> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՖՈՒՏԲՈԼ` ՍՐԻ ՍԱՅՐԻ ՎՐԱՅՈՎ

ՖՈՒՏԲՈԼ` ՍՐԻ ՍԱՅՐԻ ՎՐԱՅՈՎ

ԱՄՆ ԿոնգրեսԵւ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արդեն չորրորդ անգամ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Նախորդ երեք անգամները (2000 թ., 2005 թ., 2007 թ.) հանձնաժողովում ընդունված նախագծերը այդպես էլ օրենքի ուժ չեն ստացել, քանի որ Սպիտակ տան միջամտության հետեւանքով քվեարկության չեն դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Հերթական բանաձեւը, սակայն, իր նշանակությամբ առանձնանում է այն պարզ պատճառով, որ քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկամյա միջազգային ջանքերի ճգնաժամային հանգրվանում: Թուրքիան փաստացի հրաժարվում է վավերացնել հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները` բացահայտորեն որպես նախապայման առաջ քաշելով ԼՂ հարցի կարգավորումը, ավելի կոնկրետ` ազատագրված տարածքների վերադարձը Ադրբեջանին: Այս ֆոնին, ահա, առաջին պլան է մղվում հետեւյալ հարցը. ինչպիսին կլինի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած նախագծի ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումների վրա, կամ ավելի ճիշտ` ի՞նչ է նշանակում այդ բանաձեւի ընդունումը: Թուրքիայի նախնական արձագանքը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ բանաձեւը կարող է դառնալ ֆուտբոլային դիվանագիտության տապանաքարը, որովհետեւ ցանկացած նորմալ պետության համար նվաստացուցիչ կլինի այսպիսի պայմաններում, այսինքն` բացահայտ ճնշումների ներքո զիջումների գնալ: Թուրքիայի դեպքում այդ զիջումը մեկը կարող է լինել. արձանագրությունների վավերացում եւ հայ-թուրքական սահմանի բացում: Ամերիկյան կողմը, սակայն, ակնհայտորեն փորձում է խաղարկել սեփական սցենարը եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում բանաձեւի քննարկումը կանխելու դիմաց ստանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացում թուրքական խորհրդարանում: Հնարավո՞ր է իրադարձությունների նման զարգացում, թե ոչ` ցույց կտա ժամանակը: Բայց ակնհայտ է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ թեժացող կրքերը Թուրքիան փորձելու է ուղղորդել դեպի ԼՂ հարցի կարգավորում: Այսինքն, թուրքերը երկքայլանի կոմբինացիայի ամերիկյան առաջարկին, ինչպես միշտ, կփորձեն ավելացնել եւս մեկ քայլ: Ըստ այդմ` ԱՄՆ Կոնգրեսը լիագումար նիստում չի քննարկում 252-րդ բանաձեւը, Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ազատագրված տարածքները, Թուրքիան վավերացնում է հայ-թուրքական արձանագրությունները, եւ բացում Հայաստանի հետ սահմանը: Համենայնդեպս, սա այն փոխզիջումային սցենարն է, որ հնարավոր է դիտվում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումների վերլուծության արդյունքում: Եւ եթե ելնենք այն իրողությունից, որ ԱՄՆ-ին հարկավոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում եւ ոչ թե թուրք-ամերիկյան հարաբերությունների խզում, պետք է գիտակցենք, որ ԱՄՆ-ն Հայաստանի վրա նույնպիսի ճնշումներ է գործադրելու ԼՂ հարցում, որքան Թուրքիայի նկատմամբ է գործադրում` հանուն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման: Իսկ մինչ այդ` 252 բանաձեւի նախագծի ընդունումով, միանշանակ, կմեծանա լարվածությունը տարածաշրջանում: Բայց եւ բանաձեւի չընդունումը այդ լարվածությունը ամենեւին էլ չէր թուլացնելու: Կոնգրեսական հանձնաժողովի որոշումը տարածաշրջանային հարցերի էությունը ամենեւին չփոխեց, այլ ընդամենը ավելի ընդգծեց դրանց սրությունը: Պետք է հուսալ միայն, որ տարածաշրջանի երկրներից ոչ մեկի նյարդերը տեղի չեն տա, եւ զարգացումները անկանխատեսելի ընթացք չեն ստանա: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի իշխանությունները ֆուտբոլային դիվանագիտության այս ժամանակահատվածում, ըստ էության, քայլում են սրի սայրի վրայով, եւ ցանկացած սխալ շարժում կարող է բերել իշխանափոխության ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.