> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՕԼԻԳԱՏՈՐՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ՕԼԻԳԱՏՈՐՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

«Գոյություն ունի ստի երեք տեսակ. սուտ, լկտի սուտ եւ վիճակագրություն»,- Մարկ Տվենի այս խոսքերն են թերեւս դրված Հայաստանի կառավարության վիճակագրական քաղաքականության հիմքում: Ընդ որում, տվյալ դեպքում ստում են ոչ թե թվերը, այլ կառավարությունը` նպատակ ունենալով թվերի կամայական կիրառմամբ բթացնել հանրային գիտակցությունը: Կառավարությունը ավետում է, որ 2010 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում 3.1 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Եթե անգամ ի գիտություն ընդունենք այս թվերը եւ հավատանք, որ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների պայմանական 100 հազար դրամի դիմաց Հայաստանի տնտեսության ծավալը այս տարվա հունվար-փետրվարին 103 հազար հարյուր դրամ է կազմել, դա մխիթարանքի նվազագույն տարր անգամ չի պարունակում, որովհետեւ նախորդ տարվա հունվար-փետրվարին 100 հազար դրամով ավելի շատ բան կարելի էր գնել, քան այս տարվա 103 հազար հարյուր դրամով: Նախորդ տարվա հունվար-փետրվարի 100 հազար դրամը 327 դոլար էր, իսկ այս տարվա հունվար-փետրվարի 103 հազար դրամը 286 դոլար: Կառավարությունը այս ամենը գիտի, բայց միեւնույն է, փորձում է քաղաքական աչոկներ հավաքել 3.1 տոկոս տնտեսական աճի մասին խոսակցություններով: Այս գործելակերպը, ահա, իշխանության եւ հանրության հարաբերությունների մակարդակն է ցույց տալիս: Իշխանությունը սովորական «մատնոց ֆռցնողի» է նմանվում, որ անընդհատ փորձում է հիմարացնել դիմացինին: Ժամանակը ցույց տվեց, որ Տիգրան Սարգսյանը չարաչար սխալվում էր` կարծելով, թե տնտեսական ճգնաժամից խուսափելու լավագույն ձեւը տնտեսական ճգնաժամի մասին չխոսելն է: Մինչդեռ տնտեսական բարդությունները, եւ ընդհանրապես ցանկացած պրոբլեմ հաղթահարելու լավագույն ձեւը դրա մասին խոսելն է: Խոսքն էլ, ահա, ենթադրում է անկեղծություն, եւ եթե որեւէ կառավարություն, որեւէ իշխանություն, ասենք, տնտեսական իրավիճակի մասին սեփական ժողովրդի հետ անկեղծ խոսելու ընդունակություն ունենա, դա ճգնաժամը հաղթահարելու ամենամեծ քայլը կլինի, որովհետեւ այդ անկեղծությունը հանրությանը կստիպի հավատալ կառավարությանը, համախմբվել նրա շուրջը: Բայց խնդիրն էլ հենց դա է` հայրենի իշխանությունը, կառավարությունը անկեղծ լինելու որեւէ ռեսուրս չունի, որովհետեւ անկեղծ լինելու դեպքում ստիպված կլինի խոստովանել, որ ի վիճակի չէ պայքարել տնտեսության առողջացման հիմնական խոչընդոտների` օլիգարխիայի, ապօրինության, հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, որովհետեւ ինքը ոչ թե ժողովրդի, այլ օլիգարխիայի, կոռուպցիոն համակարգի ձեւավորած իշխանություն է: Ինքը իր դեմ հո չի պայքարելու, ինքնասպանություն հո չի գործելու: Բնականաբար` ոչ, որովհետեւ ցանկացած օրգանիզմ առաջնորդվում է նախեւառաջ ինքնապահպանման բնազդով: Բայց այդ նույն ինքնապահպանման բնազդը իշխանությանը պետք է ստիպի մտածել ստեղծված տնտեսական վիճակից ելքեր փնտրելու մասին: Եւ ուրեմն, ինչպես է պատկերացնում գործող իշխանությունը տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, ինչ քայլեր է ձեռնարկել եւ ինչ է պատրաստվում ձեռնարկել: Այս հարցերի պատասխանը ինքս ինձ համար չեմ կարողանում գտնել, ու չեմ կարծում, թե այդ պատասխանը գիտի ՀՀ որեւէ քաղաքացի, կամ ՀՀ կառավարության, իշխանության, կոալիցիայի որեւէ ներկայացուցիչ: Փաստն այն է, որ գործող իշխանությունը տնտեսական ծանր վիճակը հաղթահարելու որեւէ ծրագիր չունի: Հայաստանի կառավարությունն էլ բացառիկ «սկզբունքայնություն» է ցուցաբերում. նա չի խոսել, չի խոսում եւ չի խոսելու տնտեսական ճգնաժամի մասին: Այս է պատճառը, որ տնտեսական ճգնաժամը ինքն է իր մասին խոսում ամեն օր արձանագրվող թանկացումների, դոլարի կուրսի թռիչքների, գործարար ակտիվության անկման ձեւով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի 24, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,