> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՓԱՐԻԶՅԱՆ ՎԵՃԵՐ

ՓԱՐԻԶՅԱՆ ՎԵՃԵՐ

Photo by Olivier Ffrench

Photo by Olivier Ffrench

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունները պետք է դիտարկել ներիշխանական խմորումների համատեքստում: Խնդրո առարկա հայտարարությունն էլ ամենեւին պատահական չի հնչել եւ ակնհայտորեն մշակվել է Ռոբերտ Քոչարյանի թիմում: Երիցյանի մասին հայտարարությունը Ծառուկյանը նախ արեց ուրբաթ օրը` «Շանթ» հեռուստաընկերության եթերից. այդ մասին նաեւ մի փոքր լուր տպագրվեց թերթերից մեկի շաբաթօրյա համարում: Այդօրինակ արտանետումը սակայն, բավարար քաղաքական արձագանք չստացավ. մարդիկ թերեւս մտածեցին` դե Գագոն է` դոդ-դոդ խոսել է, դրան առանձնակի ուշադրություն դարձնելու կարիք չկա: Բայց երկուշաբթի օրը Ծառուկյանը հատուկ իր շուրջը հավաքեց լրագրողներին ու նույն հայտարարության ավելի կոպիտ տարբերակը բարձրաձայնեց, այսպիսով ի ցույց դնելով, որ «Շանթի» եթերում ասվածը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական որոշման արդյունք: Այս փաստի արձանագրումից հետո արդեն Ծառուկյանի հայտարարությունը հստակ տեղավորվեց նախորդ շաբաթվա վերջին Փարիզի հյուրանոցներից մեկում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության համատեքստում, երբ Քոչարյանը Սարգսյանից պահանջել էր իրեն վարչապետ կարգել: Ծառուկյանի նպատակը, ակնհայտորեն, այդ վիճաբանությունը շարունակելն է, որովհետեւ տնտեսական ճգնաժամը հաղթահարված լինելու մասին Ներսես Երիցյանը հայտարարել էր շաբաթներ առաջ, եւ այդքան օրերից հետո կրկին դրան անդրադառնալու կարիք ինքնին չկար: Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում բոլորովին այլ է. Ռոբերտ Քոչարյանը հենց տնտեսական ճգնաժամի թեման է դնում իր վարչապետական ամբիցիաները հիմնավորելու հիմքում: Իբր` Տիգրան Սարգսյանը եւ նրա տնտեսական թիմը ի վիճակի չեն եղել դիմակայել տնտեսական ճգնաժամին, եւ հիմա էլ չեն տիրապետում տնտեսական իրավիճակին, ինչը նշանակում է, որ այդ կառավարության գոյությունը, զուտ տնտեսական առումով, նորանոր անկումներով է հղի: Այսինքն, Քոչարյանը ոչ թե բաց հակամարտության մեջ է մտնում Սերժ Սարգսյանի հետ, այլ ուզում է ցուցադրել, որ իր խնդիրը Տիգրան Սարգսյանի եւ նրա կառավարության հետ է: Սա հարցի երեւացող կողմն է: Բայց իրականում պետք է հասկանալ, թե ինչու է հատկապես հիմա Քոչարյանը ԲՀԿ ղեկավարի շուրթերով սերժանտական իշխանության տնտեսական բլոկի այսօրինակ քննադատությամբ հանդես գալիս: Պատճառը, կարծում եմ, ակնհայտ է. Քոչարյանը թերեւս հաշվարկել է, որ Սերժ Սարգսյանն այսօր թույլ է առավել քան երբեւէ, եւ ուրեմն ԲՀԿ-ի կողմից հնչող քննադատությունը նրան խուճապի կմատնի: Ըստ Քոչարյանի հաշվարկի` Սարգսյանին կվախեցնի կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի հնարավոր ընդդիմադիրացումը, ինչը նշանակում է, թե այսօրինակ հայտարարություններով Քոչարյանը առավելագույն զիջումներ կարող է կորզել Սերժ Սարգսյանից: Եւ իսկապես` ՀՀԿ-ի առաջին արձագանքը Ծառուկյանի հայտարարություններին երկչոտ էր, ինչից ենթադրվում էր, որ Քոչարյանի հաշվարկները իրականանում են: Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ներսես Երիցյանն է Գերմանիայից արձագանքել Ծառուկյանի հայտարարություններին, եւ այդ անդրադարձի մեջ, կոպիտ ասած, պասլատ է արել ԲՀԿ ղեկավարին: Այն որ Ներսես Երիցյանը այսօրինակ հայտարարություն անելու համար անհրաժեշտ քաղաքական քաշ չունի, ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ Երիցյանի հայտարարության իրական հեղինակը Սերժ Սարգսյանն է: Չնայած սրան, ԲՀԿ ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ակնարկեցին Երիցյանի հրաժարականի անհրաժեշտության մասին` առայժմ հստակ չէ, գիտակցելո՞վ, թե չգիտակցելով, որ այսօրինակ հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ: Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, այս պահին դժվար է ասել: Բայց եթե Սարգսյան-Քոչարյան փարիզյան բանավեճը շարունակվի, այն հնարավոր մի քանի ելք կարող է ունենալ` կամ Քոչարյանի վարչապետացումը, կամ Ծառուկյանի սնանկացումը, կամ էլ իրավիճակի սառեցումը: Ի դեպ, պետք է ուշադրություն դարձնել, որ հենց փարիզյան բանավեճից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ՕԵԿ-ական երկու նախարարներին` այսպիսով ԲՀԿ-ական երեք նախարարներին կառավարությունում թողնելով աղանդավորի կարգավիճակում: Սրանից հետո էլ Արթուր Բաղդասարյանը հավատարմության երդում տվեց Սերժ Սարգսյանին, այս հարցում լինելով երկրորդը Հովիկ Աբրահամյանից հետո: Փաստորեն իշխանական միակ ուժը, որ չի հայտարարել նախագահական հաջորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին «Բարգավաճ Հայաստանն» է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikol.am

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. MM
    Մարտ 19th, 2010 at 19:45 | #1

    Nikol jan, achqicd vochinch chi vripum! Du hrashq es! Aroxch yexir!

  2. MM
    Մարտ 19th, 2010 at 20:11 | #2

    Pastoren stacvum e, vor linelov irenc hskoxutyan tak, du der Yerkri hakarak koxmum es, Nikol jan!Du hrashq es!

  1. No trackbacks yet.