> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 46.-50.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 46.-50.

46. Դավադրություն ըստ Սեսիլի

47. Սեռական ակտի փոխարժեք

48. Viva Cuba

49. Իսկ օվկիանոսը խաղաղ է

50. Պաուլան, Բեբան եւ Մարթան

* * *

46. Դավադրություն ըստ Սեսիլի

«Հավանա Ռիվեիրա» հյուրանոցը գտնվում էր ծովի, ավելի ճիշտ` Մեքսիկական ծոցի հենց պռնկին: Իմ պատուհանից տեսարան էր բացվում դեպի ծովը, եւ բացի ծովից ուրիշ ոչինչ չէր երեւում: Ծովը Սեսիլի զուգագուլպաների գույնն ուներ եւ թարմ էր նրա ազդրերի նման:

Նախաճաշից հետո Սեսիլը ինձ ծանոթացրեց իր ուղեկիցների հետ. նրա հայրը մոտ 45 տարեկան բարետես մի մարդ էր: Հայացքը կենտրոնացած էր ու լուրջ, ժեստերը` ինքնավստահ ու կանոնավոր, եւ նրա հետ ծանոթանալուց հետո ես զարմացա, թե ինչ ընդհանուր բան կարող է ունենալ նա այդ ծիտիկի, այսինքն` Էլիզի հետ: Հետագա շփումների ընթացքում հասկացա, որ Ռայմոնն ավելի լուրջ հարաբերություններ հաստատելու հնարավորություն չունի կամ էլ ցանկություն. նրա կինը` Սեսիլի մայրը, տարիներ առաջ մահացել էր:

Իսկ Էլիզը մի այնպիսի կերպար էր, որոնցից կարելի էր ձեռք բերել գեղեցկուհիների վարձույթի սրահում, ժամավարձով կամ օրավարձով: Նա ժամանակ առ ժամանակ աշխատում էր դեմքին լուրջ ու մտահոգ արտահայտություն տալ, իբր` բացի արեւի լոգանքից, մանիկյուրից, պեդիկյուրից, այսինքն` սեփական ապրանքային տեսքից, ուրիշ հարցեր էլ են հուզում իրեն: Էլիզը, իհարկե, մարմնավաճառ չէր, բայց նաեւ էր:

Որպեսզի ընթերցողը հասկանա սովորական մարմնավաճառի եւ Էլիզի տարբերությունը, պետք է պատկերացնի մանրավաճառի եւ մեծածախ առեւտրով զբաղվողի տարբերությունը: Էլիզը նրանցից էր, որ սիրում է երկարաժամկետ գործարքներ, դեմ չի լինի անգամ ցմահ գործարքի, եթե համապատասխան հաճախորդ հանդիպի եւ առաջարկի ամուսնանալ: Նման գործարքի դեպքում Էլիզը հաստատ հավատարիմ կմնա իր գնորդին, առանց հիմնավոր պատճառի չի դավաճանի նրան: Բայց եթե հընթացս ավելի շահավետ գործարքի առաջարկ լինի, նա կխզի հին պայմանագիրը եւ կկնքի նոր գործարք:

Շառլը, որ թերեւս Ռայմոնից երիտասարդ էր, կարծես ոչ թե սովորական մարդ էր, այլ կանանց գայթակղելու մեքենա: Նրա մազերը հարդարված էին անասելի բծախնդրությամբ, ատամները անբնական սպիտակ էին. նկատելի էր, որ նա առնվազն ամիսը մեկ անգամ գնում է ատամնաբույժի մոտ, պարտադիր մանիկյուր էր անում եւ պեդիկյուր: Շառլը ժպտում էր հոլիվուդյան աստղի պես, բուրում էր օծանելիքի միայն իրեն հայտնի բուկետով, եւ ինչքան հասկացա, այդ բուկետի մեջ կանացի օծանելիք էլ կար: Կանայք պետք է ճանաչեին այդ հոտը եւ հետեւություն անեին, որ նա հենց նոր է դուրս եկել ինչ-որ նշանավոր տիկնոջ գրկից, որի հետ գաղտնի սիրային կապի մեջ է. դա պիտի լիներ ինչ-որ նարկոբարոնի կամ մաֆիայի պարագլխի կին, որին սիրահետելը վտանգած պիտի լիներ մեր քաջարի Շառլի կյանքը:

Այդ առավոտյան նա հագել էր թանկարժեքագույն մի վերնաշապիկ, որի օձիքի տակից մի նրբագեղ թաշկինակ էր կապել, որը «ակնհայտորեն» նրան նվիրել էր նարկոբարոնի կինը` իր սրտի տիրակալը, որը չի կարող հեռանալ իր բռնակալ ամուսնուց` իր ու իր սիրեցյալին մահվան չդատապարտելու համար: Ահա այսպիսի քայլող ներկայացում էր Շառլը: Եվ պետք է խոստովանել` նա արագ նաեւ հանդիսատես ձեռք բերեց. այդ օրը տարբեր ժամերի ես նրան տեսա երկու տարբեր կանանց հետ սուրճ խմելիս:

Սեսիլը, իհարկե, գեղեցիկ աղջիկ էր: Բայց կանացի գեղեցկությունը կարող է լինել թեթեւ, խորքից ու զանգվածից զուրկ, ինչպես, օրինակ, Էլիզի դեպքում: Սեսիլը, սակայն, այսպիսին չէր. նրա գեղեցկությունը կարծես ամրապնդված էր ինչ-որ հավելյալ հատկանիշներով եւ մի տեսակ աներկբա կշիռ էր ստանում: Կան կանայք, որ ընդամենը սեռական գրգիռներ են առաջացնում: Ոմանք էլ տղամարդուն ձգում են եւ, միաժամանակ, նրա մեջ անվստահություն սերմանում, եւ նա, ով ձգվում է դեպի այդ կինը, միաժամանակ ինքն իրեն հարց է տալիս` կարո՞ղ եմ արդյոք: Ահա այսպիսին էր Սեսիլը, բայց ինչպես հետագայում համոզվեցի, այս հատկանիշները չէին ամբողջացնում նրա կերպարը:

Չնայած արդեն օդանավում ես ինձ արգելել էի նայել նրա ազդրերին, եւ ընդհանրապես, զննող հայացքներ ձգել նրա կողմը, վայրէջքից հետո խախտեցի իմ այս արգելքը: Ես դասավորվեցի այնպես, որ քայլեմ անմիջապես նրա ետեւից եւ նրան ուսումնասիրելու հնարավորություն ունենամ: Այս պահվածքս արդարացնում էի նրանով, որ անձնագրային ստուգում անցնելիս չպետք է լարված տեսք ունենամ, եւ այս լարվածությունից խուսափելու լավագույն ելքը ինձ համար Սեսիլի երկնագույն ոտքերն էին, չափավոր լայն ուսերը, վստահ քայլվածքը:

Բայց կանայք, երեւում է, իրենց մարմնի վրա ուրիշ զգայարաններ էլ ունեն, եւ եթե որեւէ տղամարդ հետաքրքրված հայացքով նայում է նրանց, նրանք դա զգում են եւ ամբոխի միջից կարող են առանձնացնել այն մեկին:

Առավոտյան Սեսիլը շատ լավ տեսք ուներ. նա այլեւս զուգագուլպաներով չէր, այլ հագել էր շատ գեղեցիկ կարճ անդրավարտիք եւ նույնքան գեղեցիկ շապիկ: Նախաճաշից հետո նրա ընկերակիցների հետ նախասրահում ծանոթանալուց հետո դուրս եկա լողափ եւ նստեցի նստարաններից մեկին: Շատ շուտով ինձ համար անսպասելի այստեղ հայտնվեց նաեւ Սեսիլը: Մենք զրուցեցինք տարբեր բաներից, նա ասաց, որ այս Կուբան ահագին ձանձրալի տեղ է երեւում, եւ այս պահին տեսանելի միակ ուրախությունը թերեւս լավ եղանակն է, լավ լողափը եւ լավ կամպանիան: Վերջին դիտարկումը նա արեց իմիջիայլոց, եւ ես դրան առանձնակի ուշադրություն չդարձրի: Ապա ինձ հարցրեց, թե չե՞մ ուզում արդյոք լողալ, ես ասացի, որ` ոչ, սրան ի պատասխան ասաց, որ ինքը ուզում է, հենց ինձ մոտ ցուցադրաբար հանեց իր շորտն ու շապիկը ու դարձյալ երկնագույն լողազգեստով վազեց դեպի ծովափ: Այս ամենը ինձ թեթեւամիտ թվաց, եւ ես վեր կացա ու վերադարձա հյուրանոց: Իհարկե, Սեսիլի հետ կոկետություններ անելու ցանկություն ամենեւին չունեի, բայց նրա պահվածքը ինձ տարօրինակ թվաց: Ինձ թվաց, թե նա ուզում է մատչելիություն ցուցադրել: Այնքան հոտառություն ունեի, որ հասկանայի, որ Սեսիլը ամենեւին էլ Էլիզ չէ, բայց նա ուզում էր ինձ հակառակը ցուցադրել, ուզում էր ցույց տալ, որ ինքը չափազանց մատչելի է, որ բավական է միայն ցանկանամ, եւ մենք կբարձրանանք սենյակ: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր կարճ ծանոթության ընթացքում նրա մասին ուղիղ հակառակ կարծիք էի կազմել, եւ Սեսիլի այս նոր իմիջը ինձ համար կասկածելի էր:

