> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 51.-55.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 51.-55.

51. Վհուկների որս

52. Ծովից ծով

53. Երազանքների բարի փերի

54. Երազախաբություն` բաց աչքերով

55. Մոսիկի տակի

* * *

51. Վհուկների որս

Ես նավ էի բարձրացել Խուլիոյի տված մի տոմսակով. նա ինձ ասել էր, որ ուղեւորության համար պետք է 1000 եվրո վճարեմ նավապետին եւ դա կարող եմ անել պատեհ մի ժամանակ: Ահա մի օր որոշեցի մարել հաշիվներս եւ այցի գնացի նավապետին: Նրա անունը Ռիկարդո էր, մոտ 40 տարեկան բարետես մի մարդ, բայց առանց միրուքի ու ծխամորճի. չնայած սիգար էր ծխում: Փոքրիկ ծրարով փողը դրեցի նրա սեղանին, նա շնորհակալություն հայտնեց եւ ռոմ ու սուրճ առաջարկեց ինձ. չհրաժարվեցի: Սուրճն ու ռոմը մեզ մատուցողը, պարզվեց, նավապետի կինն էր, որի ներկայության կապակցությամբ մի լավ զարմացա.

- Այսպիսի նավի անձնակազմի կանանց համար հեշտ չէ մեզ գործի ուղարկելը. դուք տեսնում եք, թե որքան գայթակղություններ կան այստեղ: Մեր կանայք գոնե մխիթարվում են իրենց արձակուրդները մեզ հետ անցկացնելով, - բացատրեց նավապետ Ռիկարդոն եւ տեղեկացրեց, որ անձնակազմից էլի մարդիկ կան, որ այս ուղեւորության համար իրենց հետ վերցրել են կանանց ու երեխաներին: Նավի սեփականատեր ընկերությունը տարին մեկ անգամ նման հնարավորություն ընձեռում է:

Սուրճի սեղանի շուրջ մենք զրուցեցինք տարբեր բաների մասին: Նավապետը բացսիրտ մարդ էր երեւում, եւ ես նրան ժպտալով հարցրեցի.

- Ձեզ չի՞ անհանգստացնում, որ նավի վրա վհուկներ կան…

Նա միանգամից հասկացավ, որ խոսում եմ Մարթայի նավախցում տեղի ունեցած միջադեպի մասին.

- Դուք, ինչ է, ինձ առաջարկում եք վհուկների ո՞րս սկսել, - ժպտալով ասաց նա:

- Չէ, ուղղակի Մարթայի հետ կապված պատմությունները ինձ շատ հետաքրքիր են: Չե՞ք կարծում, որ արժե մի ներքին հետաքննություն անցկացնել` տեղի ունեցածը բացատրելու համար:

- Մի անհանգստացեք, դրանք պարզ կանացի ինտրիգներ են, - հանգիստ ասաց Ռիկարդոն:

- Ի՞նչ եք ասում, չեմ անհանգստանում, դա ուղղակի մասնագիտական հետաքրքրություն է. դուք է՞լ եք կարծում, որ այդ ամենի հեղինակը Մարթայի մարմնավաճառ ընկերուհիներն են:

- Իսկ դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:

- Լրագրող եմ:

- Ա~, մեծ պատմություններ` ոչնչից. լրագրողները սիրում են աղմուկ անել:

- Բայց եթե նրանց զգուշացնում են, որ խոսակցությունը «off record» է, նրանք դառնում են քարից էլ լուռ: Իսկապես, դուք է՞լ եք կարծում, որ այդ պատմությունների հետեւում Մարթայի մարմնավաճառ ընկերուհիներն են:

- Off record?

- Off record!

- Դուք լսե՞լ եք Պաուլա անունով պչրուհու մասին:

- Այո, իհարկե:

- Նա շատ հետաքրքիր կին է եւ սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Ուղեւորության սկզբում, սակայն, նրան չի բավարարել իր նկատմամբ եղած հետաքրքրության մակարդակը եւ ի վերջո տեղեկացել է, որ դրա պատճառը Մարթա անունով մի մարմնավաճառ է: Պաուլան հանդիպել է նրա հետ եւ իր առաջ տեսել մի դժբախտ գյուղացի աղջկա, որը հանգամանքների բերումով հայտնվել է կավատների ձեռքին եւ չի կարողանում դուրս պրծնել այդ ցանցից: Մարթան միամիտ կին է ու շատ դժբախտ, եւ Պաուլան որոշել է օգնել նրան. հենց Պաուլան եւ Բեբան են եղել այն վհուկները, որ դուրս են եկել Մարթայի լոգարանից: Հենց նրանք են Մարթայի մոտ գնացածների կանանց հայտնել նրանց ամուսինների դավաճանության մասին: Ահա եւ ողջ պատմությունը, - ամփոփեց Ռիկարդոն:

- Կներեք, նավապետ, բայց չհասկացա` Պաուլան այդ ամենը իր համա՞ր է արել, թե՞ Մարթային օգնելու նպատակով:

- Երկուսը միասին. համենայնդեպս, ես այդպես եմ կարծում:

- Իսկ Մարթան չի՞ կարող հրաժարվել այդ գործից, եթե չի ուզում դրանով զբաղվել:

- Թրաֆիքինգի մասին լսե՞լ եք. դա այդքան էլ հեշտ չէ: Այդ Մարթան իսկապես դժբախտ աղջիկ է: Նա բրազիլացի է, մի աղքատ գյուղական ընտանիքից: Նրա ընտանիքը ավելի լավ կյանքի հույսով գաղթել է իր բնակավայրից, ու ճանապարհին հայրը թոքախտով հիվանդացել է. բուժման համար վճարելու հնարավորություն չի եղել, եւ այդ աղջիկը ստիպված է եղել կուսությունը վաճառել բժշկին: Հետո այս պատմությունը հայտնի է դարձել, ու Մարթայի հայրը նրան վռնդել է: Բժիշկն էլ Մարթային փոխանցել է մեկ ուրիշի, այս ուրիշն էլ` ուրիշի, հետո նա հայտնվել է Արգենտինայում, հետո` այս նավի վրա: Ենթադրենք` հենց հիմա նրան ազատեցին, ո՞ւր պիտի գնա կամ ինչո՞վ պիտի զբաղվի: Նա գնալու տեղ չունի, դրա համար էլ ստիպված է մնալ իր գործին, չնայած գիտեմ, որ այս ամենը նրա համար ահավոր տառապանք է, ահավոր ծանր տառապանք:

- Իսկ ինչո՞ւ դուք չեք օգնում նրան, - հարցրի ես:

- Գիտեք, ես ընդամենը նավապետ եմ, այսինքն` վարորդ, եւ քիթս չեմ խոթում այն հարցերում, որ ինձ չի վերաբերում: Նավի ընթացքից ու անվտանգությունից բացի, մնացած ամեն ինչը այն տուրիստական գործակալության անելիքն է, որ արդեն քանի տարի վարձակալում է այս նավը: Կամ էլ ինչո՞վ կարող եմ օգնել Մարթային. այդ մարդիկ նրան իրենց սեփականությունն են համարում, եւ եթե ես փորձեմ վիճարկել դա, ինձ ոչ մի լավ բան չի սպասում:

- Իսկ մարմնավաճառների առկայությունը նավի վրա օրինակա՞ն է:

- Ես ասացի, որ քիթս չեմ խոթում այնտեղ, ուր պետք չէ: Նավի վրա, ինձ համար, կա անձնակազմ, եւ կան ուղեւորներ. Մարթան ու նրա ընկերուհիները ինձ համար ուղեւորներ են: Այն, ինչ նրանք անում են իրենց նավախցերում, իմ գործը չէ:

- Բայց դուք շատ լավ էլ տեղյակ եք, թե նրանք ինչ են անում իրենց նավախցերում, եւ փաստորեն, որոշ մանրամասներ պարզել եք, - ժպտալով ասացի ես:

- Այստեղ ոչ մի հակասություն չկա. դա նավի անվտանգության հետ է կապվում: Չզարմանաք, բայց հիմա ձեզ կասեմ, որ երկու ամուսնացած կանայք այս երկու շաբաթվա ընթացքում իրենց համար սիրեկաններ են գտել, եւ ես դրանից տեղյակ եմ եւ իրավիճակը պետք է վերահսկողության տակ պահեմ:

Ես հարցական հայացքով նայեցի նրան.

