> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐ. ՄԻԿԱ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ

ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐ. ՄԻԿԱ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ

mika-baghdasarov2008 թվականի մարտի 1-ին հաջորդած շրջանը հիշում եք, չէ՞: Հենց այդ ժամանակ Սերժ Սարգսյանի կողմնակից այն մասսայի ներկայացուցիչները, որին «մտավորականություն» են անվանում, փրփրած բերաններով բացատրում էին, որ իրենք էլ գիտակցում են երկրում առկա թերությունները եւ պատրաստվում են այդ թերությունների մասին զրուցել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի վերջինս Բաղրամյան 26-ում տեղավորվելուց հետո բոլոր այդ թերությունները այնպես վերացնի, որ դրանց իզն ու թոզը չմնա: Ըստ այդմ` բոլոր թերությունների վերացման համար հարկավոր է, որ Սերժ Սարգսյանը բարեհաջող հայտնվի Բաղրամյան 26-ում:

Հենց այդ «մտավորականություն» կոչվածն էր, որ մտածեց, մտածեց, թե որտեղից պետք է սկսել երկրի անծայրածիր թերությունների շըտըկումը, ու մի կարեւորագույն գույտ արեց. Հայաստանում մի հեռուստաալիք է հարկավոր, որը ռուսական «Կուլտուրայի» նմանությամբ բարձր արժեքներ կքարոզի: Հանրային հեռուստատեսության «Նոր ալիքը» փակեցին ու դրա փոխարեն «Արարատ» ալիք բացեցին, որը քարոզելու էր բարձր արժեքներ: Ու մի հսկայական ժամանակահատված բոլոր հեռուստաալիքները, առօրյա գործերը թողած, բացատրում էին, թե ինչպիսի շրջադարձային, գաղափարական, տիեզերական փոփոխությունների հիմք է դնում Սերժ Սարգսյանը «Արարատ» հեռուստաալիքը բացելով: Ասում էին` ահա բարձր արժեքներ կրող Սերժի բացած ալիքը, որ բարձր արժեքներ է քարոզելու: Էդ «Արարատ» հեռուստաալիքը դիտելու առիթ չէի ունեցել. քրեակատարողական հիմնարկի խցում, ուրեմն, ալիքներ եմ փոխում, ու տեսնեմ մի կյաժ տղա-երեխա է էկրանին. «Հայրիկ ես քեզ սիրում եմ»,- ասում է երեխան ռուսերենով: Մտածում եմ` տեսնես էս ի՞նչ բարձր արժեք են քարոզում, ու մեկ էլ հաջորդ կադրից տեղեկանում եմ, որ կյաժ երեխան Միկա Բաղդասարովի զավակն է: «Արարատ» հեռուստաալիքը բարձր արժեքներ է քարոզում, ի դեմս Միկա Բաղդասարովի: Մերուժան Տեր-Գուլանյանը` չգիտեմ դոզայի տակ, թե պախմելիայի մեջ, Միկային է Բաղդասարով ներկայացնում որպես բարձրագույն մի արժեք, մի սրբություն ու սրբապատկեր, թե ինչպես է նա կերտել, արարել, ստեղծել: Չի թալանել, իհարկե, Սերժ Սարգսյանի եւ Արմեն Ավետիսյանի օժանդակությամբ ուրիշի ունեցվածք չի խլել, այդ խլածի վրա չէ, որ միլիոնատեր է դարձել: Չէ, ոչ, նետ, նիխտ. նա սրբություն է, Մերուժան Տեր-Գուլանյանի հարափոփոխ, գուլպայի նման հարափոփոխ սրբություններից մեկը, եւ այս սրբության բարձր արժեքն է քարոզում այն հեռուստաալիքը, որի դարակազմիկ գաղափարն էին Մարտի 1-ից հետո մատուցում 50 դոլարանոց մտավորականները: Ինչ վերաբերում է Միկա Բաղդասարովին` արդի «մեծագույն հայ գործարարի» ընտանիքում, պարզվեց, ոչ ոք հայերեն չի խոսում: Ու քանի որ հայրիկը բազմազբաղ է եւ տանը լինելու ժամանակ չի ունենում, նրա սիրասուն զավակները հանրային հեռուստատեսության եթերն են օգտագործում հայրիկի նկատմամբ իրենց սերն արտահայտելու համար: Հիրավի` բարձր արժեք է, բարձրարժեք մի բան: Բայց Տեր-Գուլանյանը հեռուստատեսային եթերի շատ հետաքրքիր կիրառում է առաջարկում, որն իսկապես կարող է կոմերցիոն օգուտներ բերել: Հանրային հեռուստատեսությունը կարող է օլիգարխների եւ նրանց ընտանիքի անդամների կապի միջոց դառնալ: Ասենք, օլիգարխների բալիկները քնելուց առաջ կարող են ուղիղ եթեր մտնել եւ իրենց հայրիկներին «բարի գիշեր» մաղթել: Իրենք` օլիգարխները, կարող են պատասխան ուղիղ թողարկմամբ հանդես գալ, եւ ուղիղ եթերում բարի գիշեր մաղթել սիրասուն զավակներին: Այս մեթոդը կարող է կենցաղային հարցեր լուծելու լավ կոմունիկացիա էլ դառնալ. Ասենք, օլիգարխի զոքանչը ուղիղ եթեր է մտնում, եւ ուղիղ եթերում խոսք ուղղում սեփական փեսային. «Միշիկ ջան, Միշիկ` տուն գալիս զակատի կրիշկա կբերես, մուրաբա եմ փակել քեզ համար, զակատ անեմ, որ ձմեռվա ռավետները չայ խմես»: Եւ պրակտիկ կլինի, եւ մենք հեռուստատեսային եթերում կտեսնենք, թե ինչպիսին պետք է լինեն փեսա-զոքանչ հարաբերությունները իսկական հայ ընտանիքներում: Ինչ վերաբերում է կոնկրետ Բաղդասարովների ընտանիքին, նրանց եթերը մի փոքր հակասում էր «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, բայց ազգային շահերը, ինչպես հայտնի է, բարձր են օրենքներից:

Հ.Գ. Ընթերցողը չի կռահի, թե Միխայիլ Բաղդասարովը ինչպես է դիմում Սերժ Սարգսյանի եղբորը` Սաշիկ Սարգսյանին: «Ա~ մաֆիոզի»,- այսպես է սկսում Սաշիկին ուղղված ցանկացած միտք «հայ ժողովրդի մեծագույն արժեք» Միկա Բաղդասարովը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.