ դարվինիզմի տեսության, ըստ որի` մարդը առաջացել է կապիկից, եւ կրքերն էլ օրգանիզմի հորմոնալ գործունեության արդյունք են: Եթե մենք պետք է հենվենք այս տեսություններից մեկի ճշմարտացիության վրա, արդեն իսկ չենք կարող օբյեկտիվ լինել, նշանակում է` մենք կա՛մ այս կողմից ենք, կա՛մ այն: Ու ճիշտն ասած, այս պարագայում չեմ էլ ուզում օբյեկտիվ լինել, հրաժարվում եմ օբյեկտիվ լինել, եթե օբյեկտիվ լինելու համար անհրաժեշտ է կասկածի տակ դնել այն, ինչին հավատում ես:

Չնայած դարվինիզմն ու մատերիալիզմը այս հարցում խայտառակ պարտություն են կրել, որովհետեւ այս տեսության հետեւորդները դժվար թե համաձայնեն խմբակային սեքսը կամ սեռական այլասերության զանազան տեսակները նորմալ ու բնականոն բան համարել: Անգամ աստվածաշնչյան տեսության ամենամոլեռանդ հակառակորդը, ինչպիսին էր, օրինակ, Խորհրդային Միությունը, բարոյականության արժեքներ էր քարոզում, եւ այդ կայսրության գոյության ընթացքում հոգեւոր, մշակութային արժեքների մի աննկարագրելի շտեմարան գոյացավ` գրականության մեջ, կինոյում, արվեստի այլ ճյուղերում: Սա անուրանալի է. բայց հենց այս արժեքների գոյացումը դարձավ այդ կայսրության փլուզման պատճառ:

Ինքներդ դատեք, երբ դուք ընդունում եք բարոյական բարձր արժեքները, մերձավորի նկատմամբ սիրո, հարգանքի, կարեկցության, հոգեւոր արժեքների «պրոպագանդա» եք իրականացնում, դրանով իսկ աննկատ նահանջում եք այն տեսությունից, որ մարդը ընդամենը կապիկի հետնորդն է: Իսկ Խորհրդային կայսրությունը հենված էր հենց կապիկի տեսության վրա:

Մյուս կողմից` Խորհրդային գրողները, արվեստագետները ստեղծագործում էին Աստծո եւ Սատանայի մասին, հոգու եւ երկնայինի մասին, ու կոմունիստական իշխանությունները նրանց Լենինյան մրցանակ էին տալիս: Հետո աքսորում էին Սիբիր կամ արտաքսում երկրից: Հետո էլի Լենինյան մրցանակ տալիս, հետո հետապնդում այդ նույն արվեստագետներին: Հետո արդեն ուշ էր:

Ես հիմա հասկանում եմ խորհրդային ղեկավարներին. Հրանտ Մաթեւոսյանը, Նոդար Դումբաձեն, Չինգիզ Այթմատովը, Վասիլի Շուկշինը, Վլադիմիր Վիսոցկին ջախջախում էին երկաթյա դեմքով պրոլետարին եւ հոգեւոր մարդ ստեղծում: Դա մի կողմից լավ էր, որովհետեւ կարելի էր իմպերիալիստներին ցուցանել, թե ինչպիսի բարձր արվեստ է ստեղծվում սոցիալիզմի հայրենիքում, մյուս կողմից` այդ մարդիկ, ախր, խարխլում էին սոցիալիստական հայրենիքի հիմքերը, որովհետեւ հոգեւոր մարդու հայրենիքի անունը չի կարող Խորհրդային Միություն լինել:

Ու ԽՍՀՄ ղեկավարությունը չգիտեր ինչ անել, նա ի զորու չէր դիմակայել արվեստի ուժին, երբեմն նույնիսկ չէր էլ ուզում: Արդյունքում, այդ կայսրությունը ինքն էլ խճճվեց իր քայլերում, եւ փլուզումը անխուսափելի դարձավ:

Ահա, իմ նախկին անծայրածիր «հայրենիքի» փլուզման պատմությունը օգնեց, որ ես հրաժարվեմ օբյեկտիվ լինելու մոլուցքից: Բայց երկընտրանքը այսպիսով չի լուծվում, եւ պետք է իսկապես սեփական գիտակցության միջով անցկացնել այն եւ ի վերջո լուծում գտնել. մարդը` կրքերի գերի՞, թե՞ կրքերը` մարդու ազատարար:

Հիմա արդեն շատ ավելի հեշտ է լուծել այս երկընտրանքը, շատ ավելի հեշտ. չէ՞ որ սկզբից Ազատությունն է եղել, հետո նոր միայն կրքերը, եւ մարդը հենց ազատության շնորհիվ է ճաշակել կիրքը եւ դարձել կրքերի գերի: Ուրեմն, կրքերը մարդուն ոչ թե ազատագրում են, այլ գերում: Այս արձանագրումը, սակայն, առաջ է բերում շատ ավելի կարեւոր մի հարց, որի պատասխան գտնելը նույնքան դժվար է: Ուրեմն ի՞նչ անել մարդկային կրքերի հետ: Քարկոծե՞լ քեֆ քաշել սիրող կանանց, խարույկի վրա վառե՞լ իգացողներին ու արվամոլներին կամ խմբակային խրախճանքի երկրպագուներին: Ոչ, միանշանակ` ոչ, որովհետեւ երկու իգացող ու արվամոլ իրենց առօրյա հարաբերություններում չեն բռնանում երրորդ անձի ազատության վրա, եւ որքան էլ տարօրինակ է հնչում, օգտվում են իրենց ազատությունից: Ուրեմն, ի՞նչ` ողջունե՞լ իգացողներին ու արվամոլներին. ոչ, միանշանակ` ոչ: Ի՞նչ անել, ուրեմն: Թողնել, որ նրանք ապրեն իրենց կյանքով, որովհետեւ նրանք չեն ոտնահարում մեր ազատություններն ու իրավունքները, այլ օգտվում են իրենց ազատություններից եւ իրավունքներից: Իսկ սա այն դեպքն է, որ չի մտնում հասարակության եւ անձանց պարզելիք հարաբերությունների ոլորտ, այլ պատկանում է Աստծո եւ անհատի հարաբերությունների ոլորտին: Ուրեմն, արվամոլը պատասխանատու չէ հասարակության առաջ, նա պատասխանատու է Աստծո առաջ, իսկ մարդիկ լիազորված չեն իրականացնել Աստծո դատաստանը:
Ճիշտ եք, բռնվեցի. ես էի, չէ՞, ասում, որ հեղափոխականը պիտի նմանվի Աստվածային դատաստանի, իսկ հեղափոխությունը մարդիկ են անում: Բայց մի շտապեք, չեմ բռնվել:

Այո, Աստված ասել է` մի շնացիր: Ասել է նաեւ` մի գողացիր: Ասել է նաեւ` մի սպանիր: Ինչո՞ւ, ուրեմն, մենք դատում ենք գողին, մարդասպանին եւ ինչո՞ւ չպիտի դատենք շնացողին: Փորձեմ բացատրել. եթե շնացողը շնացման ընթացքում բռնություն է գործել, մենք դատում ենք նրան, եւ դա կոչվում է բռնաբարություն: Բայց եթե մարդիկ իրար նկատմամբ կիրք ունեն, եւ այդ կիրքը իրացնում են իրենց ազատության շրջանակներում, մենք չէ, որ պետք է դատենք նրանց. դա այդ մարդու եւ Աստծո հարաբերության խնդիրն է: Այնպես, ինչպես որեւէ մեկին չենք դատում մերձավորին չսիրելու համար: Իսկ մարդասպանին դատում ենք, որովհետեւ նա բռնացել է ուրիշի ազատության վրա: Ավելի ճիշտ, ոչ թե դատում ենք, այլ նրան մեկուսացնում ենք հասարակությունից. ի վերջո, դարձյալ Աստված է նրա դատավորը: Մեկուսացնում ենք նաեւ գողին, նույնը եւ կաշառակերին, իսկ ահա նախանձի համար որեւէ մեկին չենք դատում, չնայած դա էլ պակաս մեղք չէ, քան գողությունը:

Էսպիսի բաներ. ո՞վ կմտածեր, թե ստրիպտիզ hգնալը նման հետեւանքներ է ունենում:

58. Ինստալյացիա

Բայց, այնուամենայնիվ, հոգեւորն ու մարմնականը այնքան էլ անհաշտ ու հակոտնյա չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: Հոգեւորի ու մարմնականի հաշտեցումը թերեւս մարդկային կեցության ամենամեծ հրաշքներից է, եւ այդ հրաշքը կոչվում է Սեր:

Եվ հետաքրքիր է, չէ՞. Աստված մարդկությանը տվել է մի փոքրիկ տարածք, որտեղ կարող են ծավալվել աննկարագրելի կրքեր, որտեղ մարդիկ կարող են տրվել ամենաանբռնազբոս մոռացման եւ միեւնույն ժամանակ չմեղանչել: Ավելին, այդ փոքրիկ տարածքը, որտեղ կարող են ծավալվել էրոտիկ իրադարձություններ, սուրբ է համարվում, եւ այդ տարածքը կոչվում է ամուսնական մահիճ: Եվ այստեղ է, որ մարդը կարող է ազատագրվել իրեն գերած կրքերից:

Անկեղծ ասած, ես միշտ զարմացել եմ գեյերի ու լեսբուհիների` ամուսնանալու ձգտման վրա: Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են նրանք այդքան ձգտում, որ օրենքով իրենց ամուսնանալու հնարավորություն տրվի: Ապա եւ փորձում են այս իրավունքի ճանաչմանը հասնել եկեղեցու կողմից: Տոկիոյում, միայն Տոկիոյում ես հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն, այդ արածը մեղք չհամարվի: Երբ ես Հայաստանում էի, միասեռական ամուսնությունները ինձ լկտիության ցույց էին թվում, Հայաստանից հեռու հասկանում եմ, որ այդ մարդիկ գիտակցված թե ենթագիտակցորեն ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի: Բայց սա էլ մարդկության որոշելիքը չէ, սա էլ Աստծուն ընդդատյա գործերի շարքին է պատկանում:

***

Տեսնես ինչպե՞ս են Պաուլան, Քվենտինն ու Իզաբելը, ի՞նչ եղան Շառլն ու Սեսիլը, եւ արդյո՞ք դեռ կենդանի է սեռական ակտի փոխարժեքի տեսությունը: Հետաքրքիրն այն է, որ երբ ասում եմ Սեսիլ, հիշում եմ նրա երկնագույն ազդրերը: Ես սկզբից իրոք շատ հետաքրքրված էի Սեսիլով, բայց Կուբայում շատ շոգ էր զուգագուլպա հագնելու համար, ու երբ նրա հագին այլեւս երկնագույն զուգագուլպաներ չկային, իմ հետաքրքրությունը երեւի թե մարեց: Իսկ օդանավի մեջ, ես թաքցրել եմ քեզնից, սիրելի ընթերցող, օդանավի մեջ ես ժամերով նայում էի քնած Սեսիլի երկնագույն ազդրերին, արգելում էի ինձ դա անել, բայց, միեւնույն է, շարունակում է արհամարհել իմ իսկ կողմից սահմանված արգելքը: Ես նայում էի այդ երկնագույն ազդրերին ու ափսոսում, որ նկարիչ չեմ: Նա երեւի կհամաձայներ բնորդ դառնալ, եւ նրան կխնդրեի հանել կիսաշրջազգեստը եւ կանգնել սեղանին: Ու կնկարեի նրա երկնագույն ազդրերը` ծնկից վերեւ: Աճուկի մասից շատ բան չէի վերցնի, թերեւս միայն մի ակնարկ. բայց Սեսիլին պետք է խնդրեի զուգագուլպայի տակից ոչինչ չհագնել: Ահա, ուրեմն, ես նոսր կարմիր ֆոն կտայի կտավին, մոտավորապես` լավ հասած ձմերուկի հյութի գույնի: Ապա եւ կնկարեի Սեսիլի ազդրերը, որոնք երկնագույն կլինեին, ամառային Երեւանի երկնքի նման: Ապա մի փոքրիկ ակնարկ աճուկի մասից` ցուցանելու համար, որ սրանք նույն մարդու ազդրերն են եւ ոչ թե տարբեր. բայց այս մոտիվը ես կվերցնեի Պաուլայից` «կռահիր, թե ինչ կա այստեղ» տարբերակով: Ահա այսպես ես կնկարեի Սեսիլի ազդրերը: Ամենակարեւորը` ես այս կտավի համար կպատվիրեի ռոկոկո ոճի շրջանակ, որը կլիներ ոսկեգույն, եւ որի վրա կլինեին ռոկոկո ոճի զարդաքանդակներ: Բայց քանի որ նկարիչ չեմ, լավ չեմ պատկերացնում ստվերի ու լույսի ազդեցությունը կտավի վրա, ու դա ինձ անվստահություն է ներշնչում: Բայց սա փակուղի չէ, թերեւս նման դեպքերի համար է ստեղծվել ավանգարդ կամ մոդեռն արվեստը: Ես ոչ թե կնկարեմ Սեսիլի ազդրերը, այլ կցուցադրեմ դրանք ավանգարդ արվեստի մի որեւէ ցուցահանդեսում: Եվ ահա թե ինչպես դա տեղի կունենա. մենք կպատրաստենք մի գիպսակարտոնե խցիկ` փակ, անթափանց պատերով: Պատերից մեկի վրա մարդու հայացքի բարձրությամբ մի ուղղանկյուն անցք կբացենք` կտավի ձեւաչափով: Այդ ուղղանկյուն անցքի ետեւում որպես ֆոն կկախենք հասած ձմերուկի հյութի գույնի կտոր կամ էլ ուղղակի այդ գույնով կներկենք խցիկի պատերը: Այդ ֆոնը նաեւ կլուսավորենք: Ապա Սեսիլին կխնդրենք հանել կիսաշրջազգեստը, դե, հասկանալի է, երկնագույն զուգագուլպաների տակից նա ոչինչ հագած չի լինի: Հետո նրան կխնդրենք մտնել այդ խցիկի մեջ ու կանգնել պատվանդանին: Պատվանդանը տեղադրված կլինի այնպես, որ խցիկի միակ բաց տեղից` մեր բացած պատուհանից, երեւան Սեսիլի ազդրերը` ծնկներից վերեւ, ու մի փոքրիկ ակնարկ աճուկից: Ամենակարեւորը` այդ պատուհանը մենք կեզերենք ռոկոկո ոճի նույն շրջանակով: Համոզված եմ, այս ցուցանմուշի, թե՞ կարծեմ սրան «ինստալյացիա» են ասում, Սեսիլի առաջ, կարճ ասած, հսկայական բազմություն կհավաքվի: Սեսիլը, իհարկե, չի կարող անշարժ մնալ, եւ ազդրերի դիրքերը որոշակիորեն կփոխվեն, ինչպես փոխվում էին, երբ նա քնած էր օդանավի մեջ: Բայց շատ ավելի լավ, դա ավելի հետաքրքիր կդարձնի մեր ինստալյացիան: Ախ, երանի ինձ հրավիրեն որեւէ այսպիսի ինստալյացիայի, եւ ես կցուցադրեմ Սեսիլի երկնագույն ազդրերը, ինչո՞ւ չէ, նաեւ Պաուլայի դոնդողանման հետույքը եւ Իզաբելի կրծքերը: Բայց այս երկուսն արդեն սեւ, բացարձակապես սեւ ֆոնի վրա:

Հա, չմոռանամ Սեսիլի ինստալյացիայի վերնագրի մասին: Վերնագիրը շատ կարեւոր է, չափազանց կարեւոր, մանավանդ կերպարվեստի մեջ: Մարտիրոս Սարյանը, օրինակ, մեծ նկարիչ է, շատ մեծ: Բայց ունի մի կարեւոր թերություն. նրա կտավները վերնագրված են միօրինակ, համարյա ոչինչ չասող կամ չհիշվող վերնագրերով:

Փառահեղ կտավներ են, բայց մեկի հետ սրճարանում նստած նրա փայլուն կտավը քննարկելիս շատ հաճախ չես կարող ասել, թե որ մեկը նկատի ունես` վերնագիրը կա՛մ չի տպավորվել, կա՛մ էլ համանման վերնագրերով մի քանի կտավներ կան: Ահա, ուրեմն, ցուցանմուշի վերնագիրը շատ կարեւոր է, եւ մեր ինստալյացիան մենք կվերնագրենք «Երկնագույն ազդրեր» կամ «Սեսիլի երկնագույն ազդրերը»: Վերջին տարբերակը ավելի լավն է եւ համոզիչ: Մնում է միայն համոզել Սեսիլին եւ որեւէ ցուցասրահի հետաքրքրությունը շարժել:
***

