> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ВСЕ УЖЕ УКРАДЕНО ДО НАС!»

«ВСЕ УЖЕ УКРАДЕНО ДО НАС!»

medvedev_sarkozy_obamaՎերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են հաստատելու մեր թերթում դեռեւս օգոստոսին հրապարակված այն տեղեկատվությունը, թե հուլիսին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթ է ստորագրվել կամ նախաստորագրվել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե կարգավորման ինչ-որ սկզբունքներ են քննարկվում, այլ նախկինում ձեռքբերված համաձայնությունների իրագործման մեկնարկի հարցը: Այլապես` ինչպես բացատրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ արած հայտարարությունները, որ փոխանցել է «Ասոշեյթիդ պրես» գործակալությունը: Ըստ այդմ, հիշեցնեմ, Սարկոզին Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ԼՂ հարցի կարգավորման ձգձգման կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել կատարել «անհրաժեշտ քայլերը եւ փոխզիջումները»: Սարկոզին, ուշադրություն դարձրեք, չի խոսում ինչ-որ հարցերի, սկզբունքների, մեխանիզմների շուրջ համաձայնության գալու մասին: Խոսքը իրագործման մասին է, ընդ որում որոշակի, այսինքն` հայտնի քայլերի եւ փոխզիջումների իրագործման (ուշադրություն դարձրեք, որ «քայլեր» եւ «փոխզիջումներ» բառերը դրված են որոշյալ հոդով. այսինքն խոսքը ոչ թե անորոշ, այսինքն` անհայտ, այլ որոշակի, այսինքն` հայտնի փոխզիջումների եւ քայլերի մասին է): Եւ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն արդեն իսկ համաձայնություն է տվել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին, ստացվում է, որ Սարկոզիի «կողմերին» ուղղված կոչը անհրաժեշտ քայլերն ու փոխզիջումներն իրականացնելու մասին, գոնե այս փուլում վերաբերում է բացառապես հայկական կողմին:

Սա հասկանալի է, որովհետեւ հիմա արդեն ստույգ հայտնի է, որ ԼՂ հարցի կարգավորման ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, ամեն ինչ պետք է սկսել ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումով: ԼՂ հարցի կարգավորման շուրջ համապարփակ պայմանավորվածությունների գոյության մասին են խոսում նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերի` Երեւանում արած հայտարարությունները: Լենմարկերն ասում է, որ գոյություն ունի ԼՂ հարցի մանրակրկիտ լուծում, շատ անելիքներ էլ չկան, ընդամենը պետք է պատրաստ լինել ներքաղաքական սպասվող բանավեճին: «Կամք կա, պահանջվում է քաջություն: Պետք է խնդիրը լուծել շատ շտապ, շուտափույթ կերպով, եւ անգամ ոչ թե մոտ ապագայում, այլ հրատապ»,- ըստ լրատվամիջոցների օրերս Երեւանում հայտարարել է Լենմարկերը: Այս խոսքերի վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ այսօր ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունների անելիքը ընդամենը հայտարարելն է ԼՂ հարցի կարգավորման իրենց կողմից համաձայնեցված եւ ստորագրված Ճանապարհային քարտեզի գոյության մասին, եւ դրա իրագործումը սկսելը` ի հեճուկս հնարավոր ներքաղաքական սրացումների: Այլապես չէր կարող խոսք լինել հրատապ լուծման մասին. չհամաձայնեցված սկզբունքներով եւ չհամաձայնեցված գործողությունների պլանով հնարավոր չէ հրատապ լուծում, ընդ որում` այնպիսի հրատապությամբ, որը ավելի արագ է քան «մոտ ապագան»: Այսինքն, խոսքը մի այնպիսի լուծման մասին է, որի իրագործումը կարելի է սկսել այսօր-վաղը: Իսկ սրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ձեւական մի հանդիպում ունենան, եւ հայտարարեն, որ իրենք կարգավորման փաստաթուղթ են ստորագրել: Ընդամենը հայտարարեն, որովհետեւ պրոցեսները վկայում են, որ ամեն ինչ ստորագրված է եղել դեռեւս հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման պահին` 2009 թվականի հունվարի 31-ին: Ի դեպ, հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման պատմությունը ցույց է տալիս, որ «փաստաթուղթ ստորագրելու» համար Սարգսյանն ու Ալիեւը հանդիպելու կարիք ամենեւին էլ չունեն: Ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում էր, ասենք նույն «Ասոշեյթիդ պրես»-ը մի օր, կեսգիշերին հինգ պակաս կարող է հաղորդագրություն տարածել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ուշադրություն դարձրեք` ոչ թե Սարգսյանն ու Ալիեւը, այլ Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հարցի կարգավորման ճանապարհային քարտեզ են ստորագրել` ինչպես տեղի ունեցավ հայ-թուրքական ճանապարհային քարտեզի դեպքում: Միջազգային հանրության համար նման բան անել դժվար չի լինի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ վավերացված ճանապարհային քարտեզ, ըստ ամենայնի, իսկապես գոյություն ունի` Սարկոզիի, Մեդվեդեւի կամ Օբամայի սեղանին: Ահա ուրեմն, կեսգիշերային այսօրինակ հաղորդագրությունը բացառված համարել չի կարելի: Թե ինչ կլինի դրանից հետո, դժվար է ասել: Միակ բանը, որ կարելի է կանխատեսել, այն է, որ դաշնակները ցույց կանեն, կպահանջեն Նալբանդյան Էդիկի հրաժարականը եւ կվանկարկեն` «Նախագահ մի զիջիր, նախագահ մի զիջիր, նախագահ մի զիջիր»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի 16, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. MM
    Մարտ 16th, 2010 at 12:42 | #1

    Hetaqrqir mard es, Nikol! Vonc es ed puzzelner@ hatik-hatik @ntrum u dnum irar koxqi, aranc mi vripman? Du hrashq es! Inchpes misht, axotum enq u xndrum Astcun, qez or arach azatutyan mech tesnel!!!Aroxch exir!!!!!!!!!!!

  2. Marianna
    Մարտ 16th, 2010 at 14:32 | #2

    +1 kam el dashnakner@,inchpes Nikoln er grel, AGN-i pahaki hrajarakan@ kpahanjen…:)

  3. Մարտ 21st, 2010 at 12:59 | #3

    Ա~խ ա~խ իմ Արցախ: Իմ ցավալի, իմ Արցախ: Հայի հողա ետ հողը դրա համար էլ արունա թափել հայը: Երբեք համաձայն չեմմմմմմմմմմմմմմմմմմմմ ես մոնղոլ մարդասպանի հետ ապրեմ: Ես էտ Եվրոպայի, էտ նեգրի հերն անիծ եմ իրանք են որոշում:Մեր ճակատագիրը նրանք են որոշում: էլի ուզում են քցեն մեզ մարդակերների բերանը:

    ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ
    ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ
    ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ

  1. No trackbacks yet.