> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ` ՔԻՉ

ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ` ՔԻՉ

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՕԵԿ-ական երկու նախարարների փոփոխության մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ պոստֆակտում, այսինքն փաստը կատարվելուց հետո: Ըստ հաղորդագրությունների, կադրային որոշումները կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը: Բայց եթե իրոք հարցը հասունացած եւ լուծված լիներ կուսակցության քաղաքական խորհրդում, մինչ բուն որոշման կայացումը ոնց էլ լիներ, մամուլում լուրեր կշրջանառվեին այդ մասին, ինչը տեղի չունեցավ: Այսօրինակ գաղտնիությունը մի բանի մասին է վկայում. սպասվող փոփոխությունների, կամ դրանց հնարավորության մասին տեղյակ են եղել մի քանի հոգի միայն, եւ այդ մի քանի հոգին ամենեւին էլ ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամներ չեն: Այս հանգամանքը հաստատեց նաեւ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը, ինչպես հայտնի է, «օբրուչով բոչկա ուտելու» վաղեմի մասնագետ է: Ահա, ուրեմն` երկուշաբթի օրը TV-ներից մի քանիսին հարցազրույց տալով` Մարգարյանը պնդել է, թե ՕԵԿ քաղաքական խորհուրդը «երեկ», այսինքն մարտի 14-ին է կայացրել ԱԻՎ նախարար Մհեր Շահգելդյանին եւ Տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին հետ կանչելու եւ նրանց փոխարեն համապատասխանաբար` փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին եւ կադաստրի վարչության նախկին պետ, մինչեւ երկուշաբթի Սերժ Սարգսյանի խորհրդական Մանուկ Վարդանյանին առաջադրելու որոշումը: Մինչդեռ Հեղինե Բիշարյանը լրագրողներին ուրիշ ամսաթիվ էր հաղորդել` մարտի 13: Սրանում ոչ մի տարօրինակ բան չկա. անզեն աչքով էլ նկատելի է, որ տվյալ դեպքում գործ ունենք պաշտոնները ՕԵԿ-ից առգրավելու փաստի հետ, նախարարական պորտֆելները վերցվում են հնաբնակ կուսակցականներից եւ տրվում «գաստրալյորների», ովքեր չունեն կուսակցական պատկանելություն, բայց ունեն փող, շատ փող: Փոփոխությունների որոշումն էլ ակնհայտորեն Սերժ Սարգսյանն է կայացրել, եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի դերը այստեղ արարողակարգային է, չնայած նա անպայմանորեն ստացած կլինի իր հասանելիքը: Իսկ թե ինչու է Սերժ Սարգսյանը այսօրինակ կադրային փոփոխություններ իրականացնելու որոշում կայացրել, այս պահին դժվար է ասել: Առավել հավանականը մարդկանց պաշտոնների տեղավորելու անհրաժեշտությունն է: Մանուկ Վարդանյանը երկար տարիներ, եւ մասնավորապես շինարարական բումի տարիներին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է եղել: Իսկ սա նշանակում է, որ ենթադրվող անհատական հարստության մասշտաբներով ամենեւին էլ Սերժ Սարգսյանի խորհրդականի մակարդակ չունի. նրա քսակր «նախարարական» մասշտաբների է: Նույնը կարելի է ասել նաեւ Արմեն Երիցյանի մասին, որի տեղափոխությունը, թերեւս, կարող է կապված լինել ՀՀ ոստիկանությունում ծայր առած եւ դեռ շարունակելի խժդժությունների հետ: Երիցյանն, ըստ ամենայնի, կամ գործող ոստիկանապետի հետ լուրջ անձնական խնդիրներ ունի, կամ էլ այն անձի հետ, որին պետք է առաջիկայում նշանակեն ոստիկանության պետի պաշտոնում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանին, վերջիններս իշխող կոալիցիայի անդամ են դարձել հայտնի իրադարձությունների արդյունքում, եւ իշխանական համակարգում ընդամենը մասովկայի դերակատարում ունեն: Հասկանալի է, որ իշխանական տրամաբանությամբ այս կուսակցությունը նախարարական երեք պորտֆել ունենալու ոչ մի արժանիք չունի: ՕԵԿ-ը վաղուց դասվում է սատկած եւ անհեռանկար կուսակցությունների շարքին, այնպես որ` Արթուր Բաղդասարյանը ընթացիկ քաղաքական շրջանում միմիայն փող աշխատելու տրամաբանությամբ է առաջնորդվում: Ու եթե Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի նախարարությունները նրան մեղրի տակառը մատով լիզելու հնարավորություն էին տալիս, կադրային նոր փոփոխություններով երկու բոչկա օբրուչներով բիրիք կուլ տալու հնարավորություն ստացավ: Ինչ վերաբերում է Արմեն Երիցյանի եւ Արթուր Բաղդասարյանի ընկերներ լինելու մասին փաստարկներին, ինչպես նաեւ նորանշանակ նախարարների ՕԵԿ անդամ դառնալու մասին հաղորդագրություններին, սա ոչինչ չի փոխում վերը շարադրվածի տրամաբանության մեջ: Երիցյանն ու Բաղդասարյանը, ճիշտ է իրար պաս տալով, ուս ուսի տված են դոկտորի կոչում ձեռք բերել, բայց Արմեն Երիցյանը միշտ էլ Սերժ Սարգսյանի կադրն է համարվել: Արթուր Բաղդասարյանը նույնպես: Եւ ՕԵԿ կուսակցության հետագա ճակատագիրն էլ մեծ հաշվով կախված է այն բանից, թե արդյոք Սերժ Սարգսյանը այդ կուսակցությանը դեռ օգտագործելի է համարում, թե նրա օգտագործելիության ռեսուրսը սպառված է համարում մինչեւ վերջ: Կադրային այս փոփոխությունները կարծես վերջին տարբերակի մասին են վկայում, եւ, հնարավոր է, այսպիսով ՕԵԿ-ը թեւակոխում է ՀՀԿ-ի մեջ տարրալուծվելու գործընթացի վերջնական փուլը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի 17, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Armen M.
    Մարտ 17th, 2010 at 09:41 | #1

    երբ ասում են “քաղաքականությունը պոռնիկություն,անբարոյականություն է “ինձ մոտ ախքիկն ու իր հարեմն է ասսոցացվում:Սուտինյորը նորից ակտիվացել է:Մի հարցող լինի էդ ինչ ռազմավարական դաշինք էք կնքել ???անառականոցի ռազմավարությունն ինչն է:Հետո,ՕԵԿ նկատմամբ “ցանկություն” հայտնողները շատ ավելի են քան 110 հազարը:

  2. MM
    Մարտ 18th, 2010 at 19:42 | #2

    voch te qaxaqakanutyunn e pornkutyun, ayl vorosh pornikner(ays depqum axq arturik@) en qaxaqakanutyamb zbaxvum. en vor, arturik@ ir oeki cnndaberutyamb exel e uka serjiki pornik@ , vochvoq chi karox herqel, texyak mardiq shat kan.

  1. No trackbacks yet.