Չադրայով աղջկա համարը նույնպես «ինստալյացիոն» մտքեր հարուցեց. ես մտածեցի, որ աշխարհում ուրիշ ոչ մի ուրիշ զգեստ այսպես արագ հագնվելու հնարավորություն չի տալիս: Եվ հետո` փակ է նաեւ դեմքը, ուստի այս հեշտասեր աղջկա հայացքը նույնպես ոչինչ չի դավաճանի: Այնպես որ, չադրան կարելի է համարել նաեւ չարտոնված սեքսի համազգեստ: Համենայնդեպս, ուրիշ ոչ մի զգեստ այդպես հարմար չէ այդպիսի գործունեության համար. թերեւս սա էր նկատի ունեցել ներկայացման հեղինակը:

59. Նախագիծ «Կաեն-2»

Երբ մարդը առօրյա պատկերացումներից ու մտահայեցումից դուրս ինչ-որ տեսարանի ականատես է դառնում, անպայման ուզում է կիսել տպավորությունները, ուզում է հասկանալ, թե արդյո՞ք ուրիշները տեսան այն, ինչ իր աչքին երեւաց, արդյո՞ք ուրիշները զգում են այն, ինչ ինքն է զգում:
Այդպես էլ ես «Սեքսը փոքրիկ մոլորակում» ներկայացումը նայելիս մեկ աջ, մեկ ձախ կողքիս նստած մարդկանց էի նայում` հայացքով կամ խոսքով ինչ-որ տպավորություն կիսելու համար: Այդ երկուսից բացի ուրիշ դեմքեր ինձ համար հասանելի չէին, որովհետեւ դահլիճը կիսամութ էր, դիմացի նստածների գլուխներն էի տեսնում, դե, ետ շրջվելն էլ, հասկանալի է, գեղեցիկ չէր լինի: Ինձնից ձախ նստածը` սուր դեմքով մի մարդ, հավանաբար չինացի, ներկայացմանը հետեւում էր վիզը երկարացրած` ուրախ սարսափ արտահայտող դեմքով: Այս մարդը ակնհայտորեն առաջին անգամ էր նման միջավայրում հայտնվել: Համենայնդեպս, դա էր վկայում նրա ձգված վիզը: Նա այդպիսի դիրքը հարթակի վրա տեղի ունեցողը լավ տեսնելու համար չէր ընդունել: Սրահը կառուցված էր ամֆիթատրոնի սկզբունքով, հարթակը ներքեւում էր, իսկ հանդիսատեսը նրա շուրջ աստիճանաձեւ շարքերում էր նստած. այնպես որ, տեսանելիության խնդիր հաստատ չկար: Եվ այս մարդը, որը թերեւս ոչ միայն չինացի էր, այլեւ լեռնցի, վիզը ձգել էր սարսափի զգացումից. նրան ակնհայտորեն թվում էր, թե այն, ինչ կատարվում է բեմի վրա, կատարվում է իր, իր կնոջ, իր որդու կամ դստեր հետ. այստեղից էլ սարսափը: Հետո թերեւս հասկանում էր, որ իր զգացած սարսափը այնքան էլ հիմնավոր չէր, եւ ուրախանում էր դրանից: Հետո էլ մտածում էր` իսկ եթե՞. ու նորից սարսափում: Ու թերեւս այս պրոցեսը այնքան արագ էր խմորվում նրա մեջ, որ սարսափն ու ուրախությունը միաժամանակ դրոշմվել էին դեմքին ու այդպես էլ մնացել: Հասկանալի էր, որ այս մարդը շոկի մեջ է, ու նրա հետ տպավորություն կիսելու հնար չկա. նրան ավելի լավ է չանհանգստացնել:

Ինձնից աջ նստած մարդը, որ ճապոնացի էր, ընդհակառակը, կատարյալ անտարբերություն էր ցուցաբերում ներկայացման նկատմամբ. նա մերթընդմերթ, երբ դահլիճում ինչ-որ գվվոց էր բարձրանում, մի հայացք էր ձգում դեպի հարթակ, ապա ծոծրակը աջ ափի մեջ դրած` ուշադիր նայում սակեի իր բաժակին, որ դանդաղ պտտում էր ձախ ձեռքով: Ի վերջո այս մարդու անտարբերությունը սկսեց ինձ նույնքան հետաքրքրել, որքան բուն ներկայացումը. ինչո՞ւ է նա եկել այստեղ, եթե հարթակի վրա տեղի ունեցողը նրան չի հետաքրքրում: Ես էլ էի սակե խմում. բաժակիս մեջ մի փոքր կար, եւ այն բարձրացրի աջ կողմի այդ պարոնին ի տես, իբր մի բաժակ խմենք իրար հետ: Նա նկատեց իմ այս ժեստը եւ ափսոսանքով ցույց տվեց իր բաժակը, որի մեջ սակե չէր մնացել.

- Դեմ չե՞ք, եթե ես հյուրասիրեմ, - հարցրի ես:

- Միայն եթե ինձնից այլ ակնկալիքներ չունեք, - ժպտալով ասաց նա` գլխով ցույց տալով հարթակը, որտեղ գեյ-պարադի պես մի բան էր:

Ես նույնպես ժպտացի` իբր գնահատում եմ նրա հումորը. արդեն սովորել էի` ինչպես օգտվել պատվերների մոնիտորից, որ կցված էր յուրաքանչյուր սեղանի. կից փայտիկի օգնությամբ մտնում ես բջջային հեռախոսից մի փոքր մեծ մոնիտորի «Խմիչքներ» թղթապանակ, գտնում ես սակեն, դրա դիմաց գրում «երկու» ու OK տալիս. մոնիտորն ասում է, որ պատվերն ընդունված է, ապա երկու րոպե չանցած` կիմոնոյով մատուցողուհին մատուցում է:

Մենք բարձրացրինք մեր բաժակները եւ խմեցինք մի-մի կում.