Շատ չմնացի հյուրանոցում. ինչպես եւ որոշել էի` գնացի Հեղափոխության թանգարան, այնտեղ տեսա բավական հետաքրքիր նմուշներ` Չեի հրացանը, մի քանի անձնական իրեր, ուսումնասիրեցի հեղափոխությանը նվիրված գեղանկարները, մի քիչ քայլեցի Հավանայի փողոցներով ու վերադարձա հյուրանոց: Իմ այս շրջայցը չփոխեց Հավանայից ստացած ընդհանուր տպավորությունը, չնայած` այստեղ մարդիկ ինձ համար անսպասելի կենսուրախ էին:

Սեսիլին տեսա մեկ էլ ճաշին հյուրանոցում. նրանք նստած էին չորսով, գումարած մի սիրունատես մուլատուհի. Շառլը շարունակում էր պրպտումների մեջ մնալ: Իմ ու Սեսիլի հայացքները մի անգամ հանդիպեցին. մենք ժպտացինք իրար` նրա ժպիտը նենգ էր եւ չարաճճի: Ինձ թվաց, թե նա մի փոքր մտախոհ է: Ճաշից հետո որոշեցի գնալ լողափ ու մի քիչ լող տալ ու պառկել արեւի տակ: Ինչպես եւ սպասում էի, շուտով հայտնվեց Սեսիլը, բայց արդեն ոչ մենակ. նա ինչ-որ խարտյաշ տղայի հետ էր. նրանք շատ աղմուկ էին անում` կարծես փորձելով գրավել բոլորի կամ ինչ-որ մեկի ուշադրությունը: Բայց այդ պահին ներկայացման ոչ մի պոտենցիալ հասցեատեր լողափին չկար. համենայնդեպս, շուրջս նայելով` ոչ մի հարմար թեկնածու չգտա. մնում էի միայն ես:

Նրանց խաղը, աղաղակը ակնհայտ սիրային ենթատեքստ ուներ, սակայն երբ ավելի ուշադիր սկսեցի հետեւել, հասկացա, որ այդ մեծ աղմուկի տակ, ըստ էության, ոչինչ չկա: Սա ինձ ավելի էր զարմացնում. Սեսիլը ակնհայտորեն ուզում է թեթեւսոլիկի տպավորություն գործել, ընդ որում` դա ուզում էր ինձ ցուցանել, բայց ինձ համար այնքան ակնհայտ էր, որ նա լուրջ աղջիկ է: Ճիշտ է, ես անպարկեշտ հայացքով երկար ժամանակ ուսումնասիրել էի նրան, բայց համոզված էի, որ նա թեթեւսոլիկ չէ, եւ հարգանքով էի վերաբերվում նրան: Բայց ինչո՞ւ է նա իրեն այդպես պահում, ինձ համար անհասկանալի էր: Հիշեցի, թե նա օդանավում ինչ արհամարհանքով էր խոսում Շառլի մասին, բայց հիմա իրեն Շառլի կլիենտի նման է պահում: Ի՞նչ իմաստ ունի առավոտյան ինձ ցույց տված մատչելիությունը եւ այս խաղը խարտյաշ տղայի հետ. մի՞թե Սեսիլը փորձում է իմ մեջ մրցակցության ոգի արթնացնել:

Այս կերպարանափոխությունը ինձ անհասկանալի էր թվում, եւ այդ օրը խուսափեցի այլեւս Սեսիլի հետ շփվելուց, որովհետեւ զգում էի, որ նա ինձ ուզում է ինչ-որ խաղի մեջ ներքաշել, իմ գլխին մի օյին խաղալ: Այս վարկածը ինձ սկզբից զվարճալի թվաց, բայց հետո ես զգուշացա. ի՞նչ է մտածել այդ աղջիկը եւ ինչո՞ւ: Ես իսկապես տագնապեցի, բայց օրը ցույց տվեց, որ Սեսիլը ավելի է խորանում իր խաղի մեջ: Սրան հարկավոր է մի հակախաղ գտնել: Սկսեցի մտածել. առաջին միտքը, որ եկավ գլխիս, արագ այստեղից հեռանալն է: Բայց դա մի տեսակ ամոթ էլ է, փախչել այս աղջկա ահից: Հարկավոր է ինչ-որ ավելի արժանապատիվ բան գտնել. գուցե բացատրվե՞լ: Բայց սա ավելի հիմար միտք է, ի՞նչ պետք է բացատրեմ եւ ինչպե՞ս:

Տեւական մտածումներից հետո, ի վերջո, եզրակացրի, որ Էլիզը, միայն Էլիզը կփրկի ինձ: Ռայմոնը նախաճաշից հետո հեռանում է հյուրանոցից եւ վերադառնում ճաշելու. ճաշում են ահագին ուշ: Այս ողջ ընթացքում Էլիզը անջատված փռված է լողափին. արեւի լոգանք է ընդունում` ինչ-որ ամսագրեր թերթելով: Ու եթե Սեսիլը որոշել է ինձ իբր հրապուրել, ճիշտ կլինի ես էլ ցույց տամ, որ իբր հրապուրված եմ մեկ ուրիշ կնոջով: Գուցե սա ազդի նրա վրա:

Հաջորդ օրը նախաճաշից հետո, երբ արդեն Էլիզը անցել էր իր գործին, ջուրը մտա, մի քիչ լողացի ու եկա փռվեցի ոչ հեռու: Հետո նրանից մի ամսագիր խնդրեցի, հետո սկսեցի անկապ հարցեր տալ, թե, ասենք, ինչ է մտածում Միլա Յովովիչի ու Լյուկ Բեսոնի մասին, մի քանի անգամ պահանջվածից բարձր ծիծաղեցի` Սեսիլին եւ իր խարտյաշ ուղեկցին ի տես: Հետո Էլիզին հրավիրեցի լողափի բարում կոկտեյլ խմելու, խմեցինք ու վերադարձանք: Զգացի, որ Սեսիլը կատաղում է. մի երկու անգամ նա մեզ մոտով անցավ ջղաձիգ քայլերով. ես նրան առավոտյան բարեւել էի ու այլեւս չէի նայել նրա կողմը: Մինչեւ Ռայմոնի գալու ժամը լողափին չարչարվեցի Էլիզի հետ. մի անգամ էլ նրա համար հյութ բերեցի իմ ձեռքով: Այս ողջ ընթացքում Սեսիլն ու խարտյաշը մոտակայքում էին եւ չէին կարող չնկատել տեղի ունեցողը:

Ճաշից հետո նորից եկա ծովափ, լողացի ու նստեցի ավազին` արեւի տակ: Շուտով հայտնվեց Սեսիլը` խարտյաշի հետ: Նրանք գնացին նստեցին ինձնից ահագին հեռու: Քիչ հետո իմ առաջ տեսա Սեսիլի ծանոթ ոտքերը.

- Կարելի՞ է իմանալ` ինչ եք կպել իմ մայրիկին, - «մայրիկ» բառը նա ակնհայտորեն արտասանեց հեգնանքով:

- Ե՞ս, - շփոթահար արձագանքեցի. պիտի սկսեի արդարանալ, բայց մտածեցի, որ դա հենց այս աղջնակի ուզածն է, - իսկ ինչ է, չի՞ կարելի զրուցել գեղեցիկ եւ հմայիչ կանանց հետո:

Հասկանալի է, որ Սեսիլը չէր սիրում Էլիզին, եւ նրա մասին իմ բնորոշումները պիտի որ կատաղեցնեին նրան:

- Դուք չեք զրուցում, դուք սիրահետում եք նրան:

- Իսկ ինչ է, չի՞ կարելի, - լկտի հայացքով ասացի ես:

- Իմիջիայլոց, նա ազատ չէ, - շատ լուրջ տեսքով ասաց Սեսիլը:

- Իսկ ձեր կարծիքով` ես ազա՞տ եմ, - հանդիմանող հայացքով ասացի ես:

Նա շփոթվեց, բայց ընդամենը մի պահ.