- Չէ, ես բարոյական ոստիկանություն չեմ. ուղղակի ինքներդ եք հասկանում, որ լավ չի լինի, եթե այդ կանանց ամուսինները նավի վրա արյունահեղություն անեն. մեկ-երկու այդպիսի դեպք եւ կարող եմ մնալ առանց աշխատանքի. իմ նավի անունը կհայտնվի լուրերի թողարկման մեջ եւ վատ իմիջ կստանա: Ու հիմա պարտավոր եմ իրավիճակը վերահսկողության տակ պահել, որպեսզի հնարավոր արյունահեղությունից հինգ րոպե առաջ միջամտելու հնարավորություն ունենամ:

- Այդ դեպքում չե՞ք վախենում, որ Մարթան իրեն օվկիանոս կնետի:

- Իհարկե, վախենում եմ: Երբ նրա շուրջ իրավիճակը լարվեց, ես նրա համար արձակուրդ ստացա իր ղեկավարությունից, եւ նա հիմա սովորական զբոսաշրջիկ է` նավի հաշվին: Չնայած, այդ Պաուլան, նա ինձ հիացնում է, կարծես թե ելք է գտել Մարթայի համար, - ասաց նավապետը:

- Իսկապե՞ս:

- Այո, բարեկամս: Մենք երբեմն թերագնահատում ենք կանանց, բայց նրանք շատ խելացի են, եթե իրենց դա անհրաժեշտ է: Տեսեք, թե ինչ է մտածել այդ Պաուլան. երբ մենք հասնում ենք Տոկիո, Պաուլան մտադիր է Մարթային նավից դուրս հանել, որից հետո նա որեւէ խանութից ինչ-որ բավական արժեքավոր բան գողանալու փորձ կանի ու կբռնվի: Բնականաբար, նրան կդատեն մեկ-երկու տարվա ազատազրկման: Ճապոնական բանտերը դրախտ կլինեն Մարթայի համար, իսկ նրա սեփականատեր-կավատները շուտով կմոռանան նրա գոյության մասին, ու նա նոր կյանք սկսելու հնարավորություն կունենա: Պաուլան խոստացել է, որ ազատազրկումից հետո Արգենտինայում աշխատանք կգտնի Մարթայի համար: Եվ կգտնի, նա բավական հաջողակ կին է: Իհարկե, նրանք որոշ բարդություններ կունենան նավը լքելիս, բայց հնարավոր է օգնեմ նրանց. off record!

«Գրողը տանի», - մտածեցի ես. Պաուլային, նրա շարժուձեւին, նրա լողազգեստին նայելիս չէի մտածի, որ նա կարող է այսքան խելացի լինել եւ այսքան մարդասեր:

- Նավապետ, խնդրում եմ ինձ իրավունք տաք, որ այս սյուժեով մի բան գրեմ Լատինական Ամերիկայից, եւ ընդհանրապես, Արեւմտյան կիսագնդից հեռու. այսինքն` մեր պայմանավորված «off record»-ը տարածվի միայն Արեւմտյան կիսագնդի վրա:

- Ես գիտեի, որ դուք դա կասեք, եւ երեւի այդ պատճառով էլ բացեցի իմ ծառայողական գաղտնիքները: Համաձայն եմ, որ սա գրելու արժանի պատմություն է, միայն խնդրում եմ, հանգամանքները փոխեք, ինչքան հնարավոր է, եւ իսկապես այնպես արեք, որ Արեւմտյան կիսագնդում ձեր գրածը ոչ ոք չկարդա:

- Պայմանավորվեցինք. բայց, նավապետ, դուք, ինչ է, նավախցերը գաղտնալսո՞ւմ եք:

- Ի՞նչ եք ասում. երբ կան մատուցողներն ու աղախինները, գաղտնալսումը անիմաստ գործ է:

- Մխիթարեցիք:

- Հիշում եք, չէ՞. «off record»: Համեցեք երբեմն` սուրճ խմելու:

- Շնորհակալություն, - ասացի ես եւ հրաժեշտ տվեցի նրան:

Ես Մարթայի կամ Պաուլայի հետ զրուցելու փորձ չարեցի. Մարթայի դարդերը իրար տալը անխղճություն կլիներ, եւ հետո` նա խոսում էր միայն պորտուգալերեն, մի քիչ էլ իսպաներեն, իսկ Պաուլայի հետ զրուցելու համար առանց այն էլ հերթեր էին գոյանում:

52. Ծովից ծով

Ամերիկացի Ֆրեդն ու ամերիկացի Վիկտորը ընդհանուր ծանոթ չգտան: Սերբ Բոյանն ու արգենտինացի Գաբրիելը, սակայն, ավելի հաջողակ էին այս հարցում, եւ նրանք գտան մի ընդհանուր ծանոթ, որ ազգությամբ հայ էր եւ ապրում էր Բուենոս Այրեսում:

Մի անգամ նայեցի օվկիանոսին. չորս կողմը օվկիանոս էր, միայն օվկիանոս: Ցամաքի նշույլ, ակնարկ անգամ չկար, ու հիշեցի Ուստա Նորիկի ծառայության տեղերը, ապա հիշեցի Ախպերամին: Հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ արգենտինական նավի վրա: Ախպերամը ապրում է Արգենտինայի մայրաքաղաքում: Ես դա գիտեի եւ ֆուտբոլային ընդմիջումներից մեկի ժամանակ սպորտ-բարում գտնվողներին հարցրի, թե արդյոք որեւէ մեկը չի ճանաչում Բուենոս Այրեսում ապրող ազգությամբ հայ մի վարսավիրի, անունը` Արամ: Երկար ժամանակ որեւէ մեկը չէր արձագանքում, մեկ էլ մի տեղից լսեցի.

- Ճաղատ մա՞րդ է:

- Ինքն է, որ կա:

- Այո, նա մեր փողոցում է աշխատում, բայց մենք այդքան լավ ծանոթ չենք. ես մի երկու անգամ նրա մոտ հարդարել եմ մազերս, - ասաց Գաբրիելը:

- Լա՞վ վարսավիր է, - հարցրի:

- Այո, լավ. համենայնդեպս, հաճախորդներ ունենում է, - ասաց Գաբրիելը, որ այդ նույն փողոցի վրա մարզահագուստի մեծ խանութ ուներ, - իսկ դու որտեղի՞ց ես ճանաչում նրան, - հարցրեց նա:

- Բուենոս Այրես գալուց առաջ նա իր հայրենիքից Սերբիա էր եկել` Բելգրադ: Բայց գործերը չստացվեցին, ու որոշեց գալ Արգենտինա, - ասացի ես:

Դա, իհարկե, այդպես չէր: Արամը Արգենտինա մեկնել էր ոչ թե Սերբիայից, այլ Հայաստանից, եւ վարսավիրի մկրատը առաջին անգամ ձեռքն էր վերցրել երեւի Բուենոս Այրես հասնելուց հետո: Նրա հետ մենք աշխատում էինք «Մոլորակ» թերթի խմբագրությունում: Ես շարքային լրագրող էի, Արամը զբաղվում էր տնտեսական հարցերով, մեր ղեկավարն էլ Հայկազն Ղահրիյանն էր: Թող մյուս տղերքը չնեղանան, որ իրենց չեմ հիշատակում, որովհետեւ եթե չլինեի Խաղաղ օվկիանոսի վրա, չէի հիշի այս պատմությունը, որը, ճիշտ է, բոլորի հետ է կապված, բայց հեղինակները Արամն ու Ուստա Նորիկն են:

Բայց նախ` Արամի մասին: Մենք նրան Ախպերամ էինք ասում, որովհետեւ ինքը բոլորին ախպերամ էր ասում:

Որեւէ մեկին դիմելիս Հայաստանում մարդիկ շատ են օգտագործում «ախպեր» բառը, Արամը դրա փոխարեն ասում էր ախպերամ: Ինչո՞ւ էր նա այսպես ասում` չգիտեմ: Բայց այդ բառը նրա իմիջի մասն էր: Նրա իմիջի մասն էր նաեւ ճաղատը. մարդիկ սովորաբար ճաղատ լինելիս փորձում են քողարկել այդ փաստը: Արամը, ընդհակառակը, ընդգծում էր իր ճաղատությունը, որպես մի առանձնահատուկ բարեմասնություն: Եվ անկեղծ ասած, դա նրան շատ էր սազում: Նրա իմիջի հաջորդ կարեւոր ատրիբուտը ձեռնափայտ-անձրեւանոցն էր, որ նա կրում էր շատ հաճախ: Անծանոթների մոտ նա պետք է որ զգուշավորություն առաջացներ. խորհրդավոր տեսք ուներ: Ես էլ սկզբում նրան զգուշությամբ էի վերաբերվում, բայց ընթացքում մենք մտերմացանք: Նա սիրում էր յուրահատուկ արարքներ, հումորի նուրբ զգացում ուներ, հոյակապ պատմող էր եւ բազմաթիվ պատմություններ ուներ պատմելու, որ մենք լսում էինք մեծ բավականությամբ: Արամը չէր սիրում նմանվել ուրիշներին, նա փորձում էր ընդգծել իր անհատականությունը, եւ դա նրա մոտ ստացվում էր: Երբ «Մոլորակ» թերթը փակվեց, նա փորձեց ինչ-որ գործեր ձեռնարկել, բայց չէր ստացվում, եւ ահա, մի օր իմացա, որ նա որոշել է արտագաղթել: Սա ամենեւին էլ օրիգինալ չէր, եւ Արամը չէր կարող այս իրավիճակում էլ իր անհատականությունը չընդգծել. եւ ահա, նա որոշել էր արտագաղթել ոչ թե Ռուսաստան, ԱՄՆ կամ Եվրոպա, ինչպես անում են շատերը, այլ Արգենտինա. համաձայնեք` օրիգինալ որոշում է: Վերջին լուրը, որ նրա մասին լսել եմ, այն է, որ վարսավիր է դարձել ու հաղթել վարսավիրների մի մրցույթում: Իհարկե, ոմանք սա հաջողություն կհամարեին, բայց Արամին ճանաչողները կհասկանան, որ սա ոչ թե հաջողություն է, այլ հաջողված օյին:

Հիմա մի քիչ էլ պատմեմ Ուստա Նորիկի մասին` Աստված հոգին լուսավորի: «Մոլորակ» թերթը այդ ժամանակ տարածք էր վարձակալում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», այդ ժամանակ` «Մարզական Հայաստան» թերթի խմբագրատանը, որ գտնվում է Արշակունյաց փողոցի վրա` «Դոսաաֆի» մոտ: Ուստա Նորիկը, ահա, այդ խմբագրության երկարամյա պահակն էր, լուսավոր մի մարդ, այդ «կալվածքների» ոգին:

Հայկազն Ղահրիյանը նոր տիպի ղեկավար էր, նոր տիպի գլխավոր խմբագիր եւ իմ տեսած առաջին մարդը, որին իր ենթակաները դիմում էին ուղղակի անունով` Հայկազ: Ես` սկսնակ լրագրողս, երկար ժամանակ չէի կարողանում հաղթահարել ինքս ինձ ու նրան Հայկազ ասել: Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Սա ընդգծում եմ, որովհետեւ նաեւ Հայկազի վերաբերմունքն էր պատճառը, որ Ուստա Նորիկը ամբողջովին մերվեց «Մոլորակի» կոլեկտիվի հետ, եւ մեր միջեւ հաստատվել էին ոչ պաշտոնական հարաբերություններ, որոնք հետագայում վերաճեցին հարազատության: Ահա, ուրեմն, բոլորս Ուստա Նորիկի հետ շուտով բարեկամացանք:

Ուստա Նորիկը հացով մարդ էր, շատ էր սիրում հյուրասիրել, հաց տալ, պատիվ տալ` իր հնարավորություններին համապատասխան: Հայկազը խրախուսում էր նրա այս սովորությունը. եւ երբեմն նրա որոշմամբ Ուստա Նորիկը մեծ տակառով թթու էր դնում, խաշ էր եփում եւ այլն, եւ գործնականում խմբագրության գոնե մի հատվածը վերածվել էր ընտանիքի: Ես էլ գործնականում ապրում էի խմբագրությունում:

Ուստա Նորիկը ուներ իր փիլիսոփայությունը, որ ամփոփվում էր մի քանի ասացվածքներով. «Տղամարդը պըտի գյադա չլնի», - ասում էր նա: Իրեն խաբել ցանկացողներին կամ նեղացնողներին հակադարձում էր մեկ այլ ասացվածքով. «Նորիկը էշ չի, Նորիկը գեշ ա»: Նաեւ հայհոյում էր` մի սիրած հայհոյանքով. «Չաթըլախ»: Բայց այս հայհոյանքը կարող էր նաեւ կատակի իմաստով հնչեցնել:

Երբ նրան նախատում էին խմելու համար, նա բութ մատով, ցուցամատով, միջնամատով պտղունց էր անում ու մատների ծայրերը համբուրում, իբրեւ հաշտության նշան: Ընտանեկան կյանքի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտում էր հետեւյալ ասացվածքով. «Կնիկ կա` մարդուն սարքում է փաշա, կնիկ կա` մարդուն սարքում ա բոշա»: Իր կամ ուրիշների կանանց հիշատակում էր «գերագույն» բառով: Այսինքն` եթե պիտի ասեր` կինս գալու է, ասում էր` Գերագույնս գալու է: Եթե որեւէ մեկին պետք է հաղորդեր, որ նրա կինը զանգել է, ասում էր` Գերագույնդ զանգել է:

Ուստա Նորիկը սիրում էր տարբեր պատմություններ պատմել իր կյանքից. ուղղակի աննկարագրելի հիացմունքով էր հիշում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի մի վաղամեռիկ գլխավոր խմբագրի, որի ազգանունը, ցավոք, մոռացել եմ: Հպարտանում էր, որ սեղմել է մարշալ Բաղրամյանի ձեռքը:

Ուստա Նորիկը շատ էր սիրում կատակներ անել, հատկապես` Արամի հետ, ու նրան Քաչալ Շուն էր անվանում: Արամն էլ, չնայած տարիքների հսկայական տարբերությանը, նրան Նորո էր ասում, ու կատակների մեջ տակ չէր մնում: Եվ ահա, այս ողջ պատմությունը պատմեցի, որովհետեւ օվկիանոսին նայելիս հիշեցի այն կատակը, որի հեղինակները Ուստա Նորիկն ու Արամն էին:

Ուստա Նորիկը ասում էր, որ Մարսկոյ ֆլոտում է ծառայել` Հեռավոր Արեւելքում, սուզանավի վրա: Եվ ահա, այդ օրը նա պատմում էր ծառայության տարիների մի պատմություն: Օրվա վերջ էր, եւ այդ ժամին մենք սովորաբար ավարտելիս էինք լինում թերթի համարները ու խմբագրության ֆոտոարխիվից, ինչպես նաեւ տարբեր արտասահմանյան ամսագրերից լուսանկարներ էինք փնտրում թերթի տվյալ համարի համար:

Ահա, ուրեմն, Արամը իր առաջ դրել էր գերմանական «Շպիգելի» մի քանի համարներ ու ինչ-որ նկար էր փնտրում: Էջադրող տղերքը իրենց գործն էին անում, Հայկազն էլ ղեկավարում էր պրոցեսը: Ուստա Նորիկն էլ իր պատմությունն էր պատմում:

Պատմեց, պատմեց, եւ եկավ մի պահ, որ պետք է նկարագրեր իրենց սպաներից մեկին: Եվ ահա, նկարագրության համար դիմեց Արամին. «Տոչնի քեզ նման էր էդ աֆիցերը, Արամ ջան, բայց` գրագետ, խելքը տեղը, շնորհքը տեղը»: Հայկազը առաջինը փռթկացրեց, ու բոլորս սկսեցինք հռհռալ: Ուստա Նորիկը մի քիչ ծիծաղեց մեզ հետ ու հաղթական հեռացավ:

Արամը մանթո էր. շարունակում էր թերթել, մյուսները քննարկում էին Ուստա Նորիկի հաջողված կատակը, չնայած կարծում էինք, որ ակամա ստացվեց:

Արամը թերթում էր ամսագիրը ու մեկ էլ պայծառացավ.

- Նորո, Նորո, - կանչեց նա:

- Ինչա՞, Քաչալ Շուն:

- Նորո ջան, արի, քո ծառայած տեղի նկարը գտել եմ:

Ուստա Նորիկը չէր սպասում նման ուշադրություն եւ ակնհայտորեն հուզվեց.

- Ճի՞շտ ես ասում, Արամ ջան, - ասաց նա ու մոտեցավ: Բոլորս գնացինք դեպի Արամը:

Նա հաղթականորեն իր առաջ փռել էր «Շպիգելի» մի էջ, էջի վրա` մի լուսանկար, լուսանկարում ջրային ինչ-որ մի տարածքի կտոր էր, գուցե ծով, գուցե օվկիանոս, գուցե լիճ: Կադրում ջրային մակերեւույթ էր, ու չէր երեւում ուրիշ ոչինչ, բացարձակապես ոչինչ:

- Չաթըլախ, - ասաց Ուստա Նորիկը:

Մենք ուշքից գնացել էինք:

53. Երազանքների բարի փերի

Յուրաքանչյուր ոք գոնե մի անգամ պետք է իրեն մենակ զգա` օվկիանոսի վրա: Դա օգնում է, օգնում է ամենակարեւորում, որ մարդը նկատի ամենագլխավորը, հիմնականը: Մենք այնքա~ն շատ բան չենք նկատում ու նկատելիս զարմանում: Իսկ այն, ինչ օվկիանոսը պարտադրում է գիտակցել, առօրյա կյանքում չես էլ նկատի: Օվկիանոսում էլ հեշտ չէ դա նկատել. պետք է մենակ զգաս քեզ եւ հեռու բոլորից` ազատ լինես կեղծելու որեւէ շարժառիթից, եւ օվկիանոսը քեզ կասի… Չէ, ոչինչ էլ չի ասի, դու ինքդ կնայես օվկիանոսին եւ կհասկանաս.