- Որքան հասկացա, ներկայացումը ձեզ չհետաքրքրեց, - ասացի ես մի փոքր գոռալով, որովհետեւ երաժշտությունը հնարավորություն չէր թողնում սովորական տոնով զրույցի համար:

- Ինձ թվում էր, թե այսպիսի տեղերում կարելի է ազատվել ծանր մտքերից, բայց ամեն բան ինչ-որ շատ է լրջացել, - ափսոսանքով ասաց բաժակակիցս ու ավելացրեց, - եթե պիտի իրար հետ խմենք, լավ կլինի ավելի հարմար տեղ գտնենք:

Ես, ճիշտն ասած, մի պահ զգուշացա, բայց, մեծ հաշվով, սա ինձ համար ավելի քան հարմար առաջարկ էր, որովհետեւ այս աննորմալ մեծ քաղաքում մի տեղացի ծանոթ ունենալու շանս էի ստանում: Մենք վճարեցինք մեր հաշիվները ու դուրս եկանք փողոց. չնայած գիշերվա ժամը երկուսն անց էր, փողոցներում հորդում էր ավտոմեքենաների, իսկ մայթերում` մարդկանց հեղեղը. ճիշտ է, ահագին նոսրացած ու բավականին դանդաղեցված ընթացքով: Մի քանի րոպե քայլելով` հասանք մեծ ապակիներով մի բար-սրճարանի, որ գտնվում էր իմ հյուրանոցի մյուս կողմում: Ներս մտանք, նստեցինք փողոցին նայող մեծ պատուհանի մոտ ու էլի սակե պատվիրեցինք տեղական սունկի ինչ-որ աղցանի հետ:

Իմ նոր ծանոթի անունը Կիկուձի էր, ես նրան Կիկուձի սան էի ասում, ճապոնական սովորույթի համաձայն: Երբ առաջին բաժակ սակեն մինչեւ վերջ կոնծեցի, Կիկուձի սանը ասաց, որ ինքը քիչ-քիչ է խմելու, որովհետեւ ամբողջ գիշեր պիտի խմի:

- Ինչո՞ւ, - հետաքրքրվեցի ես:

- Որովհետեւ չեմ ուզում տուն գնալ:

- Ինչո՞ւ, - էլի հետաքրքրվեցի ես:

- Որովհետեւ չեմ կարողանում կնոջս աչքերի մեջ նայել:

- Դուք, ինչ է, դավաճանե՞լ եք նրան, - էլի հետաքրքրվեցի ես:

- Ավելի վատ. ես իրականացրել եմ նրա վատագույն կանխատեսումը, - ասաց նա:

- Եվ ո՞րն է դա, - կրկին հետաքրքրվեցի ես:

- Նա միշտ ասում էր, որ ես կկործանեմ աշխարհը, - ասաց Կիկուձի սանը:

«Պա-հո~, - մտածեցի ես, - էս գժի ես ռաստ էկել, իմ ախպեր»: Այսուհանդերձ, Կիկուձի սանը պարկեշտ մարդու տպավորություն էր թողնում, եւ նրա դեմքը մի տեսակ վստահություն էր ներշնչում: Երբ նա խոստովանեց, որ «կործանել է աշխարհը», ես նախ մտածեցի հնարավորինս արագ նրան հրաժեշտ տալու մասին, բայց հետո մտածեցի, որ եթե ես էլ իմ պատմությունը իրեն պատմեմ, ինքն էլ ինձ գժի տեղ կդնի: Այնպես որ, եկա այն եզրակացության, որ զրուցակիցները համապատասխանում են միմյանց մակարդակի: Բայց Կիկուձի սանի պատմությունը շատ ավելի հետաքրքիր էր, քան կարելի էր կանխատեսել. չնայած` հետաքրքիր բառը տվյալ դեպքում թեթեւ ձեւակերպում է:

Կիկուձի սանը տեխնիկական գիտությունների դոկտոր էր, գիտական մի խմբի ղեկավար եւ ուներ սեփական լաբորատորիա: Ահա այս լաբորատորիայում մի շաբաթ առաջ տեղի էր ունեցել մի ողբերգություն, որը եթե աշխարհի կործանման վկայություն չէր, գոնե ստիպում էր մտածել այս մասին:

Կիկուձի սանի գիտական խումբը զբաղվում էր ռոբոտներով, որը զարգացող ոլորտ է ոչ միայն Ճապոնիայում, այլեւ ողջ զարգացած աշխարհում: Հիմա որեւէ մեկին որեւէ ռոբոտով չես զարմացնի` կան անգամ այնպիսի ռոբոտներ, որոնք դիրիժորություն են անում սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Կարճ ասած, ռոբոտը զարգացած աշխարհում զարմանալի երեւույթ չէ: Կիկուձի սանի լաբորատորիան մոտ մեկ տարի առաջ ստեղծել էր մի ռոբոտ, որի հիմնական գործառույթը միայնակ թոշակառուներին, ծերերին օգնելն է կենցաղի մեջ, զանազան հարցերում: Ասենք, այս ռոբոտը կարող է թեյ կամ սուրճ պատրաստել, միկրոալիքային վառարանի մեջ տաքացնել եւ մատուցել արդեն իսկ պատրաստի ուտեստը եւ այսպիսի այլ հրահանգներ կատարել: Կիկուձի սանի ստեղծած ռոբոտը, որի պատկերը ես տեսա նրա բջջային հեռախոսի մեջ, էական նորություններ չի պարունակել, բացի թերեւս մեկից. նրա գործունեության ոլորտի առանձնահատկություններից ելնելով` հեղինակները ստիպված են եղել բավականին զարգացնել նրա ձեռքերը, այնպես, որ ռոբոտը կարողանա սարքի դնել եւ անջատել կենցաղային տեխնիկա, էլեկտրոնային փականներ. այսինքն` կարողանա գործել կենցաղային իրավիճակներում` առաջնորդվելով տիրոջ բանավոր հրահանգներին համապատասխան: Այդ ռոբոտը 6 ամիս հաջող փորձաշրջան էր անցել, եւ ահա` Կիկուձի սանի լաբորատորիան եւս տասը այդպիսի ռոբոտ պատրաստելու պատվեր է ստացել: Սկսվել են համապատասխան աշխատանքները.