- Դե, որ ազատ չեք, աչք մի տնկեք ջահել աղջիկների հետույքներին, - աչքերը չռելով, դեմքը ծռելով` ասաց նա ու շրջվեց` հեռանալու:

Զգացի, որ կարմրում եմ, հասա նրա ետեւից:

- Սեսիլ, դա թյուրիմացություն էր, հիմար թյուրիմացություն. կներեք ինձ, - ասացի ես. նա իսկապես վիրավորվել էր իմ անպարկեշտ հայացքներից, սա նրան ահավոր անհարգալից էր թվացել, ահավոր վիրավորական: Առաջին անգամ ինձ հետ Շառլի մասին խոսելով` նա, ըստ էության, ակնարկել էր, որ չի ողջունում իմ թաքուն հայացքները իր ազդրերին: Դրանից հետո մի քիչ հավաքել էի ինձ, բայց օդանավակայանում Սեսիլը կա°մ զգացել, կա°մ էլ նկատել էր, որ ես ավելի եմ ակտիվացել այդ գործում: Նա, իհարկե, չէր կարող մտածել, որ այդ ամենի պատճառը անձնագրային ստուգումից առաջ լարվածությունս թոթափելու իմ ցանկությունն էր: Ես էլ չէի կարող դա ասել:

Ամեն դեպքում, մենք բացատրվեցինք եւ, փաստորեն, խաղաղություն հաստատեցինք:

Ավելի ուշ իմ վարկածը հաստատվեց. նա դավադրություն էր պլանավորել իմ դեմ: Սեսիլը խոստովանեց, որ որոշել էր ինձ տանել իր սենյակ, եւ երբ ես մերկացած լինեի, պետք է վերցներ իմ շորերը ու դուրս գար իր սենյակից:

- Եթե Փարիզում լինեինք, ես գուցե ձեզ դատի տայի սեռական ոտնձգության համար, - ասաց նա:

«Սատանի աղջիկ», - մտածեցի ես:

47. Սեռական ակտի փոխարժեք

Ես շատ արագ հասկացա, որ Կուբայից Ճապոնիա մեկնելը այնքան էլ հեշտ գործ չէ: Մարդատար նավեր չեն աշխատում, իսկ Ճապոնիա մեկնող բեռնատարներ կարող են ամիսներով, նույնիսկ տարիներով չհանդիպել: Ինձ ասում էին, որ եթե բրիտանական եւ ֆրանսիական վիզաներս ուժի մեջ են, իսկ դրանք ուժի մեջ էին դեռ, ամենատրամաբանականն այն է, որ մեկնեմ Մարտինիկա կղզի կամ Մեծ Կայման կղզի, որտեղից Ճապոնիա մեկնելը ավելի հեշտ կլինի: Բայց անգամ այդ կղզիներ մեկնելը բարդ էր, տրանսպորտային կանոնավոր կապի բացակայության պատճառով, եւ այստեղ էլ պետք էր հույս դնել բեռնանավերի վրա, որոնք էլի հաճախ չէ, որ ելումուտ էին անում Հավանայի նավահանգիստ:

Հասկացաք արդեն, որ Հավանան բավական ձանձրալի տեղ էր. երբ ահագին բարեկարգ կենտրոնից մի փոքր դուրս էիր գալիս, աղքատությունը, խեղճությունը իրեն զգալ էր տալիս, այնպես որ` երկրորդ օրվանից արդեն «Հավանա Ռիվիերայից» դուրս չէի գալիս: Ընթերցողը նկատեց, թերեւս, որ սա միակ հյուրանոցի անունն է, որ հիշատակում եմ: Պատճառը պարզ է. եթե դու օտարերկրացի ես եւ եղել ես Հավանայում, երկու տարբերակ ունես` «Հավանա Լիբրե» կամ «Հավանա Ռիվիերա», այնպես որ` սրանից գաղտնիք սարքել չի էլ լինի: Իսկ մեր հյուրանոցը երեկոյան դառնում էր Հավանայի կենտրոնը. այստեղ հավաքվում էին Կուբայում աշխատող օտարերկրյա գործարարներ, դիվանագետներ` թենիս, բիլիարդ, պոկեր խաղալու, լատինամերիկյան երաժշտություն լսելու, կաշասա խմելու, շփվելու: Շփման այլ միջավայր այս մարդկանց համար չկար էլ, եւ ես բազմաթիվ նոր ծանոթություններ հաստատեցի, եւ շատ շուտով բոլորը գիտեին, որ ինձ Ճապոնիա մեկնող նավ է պետք:

Եվ ահա, մի օր այն խարտյաշը, որի հետ Սեսիլը իմ հոգում «խանդի զգացողություն» էր առաջացնում, հաճելի նորություն բերեց: Այդ տղան, պարզվեց, Կուբայում Արգենտինայի դեսպանի որդին է եւ իմացել էր, որ առաջիկա օրերին մի արգենտինական զբոսանավ է ժամանելու Հավանա, որը զբոսաշրջիկների տուր է իրականացնում Կարիբյան ծովով ու Խաղաղ օվկիանոսով եւ որը մտնելու է նաեւ Ճապոնիա: Սա շատ լավ նորություն էր, որովհետեւ մեծ էր հավանականությունը, որ այդ նավի վրա մի հոգու տեղ կգտնվի, մանավանդ եթե խարտյաշը (նրա անունը Խուլիո էր) ու նրա հայրը ինձ համար միջնորդեն: Խուլիոն խոստացավ, որ ինձ տեղյակ կպահի, երբ նավը ժամանի, եւ կփորձի լուծել իմ հարցը. եթե անկանխատեսելի հանգամանքներ չլինեն, չի կարծում, թե որեւէ բարդություն կծագի:

Ահա, ուրեմն, ծովափնյա երեկոները Հավանայում գտնվող օտարերկրացիներիս սփոփանքն էր: Շառլը, սակայն, շատ գոհ էր. նա ասում էր, որ կուբացի կանայք կրակոտ են եւ գիտեն անկողնում իրենց պահել: Մի երեկո Շառլը իր սիրային քաջագործությունների մասին էր պատմում. սեղանի շուրջ հարմարավետ բազկաթոռներին նստած էին այն մուլատուհին, Ռայմոնն ու Էլիզը, Սեսիլը, Խուլիոն, եւս մի քանի հոգի ու ես: Շառլը պատմում էր, թե իրենք ինչ անմոռանալի ժամեր են անցկացնում անկողնում, եւ հետաքրքրվում, թե արդյո՞ք ոչ ոք իրենց տառապագին ձայները լսելու բախտին չի արժանացել: Բացասական պատասխան ստանալով` Շառլը դիմում էր մուլատուհուն.

- Մենք պետք է ավելի լավ աշխատենք, փիսիկս, - ինչին հետեւում էր մուլատուհու տափակ հռհռոցը, որը, սակայն, վարակում էր բոլորիս:

Շառլը ցինիկ էր եւ անընդհատ խոսում էր սիրային արկածների, սեքսի մասին ու ինչ-ինչ տեսություններ զարգացնում, ինչպես, օրինակ, իր վաղեմի տեսությունը սեռական ակտի փոխարժեքի մասին: Երբ նա հայտարարեց, որ պատրաստվում է ներկաներին բացատրել իր այդ տեսությունը, Սեսիլը ջղաձիգ վեր կացավ ու հեռացավ: Ներկաները գտնվում էին կաշասայի ազդեցության տակ, եւ բոլորն էլ հետաքրքրություն ցուցաբերեցին Շառլի տեսության նկատմամբ:

Իսկ Շառլը բացատրում էր, որ տղամարդիկ, այսպես թե այնպես, վճարում են յուրաքանչյուր սեռական ակտի դիմաց, անկախ նրանից, թե ում հետ են իրականացնում այդ ակտը` սեփական կանանց, սիրուհիների, թե մարմնավաճառների հետ.