- Չնչի~ն, չնչի~ն արարած, որքա~ն աննշան ես դու եւ որքա~ն ծիծաղելի: Եվ գիտե՞ս ինչն է ծիծաղելի դարձնում քեզ:

- Չգիտեմ:

- Չգիտակցվածությունը:

- Այսի՞նքն:

- Այսինքն` այն, որ դու չես գիտակցում սեփական ոչնչությունդ: Դա այնքան ծիծաղելի է…

- Իսկ եթե գիտակցո՞ւմ եմ…

- Այդքան արա՞գ:

- Ենթադրենք:

- Ուրեմն ի՞նչ ես զգում դու:

Ի՞նչ եմ զգում ես: Ինչպիսի՞ն է սեփական ոչնչության գիտակցումը. երանելի, երանելի զգացողություն, որից ուզում ես պինդ կառչել, որ այն չլքի քեզ, մշտապես մնա քեզ հետ: Որքան հեշտ է ապրելը, որքան քաղցր է Ազատությունը: Ազատությունը հենց սեփական ոչնչության գիտակցումն է:

Ինչպե՞ս են մարդուն ստրուկ դարձնում, դարձնում ստորաքարշ ու եղկելի: Մեզ ուղղակի սպառնում են, սպառնում են վնասել, խոշտանգել, վարկաբեկել, վերացնել ի վերջո: Եվ դա մեզ մտահոգում է, որովհետեւ մենք չենք գիտակցում սեփական ոչնչությունը: Մեզ թվում է, թե ահա` երկրագունդը պտտվում է մեր շուրջ, որ աստղերը փայլում են մեզ համար, եւ որ նրանք կմարեն մեզ հետ միասին: Եվ մենք կռանում ենք սեփական անձի կարեւորության զգացման բեռի տակ, հետո քայլում չորեքթաթ ու հետո դառնում սողուն:

Սեփական անձի ոչնչության գիտակցումը թեթեւացնում է, ահա այնքան թեթեւ ես, որ ուր որ է կթռչես, եւ զեփյուռը քեզ կծածանի օվկիանոսի վրա, որպես դրոշակ, որպես Ազատության դրոշակ, ու դու կծածանվես բարձր, ավելի ու ավելի բարձր, աննկարագրելիորեն բարձր.

- Օվկիանո~ս, Օվկիանո~ս, ես այնքան պատրաստ եմ տառապանքի եւ մահվան…

- Ուրեմն դու պատրաստ ես խիզախումի…

- Իսկ ի՞նչ է խիզախումը, Օվկիանո~ս:

- Հավատարիմ մնալ ծագմանդ եւ ճակատագրիդ:

- Իսկ ո՞րն է ծագումը, Օվկիանո~ս…

- Աստված քեզ Ազատ ստեղծեց…

- Իսկ ո՞րն է ճակատագիրը, Օվկիանո~ս…

- Ծագումն է ճակատագիրը…

- Ես այնքա~ն պատրաստ եմ տառապանքի եւ մահվան…

- Ուրեմն դու պատրաստ ես ապրելու, ուրեմն դու պատրաստ ես հաղթելու…

- Ես ոչնչություն եմ, Օվկիանո~ս…

- Ուրեմն Ազատ ես դու…

***

Ֆրեդին դիմել էի եւս մեկ խնդրանքով. երբ հեռու կլինեմ Փարիզից, մի որեւէ պատահական ինտերնետ-ակումբում բացել իմ էլեկտրոնային փոստը եւ այնտեղ եղած վերջին նամակները վերցնել եւ ուղարկել ինձ` նոր հասցեով: Հին հասցեն ինքս չէի կարող բացել, որովհետեւ դա ինձ հետապնդողներին հնարավորություն կտար որոշել իմ գտնվելու կոնկրետ վայրը: Իսկ երբ Ֆրեդը բացեր իմ հասցեն, դա արդեն կլիներ Ֆրեդի գտնվելու վայրը: Նա կատարել էր իմ խնդրանքը, եւ ես նրանից նամակներ ստացա: Իր կողմից Ֆրեդը տեղեկացնում էր, որ «Սորոսը գումարը փոխանցել է»: Ապա գալիս էր մի նամակ, որի հեղինակը դուստրս էր` Մարիամը: Նամակը հետեւյալն էր. «Պապ ջան, բարեւ: Գիտե՞ս, երկու հատ կրիա ունենք, մի հատ էլ շուն: Շանը Իջեւանի բակում ենք պահում: Այդ շանը մեզ տվել է մի տղա: Այդ տղան շանը գրկած ման էր գալիս, ես ասացի` այս ինչ լավ շուն ա: Նա ասաց` տանում եմ կորցնեմ, ես նորը ունեմ, եթե ուզում ես, վերցրու, եւ ես վերցրեցի նրան: Նա ձագ է: Երբ տատը իմացավ, ասաց` տար նրան, եւ ես քիչ էր մնում լացեի: Ես նրան տարա: Մյուս օրը գնացի նրան տեսնելու: Պապիկը հարցրեց` այդ ո՞ւր ես գնում: Ես ասացի` շանը տեսնելու: Նա ասաց` ի՞նչ շուն, բեր տեսնեմ: Շունը փողոցում էր, եւ ես նրան բարձրացրեցի, որ պապիկը տեսնի: Նա ասաց` ինչո՞ւ ես փողոց գցել, բեր այստեղ պահի: Ես ասացի` բայց տատը չի թողնում: Նա ասաց` տատի թողնելով չի, եւ ինքն ու տատը կռվեցին, եւ շունը հիմա` հենց հիմա, չուլանում քնած է: Պապ, կարող է քեզ դուր չգա, բայց իմ ուրախությանը չափ չկա: Ունեմ երկու կենդանի, ունեմ պապա, մամա, տատիկներ եւ պապիկ»: Ահա այսպիսի նամակ էր:

Զգացմունքները ալեկոծում էին ինձ. մեկ արցունքները ծածկում էին աչքերս, մեկ ծիծաղը փառավորում էր հոգիս: Ու ես սկսեցի մտածել, մտածել իմ զավակների մասին: Նախ մտածեցի Մարիամի մասին, մտածեցի ու էլի մտածեցի. ու այս մտածումները երջանկացրին ինձ: Հետո մտածեցի Աշոտի մասին, երկար մտածեցի Աշոտի մասին: Հետո մտածեցի փոքրիկ Շուշանի մասին, որը փաստացի ծնվել է Ազատության հրապարակում եւ որը դեռ չի ճանաչում ինձ: Հետո մտածեցի այն որդուս մասին, որը դեռ չի ծնվել, որը դեռ պետք է ծնվի, որի անունը դեռ տարիներ առաջ եմ որոշել: Հետո մտածեցի Դավիթի մասին: Հետո մտածեցի Սիփանի մասին, որը իշխանական մի միջոցառման փաստաթղթերի արանքները հանրահավաքի թռուցիկներ էր թաքուն խցկել, ու երբ իշխանավորները բացել էին իրենց թղթապանակները, այնտեղ նախ տեսել էին թռուցիկներ:

Հետո մտածեցի ընկերներիս զավակների մասին. նախ մտածեցի Ղեւոնդի մասին ու նրա քրոջ` Հերմինեի մասին, որը դպրոցական լինելով` արդեն հասցրել էր բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` եղբոր` Թեւոսի հետ: Թեւոսի մասին չմտածեցի, որովհետեւ Թեւոսը մեծ է արդեն: Հետո մտածեցի Ռոբերտի մասին: Հետո մտածեցի Աբուլի մասին: Հետո մտածեցի բանտում գտնվող իմ մյուս եղբայրների երեխաների մասին, որոնց կա՛մ չեմ ճանաչում, կա՛մ անունները չեմ հիշում: Հետո մտածեցի Ծովինարի մասին, որին չեմ ճանաչում, բայց որի բանաստեղծությունը կարդացել եմ «Առավոտ» թերթում եւ անունն էլ հիշում եմ այստեղից: Հետո մտածեցի Պետոյի մասին, որը բոլորիս լացացրեց իր ելույթով: Հետո մտածեցի Մարիամի ու Վագուսի մասին: Հետո մտածեցի Լեւոնի, Հրաչի, Արեգի ու Նարեի մասին: Հետո մտածեցի Շողերի մասին, որը մի օր «կորել» էր. ես կյանքում չեմ մոռանա Մհերի դեմքը այդ պահին: Հետո մտածեցի Հրայրի, Տաթեւի ու Նարեկի մասին: Հետո մտածեցի Ասպրամի մասին: Հետո մտածեցի Շուշանի մասին: Հետո մտածեցի Լեւոնի, Հակոբի եւ Լուսինեի մասին: Հետո մտածեցի Բենոյի մասին, Հայկուհու ու Անահիտի մասին: Հետո մտածեցի Մերիի, Աշոտի ու Վալոդիկի մասին: Հետո մտածեցի Նարեկի ու Սարինեի մասին: Հետո մտածեցի Նվերի մասին: Հետո մտածեցի Ռաիսի մասին, որի նվիրած խաչը այս պահին էլ հետս է:

Հետո մտածեցի Լիանչիկի մասին: Հետո մտածեցի Հրաչի ու Վահեի մասին: Հետո մտածեցի Միլենայի մասին: Հետո մտածեցի Վահագի ու Հեբոյի մասին: Հետո մտածեցի Նարեկի ու Միսուլի մասին, որոնց պապիկը հինգ ամիս անցկացրեց բանտում: Հետո մտածեցի Արամի, Աննայի ու Գոռի մասին: Հետո մտածեցի Արաքսի մասին: Հետո մտածեցի Աբգարի ու Արմենակի մասին: Հետո մտածեցի Լյովիկի մասին: Հետո մտածեցի Վահագի ու Կիմուշի մասին: Հետո մտածեցի Գուգուլի մասին: Հետո մտածեցի Լյուբիկի ու Արաքսի մասին: Հետո մտածեցի Թամարիկի, Միլենայի ու Ալեսիայի մասին: Հետո մտածեցի Սոֆիի մասին: Հետո մտածեցի Գրիգորի մասին: Հետո մտածեցի Սենոյի եւ Աղունիկի մասին: Հետո մտածեցի Սեւադայի ու Անահիտի մասին: Հետո մտածեցի Վիկայի ու Անիի մասին: Հետո մտածեցի Ռաֆայելի մասին: Հետո մտածեցի Էդիլի մասին: Հետո մտածեցի Գրիշիկի մասին: Հետո մտածեցի Գոհարիկի ու Աստղիկի մասին: Հետո մտածեցի Ռոբերտի մասին:

Հետո մտածեցի, թե որքան քիչ ծանոթ ունեմ երեխաների մեջ: Հետո հիշեցի «Արեւիկ» խմբի երեխեքի մասին, որոնց երգը տասն օր շարունակ հնչում էր Ազատության հրապարակում: Հետո հիշեցի, որ ծնվել եմ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը. մտածեցի երեխաների մասին:

- Նրանք ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, - ինքս ինձ խոստացա ես:

54. Երազախաբություն` բաց աչքերով

Պառկել էի մի տապճակի ու փորձում էի հաղթահարել ներվայնությունս: Իսկ ներվային էի ֆուտբոլի, ավելի ճիշտ` ֆուտբոլային անհեթեթության պատճառով, որ մատուցում էին Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Ռայմոն Դոմենեկը եւ Իտալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Դոնադոնին:

Քիչ առաջ դիտել էի Ֆրանսիա-Իտալիա խաղը, որ ավարտվել էր վերջինիս հաղթանակով ու նրա կողմից մեկ քառորդի ուղեգրի նվաճումով: Բայց էն գլխից էլ հասկանալի էր, որ Իտալիան էլ է հետեւելու Ֆրանսիայի օրինակին ու երկար չի ձգի Եվրոպայի առաջնությունում: Բայց խնդիրը սա չէր, ոչ էլ հավաքականների ցույց տված անհեթեթ խաղը այս եւ նախորդ հանդիպումների ժամանակ:

Իտալիայի հավաքականի ջերմեռանդ երկրպագու չեմ, ոչ էլ Ֆրանսիայի: Պարզապես այս հավաքականների մարզիչները անհավանական մարմնավորումն են խորհրդային մի հին անեկդոտի: Կոմկուսի առաջնորդ Բրեժնեւի բարեկամը գնում է նրա մոտ ու խնդրում իրեն մի հեշտ գործի նշանակել: Բրեժնեւը հարցնում է նրան, թե ինչ գործ է ուզում, ինչ նկատի ունի` հեշտ գործ ասելով: Բարեկամն էլ մտածում, մտածում է ու ասում. «Դե, էն, որ նվագախմբի առաջ կանգնում, ձեռքերը թափ են տալիս»:

Հիմա` Դոմենեկին ու Դոնադոնիին հեշտ գործ են գտել: Բայց քարը իրենց գլուխը, վիրավորականը սա չէ, այլ այն, որ այնպիսի հայացքով են նայում խաղադաշտին, կարծես հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ: Սա ուղղակի վիրավորական է ֆուտբոլասերի համար: Ես նախասթրեսային վիճակում էի, բայց այդ ժամանակ դեռ չգիտեի, որ սթրեսս ավելի է խորանալու մեկ-երկու շաբաթից, երբ պարզվի, որ Իտալիայի հավաքականի տապալումից հետո Դոնադոնին չի ցանկանում հրաժարական տալ: Սա դեռ ոչինչ, գրեթե ինֆարկտ էի ստանում, երբ կարդացի, թե Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է Դոմենեկին թողնել իր պաշտոնին: Այդ ժամանակ մտածում էի մի նամակ գրել Իզաբելին, գրել` Իզաբել ջան, քո ցավը տանեմ, Նիկոլյայիդ կյանքին մեռնեմ, ուտեմ Մեմեի սիրտը, մի արեք էդ բանը, տշեք էդ Դոմենեկին, դա ինֆարկտի ճանապարհով ցեղասպանություն կառաջացնի ֆուտբոլի երկրպագուների շրջանում: Իզաբել ջան, աշխարհասփյուռ ֆուտբոլային հանրության անունից խնդրի Մեմեին, թող նա էլ համոզի Նիկոլյային` ռադ արեք էդ Դոմենեկին:

Բայց մինչ մտածում էի` գրեմ, թե չգրեմ, ստացվեց գույժը` Դոմենեկին հաստատել են Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Ես ակնապիշ հետեւում էի լուրերի թողարկումներին` հույս ունենալով, որ այս որոշումը Փարիզում զանգվածային անկարգություններ կհարուցի: Բայց, երեւում է, խեղճ ֆրանսիացի ֆուտբոլասերները դեպրեսիայի մեջ են, ու ոչ ոք չի կարողացել փողոց դուրս գալ` բարձր ճնշման պատճառով:

Բայց սա հետո էր, այդ ժամանակ ես Ռուսաստանում էի: Իսկ նավի վրա առանց այդ էլ ներվայնությունը փոթորկում էր հոգիս: Գոնե մեկը լիներ` այս թեմայով բանավիճեինք, կռվեինք` լիցքաթափվեինք: Բայց նավի վրա հնարավոր չէ բանավիճել Դոմենեկի կամ Դոնադոնիի մասին, որովհետեւ այս թեմայով ցանկացած բանավեճ տեւում է ամենաշատը 20 վայրկյան, եւ բանավիճող կողմերը արձանագրում են, որ լիովին համամիտ են եւ բառացիորեն նույն բանն են մտածում Դոմենեկի եւ Դոնադոնիի մասին: Եվ ահա, նավի ուղեւոր ֆուտբոլասերները ամենքը մի տեղ կուչ են եկել ու կրծում են իրենք իրենց: Բա էդ Լուկա Տոնին. ես զարմանում եմ, ինչպես է այդ տղան եղել Իտալիայի առաջնության ռմբարկու, հետո էլ Բունդեսլիգայի ռմբարկու. ախր նա գոլի տեղը չգիտի, ախր նա միայն ծուռ խփելու եւ խաղից դուրս հայտնվելու մասնագետ է:

Ահա այսպիսի ծանր մտածումներից հետո աչքերս փակել, փորձում էի հանգստանալ, երբ լսեցի կանացի մի ձայն.

- Փորձում եք օրիգինա՞լ երեւալ, - հարցնում էր ձայնը:

Ես զարմացա, որովհետեւ եթե փորձեի օրիգինալ երեւալ, պիտի չներվայնանայի Դոմենեկի եւ Դոնադոնիի վրա, այլ պիտի փորձեի արդարացնել նրանց: Բայց ձայնը դա նկատի չուներ. նրա ուշադրությունը գրավել էի, քանի որ չէի տրվել Պաուլային սիրահետելու համընդհանուր հոգեխանգարմունքին: Ձայնը հենց Պաուլայինն էր: Բացեցի աչքերս, նա կանգնած էր իմ դիմաց: Սեւ մազերը ջրվեժի նման ալիքվում էին ուսերի վրայով, մուգ ակնոցները անթափանց էին դարձնում նրա հայացքը: Հագին մետաքսե սպիտակ լողազգեստ էր, եթե «զգեստ» արմատը տվյալ դեպքում պատեհ կարող է համարվել: Զգեստը, ընդհանրապես, մերկությունը ծածկելու համար է, իսկ այս լողազգեստը ընդգծում էր մերկությունը: Լողազգեստի կրծկալը, որ, ավանդույթի համաձայն, ծածկում էր նրա կրծքերի գագաթները միայն, ցանցավոր էր եւ ցուցանում էր իր տակ եղած ամեն ինչ: Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին` կռահիր, թե ինչ կա այստեղ: Պաուլան ցուցադրում էր թեւերի տակ աճած հատուկ չափի կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին: «Սա երեւի նոր մոդա է», - մտածեցի ես: Նրա ձեռքին մի բաժակ կար. ինչ-որ կոկտեյլ էր խմում:

- Փորձում եք օրիգինա՞լ երեւալ. դա որոշակիորեն ստացվում է, - ասաց նա:

Ես արդեն հաղթահարել էի նախնական շփոթվածությունս ու պատասխանեցի.

- Ամեն մարդ օրիգինալ երեւալու իր մեթոդն ունի:

Պաուլան հասկացավ, որ իրեն եմ ակնարկում.

- Ուրեմն` սարը սարին չի հանդիպի, - ասաց նա ու շրջվեց: Հեռանում էր, եւ ամեն քայլի հետ նրա հետույքը ցնցվում էր դոնդողի նման:

- Պաուլա, ի՞նչ եք խմում, - ըստ ամենայնի ինքնատիրապետումս կորցնելով` հարցրեցի ես ու վեր կացա:

Նա կանգ առավ ու շրջվեց.

- Անունս գիտեք. նշանակում է` այնքան էլ օրիգինալ չեք, որքան փորձում եք երեւալ: Մարգարիտա, կոկտեյլի անունը Մարգարիտա է:

- Դեմ չե՞ք, եթե ձեզ ընկերակցեմ:

- Դեմ չեմ, - ասաց նա:

- Կաբալիեռո~, ունո Մարգարիտա, պոռ ֆավոռ, - պատվիրեցի ես, ու մենք կողք կողքի նստեցինք մոտակա տապճակներին: Ավելի ճիշտ` պառկեցինք` թիկնակները պարզապես բարձր պահելով. այդպես հարմար է զրույցի համար:

Պաուլան նրբորեն վերցրեց իմ ձախ ձեռքը եւ ուշադիր սկսեց զննել ամուսնական մատանիս.

