> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՇՈՒՆԸ ՍԱՏԿԱՑՆՈՂԻՆ ԵՆ ՔԱՐՇ ՏԱԼ ՏԱԼԻՍ

ՇՈՒՆԸ ՍԱՏԿԱՑՆՈՂԻՆ ԵՆ ՔԱՐՇ ՏԱԼ ՏԱԼԻՍ

ss_sarkozyՀայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների, եւ մասնավորապես արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունները Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվության վերաբերյալ ճշգրիտ են. այդ ակտիվությունը պարտադրված է Սերժ Սարգսյանի կողմից: Վերջինս, ըստ այդմ, ուզում է ցույց տալ, ապացույցներ ունենալ, որ ԼՂ հարցի վերաբերյալ իր քայլերը Քոչարյանի վարած քաղաքականության շարունակությունն են, եւ այսօր իրականացվող գործողությունները բխում են, ինչ-որ իմաստով պարտադրված են ԼՂ հարցում Ռոբերտ Քոչարյանի թողած ժառանգությունից: Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանն անշուշտ պիտի իմանար, թե իրեն ինչ է ասելու Նիկոլա Սարկոզին, եւ ուրեմն` Ռոբերտ Քոչարյանին էլ հետն էր տարել Փարիզ, որպեսզի Ժակ Շիրակը նրա հետ «առերես հարցաքննության» ժամանակ պնդի, որ նաեւ նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն` ԼՂ հարցի կարգավորումը պետք է սկսել «Ադրբեջանի գրավյալ տարածքների» վերադարձից: Քոչարյանի այս ակտիվացումը, սակայն, ավելի շատ ներքաղաքական եւ ոչ թե արտաքին քաղաքական նշանակություն ունի: Պետք է ուշադրություն դարձնել, որ Քոչարյանը մեյդանում կրկին հայտնվեց այն ժամանակ, երբ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ ՀՀԿ հովիկաբրահամյանական թեւը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՅԴ-ն մտադիր են ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի կողմից թույլ տված հնարավոր զիջումներն օգտագործել պալատական հեղաշրջում իրականացնելու եւ Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելու համար: Բոլոր ազդակները կան պնդելու, որ Սերժ Սարգսյանը այս դավադրությանը լուրջ է վերաբերվում, լուրջ է վերաբերվում նաեւ ԲՀԿ-ականների փողերով տարածվող այն խոսակցություններին, թե Քոչարյանը երբեք Ղարաբաղի հարցում այսպիսի քաղաքականություն չէր վարի, ինչպիսին Սերժ Սարգսյանն է վարում: Վերջինս էլ, ահա, որոշել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի այս լարված փուլում Ռոբերտ Քոչարյանին պահել մոտակայքում, որպեսզի երբ խոսք գնա ազատագրված տարածքները վերադարձնելու մասին, ինքը ասի, որ իր հետ նման պայմանավորվածություն ոչ ոք ձեռք չի բերել, ասողներն էլ ասեն, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա այս պնդումը անեն նաեւ Քոչարյանի ներկայությամբ, եւ վերջինս ոչինչ չկարողանա հերքել: Թվում է, թե նման պայմաններում Սերժ Սարգսյանը ինքը կարող է հրաժարվել Քոչարյանի ձեռք բերած պայմանավորվածություններից եւ ԼՂ հարցի բանակցային գործընթացը սկսել զրոյից: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը Մարտի 1-ից հետո իշխանության փոխանցմանը Սերժ Սարգսյանին համաձայնել է այն պայմանով, որ ԼՂ հարցում Քոչարյանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են եւ ենթակա են կատարման:

Ահա, այս է Ռ. Քոչարյանի վերջին շրջանի ակտիվացման իրական իմաստը, եւ ուրեմն այսօրինակ ակտիվացմամբ Սերժ Սարգսյանը Ռ. Քոչարյանին, նրա ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական համախոհներին զրկում է ԼՂ հարցի խաղարկմամբ պալատական հեղաշրջում իրականացնելու հնարավորությունից, ստեղծելով մի վիճակ, որ քոչարյանականները նույնպես լծվեն Ղարաբաղի հարցի կարգավորման իր կողմից ստորագրված ծրագրի իրականացմանը, կամ առնվազն չփորձեն ընդդիմանալ դրան, պալատական խառնակչությամբ չզբաղվեն: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը զրկվում է երկրորդ անգամ «հաղթողական» կեղծ լոզունգների ներքո պալատական հեղաշրջում իրականացնելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանն էլ իր համար երաշխիքներ է ստեղծում` Ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա գցելու, բայց եւ Նոբելյան հնարավոր մրցանակին միանձնյա տիրանալու համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտի 13, 2010

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.