> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ

ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ

euronews logo«Euronews» հեռուստաընկերության եթերից Սերժ Սարգսյանի Ադրբեջանին արած առաջարկությունը` ուժի չկիրառման հայ-ադրբեջանական համաձայնագիր ստորագրելու մասին, պետք է դիտարկել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցում արտահայտված գաղափարների համատեքստում: Այդ աղմկահարույց հարցազրույցում Օսկանյանը ասում էր հետեւյալը. ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում անբարենպաստ զարգացումները կասեցնելու տարբերակներից մեկը իշխանափոխությունն է: Երկրորդ տարբերակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անբարենպաստ առաջարկները (տվյալ դեպքում նկատի է առնվում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը) մերժելն է: Բայց այս պարագայում, ըստ Օսկանյանի, մերժումը պետք է զուգորդել կառուցողական առաջարկով, որպեսզի մերժմանը չհետեւի միջազգային հանրության կտրուկ հակազդեցությունը: Թե կոնկրետ որ օրն է տեսագրվել Սերժ Սարգսյանի հարցազրույցը, կամ որ օրն է Օսկանյանը հարցազրույց տվել` տվյալ դեպքում էական չէ: Էականն այն է, որ թե Սերժ Սարգսյանի, թե Վարդան Օսկանյանի հարցազրույցները բխում են բազային միեւնույն հենքից, եւ որ կարեւոր է` միեւնույն մեթոդաբանության ծնունդ են: Ու եթե այդ մեթոդաբանությամբ վերլուծենք ուժի չկիրառման հայ-ադրբեջանական համաձայնագիր ստորագրելու Սերժ Սարգսյանի առաջարկը, կնշանակի` դա խոստովանություն է, որ ԼՂ հարցի կարգավորման գործընթացը զարգանում է Հայաստանի համար ոչ նպաստավոր հունով, եւ Սերժ Սարգսյանի կառուցողական առաջարկը այդ գործընթացից դուրս գալու նրա ցանկության մասին է վկայում: Այսինքն, ուժի չկիրառման հայ-ադրբեջանական համաձայնագրի գաղափարը այն կառուցողական առաջարկն է, որ ինչպես պնդում է Վարդան Օսկանյանը, հայկական կողմին հնարավորություն կտա հնարավորինս մեղմել ԵԱՀԿ ՄԽ արձագանքը` Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը մերժելու հայկական կողմի որոշմանը: Թե գործնականում որքանով կստացվի տեսական այս կոմբինացիան, դժվար է ասել: Բայց տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանի իշխանությունները ի դեմս Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի` արտաքին քաղաքականություն են վարում ՄԳԻՄՕ-ի առաջին կուրսի ուսանողի մակարդակով: Իսկ սա նշանակում է, որ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ Իլհամ Ալիեւին ամենեւին էլ դժվար չի լինի այս պրիմիտիվ տրյուկը հաղթահարել: Հիմա արդեն մոտավորապես կռահելի է, թե Սերժ Սարգսյանի առաջարկը ինչ արձագանք կստանա Ադրբեջանում: Ընդամենը հարկավոր է ուշադիր լսել «Euronews»-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը` հասկանալու համար վերը նշված առաջարկի պրիմիտիվությունն ու անհեթեթությունը: Բայց մանրամասների մեջ չեմ խորանում, որ չստացվի, թե լուծում եմ հուշում ադրբեջանական կողմին, չնայած չարժե նաեւ հակառակորդին այն աստիճան թերագնահատել, որ մտածել, թե հայաստանյան մամուլի որեւէ հրապարակում պետք է նրանց քայլ հուշի: Եւ ուրեմն, չխորանալով ՀՀԿ ղեկավարի առաջարկի պրիմիտիվության ապացույցների մեջ, այս պահին ընդամենը արձանագրենք. ըստ Վարդան Օսկանյանի բանաձեւի` Սերժ Սարգսյանը գիտակցել է ԼՂ հարցում սեփական քաղաքականության աղետալիությունը, եւ հիմա այդ քաղաքականությունը կասեցնելու հուսահատ ջանքեր է գործադրում: Ինտրիգը, սակայն, հետեւյալն է. միջազգային հանրությունը նրան թույլ կտա՞ արդյոք նման խաղեր տալ: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնախմբի նենգ խաղերը, Խոշտանգումների կոմիտեի զեկույցը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի անբարո պահվածքը վկայում են, որ միջազգային հանրություն կոչվածը որոշել է փակել Սերժ Սարգսյանի նահանջի բոլոր ճանապարհները: Եւ իրավիճակից միակ ելքը իսկապես կարող է լինել հրաժարականը: Նրբությունն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանը նման քայլի նույնպես չի կարող դիմել, մինչեւ անձնական անվտանգության երաշխիքներ չստանա միջազգային հանրությունից: Միջազգային հանրությունն էլ, բնականաբար, չի մերժի: Բայց կտա՞: Այ, թե որն է խնդիրը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի 23, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marianna
    Մարտ 23rd, 2010 at 13:07 | #1

    +1

  2. gegham
    Մարտ 23rd, 2010 at 15:32 | #2

    Nikol jan vochinch inchpes du eir grel- es koverin qich mnac…
    menq arden haxtel enq…
    mi poqr hamberutyun ev amen inch ir tex@ kga.

  3. Armen M.
    Մարտ 23rd, 2010 at 17:27 | #3

    Հ.Քլինթոնն էլ բաց տեքստով ասաց,երբ ԼՂ հարցը լուծվի` այս տարածաշրջանում կվերականգնվեն դեմոկրատական բոլոր կառույցները:Այսինքն Սերժը առանձնապես մեծ սպասելիք թող չունենա ապրիլյան հնարավոր այցի ավարտին:Իսկ այսօրվա ԱՄՆ կոնգրես- կառավարություն խաղերը շատ պրիմիտիվ կուտ են և ՀՀ և թուրքի համար:Ռուսը զգաց,որ խաղաղապահի մանդատ ԼՂ-ի համար իրեն չեն տա ,իսկ մեր զորքի դուրս գալուց հետո կարող է տարածաշրջանում ռուսի ներկայության նպատակահարմարության հարց առաջանա,դրա համար էլ վերադառնում է նախքին ստատուսին`փոթորիկի մեջ թողնելով Սերժ Սարգսյանին:Ֆրանսիան էլ պահանջեց կատարել նախորոք պայմանավորված քայլերը:Ռուսը շահեց այնքանըվ,որ ՆԱԲՈՒՔՈն առայժմ չի մեկնարկի,թեկուզ եթե թուրքը հրաժարվի համատեղ “հարավային հոսքից”…ՈՒկրաինայում արդեն պռոռուսական իշխանություն է`տրանզիտի լուրջ պրոբլեմներ քիչ հավանական են:

  4. Mleh - Beirut
    Մարտ 25th, 2010 at 13:08 | #4

    ZHAMANAK@ IROQ TSOUYTS TVETS TE OVE E IRAKANUM DZAKHEL GHARABAGH@…
    Syriakan “Al-Watan” tertin tvadz “Hoktember 27″-i Davajanutyan yev “Marti 1″-i hayaspan spandi kazmakerpichneric Serzhiki interview-ic heto arten kaskadzner chmnatsin. Angam btatsman anverakangneli hivandutyamb tarrapogh dashnakner@ arten chen kaskadzum.

  1. No trackbacks yet.