- Ես մի քանի վարկածներ եմ քննել, բայց դրանցից ոչ մեկը արժանահավատ չեն թվում:

- Վարկածնե՞ր: Ինչի՞ մասին, - հարցրի ես` ձեռքս ետ բերելով:

- Ձեր մասին` մի պահ մտածեցի գեյ եք. բայց ոչ ոքի չսիրահետեցիք: Հետո ինձ թվաց, թե իմպոտենտ եք, բայց մի տեղ կարդացել եմ, որ իմպոտենտները ավելի ագրեսիվ են սիրահետում: Եթե այդպես չէ, ինչո՞ւ պիտի իմպոտենտը հայտնվեր այս միջավայրում. դա նրա համար նվաստացուցիչ պիտի լիներ: Հետո մտածեցի, թե փախել եք ընտանեկան ահավոր սկանդալից եւ փորձում եք կամաց-կամաց ուշքի գալ. բայց ինչ-որ երկար է տեւում ձեր վերակենդանացման պրոցեսը: Դուք ատո՞ւմ եք կանանց. չնայած, այն, որ գիտեք իմ անունը, եւ այն, որ ինձ հրավիրեցիք զրույցի, նշանակում է` որոշ հետաքրքրություն, այնուամենայնիվ, ունեք:

- Այո, ինձ հետաքրքրում է ձեր խաղը, ես հետեւում եմ դրան ֆուտբոլային երկրպագուի մոլուցքով:

Ուղղակի վատն այն է, որ չգիտեմ հաշիվը, - ասացի ես:

- Ինչի՞ հաշիվը:

- Ձեր խաղի:

- Իմ խաղի՞. ի՞նչ նկատի ունեք:

- Նկատի ունեմ, թե ձեր բորբոքած սիրահետման մարաթոնի մեջ քանի հոգի են հաջողության հասել, - մեղմ ժպիտով հարցրեցի ես:

- Ահա թե ինչ. տղա, չլինի՞ խանդում ես:

«Գրողը տանի, չլինի՞ իսկապես խանդում եմ», - ինքս ինձ հարցրի ես: Բայց հարկավոր էր արագ արձագանքել.

- Ինչպիսի անհեթեթություն, դա ինձ հուզում է զուտ սպորտային հետաքրքրության տեսանկյունից:

- Իսկ գուցե մտածում եք` բոլոր կանայք բոզ են ու քա՞ծ:

- Պատահում են նաեւ այդպիսիք, - ասացի ու զգացի, որ հիմար բաներ եմ խոսում:

- Մեկը:

- Ի՞նչ:

- Մեկն է հաջողության հասել, եւ ես ձեզ իրավունք եմ տալիս երեք փորձից կռահել, թե ով է նա:

Ես սկսեցի մտածել.

- Կարլոսը, - ասացի ես:

- Չկռահեցիք:

- Էն մեկը, որի անունը չգիտեմ` կրծքին դաջվածք ունի, - փնտրտուքը շարունակում էի ես:

- Ինչքան հասկացա, չեք կռահի:

- Լավ հանձնվում եմ:

- Ես, ես եմ այդ մեկը:

- Կներե՞ք…

- Դուք հարցնում էիք, թե քանի հոգի են այս սիրահետման մեջ հաջողության հասել, ես ասում եմ` ես: Էլ ո՞վ կարող էր: Չլինի՞ մտածում եք, թե սեքսը տղամարդու հաջողությունն է եւ կնոջ անհաջողությունը:

Ես կատարյալ շփոթության մեջ էի եւ հասկացա, որ բավարար խելք պետք է ունենայի` այս պատմությունից խուսափելու համար: Իհարկե, խոսակցությունը շատ հետաքրքիր էր, բայց զգում էի, որ կարող եմ արժանի զրուցակից չդառնալ: Կաշկանդվել էի երեխայի պես, բայց հո չէի կարող դա ընդունել:

- Ուղղակի ինձ հետաքրքրեց ձեր խաղը, եւ պետք է խոստովանել, դուք լավ եք խաղում: Հարցն այն է, թե ինչքան կշարունակեք այդպես, - ուժերս հավաքելով` ասացի ես:

- Իսկ մյուսները չե՞ն խաղում, իսկ բոլորը չե՞ն խաղում, իսկ դուք չե՞ք խաղում:

- Ինչո՞ւ եք մտածում, որ խաղում եմ. գուցե փորձում եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց հավատում եմ:

- Գուցե ես էլ եմ փորձում հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց հավատում եմ:

- Բայց ինչ-որ մի ժամանակ ձեր գեղեցկությունը կնահանջի. մինչեւ ե՞րբ եք խաղալու այդ խաղը:

- Մինչեւ հայտնվի իմ արքայազնը` Սպիտակ ձիու վրա:

- Դուք խոսում եք սիրո մասի՞ն:

- Կռահեցիք:

- Իսկ չե՞ք մտածել ձեր էքսկլյուզիվությունը Սպիտակ ձիավոր արքայազնի համար պահպանելու մասին, - խոսակցությունը շարունակեցի ես:

- Դուք հո մոլոկան չե~ք, - զարմացավ Պաուլան:

Ես էլ զարմացա.

- Որտեղի՞ց գիտեք մոլոկանների մասին, - հարցրի ես:

- Արգենտինայում նրանք քիչ չեն:

- Եվ ի՞նչ եք մտածում էքսկլյուզիվության մասին, - շարունակեցի ես:

- Վատ գաղափար չէ. բայց դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ արքայազնը երբեւէ կգա: Գիտե՞ք ինչքան ինձ նման սիրունիկներ են պառաված օրիորդ դարձել` սպասելով իրենց արքայազնին, որը ճանապարհին մոլորվել է ինձ նման մեկի գրկում: Եվ հետո, վերջ տվեք, կուսությունը արժեք ունի, եթե դու ունես այն կորցնելու վճռականություն: Ձեր ասածից ստացվում է, որ այս աշխարհում կույս տղաները պետք է պսակվեն կույս աղջիկների հետ եւ ապրեն հավերժական իդիլիայի մեջ: Այսպիսի կապերի մեծ մասը կրախով է ավարտվում` սեռական հիասթափության կրախով:

Ես զգացի, որ տանուլ եմ տալիս, անխուսափելիորեն տանուլ եմ տալիս այս խոսակցությունը եւ չգիտեի ինչ անել: Պաուլան շարունակեց.

- Չնայած, ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, նրանք դողում են վախկոտ նապաստակի նման եւ որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից:

Պաուլան այս ասելով շրթունքը կծեց, ազդրերը դանդաղորեն սեղմեց իրար, ապա եւ ոտքերով հյուս արեց ու մի տեսակ աննշան ու նկատելի կծկվեց: Քրտինք հայտնվեց ինձ վրա, ես խուճապի մատնվեցի, մի այնպիսի շարժում արեցի, կարծես ուզում եմ ավելի հարմար նստել ու ձեռքս դիպավ Մարգարիտայի բաժակին, որի մեջ մի կտոր կիտրոն էր մնացել. բաժակը զարկվեց գետնին ու փշրվեց: Ես սթափվեցի, բայց արդեն ուշ էր. Պաուլան ոտքի մեծ մատով, որի եղունգի վրա զմրուխտե ծաղիկներ էին նկարված, շոշափում էր վարտիքս: Ես ձգվեցի, բայց չգիտեի ինչ անել.

- Ձեր արժեքները անպաշտպան են, բարեկամս, եւ դուք հավատարիմ եք ձեր բնազդներին, - առանց հեգնանքի, բայց մի տեսակ հաղթական ասաց նա:

Ես չգիտեի` նա ուզում է ինձ տանել իր նավախո՞ւց, թե՞ փորձում է հասցնել բաց աչքերով երազախաբության, բայց ակնհայտ էր, որ պետք է վերջ տալ այս ամենին:

- Պաուլա, դուք ճանաչո՞ւմ եք Մարթային, - վերջին ուժերս հավաքելով` հարցրի ես:

Սա մի տեսակ վախեցրեց նրան:

- Մարթա, Մարթա. հա, կա մի այդպիսի աղջիկ, - ասաց նա ու վեր կացավ, ապա դիմեց ինձ, - չե՞ք ուզում լողալ:

- Ոչ, չեմ ուզում, - ասացի ես:

- Իսկ ես ուզում եմ, - ասաց նա ու գնաց դեպի իր լողավազանը:

Ես ուզում էի հովանալ, բայց նախընտրեցի մյուս լողավազանը:

***

Նավապետ Ռիկարդոն ինչ-որ բան բաց էր թողել եւ արյունահեղություն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Նավի անձնակազմի մի անդամ` Բոբ անունով, տիրացել էր մի 15-ամյա տղայի` Ֆելիպե անունով: Վերջինս, տեղի ունեցածից հետո ուշքի գալով, հենց Բոբի նավախցի ազդանշանային ատրճանակով ցխել էր նրա ուղեղը: Երբ այս լուրը տարածվեց, բացօթյա բեմի վրա արգենտինական տանգո էր: Տանգոն նվագում էին երկու ակորդեոնահար, մեկ կիթառահար եւ մեկ ֆլեյտահար: Իսկ պարում էին երկու երիտասարդներ` նավաստիական հագուստով. պարզվում է` արգենտինական տանգոն ի սկզբանե եղել է տղամարդկանց պար, նավաստիների զուգապար: Պաուլան նստած էր ինձնից մի քանի սեղան այնկողմ. այս երեկո առաջին անգամ նրան տեսա առանց որեւէ մեկի ուղեկցության:

55. Մոսիկի տակի

Պաուլայի հետ հանդիպումը լուրջ հանգրվան դարձավ իմ երկարատեւ ճանապարհորդության ընթացքում: Առաջին անգամ գայթակղությունը այսպես շոշափելիորեն կանգնած էր իմ առաջ եւ փոթորկում էր հոգիս: Ես հիշում էի նրա` իրար սեղմված ազդրերը, հյուսված ոտքերը, եւ իմ մեջ ծվարած ինչ-որ մեկը ձգտում էր, ձգտում էր դառնալ այդ ամենի հեղինակը: Եվ որքան գեղեցիկ է այն, ինչ կոչվում է գայթակղություն: Հակառակ դեպքում գայթակղություն չէր լինի, այլ մի ցուցանակ, որի վրա գրված է` չմոտենաք, վտանգավոր է:

Գլխիս մեջ դեռ հնչում էին արգենտինական տանգոյի ելեւէջները, այդ եղանակը չէր լքում ինձ, եւ նրա հնչյունների ներքո ընթանում էր մի մեծ ճակատամարտ, մեծ պատերազմ. մի ներքին մղում` վերցնել հեռախոսը եւ հավաքել նրա նավախցի համարը, եւ մի ներքին արգելք` մի արա նման բան: Ինչ պարզ ու հեշտ է թվում ամեն բան, ուղղակի գնալ, ուղղակի ընկնել մոռացության գիրկը, շատ կարճ ժամանակով, շատ կարճ մի ժամանակով, ձեռք բերել անմոռանալի զգացողություններ, ու վերադառնալ, ու հեռանալ: Բայց մի՞թե հնարավոր է վերադառնալ այնտեղից: Ինչ-որ մի ձայն ասում էր ինձ` դու կմնաս այնտեղ, իսկ այնտեղից կվերադառնա ուրիշը: Ինչ-որ մի ձայն ասում էր ինձ` դու կխոստովանես, որ այն արժեքները, որոնց դու հավատում ես, անպաշտպան են, սին: Նա կարող է անգամ քո առաջ չբացել իր դուռը, եւ դու կլինես ընդամենը ողորմելի դավաճան: Եթե անգամ նա գգվի քեզ, եթե անգամ իր մարմինն ու հոգին ձոնի քեզ, դու էլի նույնը կլինես. դու չես կարող վերադառնալ այնտեղից, դու կմնաս այնտեղ, իսկ քո փոխարեն կվերադառնա ուրիշը: Քունը զինադադար բերեց իմ պատերազմին, եւ երբ առավոտյան արթնացա, մեր նավը արդեն մտել էր Տոկիոյի ծովածոց, որտեղ ծովը կորել էր նավերի բազմության տակ:

Մեր նավի բոլոր ուղեւորները դուրս էին եկել տախտակամած եւ հետեւում էին ծխի տակ կքած Տոկիոյի մոտեցմանը: Ես ուզում էի մոռացության տալ Պաուլայի գոյությունը, բայց դա այնքան էլ հեշտ չէ. «Իսկ եթե նա ծայրից ծայր փչո՞ւմ է», - մտածում էի ես` հիշելով Սեսիլի դավադրությունը: Իսկ եթե Սեսիլն էր ծայրից ծայր փչում, եւ եթե ես նրա հետ նույն սենյակում հայտնվեի, գուցե ուրիշ բան տեղի կունենար, քան հայտարարվում էր: Սա արդեն չես իմանա, ոչ ոք չի իմանա, գուցե ինքը Սեսիլն էլ չգիտի, գուցե Պաուլան ինքն էլ չգիտի, թե ինչ կլիներ հետո, եթե ես զանգեի իրեն:

Կառամատույցում ես պիտի լքեի նավը, բայց եւ մտածում էի` արժե՞ արդյոք դա անել: Մի՞թե դա փախուստ չի լինի. ես ուզում էի նավը լքել այն զգացողությամբ, որ հաղթել եմ իմ մեջ մղվող պատերազմում: Մյուս կողմից` ես չգիտեի` քանի օր է ինձ հարկավոր այսպիսի զգացողություն ձեռք բերելու համար, եւ ընդհանրապես` կհասնե՞մ այդ հանգրվանին:

Նավի վրա ճապոնացի ոստիկանների հայտնվելը վերջնական դարձրեց որոշումս. պետք է նավից հեռանամ եւ Տոկիոյի հյուրանոցում տեղավորվեմ հենց այսօր: Իսկ ոստիկանները եկել էին արձանագրելու Բոբի սպանությունը եւ լուծելու Ֆելիպեի հետ կապված հարցեր: Այս գործը, իհարկե, ընդդատյա չէր ճապոնական ոստիկանությանը, եւ այն պետք է քննեին Արգենտինայից ժամանած քննիչներ: Բայց մինչ նրանց գալը ճապոնացիները նավապետի հետ համատեղ իրավիճակը պետք է պահեին վերահսկողության ներքո:

Ես նավը լքեցի առանց որեւէ մեկին հրաժեշտ տալու: Տաքսի նստեցի եւ խնդրեցի ինձ տանել հյուրանոց, որտեղ համար էի պատվիրել ինտերնետով: Տոկիոն մինչ այս իմ տեսած ամենամեծ քաղաքն էր, չնայած` երեւի նրանից մեծ քաղաքներ կա՛մ չկան, կա՛մ էլ քիչ են: Տոկիոն սթրես է, Տոկիոն մի քաղաք է, որ փուլ է գալիս գլխիդ: Իմ համարը գտնվում էր հյուրանոցի 20-րդ հարկում, որտեղ կուչ եկած` ես անընդհատ սպասում էի երկրաշարժի: Բայց որոշ ժամանակ անց մի քիչ վիսկի խմելով հանգստացա ու ետ տարա վարագույրը. ահա քեզ քարե ջունգլիներ, ահա մի հսկայական քարե-ապակե-երկաթե կենդանի, որ կարծես խժռում է շենքերի արանքներից դուրս պրծնող կանաչը: Քեզ թվում է, թե բնությունը խեղդվում է այստեղ եւ օգնություն է աղերսում: Տոկիոյի փողոցներում հեղեղ է հոսում` ավտոմեքենաների հեղեղ երթեւեկելի մասերով եւ մարդկանց հեղեղ հետիոտն փողոցներում, մայթերում, մետրոպոլիտենում: Տոկիոն կարծես մոռացել է մարդկային բոլոր հատկանիշները եւ շեշտը դրել դրանցից մեկի, հատկապես մեկի վրա` շտապողականության: Մարդիկ ահավոր շտապում են, ուշանում են անընդհատ, ինչ-որ բան չեն հասցնում, չեն կարողանում հասցնել: Նրանք տրված են հեղեղին, մարդկային հեղեղին, որը մի մեծ կոնվեեր օրգանիզմ է դարձել, որ յուրաքանչյուրին առաքում է իր համար նախանշված տեղը, առանց վերջինիս կամքը հարցնելու: Այստեղ ամեն ինչ արված է մարդկային ընթացքը արագացնելու համար, անգամ մայթերի փոխարեն շարժասանդուղքներ են շատ տեղերում, որոնց վրա մարդիկ, այնուամենայնիվ, քայլում են, մարդիկ չեն հասցնում, մարդիկ շտապում են: Միեւնույնն է, նրանք կուշանան, միեւնույնն է, նրանք չեն հասցնի, բայց միեւնույնն է` նրանք շտապում են, ահավոր շտապում են: Նրանք չեն զգում, որ քաղաքը փուլ է գալիս իրենց վրա, որ գովազդային վահանակները ճնշում են իրենց, նրանք չեն զգում, որ երկինքը անհետացել է իրենց գլխավերեւում. նրանք շտապում են, անընդհատ շտապում:

Եվ ես` այս հսկա հորձանուտի մեջ մենակ ու անշտապ. ես այս հորձանուտի մեջ տեղ չունեմ գնալու, այսինքն` շտապելու առիթ չունեմ: Բայց հոսանքը շնչահեղձ է անում ինձ, ես չեմ կարողանում ուղղակի կանգնել, որովհետեւ ինձ թվում է` հեղեղը կքշի նաեւ ինձ, ինձ թվում է, թե ավելի լավ է` ես կամավոր շտապեմ: Ես զգում եմ, որ փակուղու մեջ եմ, չեմ կարող հեղեղի մեջ մտնել, չեմ էլ կարող կանգնել, ուղղակի կանգնել.