- Քանի որ պատվերի քանակը հայտնի էր մեզ, մենք որոշեցինք նախ տասը ռոբոտի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումները կուտակել եւ ավտոնոմ մասերը պատրաստել, ապա անցնել ռոբոտի ամբողջական հավաքման գործին, որը արդեն շատ արագ պետք է տեղի ունենար: Եվ ահա, ուրբաթ օրը մենք ավարտեցինք երրորդ ռոբոտի` Նորածնի պատրաստումը, ստուգեցինք նրա աշխատանքը, նրան ծանոթացրինք Առաջնեկի եւ Միջնեկի հետ, որոնք նույնպես գտնվում էին արհեստանոցում: Ամեն ինչ կարգին էր, մենք նշեցինք ու բաժանվեցինք` երկուշաբթի օրը աշխատանքի ներկայանալու եւ այն շարունակելու համար, - բացատրում էր Կիկուձի սանը եւ պատմում, որ հենց այդ չարաբաստիկ ոչ աշխատանքային օրերին էլ տեղի է ունեցել ողբերգությունը:

- Ուրբաթ օրը կնոջս ու երեխայիս հետ մեկնեցինք Ֆուձիյամա. ճանապարհին պարզվեց, որ մեր սիրած սկավառակը մեքենայի մեջ չէ. ես այն ինձ հետ տարել էի իմ աշխատասենյակ: Կիրակի երեկոյան, երբ վերադարձանք Տոկիո, անցնում էինք լաբորատորիայի մոտով, եւ կինս ինձ խնդրեց բարձրանալ եւ բերել սկավառակը, քանի որ երկու օր է` ուզում է այն լսել ու չի կարողանում: Ես բարձրացա, վերցրի սկավառակը, ապա եւ որոշեցի մտնել արհեստանոց` տեսնելու, թե ոնց են զգում իրենց մեր «նորածինները». ինձ անակնկալ էր սպասում, որովհետեւ այնտեղ ոչ թե երեք ռոբոտ կար` Առաջնեկը, Միջնեկն ու Նորածինը, այլ չորս: Ես կանչեցի անվտանգության ծառայության հերթապահին եւ հետաքրքրվեցի, թե վերջին օրերին լաբորատորիայի աշխատակիցներից ով է այցելել. նա ասաց, որ ըստ գրառումների` ոչ ոք: Ես նրան հանձնարարեցի հենց հիմա ստուգել, իսկ կնոջս խնդրեցի առանց ինձ տուն գնալ, - հուզված պատմում էր Կիկուձի սանը:

Ըստ նրա, արագ անցկացրած հետաքննությունը պարզել էր, որ, իրոք, անցած օրերին ոչ ոք չի այցելել լաբորատորիա: Այդ դեպքում հարց է ծագում. ո՞վ է պատրաստել չորրորդ ռոբոտը: Հարցի պատասխանը ստանալու համար Կիկուձի սանը սկսել է դիտել արհեստանոցի տեսախցիկի տեսագրությունը. տեսախցիկները հստակ արձանագրել են, որ երեք ռոբոտները ինքնակամ միանում են եւ, ձեռքի տակ ունենալով բոլոր անհրաժեշտ պահեստամասերը, ձեռնամուխ լինում չորրորդի հավաքմանը:

- Սա աղետ է, եւ կանխատեսումը այն մասին, թե ռոբոտները կարող են դուրս գալ մարդու վերահսկողությունից, իրականացել է. բայց տեղի ունեցածը ավելի սարսափելի է. պարզվում է` նրանք կարող են վերարտադրության ձգտում ունենալ: Դուք քրիստոնյա եք, ճի՞շտ է. ուրեմն ձեզ ավելի պարզ կլինի, եթե ասեմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, համարժեք է Ադամի եւ Եվայի առաջնեկի` Կաենի ծննդին: Բայց եթե այն Կաենի ծնունդը նշանավորում էր մարդկության վերարտադրության մեկնարկը, այս մի Կաենի ծնունդը ուղիղ հակառակի նախանշան է, - ասաց Կիկուձին ու մինչեւ վերջ դատարկեց իր սակեի բաժակը:

60. «Ո՛չ» ռոբոտացմանը

Իր պատմությունը պատմելիս Կիկուձի սանը ահավոր հուզված էր: Խոսելիս նրա ձեռքերը երբեմն դողում էին, աչքերը կարմրել էին, եւ թվում էր, թե ուր որ է դուրս կթռչեն կոպերից: Ես աշխատում էի դեմքիս հուզված արտահայտություն տալ, եւ դա ինձնից որոշակի ջանք էր պահանջում. եթե այդ պահին լրիվ անկեղծ լինեի, Կիկուձի սանին պիտի ասեի` իմ սեւ սիրտ, քո ծաղկավոր տրուսիկ:

Ես, իհարկե, գիտակցում էի, որ Կիկուձի սանի պատմածը շատ կարեւոր եւ դարակազմիկ իրադարձություն է: Բայց այդ իրադարձությունը ինձ չէր հուզում: Սկզբից չէի ուզում ինքս ինձ խոստովանել, որ այդպես է, ու սկսեցի ճշգրտող հարցեր տալ. ինձ թվում էր, թե հուզմունքի բացակայությունը հետեւանք է այն բանի, որ նրա պատմածներին չեմ հավատում:

Հարցրի, թե ինչու անվտանգության ծառայության աշխատակիցը չի նկատել արհեստանոցում սկսված շարժը, որին ի պատասխան Կիկուձի սանը ասաց, որ online հսկողություն իրականացվում է միայն լաբորատորիայի միջանցքներում եւ դրսի կողմից` պատուհանների ու մուտքերի մոտ. իսկ մնացած սենյակները ուղղակի տեսագրվում են, եւ այդ տեսագրությունները դիտման են տարվում միայն արտակարգ պատահարի դեպքում: Հետո հարցրի, թե ինչու է Կիկուձի սանը այդքան հուզված, չէ՞ որ ռոբոտները նաեւ ավտոմեքենաներ են հավաքում եւ արդյունաբերական այլ արտադրանք թողարկում, ինչին ի պատասխան նա ասաց, թե դա արվում է մարդու հանձնարարությամբ եւ նրա ղեկավարման ներքո, իսկ այս դեպքում իրենք ռոբոտներին նման հանձնարարություն չեն տվել եւ առավել եւս չեն ծրագրավորել նման գործունեության համար.

- Ըստ ամենայնի, մենք գործ ունենք ծրագրային մուտացիայի հետ, - բացատրում էր Կիկուձի սանը եւ ասում, որ հիմա իրենք հանել են բոլոր ռոբոտների պրոցեսորները եւ դրանք ծրագրային մանրակրկիտ վերլուծության են ենթարկում` պարզելու համար, թե արդյո՞ք նրանց մեջ նոր ծրագիր է հայտնվել, թե՞ արդեն եղած ծրագրերի համադրման հարակից էֆեկտներն են բերել նման հետեւանքի:

Իսկ ինչո՞ւ է պրոբլեմը առաջացել միայն երրորդ ռոբոտի ի հայտ գալուց հետո, հետաքրքրվում էի ես: Կիկուձի սանը այս հարցի պատասխանը չուներ, չնայած ենթադրում էր, որ եթե մարդու տեսակի վերարտադրության համար երկու հոգի է հարկավոր, ռոբոտների վերարտադրության համար գուցե երեք նմուշի առկայությունը պարտադիր է: Ես շարունակում էի այսպիսի հարցեր տալ, ինչից Կիկուձի սանը մտածեց, որ չեմ հավատում իր ասածին. ի վերջո նա իր բջջային հեռախոսի մեջ ինձ ցույց տվեց չարաբաստիկ տեսագրության մի կտոր: Իսկապես, երեք ռոբոտներ, որոնց մարմինը մետրուկեսանոց խողովակ էր հիշեցնում, զբաղված էին ինչ-որ գործով: Իհարկե, ես կարող էի մտածել, որ այս ամենը սարքված է, բայց հավատացի դրա իրական լինելուն, եւ սրա պատճառը ոչ թե տեսագրությունն էր, որտեղ երեք ռոբոտ չորրորդին էին կյանք տալիս, այլ Կիկուձի սանի անկեղծ հուզմունքը: Նա իսկապես շփոթահար էր եւ գրգռված:

Այսուհանդերձ, պատմությունը ինձ չհուզեց. ես թերեւս հանգամանքների բերումով տեղյակ էի դառնում մի իրադարձության, որը շուտով կհեղեղի աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերն ու լրատվական թողարկումների առաջին րոպեները: Գուցե նաեւ գաղտնի պահվի երկար ժամանակ, բայց, միեւնույն է, ես հուզված չէի:

Դե հա, ռոբոտները դուրս են եկել իրենց ստեղծողների վերահսկողությունից. դրա մասին հազար ֆիլմ է նկարահանվել, հազար գիրք գրվել. տեղի է ունեցել այն, ինչ պիտի տեղի ունենար: Կիկուձի սանը ինձ բացատրում էր, որ պրոբլեմը ոչ թե ռոբոտների դուրս գալն է իրենց ստեղծողների վերահսկողությունից, այլ այն, որ նրանք վերարտադրության հաջող փորձ են իրականացրել, այսինքն` ինքնուրույն բազմանալու առաջին հայտն են ներկայացրել, եւ որ նրանք կարող են իրար հետ ընդհանուր նպատակ ունենալ.

- Ինչպե՞ս չեք հասկանում, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է, - ասում էր Կիկուձի սանը:

Ես դա հասկանում էի, բայց այդ պատմությունը ինձ էլի չէր հուզում: Վըրեն, թե չեն բազմանում էդ անասուն ռոբոտները: Դա ինձ չի կարող հուզել, որովհետեւ դա մի ուրիշ աշխարհի պրոբլեմ է, մի այնպիսի աշխարհի, որի հետ ես ոչ մի կապ չունեմ: Իսկ ինչ է, Կիկուձի սանը կհուզվի՞, եթե ես պատմեմ, որ իմ ընկերները բանտում են իրենց քաղաքական գործունեության համար: Ես չփորձեցի էլ նրան այս մասին պատմել, որովհետեւ համոզված էի, որ ինքն էլ իմ նման կմտածի. «Վա~յ, տնաշեն, էստեղ տիեզերքի ապագան է որոշվում, դու մի քանի մարդու բանտարկության մասին ես մտածում»: Եվ սա կլինի տրամաբանական արձագանք: Կիկուձի սանը հուզված պատմում էր, բացատրում իր լաբորատորիայում տեղի ունեցածի նշանակությունը: Ես նկատեցի, որ նա, միեւնույն է, չի կարող մինչեւ լուսաբաց խմել, ու թողեցի խոսի ինչքան ուզում է: Ինձ ահավոր հուզել էր այն միտքը, որ ես ու ինքը բոլորովին ուրիշ աշխարհների մարդիկ ենք, բոլորովին ուրիշ պրոբլեմներով: Մենք կարողանում ենք ընդհանուր լեզվով խոսել, բայց ակնհայտորեն չենք կարողանում հասկանալ իրար, հայաստանցի Վարդանն ու կորեացի Չոն չունեն լեզվական ոչ մի ընդհանրություն, բայց իրար հասկանում են հարազատ եղբոր նման:

Իմ ու Կիկուձի սանի օտար լինելու միտքը մի տեսակ ցավալի էր, եւ ես փորձում էի մեր միջեւ ինչ-որ ընդհանրություն գտնել: Որոշ փնտրտուքից հետո գտա. «Դու չէի՞ր ասում` «Ո՛չ» ռոբոտացմանը», - ժպտալով ինքս ինձ` ասացի ես: Ժպիտս ոգեւորեց Կիկուձի սանին, ու նա սկսեց նոր ուժով պատմել ու խմել: Ես էլ էի խմում, նայում էի Կիկուձի սանին ու մնում սեփական մտքերիս հետ: Հիշեցի, թե ինչպես ծնվեց այդ կարգախոսը` «Ո՛չ» ռոբոտացմանը:

Կարծես 2004 թվականին էին, չէ՞, «Նաիրի» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած դեպքերը, երբ սափրագլուխները ձվեր էին նետել այն ժամանակ դեռ ընդդիմադիր համարվող Դհոլի եւ մի քանի այլ ընդդիմադիր գործիչների վրա: Լրագրողները փորձել էին լուսանկարել սրանց: Սափրագլուխները հարձակվել էին լրագրողների վրա, ջարդուփշուր արել նրանց ֆոտո- եւ տեսախցիկները: Այդ գործով մեր թերթն էլ էր տուժող: Իրականացվեց խեղկատակային նախաքննություն եւ խեղկատակային դատաքննություն: Բայց տվյալ դեպքում էականը սա չէ. դատական առաջին նիստի օրը մեր լրագրողը դատարանից զանգեց ինձ եւ ասաց, թե խայտառակ վիճակ է, եւ ինձ հորդորեց գնալ այնտեղ: Դատարանի միջանցքը լիքն էր սափրագլուխներով: Դատական նիստերի դահլիճի դուռը հսկում էին երկու սափրագլուխներ. նրանց փորձում էին ինձ ներս չթողնել: Չեմ էլ հիշում ինչպես ներս մտա: Դահլիճում, բացի մի անկյունում խեղճ-խեղճ կուչ եկած լրագրողներից, բոլոր շարքերում նստած էին սափրագլուխներ, որոնք տնօրինում էին ամեն ինչ:

Դատավոր Ռուբիկ Ներսիսյանը տակը արած վիճակում էր: Ես ներս մտա, ու չգիտեմ էլ ինչպես ստացվեց` սկսեցի գոռգոռալ Ռուբիկ Ներսիսյանի վրա. «Էս իրանք են, հա՞, ստեղ տեր ու տնօրենը», - գոռգոռալով ասում էի ես: Դատավորը ծպտուն չհանեց: Հետո շրջվեցի դեպի դահլիճ ու նայեցի դահլիճում նստածներին: Գուցե հիմա Կիկուձի սանի պատմածի ու սակեի ազդեցության տակ եմ, բայց դահլիճում նստածները բոլորը ունեին նույն դեմքը, նույն չափերը, աչքերի նույն արտահայտությունը եւ հագել էին միեւնույն շորերը:

Կիկուձի սանը պատմում էր, խոսում էր. իսկ ես չհավատացի իմ հիշողությանը: Վեր կացա գնացի սառը ջուր շփեցի երեսիս: Չէ, ես ամեն ինչ ճիշտ եմ հիշում, հենց այդպես էլ կար. նույն դեմքերը, նույն հագուստը, նույն չափերը: Բայց հետո ավելի ահավոր բան հիշեցի. հանկարծ նկատեցի, որ այդ շարքերում նստածներից մեկը կին է: Ես հենց դատարանի դահլիճի կենտրոնում կհեկեկայի, եթե ամոթ չլիներ: Կին էր նա, բայց դեմքի նույն արտահայտությամբ, նույն չափերով, նույն հագուստը հագած: Էդ օրը իմ ուղեղի ծալքերից մեկում ծնվեց ««Ո՛չ» ռոբոտացմանը» ձեւակերպումը: Ափսոս, ես բջջային հեռախոսիս մեջ չունեմ այդ տեսարանը, թե չէ Կիկուձի սանին ցույց կտայի, որ այն, ինչ ինքը անվանում է տիեզերական իրադարձություն, ծանոթ է նաեւ ինձ:

Երբ «լվացվելու տեղից» վերադարձա սեղանի մոտ, Կիկուձի սանը ինձ դիմեց անսպասելի խնդրանքով.

- Խնդրում եմ, եկ իրար հետ մեր տուն գնանք. այդ հյուրասիրությունը իմ կնոջը կմխիթարի, նա կհավատա, որ ես շարունակում եմ մարդ լինել, - բացատրեց նա:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.