- Ես հաշվարկել եմ, որ ներկայումս սեռական ակտի միջին փոխարժեքը երկրագնդի վրա մոտ 70 եվրո է: Այսինքն` ամեն տղամարդ, անկախ նրանից, թե ում հետ է սեռական ակտի մեջ մտնում, մեկ ակտի համար վճարում է միջինը 70 եվրո:

- Այդ ինչպե՞ս, - հետաքրքրվեց Էլիզը:

- Շատ հանգիստ, անուշիկս. հիմա դու, իհարկե, կասես, որ Ռայմոնը քեզ ոչինչ չի վճարում ձեր հարաբերությունների համար: Բայց եթե ուղղակի չի վճարում, դա դեռ չի նշանակում, թե չի վճարում: Նա քեզ համար զանազան նվերներ է գնում, քեզ տարբեր տեղեր տանում. Հավանա թռչելու տոմսի համար Ռայմոնն է վճարել, ճի՞շտ է: Ճիշտ է: Ահա, ուրեմն, եթե դու այսօրվանից սկսես նշագրումներ անել եւ մեկ ամսից ամփոփես, թե դու եւ Ռայմոնը քանի անգամ եք իրար սիրել, եւ այդ ընթացքում քեզ վրա նա ինչքան փող է ծախսել, երկրորդ թիվը բաժանես առաջինի վրա, կիմանաս, թե ինչ արժե մեկ սեռական ակտը քեզ հետ: Նույնը վերաբերում է ամուսնացած կանանց. նրանց թվում է, թե իրենց ամուսինները բավարար չափով ուշադիր չեն իրենց նկատմամբ: Բայց սեռական ակտի փոխարժեքի օրենքը հաշվի չեն առնում. պատահական սիրուհիների համար ստիպված չես մեքենա գնել, նվերներ առնել նրանց հայրերի, մայրերի, եղբայրների, քույրերի համար, այս է պատճառը, որ սիրուհիների համար գնվող նվերները շատ ավելի տեսանելի են: Բայց եթե հարցը դիտում ենք փոխարժեքի տեսակետից, հասկանալի է դառնում, որ օրինական կանայք ամենաթանկն են նստում: Զուտ բիզնեսի տեսանկյունից, շահավետության տեսանկյունից, ավելի ձեռնտու են մարմնավաճառները, որովհետեւ նրանք հնարավորություն են տալիս հստակ հաշվարկված բյուջե ունենալ…

- Ինչպե՞ս կարելի է օրինական կանանց համեմատել մարմնավաճառների հետ, - վրդովված հարցրեց մի տիկին, որին նախկինում չէի տեսել. մեր սեղանի շուրջ ահագին բազմություն էր հավաքվել:

- Կանայք, - բացատրում էր Շառլը, - տարբերվում են ոչ թե իրենց կարգավիճակով, այլ դասով: Նրանք մեքենաների նման լինում են տարբեր դասերի եւ տիպերի: Կան S դասի մեքենաներ, սպորտային մեքենաներ, կաբրիոլետներ, լիմուզիններ, սեդաններ: Այդպես էլ կանայք` ոմանք «Ռոլս Ռոյս» են, իսկ ոմանք էլ` «Վոլցվագեն-Գոլֆ»:

Մուլատուհին աշխուժացավ.

- Իսկ ես ի՞նչ եմ, սիրելիս, - հարցրեց նա:

- Դու, փիսիկս, 1972 թվականի արտադրության «Բյուիք» ես, - հանգիստ ասաց Շառլը:

Սեղանի շուրջ նստածներս քիչ էր մնում խեղդվեինք. մենք գերմարդկային ճիգերով էինք զսպում մեր ծիծաղը:

- Զզվելի, - ասաց մուլատուհին ու տեղից վեր կացավ` իբր վիրավորվեց եւ հեռանում է:

- Բայց, փիսիկս, դու գիտե՞ս, թե հիմա ինչ արժե 1972 թվականի արտադրության «Բյուիքը», եթե քեզ նման գտնվում է լավ մարզավիճակում` խելագար փողեր:

Մուլատուհին ժպտաց.

- Ճի՞շտ ես ասում, թանկագինս:

- Այո, իհարկե, չես հավատում` Ռայմոնին հարցրու:

Ռայմոնը գլուխը դրական շարժեց եւ հայացքով հաստատեց Շառլի ասածները: Մուլատուհին նստեց:

- Հա, ուրեմն, - շարունակեց Շառլը, - կա «Ռոլս Ռոյս», եւ կա «Բյուիք»: Բայց դու կարող ես ունենալ քո սեփական «Վոլցվագեն-Գոլֆը» կամ էլ այն վերցնել վարձույթից: Այսինքն` եթե դու մեքենան վարձույթից ես վերցրել, եթե այն «Վոլցվագեն-Գոլֆ» է, չի դադարում «Վոլցվագեն-Գոլֆ» լինելուց: Նույնը վերաբերում է կանանց. եթե դու տանը «Վոլցվագեն-Գոլֆ» ունես, մի անգամ այն քշելու համար ծախսում ես մոտավորապես նույն գումարը, ինչ եթե այն վերցրած լինեիր վարձույթից: Իմ կարծիքով, սա հանճարեղ տեսություն է, - ամփոփեց Շառլը` սիգարը փստացնելով, եւ ավելացրեց, - ոմանք շտապում են միանգամից «Ռոլս Ռոյս» ձեռք բերել. բայց շուտով հասկանում են, որ այն բենզին շատ է սպառում, որ պահեստամասերը թանկ են: Այնպես որ, ավելի լավ է «ՎոլցՎագեն-գոլֆ» ունենալ, իսկ «Ռոլս Ռոյսը» առիթից առիթ վարձույթով վերցնել:

Էլիզը, մուլատուհին ու այն անծանոթ տիկինը սկսեցին հարցեր տալ Շառլին: Ես վեր կացա, գնացի լողանալու: Երեկոյան այդ ժամին Մեքսիկական ծոցի ջուրը առանձնապես հաճելի է:

48. Viva Cuba

Սեսիլի հետ իմ շփումները մեծ հաշվով չգերազանցեցին օդանավում կողք կողքի նստած մարդկանց հարաբերություններին: Ճիշտ է, հայտնի դեպքից հետո մենք բացատրվեցինք, երբեմն իրար հետ սուրճ ու ալկոհոլ էինք խմում եւ, կարելի է ասել, բարեկամացանք: Բայց մի օր, երբ մենք խմել էինք, ու նա խոստովանեց, թե իմ գլխին ինչ օյին էր ուզում բերել, դրանից հետո մի տեսակ չէր ստացվում խոսելու ընդհանուր նյութ գտնել, նա իր արածի համար էր ամաչում, ես` իմ: Շառլի հերթական ներկայացման հաջորդ օրը, սակայն, մենք զրուցեցինք այդ մարդու մասին: Սեսիլին ասացի, որ ինձ թվում է` նա ուղղակի խաղ է անում, այսպես ասած` «կայֆ է բռնում» շրջապատի վրա, նա ուղղակի ուզում է հաղթահարել կյանքի ունայնության, անիմաստության իր զգացողությունը:

- Դու կարծում ես, որ կյանքը անիմա՞ստ է, - զարմացած հարցրեց Սեսիլը:

- Ես ասացի, որ Շառլն է հանգել այդ եզրակացության, ու նրան կարելի է հասկանալ: Եթե որեւէ մեկին չես սիրում ու չես սիրել ու զգում ես, որ չես էլ սիրելու, կյանքը կդառնա անիմաստ. ակնհայտ է, որ Շառլը հենց այսպիսին է: Քեզ անկեղծ ասեմ` ինձ թվում է` նա ինքնասպան կլինի: Ասում ես, որ նա միլիոնատեր է. բայց որքան հասկացա, նա գործերով չի էլ զբաղվում. բացառիկ դեպք միլիոնատիրոջ համար: Այսինքն` ակնհայտ է, որ մարդը փակուղու մեջ է:

Մեր խոսակցությունը սրանով էլ ավարտվեց: Շուտով, սակայն, նկատեցի, որ Սեսիլը հետաքրքրություն է ցուցաբերում Շառլի նկատմամբ: Հաջորդ օրը կեսօրին նրան տեսա Շառլի եւ մուլատուհու հետ սուրճ խմելիս. Սեսիլը ուրախ էր, աշխույժ, ու ինձ թվաց, թե մուլատուհին աչքի առաջ դուրս է մնում պրոցեսից: Չէ, ակնհայտ էր, որ նա 4-5 օրից ավելի չի ձգի, բայց եթե նրա տեղը զբաղեցնի Սեսիլը, Շառլը թերեւս ստիպված կլինի վերանայել իր ողջ կենսափիլիսոփայությունը: Սա, թերեւս, կլինի այս ընթացքում իմ տեսած ամենամեծ սենսացիաներից մեկը, առաջին էջին արժանի նյութ: Իհարկե, համոզված չէի, որ այն, ինչ տեսնում եմ, իրականություն է: Բայց շուտով համոզվեցի. մուլատուհին ինչպես հանկարծահաս հայտնվել էր, այնպես էլ հանկարծահաս չքվեց: Դա սպասվող իրադարձություն էր, բայց տրամաբանորեն նրա տեղում պետք է հայտնվեր մի շիկահեր կամ սեւամորթ: Բայց որեւէ այդպիսի երեւույթ հորիզոնում չէր երեւում: Արտաքուստ ոչինչ չէր փոխվել` Շառլը շարունակում էր հաճույքով շփվել Սեսիլենց հետ, բայց եթե նրա նախկին շփման մեջ կենտրոնական անձը Ռայմոնն էր` Սեսիլի հայրը, հիմա արդեն Սեսիլն էր: Սա, իհարկե, նկատելի չէր, եւ առայժմ կարող էր նկատվել միայն ինձ նման պարապ մեկի կողմից, որ Ճապոնիա մեկնող նավի է սպասում: Բայց այն, որ Սեսիլի եւ Շառլի մտերմությունը տեսանելի չէր, ավելի հավանական էր դարձնում` նրանց հարաբերությունները կզարգանան լուրջ սցենարով: Ես անկեղծ ուրախացա Շառլի համար. թերեւս իր կյանքում առաջին անգամ նա հանդիպում է որեւէ մեկի, որին շատ երկար ժամանակ չի կարողանա անկողին քարշ տալ եւ ընդհանրապես դա չի կարողանա անել, եթե նրան չստիպի իրեն սիրել: Սիրահարվա՞ծ էր արդյոք Սեսիլը. այդ ջահել աղջիկը, որ զզվում էր Շառլից այն բոլոր նվաստացումների համար, որ նրա ձեռքից կրում է կին տեսակը, առնվազն սկսել է նրան կարեկցել: Սեսիլը, թերեւս, հասկացավ, որ նվաստացածը այդ թեթեւամիտ կանայք չեն, որոնք հանդիպել են Շառլին, այլ Շառլն է դժբախտ, որ իր կյանքում չի հանդիպել այն միակին, որ կարող է դառնալ մարդկային կյանքի իմաստ ու բովանդակություն:

Իմ աչքի առաջ զարգանում էր մի շատ հետաքրքիր դրամա, եւ ես ուզում էի, որ Ճապոնիայի նավը ուշանա, մինչեւ տեսնեմ, զգամ հանգուցալուծման որեւէ հեռանկար: Մի քանի օրից Շառլի ու Սեսիլի մտերմությունը սկսեց ավելի նկատելի դառնալ. նրանք երեկոյան տոնախմբությունների ժամանակ նախընտրում էին զբոսնել ծովափով: Շառլը, իհարկե, փորձված մարդ էր եւ այնպես էր անում, որ ինքն ու Սեսիլը երեկոյան զբոսանքների ժամանակ միշտ մնան տեսադաշտում. կարծում եմ` նա դա անում էր երկու նպատակով: Նախ, որ Ռայմոնը նկատի իրենց մտերմությունը, եւ հետո` հասկանա, որ ինքը, այսինքն` Շառլը, չի ձգտում Սեսիլին «մի կողմի վրա տանել»: Եվ իսկապես, այս պատմության հաջորդ կարեւոր հարցը այն էր, թե ինչպես էր Ռայմոնը վերաբերվելու իր ընկերոջ` հանրահայտ բոզարածի, եւ իր միակ դստեր` համալսարանը նոր ավարտող, գեղեցիկ եւ խելացի Սեսիլի մտերմությանը:

Երեկոները անց էի կացնում Ռայմոնենց շրջապատում. Շառլն ու Սեսիլը հաճախ բացակայում էին, բայց այդտեղ, ինչպես ասացի, շփման շատ մեծ դաշտ կար: Սակայն ինձ հետաքրքրում էր Ռայմոնը: Սեսիլի եւ Շառլի մտերմացումը նկատելի դառնալուց հետո Ռայմոնը ակնհայտ մտահոգ էր: Ճիշտ է, առանց այն էլ նա շփվող չէր, բայց հիմա կարծես փակված լիներ իր մեջ: Ես անընդհատ սպասում էի ինչ-որ սուր ռեակցիայի. բայց որեւէ այդպիսի բան տեղի չունեցավ: Ավելին, նկատելի էր, որ մտահոգվածությունը նահանջում է, եւ շուտով նա վերադարձավ նախկին վիճակին: Անընդհատ մտածում էի, թե որն է նման վերաբերմունքի պատճառը, մի՞թե նա չի կատաղում Շառլի եւ Սեսիլի մտերմությունից: Ակնհայտ էր, որ չի կատաղում:

Սրա համար կարող էր լինել մի քանի պատճառ. նախ, ինձ թվաց, Ռայմոնը շատ վստահում է իր դստերը եւ համոզված էր, որ նա փալաս չի դառնա: Ինձ թվաց, թե նա վստահում է նաեւ Շառլին. այնուամենայնիվ, նրանք երկար տարիների ընկերներ էին, եւ Ռայմոնը հավատում էր, որ նա չի անարգի իրենց ընկերությունը:

Ինչեւէ, կարճ անհանգստությունից հետո Ռայմոնը խաղաղվեց: Բայց նրա հայացքում կարծես թե ինչ-որ հույսեր էին բացվում, եւ ինչպես թվաց` նաեւ սեփական կյանքի կարգավորման հույսեր: Իսկ մեկը մյուսի հետ շատ ուղղակիորեն են կապված. եթե Շառլի եւ Սեսիլի հարաբերությունները շարունակվեն, իսկ դա հնարավոր է միայն դրանց լրջանալու դեպքում, ամեն ինչ կհանգեցնի ամուսնության` Սեսիլի եւ Շառլի ամուսնության: Իսկ ի՞նչ վատ փեսացու է Շառլը: Ճիշտ է, նա բոսյակ է, բայց եթե որոշի ամուսնանալ, եթե նման բան տեղի ունենա, կնշանակի, որ մենք գործ ունենք բոլորովին ուրիշ Շառլի հետ, նոր մարդու: Սեսիլն էլ այդ մարդու հետ կամուսնանա կամ նրա հետ հարաբերությունները կլրջացնի, միայն եթե համոզված լինի, հաստատ համոզված լինի, որ ինքը չի հայտնվում մուլատուհու կարգավիճակում. այս աղջիկը չափազանց արժանապատիվ է այլ կերպ վարվելու համար: Եվ ուրեմն, ի՞նչ կապ ունի սա Ռայմոնի հետ:

Կապը կարող է լինել այն, որ այսպիսի զարգացումների դեպքում նա վերջապես հնարավորություն կունենա ազատվել Էլիզից եւ էլիզներից: Արդեն ասացի, որ Ռայմոնը չէր նմանվում այնպիսի մեկին, որ Էլիզի հետ հարաբերությունը ընկալեր որպես լուրջ կենսակերպ: Բայց նա իրեն, թերեւս, թույլ չէր տալիս սիրել որեւէ մեկի. մեծ էր հավանականությունը, որ նրան խանգարում էր Սեսիլը, որը չէր կարող մորից հետո որեւէ լուրջ կնոջ հանդուրժել հոր կողքին: Բայց եթե Սեսիլը արդեն ամբողջությամբ ինքնուրույն կյանք ունենա, Ռայմոնն էլ հնարավորություն կունենա ունենալ իրոք օրինավոր ընտանիք, մի ձգտում, որ թերեւս հատուկ է յուրաքանչյուր նորմալ մարդու համար:

Համենայնդեպս, ես այսպիսի եզրակացության հանգեցի երկարատեւ մտածումներից, ուսումնասիրություններից հետո, եզրակացություն, որ հիմնված է շատ նուրբ փաստերի եւ դիտարկումների վրա. մի հայացք, մի արձագանք, մի ժպիտ ու տրտմություն: Ցավում էի, որ այս հոգեբանական թնջուկների, իրավիճակի շուրջ չեմ կարող զրուցել այդ մարդկանց հետ եւ հասկանալ` ինչքանով են իրավացի իմ կռահումներն ու վերլուծությունները:

Բայց որ Շառլի ու Սեսիլի հարաբերություններն աճում էին երկրաչափական պրոգրեսիայով, ակնհայտ էր: Շառլի դեմքի արտահայտությունն անգամ փոխվել էր, մի անգամ, երբ մենք նստած էինք կողք կողքի, ինձ թվաց, թե նրա բուկետից կանացի օծանելիքի բույրը չքացել է. նրա վրայից, սակայն, դեռեւս չէր գալիս Սեսիլի օծանելիքի հոտը: Ես կլանված էի այս դրամատիկ զարգացումներով, չնայած այդ թեմայով չէի խոսել, չէի կարող խոսել նրա մասնակիցներից որեւէ մեկի հետ: Թերեւս Սեսիլին կարող էի թեթեւ հարցուփորձ անել, բայց նախ չեմ սիրում մարդկանց զգացմունքների մեջ մտնել, եւ հետո` նա ամբողջ օրը Շառլի հետ էր:

Ի վերջո եկավ Խուլիոն եւ բերեց այդ պահին անպատեհ մի լուր. Ճապոնիա մեկնող արգենտինական նավը ժամանել է. նավապետն ասել էր, որ 4 ազատ նավախուց ունի: Ես Խուլիոյին տվեցի իմ անձնագիրը, որպեսզի նրանք ստուգեն, թե արդյոք վիզա ունեմ, թե` ոչ: Փաստաթղթերս հաստատվեցին: Նավը Հավանայում էր մնալու երկու օր, որոնք շատ արագ անցան: Հրաժեշտ տվեցի Ռայմոնին, Էլիզին, Շառլին եւ Սեսիլին: Վերջինս մոտեցավ ու համբուրեց ինձ. «Հիմա Շառլը կհասկանա, թե ինչ է կյանքը», - Սեսիլի ականջին շշնջացի ես:

49. Իսկ օվկիանոսը խաղաղ է

Դա մի սպիտակաթույր նավ էր` նախատեսված 100-150 ուղեւորի համար: Տվյալ պահին այնտեղ, բացի անձնակազմից, կար շուրջ 100 զբոսաշրջիկ: Նրանց մի մասը այս շրջագայության իրավունքը շահել էր ինչ-որ ընկերությունների անցկացրած խաղարկությունների արդյունքում, իսկ մյուսները ուղղակի գնել էին այն: Նավը Բուենոս Այրեսից դուրս էր եկել մոտ երկու շաբաթ առաջ. այն արդեն հասցրել էր լինել Ռիո դե Ժանեյրոյում, Գրենադայում, Մարտինիկայում. հիմա ուղեւորվում էր Ճապոնիա` Տոկիո: Վերադարձին կանգառ էր լինելու նաեւ Հավայան կղզիներում:

Այսպիսի ճանապարհորդության համար սա իդեալական հարմարանք էր. ուներ երկու լողավազան` մեկը նավաքթի, մյուսը` նավախելի մասում, երկուսն էլ` ջրաշխարհով: Ընդ որում, ջուրը այդ լողավազաններում անընդհատ փոխվում էր, եւ գործնականում մարդիկ լողում էին հենց այն ջրի մեջ, որտեղ նավը տվյալ պահին գտնվում էր (բացառություն էր միայն Պանամայի ջրանցքը, որտեղից լողավազանի համար ջուր չէին վերցնում): Երկու ռեստորան կար, որոնք գործում էին բուֆետի սկզբունքով. ուտում ես ինչքան ուզում ես, վճարում ես ֆիքսված գին` նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի համար: Որեւէ մեկից կարելի է եւ հրաժարվել: Կինոսրահ կար, ամերիկյան բիլիարդ, էլեկտրոնային էկրանով գոլֆ, սեղանի թենիս, կազինո, բար, սրճարան, փակ եւ բացօթյա բեմ, որտեղ ամեն օր երեկոյան կենդանի երաժշտություն էր հնչում, ինտերնետ ակումբ: Բայց ամենակարեւորը, տվյալ դեպքում, բարի սպորտային երկու մեծ սրահի առկայությունն էր` չորս մեծ հեռուստատեսային էկրաններով: Սա կարեւոր էր այն պատճառով, որ հաջորդ օրը սկսվելու էր ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնությունը, որ տեղի էր ունենում Շվեյցարիայում եւ Ավստրիայում: Ճիշտ է, ֆուտբոլ կարելի էր նայել նաեւ նավախցում, որտեղ նույնպես հեռուստացույց կար, բայց արգենտինացիների միջավայրում եւ սպորտ-բարում հետեւել այդ մրցաշարին ուրիշ հաճույք է:

Մեր նավի ժամանակով առաջին խաղը սկսվում էր առավոտյան ժամը 11-ին, իսկ երկրորդը` 13.45-ին: Սա սկզբունքորեն հարմար էր ֆուտբոլ դիտելու համար, որովհետեւ ազատ էինք որեւէ ժամի որեւէ բան անելու մեր որոշումների մեջ: Բայց ուրիշ խնդիր առաջացավ. մենք անընդհատ ժամային գոտիներ էինք փոխում, եւ խաղի մեկնարկի ժամն էլ տեղափոխվում էր` մեզ համար ոչ նպաստավոր ուղղությամբ, այսինքն` դեպի ավելի վաղ ժամեր: Երբ Ճապոնիա հասանք, արդեն քառորդ եզրափակիչներն էին, օրը մեկ խաղ էր տեղի ունենում, որը սկսվում էր երկրորդ խաղի ժամին` Ճապոնիայի ժամանակով գիշերը 04.45-ին:

Ճիշտ է, նավի ժամը ժամային գոտիները հատելիս ճշգրիտ կերպով չէր փոխվում, բայց ժամանակ առ ժամանակ դա տեղի էր ունենում: Մյուս կողմից, սպորտ-բարը խաղերը ցուցադրում էր ոչ միայն online ռեժիմով, այլեւ տեսագրված տարբերակով: Գործնականում սպորտ-սրահում շուրջօրյա ցուցադրվում էին օրվա երկու խաղերը, հետաքրքիր պահերը, գոլերը, մինչեւ հաջորդ երկու խաղի տեղի ունենալը: Մեզ համար արդեն էական չէր` տվյալ խաղը էսօ՞ր է տեղի ունեցել, երե՞կ, թե՞ վաղն է տեղի ունենալու: Կարեւորն այն էր, որ մենք ունեինք բոլոր խաղերը, գոլերը դիտելու, քննարկելու հնարավորություն: Ուղղակի պետք է զգույշ լինեինք, որ մեր տեսած խաղի արդյունքը չքննարկեինք այնպիսի մարդկանց հետ, որոնք դեռեւս չէին տեսել խաղը եւ չգիտեին արդյունքների մասին: Մի չգրված օրենք էր նավի վրա սահմանվել. եթե 100 տոկոսով վստահ չես, որ դիմացինդ տեսել է որեւէ խաղ, ուրեմն դրա մասին մի խոսիր նրա հետ: Եվ այս կանոնը սրբորեն պահպանվում էր, եթե, իհարկե, որեւէ մեկը չէր ուզում խաղի արդյունքն իմանալ, առանց այն նայելու:

Հետահայաց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ առաջնությունը անցավ արգենտինացի իմ բարեկամների ցանկությունների համապատասխան: Ճիշտ է, նրանք շատ լրջորեն չէին երկրպագում որեւէ թիմի, ինչպես Արգենտինայի հավաքականին կերկրպագեին, բայց համակրում էին Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականներին: Առաջինը, իհարկե, հիասթափեցրեց, բայց երկրորդը դարձավ չեմպիոն: Արգենտինացիների համար, սակայն, շատ ավելի կարեւոր էր, որ Պորտուգալիայի հավաքականը տապալվի: Նման վերաբերմունքի պատճառն այն է, որ Պորտուգալիան ասոցացվում էր Արգենտինայի վաղեմի ֆուտբոլային թշնամու` Բրազիլիայի հետ, եւ բացի այն, որ բրազիլացիք խոսում են պորտուգալերեն, ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականին անվանում են «Եվրոպական բրազիլացիներ», հավաքականի մարզիչն էլ բրազիլացի էր, որ այդ երկրի հավաքականին դարձրել է աշխարհի չեմպիոն: Ահա այս հանգամանքների բերումով արգենտինացիներին շատ էր վախեցնում պորտուգալացիների ուժեղ խաղը: Բայց ես չկարողացա նրանց հետ տոնել Պորտուգալիայի պարտությունը, որովհետեւ այդ հավաքականը դուրս մնաց քառորդ եզրափակիչում, երբ մենք արդեն հասել էինք Ճապոնիա, ու հեռացել էի նավից:

Ու քանի որ սեզոնը ֆուտբոլային էր, նավարկության իմ ընկերների հետ քննարկվող հիմնական նյութը ֆուտբոլն էր, Իտալիայի հավաքականի անփառունակ խաղը, Ռոբերտո Դոնադոնիի անճարակությունը, Ռայմոն Դոմենեկի անհեթեթությունը: Հա, արգենտինացիները նաեւ Խորվաթիայի հավաքականին էին երկրպագում, որ Անգլիայի հավաքականին թույլ չտվեց դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ես էլ հույս ունեի, որ շվեդները կհաղթեն ռուսներին, բայց չստացվեց. ռուսները իրոք լավ խաղացին, եւ դա զարմանալի էր:

Արգենտինացիք խոստովանում էին, որ եվրոպական ֆուտբոլը ավելի հետաքրքիր է, որովհետեւ Լատինական Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստները հիմա խաղում են եվրոպական թիմերում:

Ընդհանուր առմամբ, նրանց հետ ոչ մի ֆուտբոլային հակասություն չունեցա. ես Դիեգո Մարադոնայի ջերմեռանդ երկրպագուն եմ, նա լավագույնն է իմ տեսած ֆուտբոլիստների մեջ: Սա արդեն բավարար էր, որ արգենտինացիները ինձ յուրային համարեն: Էլ չեմ ասում Չեի մասին, որով նույնպես նավակիցներս հիանում են` հպարտանալով նրա արգենտինացի լինելու համար: Չե Գեւարայի վարկը ֆուտբոլասերների շրջանում վերջերս բարձրացել էր նաեւ այն բանի շնորհիվ, որ Մարադոնան իր ուսին դաջել էր նրա պատկերը: Ահա այսպիսի բաներ: Կարճ ասած, նավարկության ընթացքում ֆուտբոլը ամեն ինչ մղել էր երկրորդական պլան:

Իմ այս ուղեւորությունը սկսվեց Մեքսիկական ծոցում, շարունակվեց Կարիբյան ծովով, Պանամայի ջրանցքով. ապա մենք հատեցինք Խաղաղ օվկիանոսը, որտեղ էլ այս շրջագայությունը իմ մասով ավարտվեց: Իհարկե, շատ հետաքրքիր էր անցումը Պանամայի ջրանցքով, որը տեւեց երկար ու ձիգ ժամեր: Սկզբնական շրջանում էր հետաքրքիր, թե ինչպես են բացվում եւ փակվում շլյուզները` ծովի մակարդակից բարձրացնելով, ապա իջեցնելով միաժամանակ մի քանի նավերի: Բայց հետո այդ ամենը հոգնեցնում է, որովհետեւ երկար է այդ անիծյալ ջրանցքը: Արգենտինացի բարեկամներիս շատ էր նյարդայնացնում, որ լատինական, իսպանախոս այս երկրում գտնվող ջրանցքի երկայնքով ամենուր հանդիպում էին ամերիկյան դրոշներ, զինվորականներ: Այդ օրը ֆուտբոլի դիտման ընթացքում բոլորը մի լավ խմել էին, եւ մի քանի երիտասարդներ իրենց պարտքն էին համարում նավից երեւացող ամերիկացի զինվորներին ձեն տալ.

- Հեյ, գրինգոներ, քամակս պաչեք:

Իհարկե, այս կանչերի հիմնական մասը տեղ էլ չէր հասնում: Բայց մի երկու տեղ ակնհայտորեն տեղ հասավ, եւ ամերիկացի զինվորների արձագանքից ակնհայտ էր, որ նրանց համար դա նորություն չէ, որովհետեւ այս ամենին վերաբերվում էին կատարյալ անտարբերությամբ: Ի վերջո, երեկոյան մոտ մենք դուրս եկանք Պանամայի ծոց, ապա եւ Խաղաղ օվկիանոս: Այս իրադարձությունը նավի վրա նշվեց գեղեցիկ հրավառությամբ, առույգ երաժշտությամբ, պարերով ու հարբեցողությամբ:
Եղանակի տեսությունը բարենպաստ էր. օվկիանոսը խոստանում էր իսկապես խաղաղ լինել:

50. Պաուլան, Բեբան եւ Մարթան

Նավի ուղեւորները բաժանվում էին երկու մասի` մենակներ եւ ոչ մենակներ: Մենակները հասկանալի է` ովքեր էին. այն կանայք եւ տղամարդիկ, ովքեր նավի վրա դե յուրե չունեին ոչ մի ուղեկից: Ասում եմ` դե յուրե, որովհետեւ կային ջահել աղջիկներ եւ երիտասարդներ, որոնք այստեղ էին իրենց տարիքով ծնողների հետ ու չնայած դե ֆակտո ունեին ուղեկից, բայց դե յուրե, եթե կարելի է այսպես արտահայտվել, մենակ էին:

Այսպիսիները, հասկանալի է, շրջագայության են մեկնում սիրային նոր արկածներ գտնելու ձգտումը սրտի խորքում պահած: Ոչ մենակների մեջ նույնպես կային սիրային արկածներ փնտրողներ. այսպիսիները, սակայն, գտնվելով իրենց կողակիցների ուշադիր հայացքի ներքո, ժամանակ չեն ունենում երկարատեւ սիրային սեթեւեթանքների: Տուրիստական գրասենյակը, որ կազմակերպել էր այս շրջագայությունը, հոգ էր տարել այսպիսի պրոբլեմ ունեցող տղամարդկանց մասին. տղամարդկանց շուտով տեղեկացրել էին, որ նավի վրա մարմնավաճառներ կան: Տղամարդիկ իրար էին փոխանցում հեռախոսի համարներ, որոնցով կարելի էր պատվեր տալ: Նաեւ իրար հորդորում էին` զգույշ գործել: Եթե հեռախոսահամարները ընկնեն ամուսնացած կանանց ձեռքը, նավի վրա կարող է բունտ բարձրանալ:

Շատ շուտով տղամարդկանց միջավայրում սկսել էր ավելի ու ավելի շրջանառվել կանացի մի անուն. Մարթա: Հասարակաց ծառայությունից օգտված շատերը աներկբա ընտրել էին Մարթային, եթե, իհարկե, նա տվյալ պահին ազատ էր եղել եւ մտել առաջարկվողների ցանկի մեջ: Շուտով Մարթայի անունը դարձել էր բրենդ, եւ շատերը ոչ թե ուզում էին ուղղակի օգտվել հասարակաց ծառայությունից, այլ ուզում էին տեսակցել հատկապես Մարթայի հետ: Ավելին, շատերը նրանցից, որ մտադիր էլ չէին օգտվել հասարակաց ծառայությունից, վարակված Մարթայի մասին պատմություններով, որոշեցին այցելել նրան:

Մարթայի մասին հակասական լուրեր էին պատմում. տախտակի նման վեր էր ընկել, ասում էր մեկը: Չէ, ինձ լավ էլ սիրեց, հակաճառում էր մյուսը: Հետո սկսում էին քննարկել, թե հաջող կամ անհաջող սեանսների պատճառը ո՞վ է` Մարթա՞ն, թե՞ նրա կլիենտները: Բայց այս քննարկումները անցնում էին խաղաղ պայմաններում, անշտապ, այնպես որ` ես կարողանում էի ինձ համար պարզել դրանց ընդհանուր բովանդակությունը: Բոլորը, սակայն, միակարծիք էին այն հարցում, որ Մարթան ուղղակի պոռնիկ չէ, այլ համակրելի մի կին. «Չգիտես էլ նրա նկատմամբ համակրանքդ ոնց արտահայտես` հաճախակի այցելե՞ս, թե՞ հրաժարվես նրան պատվիրելուց», - ասել էր մի լրջախոհ արգենտինացի, որը, այնուամենայնիվ, ընտրել էր առաջին տարբերակը եւ արդեն հասցրել էր երեք անգամ լինել Մարթայի մոտ:

Սովորական մարդկանց համար, սակայն, հեշտ չէր Մարթայի հետ հանդիպելը, որովհետեւ պուտանաները աշխատում էին ծանրաբեռնված եւ օրը ծախսում էին հաճախորդների ընդունման եւ իրենց նավախցերում հանգստանալու վրա: Իսկ արարողակարգը, որքան հասկացա, հետեւյալն էր. հաճախորդը զանգահարում, ապա եւ գնում էր մի ընդունարան, որտեղ նրան են ներկայանում ութ կամ տասը մարմնավաճառուհիները, ավելի ճիշտ` նրանք, ովքեր այդ պահին ազատ են, ու նրանք գնում են նավախուց. մարմնավաճառուհիներից յուրաքանչյուրը ունի իր նավախուցը, որտեղ ապրում է եւ ընդունում է իր հաճախորդներին:

Մարթայի շուրջ տարօրինակ իրադարձությունների ծավալման նախօրեին պատահաբար հանդիպեցի նրան. այդ օրը չափազանց վաղ էի արթնացել ու դուրս եկա տախտակամած:

Լույսը նոր-նոր ուզում էր բացվել. նավակողին հենված` օվկիանոսի մեջ փսխում էր նա. հագին թեթեւ խալաթ էր: Վազեցի դեպի սրճարան. այնտեղ ոչ ոք չկար, մի շիշ ջուր վերցրեցի սառնարանից ու տարա այդ փսխող կնոջը: Նա հայացքը բարձրացրեց: Չգիտեմ ինչից, բայց միանգամից հասկացա, որ դա Մարթան է: Նա իսկապես առանձնահատուկ կին էր, մոտ 20-ամյա մի աղջիկ` երիտասարդ ու տառապած: Նրան նայելիս սիրտդ ճմլվում է, որովհետեւ միանգամից ափսոսում ես, որ այս աղջիկը իր մարմինն է վաճառում, որովհետեւ առաջին հայացքից էլ հասկանալի է, որ նա կարող էր այնքան լավ կին լինել ու մայր: Գուցե սա նավի վրա ծավալված PR-ի արդյունք է, բայց հենց սա մտածեցի նրա աչքերին նայելով:

Շուտով, սակայն, Մարթայի անվան հետ սկսեցին կապվել տագնապալից լուրեր: Ուղեւոր կանանցից մեկը իր ամուսնուն բռնել էր հենց Մարթայի վրա` վերջինիս նավախցում: Հենց այդպես` ուղղակի դուռը բացել էր ու մտել: Իսկ թե ինչու դուռը կողպած չէր եղել, մնում էր անհասկանալի: Կինը, բնականաբար, մեծ սկանդալ էր սարքել, ու նավապետը ստիպված էր եղել վռնդված ամուսնուն հատկացնել ազատ նավախցերից մեկը: Հաջորդ օրը, սակայն, նույնը պատահեց Մարթայի մեկ այլ հաճախորդի հետ. սա արդեն սկսել էր անհանգստացնել տղամարդկանց: Այսպիսի պատահականություն չէր կարող լինել: Այստեղ ինչ-որ բան այն չէ: Եվս մեկ ամուսին վռնդվեց եւ զբաղեցրեց ազատ նավախցերից մեկը: Մարթային նույնպես տեղափոխեցին այլ նավախուց, որովհետեւ նրա նավախուցը բացահայտված տեղ էր համարվում: Բոլորը, սակայն, փորձում էին հասկանալ, թե ինչպես են բացահայտումները տեղի ունեցել: Ի վերջո առավել տարածվեց այն տեսակետը, որ դավադրությունը կազմակերպում են Մարթայի մասնագիտական ընկերուհիները, որոնք խանդով են վերաբերվում նրա հաջողությանը: Ասում էին, որ խանդից կատաղած պոռնկուհիները որոշել են հալածել ցանկացած մեկին, ով կհանդգնի պատվիրել Մարթային: Առանց այս էլ` ամուսնացած տղամարդիկ հասկացան, որ Մարթայի հետ գործ ունենալը վտանգավոր է, եւ նրանցից ոչ ոք այլեւս չէր խոսում նրա մասին, մտքով չէր անցկացնում նրան պատվիրել: Բայց շուտով տեղի ունեցավ եւս մի դեպք. մի չամուսնացած երիտասարդ, որը այս թոհուբոհի մեջ պատվիրել էր Մարթային, գիշերվա կեսին խելագար ճիչերով դուրս էր պրծել նրա նավախցից: Հետո պատմել էր, որ երբ ինքը Մարթայի հետ է եղել, երկու վհուկներ դուրս են ելել լոգարանից եւ աղմուկ-աղաղակով, սրերով ու խանչալներով հարձակվել իր վրա: Այս դեպքը ավելի հիմնավորեց այն կարծիքը, թե մարմնավաճառ ընկերուհիները որոշել են շարքից հանել անցանկալի մրցակցին:
Նավի կավատը հետաքննություն էր անցկացրել, ասում էին` անգամ կտտանքների է ենթարկել մարմնավաճառուհիներին` պարզելու դավադրության հեղինակներին: Բայց դա արդյունք չէր տվել, իսկ այն երիտասարդը պնդում էր, թե իր վրա հարձակվողները իսկական վհուկներ են եղել: Մարթայի անվան շուրջ սկսեցին պտտվել առասպելական պատմություններ. արդյունքը եղավ այն, որ բոլորը սկսեցին խուսափել նրանից: Լուրեր տարածվեցին, թե վերջինս մնաց առանց հաճախորդների. բոլորն ասում էին, որ Մարթան դժբախտություն է բերում, բոլորը իրար հորդորում էին գործ չունենալ Մարթայի հետ: Եվ ընդհանրապես, նավի տղամարդկանց շրջանում պոռնիկների առաջացրած էնտուզիազմը մի տեսակ մարեց:

Այս իրադարձություններից հետո Մարթան շուտով մարդամեջ դուրս եկավ. նրան, փաստորեն, ճանաչում էին միայն տղամարդիկ, եւ անգամ այն երկու կանայք, որ իրենց ամուսիններին բռնել էին նրա հետ, չէին տեսել կամ չէին հիշում նրա դեմքը:

Ահա շուտով Մարթային կարելի էր տեսնել կա՛մ սրճարանում նստած, կա՛մ լողալիս. կարճ ասած, կարծես սովորական տուրիստ լիներ:

Շուտով տղամարդկանց շրջանում սկսեց շրջանառվել նոր անուն` Պաուլա: Վերջինս ամենեւին էլ մարմնավաճառ չէր, այլ ասում էին` հաջողակ մենեջեր: Նա արձակուրդն էր անցկացնում նավի վրա եւ դարձել էր համընդհանուր խոսակցության առարկա: Հմայիչ երիտասարդ կին էր, եւ նկատելի էր, որ իր շուրջ աժիոտաժ ստեղծելու սիրահար է: Նա ամբողջ օրը անց էր կացնում նավախելի լողավազանում. ես նկատեցի, որ երբ նա ջուրն էր մտնում, մեծ թվով տղամարդիկ հետեւում էին նրա օրինակին, իսկ երբ դուրս էր գալիս եւ պառկում որեւէ տապճակի, շատերը շտապում էին զբաղեցնել նրան մոտակա տեղերը: Պաուլան երկար սեւ մազեր ուներ, մաշկը բաց շոկոլադի գույն ուներ, նա գեղեցիկ էր, իսկապես գեղեցիկ: Սակայն լողազգեստները, որ նա հագնում էր, իսկ նա օրը մի քանի անգամ փոխում էր դրանք, կարծես նախատեսված էին նրան համընդհանուր ուշադրության առարկա դարձնելու համար. տարօրինակ կրծկալը, օրինակ, որ նա հագնում էր, ծածկում էր հազիվ նրա պտուկները միայն: Մնացածը ինքներդ պատկերացրեք: Նա սիրում էր կրել մուգ ակնոցներ, երբեմն ծխում էր` տղամարդկանցից խնդրած ծխախոտներ, եւ շատերը աշխատում էին իրենց մոտ պահել այնպիսի ծխախոտ, որ պատշաճ լինի հյուրասիրել Պաուլային:

Այս կինը բոլորին կարծես հրավիրում էր իրեն սիրահետելու, եւ շատերը հաճույքով արձագանքում էին այդ հրավերին: Իհարկե, այս պայքարում ամուսնացած տղամարդկանց շանսերը շատ ավելի փոքր էին, որովհետեւ նավի կանայք տեղյակ էին, որ իրենց ամուսինների համար ի հայտ է եկել նոր գայթակղություն: Պաուլան գործունեություն էր ծավալում նավախելի լողավազանի մոտ, եւ շուտով արդեն այստեղ հետախուզական պոստեր էին սահմանել մի քանի կանայք: Այսուհանդերձ, առավել ճարպիկ ամուսինները գտնում էին Պաուլային սիրահետելու ձեւերը, բայց այս հարցում առաջնությունը պատկանում էր մենակներին: Վերջիններիս մեջ էլ աչքի էին ընկնում մի քանի ֆավորիտներ, բայց թե նրանցից ով ինչպիսի հաջողություններ ունի, եւ թե արդյոք որեւէ մեկը իրական հաջողության հասել է Պաուլայի մոտ, հայտնի չէր: Որքան շատ էին սիրում տղամարդիկ պատմել Մարթայի մոտ իրենց կատարած երբեմնի այցելությունների մասին, այնքան լռակյաց էին Պաուլայի հետ իրենց հարաբերությունների հարցում: Այսուհանդերձ, նկատելի էր, որ այս նավարկությունը խիստ հետաքրքիր է Պաուլայի համար. ամեն ինչ գտնվում էր նրա վերահսկողության ներքո:

Պաուլային զուգահեռ եւ նրա ղեկավարության ներքո նույնպիսի գործունեություն էր ծավալում Բեբա անունով մի աղջիկ. ի տարբերություն Պաուլայի, նա շատ ջահել էր` հազիվ 19 տարեկան, եւ նկատելի էր, որ Պաուլան նրա համար ուսուցիչ է եւ իդեալ: Բեբան, իհարկե, գտնվում էր առավել երիտասարդ կոնտինգենտի ուշադրության ներքո եւ դարձել էր պատանիների հիմնական հետաքրքրությունը նավարկության ընթացքում: Այսուհանդերձ, շուտով կավալերներից շատերը հուսահատվեցին, եւ Պաուլան եւ Բեբան մնացին ֆավորիտների նեղ շրջանակի ընկերակցության հույսին: Չնայած, հենց իրենք էին առավել անհաջողակներին դուրս թողնում իրենց համար մղվող պայքարից:

Ահա այսպիսի նախնական զարգացումներից ու հանգուցալուծումներից հետո ի վերջո նավի վրա բորբոքված կրքերը որոշակիորեն հանդարտվեցին, եւ նավարկությունը ընկավ սովորական ֆուտբոլային հունի մեջ: Բայց դեռ պետք է հասկանայի, թե այդ ինչ վհուկներ են դուրս պրծել Մարթայի լոգարանից:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.