- Ո՞ւր եք շտապում, մարդի~կ, - հանկարծ ասում եմ ես: Իմ ձայնը ցածր է հնչում, ոչ ոք չի լսում ինձ:

- Ո՞ւր եք շտապում, մարդի~կ, - ավելի բարձր եմ ասում ես: Հեղեղը հորձում է:

- Ո՞ւր եք շտապում, մարդի~կ, - բարձրաձայնում եմ ես: Մարդիկ լսելու ժամանակ չունեն:

- Ո՞ւր եք շտապում, մարդի~կ, - գոռում եմ ես: Հենց այդ պահին հեղեղի մեջ ընկած իմ կողքով անցնում է մերկ, բացարձակապես մերկ մի տղամարդ: Մարդիկ շտապում են, ոչ ոքի չի զարմացնում նրա մերկությունը: Եվ ես հասկանում եմ, որ իզուր եմ գոռում, ոչ մի արձագանքի չեմ արժանանա. սա Տոկիոյի գործարար թաղամասն է:

- Հայ ե՞ս, ապե, - հանկարծ թիկունքիս կողմից լսում եմ ես. սա ամենաանսպասելի եւ թերեւս տվյալ պահին ամենաանցանկալի արձագանքն է: Հերքելը իմաստ չունի, որովհետեւ դժվար թե որեւէ ուրիշ ազգության ներկայացուցիչ այդքան հստակ կարողանա արտասանել «Ո՞ւր եք շտապում, մարդի~կ» արտահայտությունը:

- Հայ եմ, - բռնված գողի նման ասում եմ ես ու շրջվում դեպի հայցվորը: Իմ առաջ կանգնած է մոտ 35 տարեկան մի երիտասարդ` մազերը կարճ կտրած, կլոր դեմքով, մի հինգ օրվա թրաշով, աչքերին ոսկեգույն շուրջակալով էժանագին մուգ ակնոցներ, հագին երկարաթեւ սեւ, անօձիք վերնաշապիկ է` ոսկեգույն կոճակներով, արհեստական մետաքսից սեւ տաբատ ու սեւ կտորե կոշիկներ. այնպիսի տպավորություն է, որ այս երիտասարդն ընդամենը 15 րոպե առաջ կանգնած է եղել Երեւանի Ցիրկի կանգառում: Այնպիսի տպավորություն է, թե սա ինչ-որ սխալմունք է, սովորական թյուրիմացություն: Ես նայում եմ նրան` վախենալով, թե ինձ կճանաչի: Նա անվրդով նայում է ինձ ու ասում.

- Հազար տարի հայի էրես չեմ տեսել. Վարդան ախպերջըն:

- Բորիկ, ապե, - ասում եմ ես:

- Հա, ախպեր. ստեղ սաղ վռազ են: Ինչ մոմենտով ե՞ս ստե, - հարցնում է նա:

- Գործերով:

- Բիզնեսի-բանի մոմենտ ա՞:

- Հա:

- Հազար տարի հայի էրես չեմ տեսել` էթանք մի կտոր հաց ուտենք:

- Չէ, - ասում եմ, - սոված չեմ:

- Դու էլ կոֆե կխմես, ստե մի տեղ մի թեթեւ օբյեկտ կա:

Իսկ ինչո՞ւ ոչ, մտածում եմ ես: Գնացինք: «Օբյեկտը», պարզվում է, «McDonalds»-ն է: Մտնում ենք, կանգնում հերթի:

- «Քուինբրգերի» պես տեղ ա, էլի, ախպեր:

- Հա, - ասում եմ ես:

Հասնում է մեր հերթը:

- Հաստատ սոված չե՞ս, - հարցնում է Վարդանը:

- Լավ, մի բան կուտեմ, - ասում եմ ես:

- Դաբլ դաբլ չիզբուրգե~ր, դաբլ դաբլ կոլա~, դաբլ դաբլ կոֆե~, - ասում է Վարդանը:

Նրան շատ լավ հասկանում են ու մեզ տալիս են երկու կրկնակի չիզբուրգեր, երկու կրկնակի կոլա, երկու կրկնակի սուրճ:

Մոտենում ենք մի սեղանի ու նստում.

- Հետո՞, ախպեր, - դեռ չնստած` հարցնում է Վարդանը:

- Ի՞նչը հետո, - հարցնում եմ ես:

- Ի՞նչ կա~, ի՞նչ չկա~, - ալարկոտ հարցնում է նա:

- Դե, սենց, էլի, - ասում եմ ես:

- Ո՞նց ես էս ջանդամը հասել, ախպեր: Գիտես, չէ՞, որ էսի աշխարհի վերջն ա, - նկատում է Վարդանը:

- Ո՞նց, - հարցնում եմ ես:

- Ապե, օրը ստեղ սկսում ա, ստեղ պրծնում: Ջոկում ես, ասենք, էսօր ամսի 25-ն ա, ամսի 25-ը առաջինը ստեղ ա սկսում, ստեղ էլ պրծնում: Վոբշըմ, սենց խառը-խշտիկ մոմենտներ կան, էլի:

- Քեզ ո՞վ է ասել, - հարցնում եմ ես` նկատելով, որ Վարդանը խոսում է իրեն անծանոթ թեմայից:

- Կորեացի տղերք կան, էլի, իրար հետ գործ ենք անում, - ասում է նա:

- Կորեացիների հետ ե՞ս գործ անում:

- Հա:

- Բա ո՞նց եք իրար հասկանում, Վարդան, ի՞նչ լեզվով եք խոսում:

- Լավ էլ հասկանըմ ենք, ախպեր. լեզուն որս ա, մարդը որ խոսում ա, ջոգողը ջոգում ա` ինչ ա ասում:

Ես ծիծաղում եմ, ինքն էլ: Վարդանը զգում է, որ չեմ հավատում իր ասածին: Գրպանից հանում է բջջային հեռախոսը ու զանգում.

- Ալո, Յոմ, Վարդանն ա, ապե: Չոյին ասա` ես մի ժամ, ժամուկես կուշանամ: Մոմենտ կա, էլի. կգամ, կասեմ: Դավայ, ապե:

Վարդանը անջատեց հեռախոսը ու դիմեց ինձ.

- Բրիգադիրին խաբար արի, էլի, որ կուշանամ:

- Վարդան, էդ կորեացու հետ էիր խոսո՞ւմ:

- Հա, ապե~:

- Լավ, լուրջ:

- Գյոթ ըլնեմ, ապե:

- Ձեռ ե՞ս առնում, այ ախպեր, - չդիմացա ես:

- Ախպեր, քֆուր կերա, էլի չես հավատո՞ւմ, - իր հերթին նեղացավ Վարդանը ու շարունակեց, - երկու տարի իրար հետ ենք աշխատում, ուզում ես չհասկընա՞նք իրար:

- Հա, բայց գոնե ոչ հեռախոսով. ընենց գոնե ձեռով-ոտով կհասկանաք:

- Ախպեր, քեզ ասըմ եմ` ջոգողը կջոգի, դու էլի ասում ես` չգիտեմ ինչ, - էլի նեղսրտեց Վարդանը` իր չիզբուրգերից մի մեծ պատառ կծելով: Մի մեծ պատառ էլ ես կծեցի իմ չիզբուրգերից: Հեռախոսը զանգեց. Վարդանը նայեց մոնիտորին ու դիմեց ինձ.

- Ըհը, ախպեր, Չոն ա` մեր բրիգադիրը: Հըմի պըտի ասի` գործը մնաց, ի՞նչ եղար, - ասաց Վարդանը ու զանգին պատասխանեց:

- Հա, շեֆ ջան, - ինձ աչքով տալով` ասաց նա:

Ես կատարյալ շփոթմունքի մեջ էի: Վեր կացա, անցա նրա կողմը, ականջս դրի հեռախոսին:
Վարդանը չընդդիմացավ. հեռախոսի մեջ, իրոք, ինչ-որ մեկը խոսում էր մի լեզվով, որը կարող էր կա՛մ ճապոներեն լինել, կա՛մ չինարեն, կա՛մ կորեերեն, կա՛մ այդ կարգի ինչ-որ բան: Վարդանը ուշադիր լսում էր.

- ?????????????, - ասում էր ձայնը:

- Չո ջան, մոմենտ կա, էլի, ախպեր. մարդ կա Հայաստանից, մի տեղ նստած ենք. ժամուկեսից ըտե
եմ, - ասում է Վարդանը:

- ?????????????, - անհանգստանում էր ձայնը:

- Չո ջան, կհասցնեմ, ախպերս, էդ խնդիր չի, ցավը տանեմ, արխային կաց:

- ?????????????, - չէր նահանջում ձայնը:

- Չո, դե, չեղավ. ես ասըմ եմ` մոմենտ կա, մարդ ա էկել, դու էլի քոնն ես քըշըմ: Վոբշըմ, էսօր մինչեւ էդ կտորը չպրծնեմ, չեմ քնի, ախպեր. պրծա՞նք, - վրդովվեց Վարդանը:

- ?????, - մեղմացավ ձայնը, - օքեյ, օքեյ:

- Դավայ, ախպեր, - ասաց Վարդանը ու անջատեց հեռախոսը, - վաղը չէ մյուս օր գործը պըդի հանձնենք, տղեն պանիկավատ ա անըմ, էլի, - բացատրեց նա:

Ես ամեն ինչ հասկացա:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.