> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՌԵԺԻՍՈ~ՐԱ ՎԻԴԻՏ, ԻՇՏՈՅԱ~ՆԱ ՎԻԴԻՏ…

ՌԵԺԻՍՈ~ՐԱ ՎԻԴԻՏ, ԻՇՏՈՅԱ~ՆԱ ՎԻԴԻՏ…

«Միմինո»Համաշխարհային մասշտաբի մշակույթի գործիչների այցերը Հայաստան վերջին շրջանում հազվադեպ երեւույթ համարել չի կարելի: Այնպիսի մեծությունների համերգները, ինչպիսիք են Էմիր Կուտուրիցան, Ալ Ջերոն, Սթենլի Ջորդանը, Յան Գիլանը հիշարժան իրադարձություն են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի ցանկացած երկրում: Այս անձանց, համաշխարհային մշակույթի զարգացման գործում նրանց ունեցած ներդրման, ինչպես նաեւ հայաստանցի երկրպագուների համար նրանց այցելությունների նշանակության մասին խոսելը կարծում եմ ավելորդ է. դրանք իրադարձություններ են, որոնց մշակութային նշանակությունը դժվար է գերագնահատել: Բայց մենք` հայաստանցիներս, կարծում եմ, չենք կարող հարց չտալ ինքներս մեզ. այս ի՞նչ է պատահել. այս ինչո՞ւ են համաշխարհային մշակույթի մեծությունները մեկը մյուսին հերթ չտալով, իրարից առաջ ընկնելով այցելում Հայաստան: Բրոդվեյը Երեւա՞ն են տեղափոխել, Մոնրեալի ջազային փառատո՞նն է տեղափոխվել մալխասնոց, թե՞ Կաննի արմավենիներ են սկսել աճեցնել բուսաբանական այգում: Իսկապես` ի՞նչ գործոններ են նպաստել նման աշխուժության ձեւավորմանը: Ինչպես կարելի էր կռահել, այստեղ էլ խնդիրը դուրս է մշակույթի սահմաններից, եւ իրականում գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ: Հայաստանի իշխանությունները, որ այդպես էլ չեն կարողանում հաղթահարել լեգիտիմության դեֆիցիտը, նկատելիորեն միջազգային եւ ներհայաստանյան PR պլան են իրագործում, որի իմաստը հնչեղ անունների արծարծմամբ միջազգային եւ ներքին լեգիտիմության ձեռքբերումն է: Ակնհայտ է, որ մշակութային մեծությունների այցելությունները կոմերցիոն օգուտներ չեն բերում կազմակերպիչներին, մանավանդ որ վճարունակ երկրպագուները ինքնաբուխ կերպով մեկ համերգի տոմսեր հազիվ սպառեն: Փոխարենը իշխանական որոշակի շրջանակներ սեփական արժեքը բարձրացնելու միջոց են ձեռքբերում: Սա այն ֆենոմենն է, որի մասին խոսում է «Միմինո» ֆիլում Մհեր Մկրտչյանի հերոսը` Վալիկոյին բացատրելով, թե ինչու միջազգային ավիաուղիների ուղեկցորդուհին չի բարեհաճում ժամադրության ներկայանալ. «Ինչ ես ուզում. նա ամեն օր արտիստի է տեսնում, տիեզերագնացի է տեսնում, Իշտոյանին է տեսնում. դու ո՞վ ես նրա համար»,- բացատրում է Մկրտչյանի հերոսը Կիկաբիձեի հերոսին: Այս պարզ տրամաբանությունն է դրված վերը հիշատակված PR պլանի հիմքում. եթե Սերժ Սարգսյանը պաշտոնական այցերի եւ օտարերկրյա նախագահների ընդունելու դեֆիցիտ ունի, ուրեմն նրա օրակարգը պետք է լցնել այլ հնչեղ անունների հետ հանդիպումներով: Շառլ Ազանավուրը այս իմաստով արդեն հայաստանցի է դարձել, ու նրա այցելություններով այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը հիմա ամեն օր Կուստուրիցայի~ն է տեսնում, Ալ Ջերոյի~ն է տեսնում, Յան Գիլանի~ն է տեսնում, Սթենլի Ջորդանի~ն է տեսնում: Մեդալներ է բաժանում նրանց եւ այլն եւ այսպես շարունակ: Այս խողովակով ահա, Սերժ Սարգսյանի իշխանությունը իրեն միջազգային հանրության մաս է զգում, անբաժանելի մաս: Նման հանդիպումները, սակայն, կարեւոր են նաեւ նրանով, որ դրանց ընթացքում Հայաստանի իշխանությունները կարեւոր դիվանագիտական հաջողություններ են գրանցում. մշակույթի համաշխարհային գործիչները միջազգային հանրության այն սակավաթիվ ներկայացուցիչներից են, ովքեր Սերժ Սարգսյանից կոնկրետ ժամանակացույց չեն պահանջում` ԵԽԽՎ պահանջները կատարելու, ազատագրված տարածքները ազատագրելու, հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտի 10, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Marianna
    Մարտ 10th, 2010 at 21:49 | #1

    +1

  2. MM
    Մարտ 12th, 2010 at 12:30 | #2

    “mard@” gexic qaxaqa ekel, pox el uni, ba inch ani? gexcinerov vayelum en, tjjum en…voxbam zdez …Vochinch Nikol jan, ishxanapoxutyunic heto serjikn eli kaloshner@ hagnelu a u nasilkov triq texapoxi-Xarabaxi uxxich asxatanqayin gaxutum, tox mi qani or el vayeli…karcum em, shat chi mnacel.

  1. No trackbacks yet.